Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ նախադասությունը «հանրակրթական» բառից հետո լրացնել «, միջին մասնագիտական» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ «Օրենք») գործող խմբագրությամբ 22-րդ հոդվածը, ամրագրելով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին նպատակային ուսումնառության համար տարկետում տալու հիմքերը, տարկետման իրավունք է սահմանում նաեւ Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողների համար՝ մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրանց 19 տարին լրանալու օրը: Միեւնույն ժամանակ Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն տրված տարկետման ժամկետի ավարտի օրվա դրությամբ հանրակրթական կամ նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մեկ անգամ տրվում է տարկետում՝ մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ:
Վերը վկայակոչված իրավակարգավորումներից բխում է, որ մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ կրկնին տարկետում կարող է տրվել Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հիմքով նախկինում տարկետում ստացած, սակայն տրված տարկետման ավարտի օրվա դրությամբ ուսումնառությունը չավարտած, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա, հանրակրթական կամ նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով ուսումնառություն անցնող քաղաքացիներին:
Այսինքն՝ միջին մասնագիտական հաստատություններում սովորող, Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով տարկետում ստացած, սակայն տրված տարկետման ավարտի օրվա դրությամբ ուսումնառությունը չավարտած քաղաքացիներին Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքով տարկետում չի կարող տրվել:
Կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները սահմանող «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով ինչպես նախնական մասնագիտական (արհեստագործական), այնպես էլ միջին մասնագիտական կրթական ծրագրերը համարվում են մասնագիտական հիմնական կրթական ծրագրի տեսակներ: Նույն օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում 12-ամյա միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթությունը պարտադիր է մինչեւ սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ:
«Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածը արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթություն անցնելու համար սահմանում է միեւնույն նախապայմանը՝ առնվազն հիմնական ընդհանուր կրթության առկայությունը, նույն օրենքի 4-րդ եւ 5-րդ մասերով արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության բնագավառում ամրագրված են պետական քաղաքականության նույնական սկզբունքներ եւ խնդիրներ: Մասնավորապես, պետությունը պարտավորվում է ինչպես արհեստագործական, այնպես էլ միջին մասնագիտական բնագավառում հավասարապես իրականացնել քաղաքացիների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մասնագիտական կրթության իրավունքի ապահովումն ու պաշտպանությունը, ինչպես նաեւ ապահովել կրթական գործընթացի անընդհատությունը, հաջորդայնությունը եւ շարունակականությունը:
Վերոշարադրյալ իրավանորմերն իրենց համակցության մեջ վերլուծելու արդյունքում՝ պարզ է դառնում, որ օրենսդիրը նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերի հիման վրա ուսումնառությունը միեւնույն հարթակի վրա է դիտարկել՝ այդ ոլորտում պետության վրա նույնաբնույթ պարտավորություններ դնելով: Սակայն Օրենքով միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառություն անցնող քաղաքացիների համար սահմանված է խտրական մոտեցում, եւ, ի տարբերություն նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով ուսումնառվող նախկինում տարկետում ստացած, սակայն տրված տարկետման ավարտի օրվա դրությամբ ուսումնառությունը չավարտած, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիների, նույն պայմաններում գտնվող միջին մասնագիտական հաստատություններում սովորող քաղաքացիները զրկված են Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքով տարկետում ստանալու, արդյունքում՝ նաեւ 19 տարեկանը լրանալուց հետո ուսումը շարունակելու եւ ավարտին հասցնելու հնարավորությունից:
Այսինքն՝ այստեղ անտեսվել են «Կրթության մասին» եւ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների վերը մեջբերված դրույթները:
Առաջարկվող փոփոխության արդյունքում՝ հանրակրթական եւ նախնական (արհեստագործական) ծրագրով սովորողների հետ մեկտեղ նաեւ միջին մասնագիտական ծրագրով սովորող քաղաքացիներին վերջիններիս 19 տարեկանը լրանալուց հետո հնարավորություն կտրվի շարունակելու եւ ավարտին հասցնելու ուսումը:
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացնում ենք «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նախագծին կից ներկայացվում են՝
- խմբակցության որոշումն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մասին.
- նախագծի ընդունման հիմնավորումը.
- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է օրենքի համապատասխան հոդվածում առաջարկվող լրացումը:
Նախագծի հիմնական զեկուցողն է Աննա Կոստանյանը:
Խնդրում ենք ներկայացված նախագիծն օրենքով սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր՝ ____ թերթ:
Հարգանքով՝ ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ
Ո Ր Ո Շ Ու Մ
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈւԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈւ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2021 թվականի ____________ ___-ի նիստում
Ո Ր Ո Շ Ե Ց
հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ Ազգային ժողովի քննարկմանն առաջադրել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: