Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-851-29.01.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 188. Ինքնակամ կառույց

1.  Ինքնակամ կառույց է համարվում օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ շինությունում, կամ հողամասում կամ շինությունում որի նպատակային եւ (կամ) գործառնական նշանակությունը նախատեսված չէ նմանատիպ կառույց կառուցելու համար, կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական փաստաթղթերի խախտումներով կառուցված, վերակառուցված, տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը կամ կառուցվածքը:

2.  Պետության կամ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում կամ շինությունում կառուցված (տեղադրված) ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական եւ այն ենթակա է քանդման (ապամոնտաժման) համայնքի ղեկավարի, իսկ Երեւան քաղաքում՝ վարչական շրջանի ղեկավարի կողմից՝ առանց վարչական վարույթի հարուցման:

Ինքնակամ կառույց իրականացրած (տեղադրած) անձը պարտավոր է հատուցել պետությանը կամ համայնքին հասցրած վնասը, ներառյալ՝ ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) եւ հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը:

3. Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասում կառուցված (տեղադրված) ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական:

4. Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող շինությունում կառուցված (տեղադրված) ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական՝ կառավարության սահմանված կարգով:

5. Հողամասի սեփականատերը, այդ թվում՝ ինքնակամ կառույցի առկայությամբ հողամասը ձեռք բերողը, կրում է դրա վրա գտնվող ինքնակամ կառույցի օգտագործման ու ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) հետ կապված ռիսկերը, այդ թվում՝ ծախսերը, ներառյալ՝ քանդման եւ հողամասի նախկին վիճակի վերականգնման:

6. Հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդել (ապամոնտաժել) իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը:

7.  Ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով ենթակա է քանդման (ապամոնտաժման), իսկ հողամասը՝ նախկին վիճակի վերականգնման՝ հողամասի սեփականատիրոջ հաշվին:

8.  Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառույց իրականացրած (տեղադրած) անձը պարտավոր է հատուցել հողամասի սեփականատիրոջ հասցրած վնասը՝ ներառյալ քանդման (ապամոնտաժման) եւ հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը:

9.  Ինքնակամ կառույցի առկայությունը հիմք չէ օրինական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը մերժելու համար:

10. Ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման առանձնահատկությունները կարգավորվում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով եւ դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1.  Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գոյություն ունեցող ինքնակամ կառույցները ենթակա են օրինականացման սույն հոդվածի 2-ից մինչեւ 8-րդ մասերով նախատեսված պայմաններին համապատասխան՝ կառավարության սահմանած կարգով:

2.  Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական՝ համայնքի ղեկավարի որոշմամբ:

3.  Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կամ շինությունում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել:

4.  Ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է այն անձի սեփականության իրավունքը, որին սեփականության իրավունքով պատկանում է այն հողամասը կամ շինությունը, որի վրա գտնվում է կառույցը:

5.  Ինքնակամ կառույցի նկատմամբ հողամասի կամ շինության սեփականատիրոջ սեփականության իրավունքի ճանաչումը հիմք չէ ինքնակամ կառույցն օրինական ճանաչելու, ինչպես նաեւ արգելք չէ սույն հոդվածի 6-րդ մասով նշված հայցի բավարարման համար:

6.  Հողամասի վրա գտնվող չօրինականացված ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները եւ օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման, իսկ հողամասը՝ նախկին վիճակի վերականգնման՝ հողամասի սեփականատիրոջ հաշվին:

7.  Ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական, եթե կառույցը պահպանելը խախտում է այլ անձանց իրավունքները եւ օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

8.  Ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական, եւ դրանք ենթակա են քանդման, եթե կառուցված են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաեւ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի եւ կանոնների էական խախտումներով կամ առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

9.  Օրինականացվել կարող է կիսակառույց ինքնակամ կառույցի՝ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ կառուցված հատվածը՝ սույն հոդվածի 3-ից մինչեւ 8-րդ մասերով նախատեսված պայմաններին համապատասխան՝ կառավարության սահմանած կարգով:

10. Մինչեւ սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված օրինականացումը կիսակառույց ինքնակամ կառույցը ավարտին հասցնելու շինարարությունը շարունակելը արգելվում է եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված հատվածի վրա տարածվում են սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված կանոնները»:

11. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

12. Կառավարությունը պարտավոր է անհրաժեշտ լրացումներ եւ փոփոխություններ կատարել Կառավարության 18 մայիսի 2006 թվականի թիվ 912-Ն «Ինքնակամ կառույցների օրինականացման եւ տնօրինման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ՝ այն համապատասխանեցնելով սույն օրենքի պահանջներին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետությունում նախորդ տարիներին ձեւավորվել է պրակտիկա, երբ տնտեսվարող սուբյեկտները եւ ֆիզիկական անձինք կառուցապատումը կատարում էին առանց համապատասխան շինարարության թույլտվության, իսկ այնուհետեւ դիմում էին համայնքի ղեկավարին՝ ինքնակամ կառույցները օրինականացնելու խնդրանքով: Պատճառը այն էր, որ ինքնակամ շինությունների օրինականացումը ավելի արագ է տեւում եւ ավելի մատչելի է, քան օրինական կարգով շինարարության թույլտվություն ստանալը:

Ակնհայտ է, որ նման իրավիճակը ոչ՛ կարող է շարունակվել, ոչ՛ պահպանվել. հետեւաբար, անհրաժեշտ է վերանայել ինքնակամ կառույցներին վերաբերող ամբողջ օրենսդրությունը:

Առաջարկում ենք փոփոխություն իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածում, շարադրելով այն նոր խմբագրությամբ, ընդ որում ապահովելով մի կողմից տնտեսվարող սուբյեկտների եւ քաղաքացիների իրավունքները՝ ինքնակամ կառույցների օրինականացման հարցում, մյուս կողմից համայնքի իրավունքը՝ ինքնակամ կառույցները ապամոնտաժելու՝ առանց վարչական վարույթ իրականացնելու: Նախագծով առաջարկում ենք, որ ինքնակամ կառույցների ապամոնտաժման ծախսերը ամբողջությամբ կրի կառուցապատողը՝ անկախ նրանից, թե ով է ապամոնտաժման աշխատանքները կատարել: Միաժամանակ նախագծով լուծվում է ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի պետական գրանցման հարցը:

Նախագծի անցումային դրույթներով սահմանվում է զրոյական կետ, որ հետայսու եւ՛ տնտեսվարող սուբյեկտները եւ՛ ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետությունում շինարարության աշխատանքները իրականացնեն բացառապես օրենքներին համապաստասխան, ունենան հնարավորություն շինարարությունը իրականացնել համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո, չբախվեն արհեստական խոչընդոտների, բյուրոկրատական քաշքշուքների եւ անհարկի ձգձգումների: Նախագծի անցումային դրույթներով առաջարկվում է լուծել ինքնակամ կառույցների այն խնդիրները, որոնք եղել են մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը, ինպես նաեւ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 912-Ն «Ինքնակամ կառույցների օրինականացման եւ տնօրինման կարգը հաստատելու» որոշումը համապատասխանեցնել նախագծի պահանջներին:

2. Ակնկալվով արդյունքը

Հայաստանի Հանրապետությունում այլեւս չեն կառուցվի ինքնակամ կառույցներ, եւ բոլոր շինարարությունները կիրականացվեն օրենքով նախատեսված ընթացակարգով:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ