Հոդված 1.
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի 61-րդ հոդվածում`
1. 16-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ`
«Զինվորական ծառայությունից արձակվող եւ զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց:».
2. լրացնել նոր 161-ին մաս`
«161. Անկախ զինվորական ծառայությունից արձակման տարեթվից` զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` սույն հոդվածի 16-րդ մասով նախատեսված կարգով:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԵՎ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ
Աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորող հիմնական օրենքի` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` «Օրենսգիրք») 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: (...) Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:
Միեւնույն ժամանակ, հիմք ընդունելով Օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը, օրենսդիրը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` «Օրենք») 61-րդ հոդվածի 16-րդ մասով զինվորական ծառայություն անցնող անձանց համար սահմանել է չօգտագործված արձակուրդների դիմաց փոխհատուցում ստանալու այլ` Օրենսգրքով ամրագրված ընդհանուր կանոնից տարբերվող ընթացակարգ, համաձայն որի` զինվորական ծառայությունից արձակվող եւ զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` ոչ ավելի, քան զինվորական ծառայությունից արձակվելու եւ դրան նախորդող երկու տարվա չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով:
Հանրային իշխանության այլ մարմիններում հանրային ծառայության առանձնահատկությունները սահմանող իրավական ակտերով («Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Դատական ծառայության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով) չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցում ստանալու իրավունքը սահմանափակված չէ:
Փաստացի խտրական մոտեցում է ցուցաբերվել հանրային ծառայող հանդիսացող որոշակի խումբ անձանց նկատմամբ` այն դեպքում, երբ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում թվարկված ոլորտներում պետական ծառայություն իրականացնող մարմինների բոլոր ծառայողների սոցիալ-իրավական կարգավիճակը միաբնույթ է, քանի որ նրանք բոլորն իրականացնում են հանրային ծառայություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմիններին վերապահված խնդիրների եւ գործառույթների իրականացմանն ուղղված մասնագիտական գործունեություն:
Հաշվի առնելով վերոշարադրյալը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը (այսուհետ` «Սահմանադրական դատարան») գտել է, որ զինվորական ծառայության ընթացքում ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի դիմաց փոխհատուցում նախատեսող իրավակարգավորման ապահովումը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ` «Սահմանադրություն»), ինչպես նաեւ միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված` պետության պոզիտիվ պարտականությունն է, եւ իր` 2018թ. հուլիսի 10-ի ՍԴՈ-1424 որոշմամբ` Օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասը` զինծառայողի` չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը զինվորական ծառայությունից արձակվելու եւ դրան նախորդող երկու տարվա ժամանակահատվածով սահմանափակելու մասով, ճանաչել է Սահմանադրության 29-րդ, 60-րդ, 73-րդ եւ 82-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր:
Սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով «Աշխատանքի եւ զբաղվածության ոլորտում խտրականության վերաբերյալ» թիվ 111 կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է 1995թ. հուլիսի 29-ից) 1-ին հոդվածը, համաձայն որի` աշխատանքի ոլորտում խտրականություն է համարվում (...) նաեւ աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում հնարավորության կամ վերաբերմունքի հավասարության վերացմանը կամ խախտմանը հանգեցնող ցանկացած այլ տարբերակում, մերժում կամ նախապատվություն, փաստել է, որ նույն իրավական կարգավիճակն ունեցող անձանց համեմատ զինծառայողների նկատմամբ դրսեւորվել է տարբերակված մոտեցում, որը չունի օբյեկտիվ եւ ողջամիտ արդարացում, առկա չեն զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) եւ այլ պետական ծառայողների միջեւ տարբերակում դնելու հիմնավորված չափանիշներ:
«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո` ոչ ուշ, քան եռամսյա ժամկետում, Կառավարությունը Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա ուսումնասիրում եւ անհրաժեշտության դեպքում նախաձեռնում է համապատասխան իրավական ակտեր մշակելը եւ Ազգային ժողով ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից նախկինում մշակվել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որը, սակայն, մինչ այժմ խորհրդարան չի բերվել:
Թեեւ ըստ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով սահմանված անվավերության հետեւանքների` Օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասի կիրառման արդյունքում զինծառայողների չօգտագործած արձակուրդները ենթակա են փոխհատուցման Օրենսգրքի 170-րդ հոդվածով սահմանված կարգով, սակայն գործնականում վերոնշյալ ընթացակարգը չի կիրառվում: Արդյունքում` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի վարույթում են գտնվում ծառայության տասնյակ տարիների չօգտագործված արձակուրդների դիմաց փոխհատուցում ստանալու պահանջով բազմաթիվ հայցադիմումներ (ՎԴ/6179/05/20, ՎԴ/3682/05/20, ՎԴ6/0031/05/20, ՎԴ/0410/05/20, ՎԴ/10369/05/19, ՎԴ/9944/05/19, ՎԴ/9746/05/79, ՎԴ/7631/05/19, ՎԴ/7071/05/19, ՎԴ/5819/05/19, ՎԴ/5524/05/16 եւ այլն):
Նախագծի ընդունումը բխում է «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի պահանջից եւ հետապնդում զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ու այլ հանրային ծառայողների համար չօգտագործված արձակուրդների դիմաց փոխհատուցում ստանալու հավասար հնարավորության անմիջական օրենսդրական ամրագրում նախատեսելու նպատակ:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Ո Ր Ո Շ Ու Մ
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈւԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈւ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը` Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր` 2021 թվականի ______________ ___-ի նիստում
հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ Ազգային ժողովի քննարկմանն առաջադրել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացնում ենք «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նախագծին կից ներկայացվում են`
- խմբակցության որոշումն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մասին.
- նախագծի ընդունման հիմնավորումը.
- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում են օրենքի համապատասխան հոդվածում առաջարկվող փոփոխությունն ու լրացումը:
Նախագծի հիմնական զեկուցողն է Տարոն Սիմոնյանը:
Խնդրում ենք ներկայացված նախագիծն օրենքով սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր` ____ թերթ:
Հարգանքով` ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ