Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7811-09.11.2020,14.01.2021-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 3-րդ մասում «բացառությամբ կառավարչի կողմից ներկայացվող հայցերով» բառերից հետո լրացնել «կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժ» կետով.

«ժ) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը:»:

Հոդված 3. Օրենքի 15.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժ» ենթակետով.

«ժ) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը:»:

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը « - Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ տողով.

« - Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը:»:

Հոդված 5. Օրենքի 27.3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետից հանել «եռամսյա» բառերը:

Հոդված 6. Օրենքի 39.2-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Դատարանը, ստանալով ապահովված պարտատիրոջ դիմումը, դիմումի օրինակը երկու աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է պարտապանին եւ կառավարչին, որոնք դիմումի օրինակը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում կարող են հայտնել գրավոր դիրքորոշում դիմումի կապակցությամբ:».

2) 2-րդ մասում «սահմանված ժամկետում» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

3) 5-րդ մասի 1-ին կետում «գույքն իրացնելու իրավունք» բառերից հետո լրացնել «կամ ապահովված պարտատիրոջ պահանջի քննությունը ենթակա է կասեցման» բառերով:

Հոդված 7. Օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ պարբերությունում «ապա դատավորն առարկությունն ստանալու հաջորդ օրը հրավիրում է դատական նիստ» բառերը փոխարինել «ապա դատավորն առարկությունն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում նշանակում է դատական նիստ» բառերով:

Հոդված 8. Օրենքի 80-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «պարտատերերի կողմից ընդունված» բառերը փոխարինել «սույն հոդվածով սահմանված կարգով ընդունված» բառերով.

2) 4-րդ մասի 1-ին պարբերությունից հանել «պարտատերերի կողմից» բառերը:

Հոդված 9. Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ը.1» կետով.

«ը.1) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված իրավասու մարմնի պահանջները:»:

Հոդված 10. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին գլխով.
 

«ԳԼՈՒԽ 12.1
 
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐՏԱՊԱՆԻ՝ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

Հոդված 105.1. Օրենքի կիրառելիությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարաբերությունների նկատմամբ

1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա հայցի ներկայացման եւ գործի քննության նկատմամբ չեն կիրառվում սույն օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 2-3-րդ կետերով, 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով նախատեսված սահմանափակումները:

2. Պարտապանի այն գույքի վրա, որի առնչությամբ պարտապանին սնանկ ճանաչելու պահին առկա է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա կիրառված ապահովման միջոց, մորատորիումի գործողությունը տարածվում է այդպիսի ապահովման միջոցների վերանալու պահից:

3. Սնանկության վտանգի դիմումը բավարարելու եւ ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին կամ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա կիրառված ապահովման միջոցները տարածվում են պարտապանի գույքի վրա մորատորիումի գործողության ավարտի պահից:

Հոդված 105.2. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով իրավասու մարմնի կարգավիճակը սնանկության վարույթի ընթացքում

1. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված ծանուցումը ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված իրավասու մարմինը (այսուհետ սույն հոդվածում՝ իրավասու մարմին) պարտավոր է դատարան ներկայացնել տեղեկատվություն պարտապանի գույքի առնչությամբ` ծանուցումը ստանալու պահին ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտերի, հարուցված քաղաքացիական գործերի, կատարողական վարույթների եւ կիրառված ապահովման միջոցների մասին: Պարտապանի գույքի առնչությամբ` ծանուցումը ստանալուց հետո ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտերի, հարուցված քաղաքացիական գործերի, կատարողական վարույթների եւ կիրառված ապահովման միջոցների մասին իրավասու մարմինը դատարան է ներկայացնում տեղեկատվություն համապատասխան հանգամանքների ի հայտ գալուց հետո տասնհինգօրյա ժամկետում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետներում իրավասու մարմինը դատարան է ներկայացնում նաեւ տեղեկատվություն պարտատերերի այն պահանջների մասին, որոնք վիճարկվում են իրավասու մարմնի կողմից եւ կարող են չհաստատվել դրա արդյունքներով:

3. Սնանկության վտանգի դիմումը բավարարելու եւ ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին կամ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրավասու մարմինը կարող է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակներում ծանոթանալ սնանկության վարույթի նյութերին, այդ թվում՝ պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությանը, ինչպես նաեւ կառավարչից պահանջելու տեղեկություններ պարտապանի գործունեության, ֆինանսական վիճակի, ներառյալ` գույքագրված ակտիվների եւ պարտավորությունների վերաբերյալ: Պահանջվող տեղեկատվությունն իրավասու մարմնին է ներկայացվում անհապաղ, բայց ոչ ուշ քան իրավասու մարմնի պահանջն ստանալուց հետո եռօրյա ժամկետում:

4. Եթե սնանկության գործի քննությունը կարող է ազդել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի վրա, ապա իրավասու մարմինը սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված ծանուցումը ստանալուց հետո իր նախաձեռնությամբ կարող է դիմել դատարան՝ միջնորդելով ճանաչել իրավասու մարմնին որպես շահագրգիռ անձ: Դատարանի կողմից միջնորդությունը բավարարելու դեպքում իրավասու մարմինը սույն օրենսգրքի 39.2-րդ, 40-րդ, 46-րդ եւ 80-րդ հոդվածներով նախատեսված հարցերով ձեռք է բերում պարտատերերի կամ պարտապանի կարգավիճակից բխող իրավունքներ՝ ներառյալ դիմումների պատճենները, պահանջների փոփոխությունները, միջանկյալ բաշխման ծրագրերը եւ դատարանի որոշումները ստանալու, ներկայացված դիմումները վիճարկելու, առարկություններ եւ դիրքորոշումներ ներկայացնելու, դատական նիստի ժամանակի վայրի մասին ծանուցվելու եւ նիստին մասնակցելու իրավունքներ:»:

Հոդված 11.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի կարգավորումները տարածվում են այն սնանկության գործերի նկատմամբ, որոնք հարուցվել են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կամ որոնք հարուցվել են մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը, սակայն օրենքի ուժի մեջ մտնելու պահին այդ գործերով չի կայացվել պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշում: