Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-856-05.02.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ եւ 7-րդ կետերից հանել «, որոնք ենթակա չեն հրապարակման» բառերը:

Հոդված 2.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«ԿՈՌՈւՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ «Օրենք») Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժովողի (այսուհետ՝ «Հանձնաժողով») գործառույթների շարքում թվել է նաեւ օրենքով սահմանված դեպքերում ու կարգով Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման (Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ):

Հանձնաժողովի գործառույթների շրջանակներում՝ Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով ընդունված եզրակացության հրապարակման ենթակա չլինելու մասին նորմի սահմանումը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ «Սահմանադրություն») 42-րդ հոդվածի 1-ին մասին՝ տեղեկություններ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությունը սահմանափակելու տեսանկյունից, ինչպես նաեւ Օրենքի 3-րդ հոդվածով ամրագրված՝ Հանձնաժողովի գործունեության հաշվետվողականության եւ թափանցիկության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցության սկզբունքներին:

Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանձնաժողովն իր պաշտոնական կայքէջում հրապարակում է իր ընդունած որոշումները եւ եզրակացությունները, ինչպես նաեւ իր ներկայացրած առաջարկությունները եւ դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկությունները:

Օրենսդիրը, ամրագրելով Հանձնաժողովի որոշումների, եզրակացությունների եւ առաջարկությունների հրապարակման ընդհանուր պահանջ, հետապնդել է Հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը որեւէ կերպ չսահմանափակելու միտում, եւ նման պայմաններում հասարակական կարեւոր նշանակություն ունեցող հանրային ծառայության պաշտոնների՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամների, Սահմանադրական դատարանի դատավորների եւ այլ դատարանների դատավորների բարեվարքության վերաբերյալ կազմված եզրակացությունների հրպարակման ենթակա չլինելու մասին օրենսդրական պահանջն արդարացված եւ հիմնավոր չէ, ինչպիսի եզրակացության հանգել է նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը (այսուհետ՝ «Սահմանադրական դատարան»):

Մասնավորապես, Սահմանադրական դատարանն իր՝ 2017թ. հունիսի 20-ի ՍԴՈ-1374 որոշմամբ, անդրադառնալով հանրային ծառայության որոշ պաշտոնների հավակնող անձանց վերաբերյալ տվյալների մատչելիության հարցին, վերարտադրել է իր՝ 2012թ. մարտի 6-ի ՍԴՈ-1010 որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի` «Հանրային տեղեկատվության մատչելիությունը ժողովրդավարության եւ հանրության առջեւ պատասխանատու պետական կառավարման թափանցիկության էական նախապայմաններից է: Հասարակական կարծիքի միջոցով իրականացվող ժողովրդավարական վերահսկողությունը խթանում է պետական իշխանության գործողությունների թափանցիկությունը եւ նպաստում պետական մարմինների ու պաշտոնատար անձանց հաշվետու գործունեությանը:»: Միաժամանակ, «(...) առաջնորդվելով պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման նկատմամբ հանրային վերահսկողությունը, հանրային իշխանության գործողությունների թափանցիկությունը, հաշվետու գործունեությունը, հանրային-իրավական պատասխանատվությունն ապահովելու նկատառումներով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավորների թեկնածությունների ցուցակի կազմմանը եւ հաստատմանը նախորդող գործընթացներում հավակնորդի կողմից ներկայացված, հավակնորդի վերաբերյալ կազմվող/ստացվող փաստաթղթերը, տեղեկությունները, դիտարկվող գործընթացների արդյունքները (դրանց վերաբերյալ տեղեկությունները), ՀՀ Սահմանադրությամբ սահմանված սահմանափակումների նպատակները հաշվի առնելով, պետք է լինեն բաց, թափանցիկ: Դրանք պետք է վերաբերեն ոչ թե թեկնածուների միջանձնային հարաբերություններում դրսեւորվող անձնական կյանքին, այլ նրանց հանրային-իրավական պատասխանատվության ստանձնման պիտանելիությունը գնահատող որակներին: Ուստի նման տվյալները պետք է ներառվեն հավակնորդի, հետագայում՝ դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձի անձնական գործում, ենթակա լինեն տրամադրման հավակնորդներին, երրորդ անձանց, այդ թվում՝ կանոնադրական համապատասխան իրավասությամբ օժտված հասարակական կազմակերպություններին: (...)

Ժողովրդավարական պետության սկզբունքի շրջանակներում հասարակությունն իրավունք ունի հանրային վերահսկողություն սահմանելու հանրային իշխանության, տվյալ պետական պաշտոնը զբաղեցնելու համար որակավորման ստուգման ընթացակարգի նկատմամբ, այն արդարության եւ հավասարության պայմաններում անցկացնելու նկատառումներով, իրազեկ լինելու տվյալ պետական պաշտոնի հավակնորդի մասնագիտական ունակություններին:»:

Սահմանադրական դատարանը գտել է, որ հանրային պաշտոնների, մասնավորապես՝ դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված հավակնորդների հանրային-իրավական պատասխանատվության ստանձնման որակներին վերաբերող տվյալներն առնվազն այն հավակնորդների մասով, որոնք ընդգրկվել են դատավորների թեկնածությունների ցուցակում, հանրության համար ոչ մատչելի դարձնելը չի հետապնդում իրավաչափ նպատակ եւ հակասում է Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասին:

Փաստացի, ինչպես վերը մեջբերված օրենսդրական ակտի դրույթների, այնպես էլ Սահմանադրական դատարանի վերոշարադրյալ իրավական վերլուծության առկայության պարագայում, որով հիմնավորվում է հանրային պաշտոնների հավակնորդների հանրային-իրավական պատասխանատվության ստանձնման պիտանիության գնահատման վերաբերյալ տվյալների հանրային հասանելիության իրավաչափությունը եւ անհրաժեշտությունը, Օրենքով սահմանափակվել է Հանձնաժողովի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների բարեվարքության վերաբերյալ կազմված եզրակացության մատչելիությունը՝ սահմանելով, որ այն ենթակա չէ հրապարկման:

Ակնհայտ է, որ խնդրո առարկա գործի շրջանակներում անդրադարձ է կատարվել միայն Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին, սակայն նույն ձեւակերպումն առկա է նաեւ 6-րդ կետում (Հանձնաժողովի գործառույթների թվում են (...) պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման) եւ նույն խնդիրներն է հարուցում: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է կարգավորել նաեւ նույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը՝ նաեւ առանց օբյեկտիվ հիմքի եւ իրավաչափ նպատակի խտրական վերաբերմունքի դրսեւորումները բացառելու համար:

Գործող իրավակարգավորումների պարագայում սահմանափակվում է անձանց տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությունը, անկատար են դառնում Հանձնաժողովի գործունեության՝ Օրենքի 3-րդ հոդվածով սահմանված սկզբունքները, ինչը խոչընդոտ է հանդիսանում հանրային ծառայության պաշտոնների հավակնող անձանց նշանակման գործընթացների նկատմամբ հանրային վերահսկողության, Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված ժողովրդավարական եւ իրավական պետության, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության կայացման համար:

Հանձնաժողովի ամփոփ եզրակացության հրապարկան ոչ ենթակա լինելու մասին նորմերի առկայությունը վիճելի է նաեւ այն տեսանկյունից, որ Հանձնաժողովի՝ Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված եզրակացությունը կազմելիս հաճախ հիմք են ընդունվում հանրամատչելի տվյալներ (օրինակ, գույքի եւ եկամուտների հայտարարագիր) կամ այնպիսի տվյալներ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարցման միջոցով հեշտությամբ կարող են հասանելի դառնալ երրորդ անձանց (օրինակ, կադաստրային գործի տվյալներ):

Դատարանների եւ դատավորների անկախությունը երաշխավորող մարմնում, արդարադատություն իրականացնող մարմիններում եւ այլուր հանրային ծառայության պաշտոնների հավակնորդների վերաբերյալ տարբեր քաղաքական հոսանքների կողմից ձեւավորված անկախ եւ անկողմնակալ մարմնի կողմից տրված եզրակացությունը հանրությանը հասանելի դարձվելու արդյունքում՝ հասարակության յուրաքանչյուր անդամի եզրակացությունը գնահատելու, այն օրենսդիր իշխանության քվեարկության արդյունքներին, գործադիր իշխանության համապատասխան որոշումներին համադրելու հնարավորություն է տրվելու՝ ի ապահովումն Հանձնաժողովի՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցելու օրենսդրական պահանջի:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
«Լուսավոր Հայաստան» խմբակցության որոշումը


Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացնում ենք «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծին կից ներկայացվում են՝

- խմբակցության որոշումն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մասին.

- նախագծի ընդունման հիմնավորումը.

- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում են օրենքի համապատասխան հոդվածում առաջարկվող փոփոխությունները:

Նախագծի հիմնական զեկուցողն է Անի Սամսոնյանը:

Խնդրում ենք ներկայացված նախագիծն օրենքով սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ 07 թերթ:


Հարգանքով՝ ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ