Հոդված 1. «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի կամ սույն օրենքի հոդվածների հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում մեկ անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ մինչեւ հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով, բայց ոչ պակաս, քան երեք հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
2. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի կամ կամ սույն օրենքի հոդվածների հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում երկու անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ մինչեւ մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով, բայց ոչ պակաս, քան հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
3. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի կամ կամ սույն օրենքի հոդվածների հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում երեք կամ ավելի անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ մինչեւ երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
4. Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով՝ դատարանի վճռով այն դեպքում, երբ կրեդիտավորողը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ տուգանքի չափի հետ: Տուգանքը գանձվում է` հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների:
5. Սույն օրենքի կիրառման նպատակով սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված այլ ակտերի յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է առանձին խախտում:
6. Սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները Կենտրոնական բանկը կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից:
2. Սույն օրենքով սահմանված չափով պատասխանատվության միջոցները կիրառվում են, եթե խախտումը տեղի է ունեցել սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, իսկ սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման առումով խախտումների քանակը սկսվում է հաշվվել (խախտման հաշվարկի սկիզբը սկսվում է), եթե խախտումը տեղի է ունեցել սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո: