Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-849-25.01.2021-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 10-րդ մասի 4-րդ պարբերության մեջ «չպետք է գերազանցի տվյալ կայքէջի 20 տոկոսից ավելին» բառերն անհրաժեշտ է փոխարինել «թույլատրվում է ժամը 22:00- 07:00-ն ընկած ժամանակահատվածում:» բառերով:

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 2.2.-րդ մասի «նախատեսված» բառը անհրաժեշտ է փոխարինել «սույն օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ, 11-րդ, 11.1-րդ, 11.2-րդ, 11.3-րդ, 12-րդ, 12.1-րդ, 13-րդ եւ 15-րդ մասերով սահմանված պահանջների» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

1. «Գովազդի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն՝ վիճակախաղի կազմակերպիչն իրավունք ունի համացանցով գովազդելու վիճակախաղը, գովազդը արգելվում է իրականացնել մանկապատանեկան, կրթական, բժշկական, սոցիալական կայքերի միջոցով, իսկ լրատվական կայքերում սույն պարբերությամբ հաստատված գովազդը չպետք է գերազանցի տվյալ կայքէջի 20%-ից ավելին: Հաշվի առնելով, որ չկան հստակ չափորոշիչներ եւ գործիքներ, որոնք հնարավորություն կտան լրատվական կայքերում տեղադրված գովազդը տվյալ կայքէջի 20%-ից ավելին որակելու կամ չորակելու համար, նման մոտեցումը խնդրահարույց է թե ոլորտի կարգավորման պրակտիկ իրացման, թե վերահսկողության տեսանկյուններից, քանի որ պարունակում է բարձր հայեցողական մոտեցման ռիսկեր վարչարարության իրականացման համար: Հետեւաբար անհրաժեշտ է Օրենքով սահմանված պահանջը քննարկել օրենսդրական կարգավորումների պրակտիկ իրացման տեսանկյունից (ՀՀ կառավարության դիրքորոշումը եւ մտահոգությունները նշված նորմի կիրառման վերաբերյալ ներկայացվել են ՀՀ Ազգային Ժողովում Օրենքի նախագծի քննարկումների ժամանակ):

Առաջարկում ենք լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանումը՝ նախատեսելով, որ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում:

2. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ պետական կառավարման լիազորված մարմինն իրավասու է, համաձայն ՀՀ գործող օրենսդրության, տուգանք կիրառել գովազդատուի, գովազդ արտադրողի, գովազդակրի նկատմամբ գովազդային օրենսդրության խախտման մասին իր ծանուցագրերի պահանջների կատարումից խուսափելու կամ ժամանակին չկատարելու համար, իսկ 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գովազդատու, գովազդ արտադրող, գովազդակիր ձեռնարկությունների ղեկավարները նույն հոդվածի առաջին կետով նախատեսված խախտումների համար կրում են վարչական պատասխանատվություն: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինն իրավունք ունի նրանց նկատմամբ կիրառել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի մինչեւ 100-ապատիկի չափով: Նշված կարգավորումներից հստակ երեւում է, թե պատասխանատվությունը որ խախտումների համար է կիրառվում:

Սակայն «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 19.06.2019թ. ՀՕ-91-Ն օրենքով «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը 01.01.2020թ.-ից լրացվել է 2.2-րդ մասով, համաձայն որի՝ գովազդատու եւ գովազդակիր ձեռնարկությունների ղեկավարները նախատեսված խախտումների համար կրում են վարչական պատասխանատվություն: Այդ դեպքում ՀՀ պետական կառավարման լիազորված մարմինը նրանց նկատմամբ կիրառում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով:

Վերոնշյալ կարգավորումներից պարզ չէ, թե որ խախտումների համար է նախատեսվում պատասխանատվություն:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2.2-րդ մասի՝ վերոնշյալ ձեւակերպմամբ դրույթի կիրառումն իրավական որոշակիության տեսանկյունից խնդրահարույց է, հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել այն հստակեցնել՝ նշելով,որ այն վերաբերում է վիճակախաղերի, ինտերնետ շահումով խաղերի, շահումով խաղերի եւ խաղատների գովազդների համար սահմանված պահանջների խախտումներին:

Առաջարկվող կարգավորման բնույթը

1. Օրենքի նախագծով առաջարկվում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանումը՝ նախատեսելով, որ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում:

2. Օրենքի նախագծով առաջարկվում է Օրենքի 26-րդ հոդվածի 2.2. մասը խմբագրել՝ նախատեսելով որ նշված պահանջը վերաբերում է վիճակախաղերի, ինտերնետ շահումով խաղերի, շահումով խաղերի եւ խաղատների գովազդների համար սահմանված պահանջների խախտումներին:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել եւ ապահովվել Օրենքով սահմանված պահանջների հետ կապված հարաբերությունները:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին

«Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի եւ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 21-ի N 70-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:

Հարգանքով՝  ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ