Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-845-22.01.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մաս հանդիսացող պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Անձի կողմից երկու կամ ավելի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

Եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի կողմից, վերջնական տույժը նշանակվում է  նվազ խիստ տույժն ավելի խիստ տույժով կլանելու միջոցով: Այդ դեպքում հիմնական տույժին կարող է միացվել կատարված վարչական իրավախախտումներից յուրաքանչյուրի համար սույն օրենսգրքով սահմանված լրացուցիչ տույժերից մեկը, բացառությամբ սույն  հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի:

Անձի կողմից տուգանային միավորի ձեւով վարչական տույժ նախատեսող՝ ճանապարհային երթեւեկության կանոնների (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում լրացուցիչ վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին«:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:

Հիմնավորում

Գործող կարգավորումը էական խոչընդոտ է ստեղծում հատկապես տնտեսվարողների համար, որոնք հարկային մարմիններին ինչ-ինչ պատճառներով ամսական հաշվետվությունները չներկայացնելու պատճառով ենթարկվում են մի քանի վարչական տույժերի:

Նախագծով առաջարկվում է բացառությամբ Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման դեպքերի, եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի կողմից, վերջնական տույժը նշանակվի նվազ խիստ տույժն ավելի խիստ տույժով կլանելու միջոցով:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

21 հունվարի 2021թ.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի՜ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ« սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում« փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

-օրենքի նախագիծը,

-օրենքի նախագծի հիմնավորումը,

-գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը:

Հիմնական զեկուցող՝ Սիսակ Գաբրիելյան

Խնդրում եմ ներկայացված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 

ԱԺ պատգամավոր՝                             Սիսակ Գաբրիելյան
                                                            Արտակ Մանուկյան