Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-854-02.02.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում ավելացնել նոր՝ 4-րդ կետ.

« 1) որոշմամբ առաջարկ ներկայացնել Ազգային ժողովի խմբակցություններին՝ հանձնաժողով հրավիրված Կառավարության առանձին անդամի չներկայանալու եւ բացատրություններ չտալու դեպքում գրավոր հարցապնդմամբ դիմել Կառավարությանը, անրաժեշտության դեպքում ընդունել Կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին Ազգային ժողովի որոշում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1.  Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում նշված են քննիչ հանձնաժողովի լիազորությունները: Մասնավորապես, 3-րդ կետում նշված է, որ քննիչ հանձնաժողովը կարող է.

 «որոշմամբ հանձնաժողով հրավիրել իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ այն անձանց, որոնք ներկայացրել են հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ:»:

Մինչդեռ, որեւէ կետով առանձնացված չէ, թե նշված անձանց նիստի բացակայությունը ինչ իրավական հետեւանք է առաջացնում:

Սույն նախագծի միջոցով նախ քննիչ հանձնաժողովի լիազորությունները ավելանում է եւս մեկ կետով, իսկ երկրորդ՝  Կառավարության առանձին անդամի կողմից քննիչ հանձնաժողովի նիստերի չներկայանալու դեպքում որոշակի իրավական հետեւանք է առաջանում, որով կարգավորվում են հետեւյալ հարցերը՝

1.  Կառավարության առանձին անդամի կողմից աշխատանքների պատշաճ կատարում,

2.  քննիչ հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության բարձրացում:

Այսպիսով, սույն օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է քննիչ հանձնաժողովի գործունեության արդյունքն ապահովելու անհրաժեշտությամբ:

Վերջինիս նպատակահարմարությունն առաջացավ նաեւ այն ժամանակ, երբ կատարվեց «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» կողմից կատարված աշխատանքների ամփոփում: Այդ հանձնաժողովի աշխատանքների կատարման արդյունքում որոշ պաշտոնատար անձանց նիստերին չներկայանալը եւ բացատրություններ չտալը գործնականում առաջացրեց մի շարք խնդիրներ: Այսպես, հանձնաժողովը հնարավարություն չունեցավ լսել եւ ստանալ այն տեղեկատվությունը կամ գրավոր տարբերակով ստացված տեղեկատվության մանրամասները, ինչը կարող էր հանդիսանար մի շարք խնդիրների լուծման պատասխաններ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային Ժողովում ստեղծվել եւ ստեղծվելու են նոր քննիչ հանձնաժողովներ, ուստի անհրաժեշտ է նախագծի ընդունման անհրաժեշտությունը: Այլապես համոզված եմ, որ մյուս քննիչ հանձնաժողովները եւս կբախվեն նման խնդիրների եւ քննիչ հանձնաժողովի դերակատարությունը կդառնա ձեւական:

Այս նախագիծը զսպող մեխանիզմ է ստեղծում այն անձանց համար, ովքեր ստանձնել են որոշակի պաշտոններ եւ իրենց պարտականությունները չեն կատարում պատշաճորեն: Բնականաբար, եթե դրվի ընդհուպ մինչեւ պաշտոնավարման հարց, իրավասու պաշտոնատար անձը  կխուսափի ոչ պատշաճ գործողությունների կատարումից:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է կատարել լրացում, որով ավելանում է քննիչ հանձնաժողովի լիազորությունները եւ հնարավորություն է ստեղծվում կիրառել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածի 1-ին մասի եւ 11-րդ մասի 1-ին կետի կանոնները:

3. Ակնկալվող արդյունքը

Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող հոդվածի լրացման արդյունքում ապահովվում է Կառավարության առանձին անդամի կողմից քննիչ հանձնաժողովի նիստերի մասնակցության հարցը, որը նպաստում է գործող եւ ստեղծվելիք քննիչ հանձնաժողովների աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, համապատասխան պաշտոնատար անձանց կողմից աշխատանքների պատշաճ կատարմանը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով եւ 67-րդ հոդվածով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են՝

1. օրենքի նախագիծը (զեկուցող՝ Սերգեյ Բագրատյան)

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը

3. տեղեկանքը փոփոխվող հոդվածի վերաբերյալ:

Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝                     ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆ