Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին » 2002 թվականի մայիսի 7-ի
ՀՕ-337-Ն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետը շարադրել նոր բովանդակությամբ.
«19) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազմում եւ տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքում ճանապարհային երթեւեկության կազմակերպման սխեման (համայնքային ենթակայության ճանապարհների մասով) եւ կայացնում որոշումներ ՝ այդ սխեմային համապատասխան անվտանգ երթեւեկության կազմակերպման համար անհրաժեշտ ճանապարհային երթեւեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրման վերաբերյալ՝ երթեւեկության անվտանգության մասով համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«« ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը եւ առկա իրավիճակը.
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման ընթացքում առաջանում են անորոշ իրավիճակներ, որոնց գոյությունը անհրաժեշտություն է առաջացրել ներկայացնելու վերոնշյալ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Նախագծով առաջարկվող փոփոխության ընդունումը բխում է համայնքում ճանապարհային երթեւեկության ոլորտին վերաբերող խնդիրների լուծման եւ դրա համար պատասխանատու լիազոր մարմնի հստակ սահմանման անհրաժեշտությունից:
Սույն նախագծի հիմնավորվածությունը ի թիվս այլի պայմանավորված է նաեւ ճանապարհային երթեւեկության նշանների առկայության, բացակայության, տեղափոխման, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դրանց ժամանակավոր տեղափոխման պատճառների մասին տեղեկատվություն ստանալու հնարավորության բացակայության պարագայում՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածով սահմանված, տրանսպորտի բնագավառում համայնքի ղեկավարի լիազորությունների պատշաճ կատարելու հնարավորության ստեղծման հետ:
Համաձայն Հայաստանի Հանրապետության ոստիկանության «ճանապարհային ոստիկանության» ծառայություն կողմից տրամադրված տեղեկատվության 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2020 թվականի մարտի 5-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում պետական վիճակագրական հաշվառման է վերցվել զոհերով եւ վիրավորներով 5481 ճանապարհատրանսպորտային պատահար (այսուհետ ՃՏՊ), որի հետեւանքով զոհվել է 386, մարմնական վնասվածքներ ստացել՝ 7827 մարդ:
2019 թվականի ընթացքում արձանագրվել է միայն նյութական վնասով 42.344 ՃՏՊ:
Սույն վիճակագրական տվյալները վերաբերում են ամբողջ երկրում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարներին:
Հաշվի առնելով Երեւան համայնքում ճանապարհային երթեւեկությունը ապահովող ճանապարհային նշանների համալրվածության հարաբերականորեն բավարար մակարդակը՝ հարկ է նշել, որ ի տարբերություն Երեւանի, հեռավոր համայնքներում վերոնշյալ ոլորտի տիրում է տրամագծորեն հակառակ իրավիճակ:
Համայնքներում առկա է վերոնշյալ ոլորտի ընդհանուր կառավարման եւ վերահսկման խնդիր՝ պայմանավորված ճանապարհային երթեվեկության անվտանգության ապահովման համար ահնրաժեշտ կահավորանքով դրանք հագեցնելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառների (եթե դրանք հետեւանք են ճանապարհային երթեվեկության անվտանգության ոչ պատշաճ ապահովման կամ պատասխանատվության ենթարկված անձի կողմից խախտման) վերհանման հետ:
Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից 2009 թվականի մարտի 12-ի N 256-Ն որոշմամբ սահմանվել է Հայաստանի Հանրապետության բնակավայրերի տարածքով անցնող միջպետական, հանրապետական եւ մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհների ցանկը, սակայն վերոնշյալ որոշումը չի պարունակում սպառիչ տեղեկատվություն համայքներում առկա բոլոր փողոցների նշանակության վերաբերյալ:
Փաստորեն ներկայումս բացակայում են օրենսդրական կարգավորումները, որոնք հստակորեն կլուծեն համայնքներում ճանապարհային երթեւեկության պատշաճ ապահովման, միջպետական, հանրապետական եւ մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհների եւ դրանց նշանակության վերաբերյալ գործնական խնդիրները:
Այնուհանդերձ, բացի վերը նշված օրենսդրական բացերից, պրակտիկայում առաջանում են խնդիրներ պայմանավորված՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի որոշակիության հետ:
Օրենքի վկայակոչված դրույթը չի պարունակում համայնքում ճանապարհային երթեւեկության արդյունավետ կազմակերպման եւ կառավարման պարտականությունը կրող մարմի մասին հստակ ամրագրում, ինչը խոչնդոտում է համայնքի ղեկավարի լիազորությունների պատշաճ կատարմանը:
3. Կարգավորման նպատակը եւ բնույթը.
««Տեղական իննքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նպատակ ունի սահմանել համայնքում ճանապարհային երթեւեկության արդյունավետ կազմակերպման եւ կառավարման պարտականության պատասխանատու լիազոր մարմին:
4. Ակնկալվող արդյունքը.
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծով առաջարկվող փոփոխությունով ակնկալվում է առավել արդյունավետ դարձնել այս տիրույթում իրավակիրառ եւ իրավաիրացնող խնդիրների լուծումը՝ համայնքում ճանապարհային երթեւեկության արդյունավետ կազմակերպման եւ կառավարման պարտականության պատասխանատու լիազոր մարմնի հստակ սահմանման միջոցով:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
22 հունվարի 2021թ.
Հարգելի պարոն Միրզոյան.
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Գրությանը կից ներկայացվում է՝
ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Վաղարշակ Հակոբյան),
բ) նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:
Խնդրում եմ սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
Հարգանքով՝
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ