Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ եւ 52-րդ հոդվածներով՝
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Եվրոպական կառույցներին (Եվրոպայի խորհուրդ, Եվրոպական միություն) Հայաստանի Հանրապետության ինտեգրման գործընթացը, անդամակցության արդյունքում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը եւ եվրոպական չափանիշներին ազգային օրենսդրության ներդաշնակեցման խնդիրներն ուսումնասիրելու, այդ հարցերին առնչվող օրենսդրական նախաձեռնությունները քննարկելու եւ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու նպատակով ստեղծել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)։
2. Հանձնաժողովի խնդիրներն են՝
- Ազգային ժողովի որոշումների, օրենքների նախագծերի եւ այլ առաջարկությունների նախնական քննարկում եւ դրանց վերաբերյալ եզրակացության ներկայացում Ազգային ժողով.
- իրադարձությունների եւ փաստերի վերաբերյալ եզրակացությունների եւ տեղեկանքների ներկայացում Ազգային ժողով:
3. Հանձնաժողովն իրավասու է հարցումներով դիմել համապատասխան մարմիններ (կազմակերպություններ), որոնք հնարավորինս սեղմ ժամկետում պետք է տրամադրեն անհրաժեշտ տեղեկատվություն։
4. Հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրներն իրականացնելիս իրավասու է ներգրավել համապատասխան մասնագետների, փորձագետների։
5. Հանձնաժողովն ստեղծել հետեւյալ կազմով. ՀՀԿ խմբակցությունից երկու պատգամավոր, մեկական պատգամավոր մյուս խմբակցություններից, պատգամավորական խմբերից եւ դրանց կազմում չընդգրկված պատգամավորներից։
6. Պատգամավորները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարի ներկայացմամբ։
7. Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում չընդգրկված պատգամավորների թեկնածուին առաջադրում են պատգամավորներն Ազգային ժողովի նիստում։ Ընտրված է համարվում այն պատգամավորը, որն էլեկտրոնային համակարգի միջոցով կազմակերպված քվեարկությամբ ստանում է առավել շատ ձայներ։
8. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ եւ տեղակալ։
9. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է անդամների կեսից ավելին։ Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ։
10. Ազգային ժողովի աշխատակազմն ապահովում է Հանձնաժողովի իրավաբանական, կազմակերպչական, փաստաթղթային, վերլուծական, տեղեկատվական, ֆինանսատնտեսական եւ նյութատեխնիկական գործունեությունը։
11. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին Ազգային ժողովին զեկուցում է մինչեւ 2004 թվականի հոկտեմբերի 1-ը։ Մինչ այդ Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ Ազգային ժողովի նիստում կարող է հանդես գալ հաղորդումներով։
011.0012.09.09.03