Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-839-18.01.2021-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի ՀՕ-185 հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենք) 67-րդ հոդվածի 2-րդ կետում «30» թիվը փոխարինել «20» թվով:

Հոդված 2. Օրենքի 68-րդ հոդվածի.

1.  2-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«2. Կազմակերպիչն աճուրդի անցկացումից մեկ ամիս առաջ մամուլով, զանգվածային լրատվության միջոցով եւ www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, մարզպետարանի պաշտոնական կայքէջում, ինչպես նաեւ առկայության դեպքում համայնքի կայքում հրապարակում է սակարկությունների անցկացման տեղը, օրը, ժամը, հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը, մեկնարկային գինը, օգտագործման նպատակը, չափերը, ճանապարհների, ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի առկայության մասին տվյալները (գյուղատնտեսական հողամասերի դեպքում` նաեւ որակական հատկանիշները), ինչպես նաեւ տվյալ հողամասի նկատմամբ սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայությունը:»:

2. 5-րդ մասի երկրորդ նախադասությանը ավելացնել «,առանց քայլերի քանակության սահմանափակման» բառերը:

3. 6-րդ մասի առաջին նախադասության «երեք» բառը փոխարինել «մեկ» բառով:

Հոդված 3. Օրենքի 70-րդ հոդվածի.

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«1. Աճուրդում հաղթած անձը 7 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձեւավորված գինը: Եթե աճուրդում հաղթած անձը նշված ժամկետում գինը չի վճարում, ապա 3 աշխատանքային օրվա ընթացքում աճուրդի կազմակերպիչը կազմում է արձանագրություն եւ հաղթած, բայց վճարումը չկատարած անձը վճարում է տուգանքի իր իսկ կողմից կատարած առավելագույն գնային առաջարկի 30 տոկոսի չափով, որը ենթակա է գանձման աճուրդի օրվանից 10 օրվա ընթացքում:

Եթե աճուրդում հաղթած անձի կողմից 7 օրվա ընթացքում գինը չի վճարվում, ապա հաղթող է ճանաչվում սակարկությունների ընթացքում երկրորդ առավելագույն գին առաջարկած անձը, որը նույնպես պարտավոր է 7 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել այդ գումարը: Եթե աճուրդում հաղթած երկրորդ անձը  7 օրվա ընթացքում գինը չի վճարում, ապա բացի նախավճարից, որը նրան չի վերադարձվում, 5 օրվա աճուրդի կազմակերպիչը կազմում է արձանագրություն եւ  հաղթած, բայց վճարումը չկատարած անձը ենթարկվում է տուգանքի իր իսկ առաջարկած առավելագույն գնի  15 տոկոսի չափով, որը ենթակա է գանձման աճուրդի օրվանից 7 օրվա ընթացքում:»:

2. 2-րդ մասի «գումարն» բառից առաջ լրացնել «Հաղթողի կողմից»  բառերը.

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Սույն նախագծի ընդունումը մասնակիցներին կստիպի ավելի լրջորեն մոտենալ աճուրդի գործընթացներին եւ կնվազեցնի աճուրդային գործընթացում առկա կոռուպցիոն ռիսկերը, մասնավորապես` բարձր գնային առաջարկներ կատարելու եւ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների արդյունքում հետագայում առաջարկից հրաժարման մոտիվացիան, որը տարածում ունի, հատկապես, համայնքային գույքի օտարման գործընթացում: Նախագծի ընդունումը կնպաստի աճուրդի անբարեխիղճ մասնակիցների կողմից գնային առաջարկների միջոցով արդար մրցակցության ոգու խաթարմանը վարքագծի նվազմանը: Զուգահեռաբար, նախատեսվում է որոշակիորեն կրճատել աճուրդային գործընթացի գործարքային ծախսերը, ինչպես նաեւ մեծացնել սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրամասային բնակավայրերում հողերի աճուրդի նկատմամբ հնարավոր հետաքրքրվածությունը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրամասային բնակավայրերում տնտեսական շրջանառության մեջ աճուրդային գործընթացներում ներգրավված հողի մեկնարկային պայմանները դարձնել առավել գրավիչ՝ նպաստելով հնարավոր հետաքրքրվածության մեծացմանը:

Զուգահեռաբար նախագծով ընդլայնվում եւ հստակեցվում են աճուրդների մասով տեղեկատվության տարածման գործիքակազմերը:

Պրակտիկայում դեպքեր են նկատվում, երբ քայլերի կատարման մասով հնարավոր է տարընթերցումներ, որի հստակեցման նպատակով սահմանվում է, որ մեկ քայլի արժեքը գումարային առումով հստակեցվում է, իսկ հնարավոր քայլերի քանակը չի սահմանափակվում:

Նախագծով փորձ է կատարվել կրճատել որոշումների կայացման ժամկետները, ինչը դրական կանդրադառնա գործարքային ծախսերի նվազեցման վրա: Միաժամանակ, փորձել ենք կանոնակարգել աճուրդային գործընթացը` նվազեցնելով մրցակցային գործընթացը խաթարող գնային առաջարկներ կատարելու գրավչությունը:

Ի լրումն, միջազգային փորձը վկայում է այն մասին, որ աճուրդի ժամանակ շահագրգիռ գնորդները աճուրդի սուբյեկտի համար տալիս են պարտավորեցնող առաջարկներ: Սա հատկապես կարեւոր է մեր իրականության մեջ` հաշվի առնելով ինֆորմացիոն հոսքերի մասով խնդիրները: Ըստ այդմ, նախագծով առաջարկում ենք տուգանքները կապել ոչ թե աճուրդի մեկնարկային գնի, այլ աճուրդի արդյունքում ձեւավորված գնի հետ: Միաժամանակ, մեզ համար կարեւոր է մասնակցության մատչելիությունը, ուստի կարծում ենք մեկնարկային գնի 5% սահմանումը խելամիտ է՝ լինելով միաժամանակ համադրելի պետական գնումների հայտի ապահովման չափի հետ: Մեր կարծիքով մասնակցությունը պետք է լինի դյուրին, աճուրդի ժամանակ պարտավորությունների ստանձնումը եւ դրանց հետագա չկատարումը էականորեն պատժելի: Սույն նախագիծը մշակելու ու նշված ռիսկերը կառավարելու անհրաժեշտությունը առաջացել է աճուրդների որոշ դեպքեր մոնիտորինգ անելու արդյունքում:

3. Ակնկալվող արդյունքը

Ներկայացված նախագծով նախատեսվող փոփոխության ընդունման արդյունքում կապահովվի` մասնակիցներին աճուրդի գործընթացներին մոտենալ ավելի լրջորեն, եւ կբացառի անբարեխիղճ մասնակիցների չարաշահումները, ինչպես նաեւ այս փոփոխությունը թույլ կտա որոշակիորեն նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը եւ գործարքային ծախսերը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի  65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. օրենքի նախագիծը,

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3. գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցող՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ՝  ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ