Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-859-09.02.2021-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի 30-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3) մինչեւ 63 տարեկան՝ պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիները եւ իգական սեռի քաղաքացիները` անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից:».

2) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը սահմանվում է մինչեւ 63 տարեկանը, իսկ բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» եւ «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչեւ 65 տարեկանը:»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

2. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական ակտերը ենթակա են ընդունման սույն օրենքի հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:


ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է նրանով, որ սահմանային տարիքը լրացած զինծառայողը, ազատվելով աշխատանքից, հաճախ մեկնում է արտագնա աշխատանքի այն դեպքում, երբ ցանկություն ունի եւ ունակ է շարունակել ծառայությունը Զինված ուժերում կամ այլ զորքերում:

Նույնը վերաբերում է նաեւ այն քաղաքացիներին, ում տարիքը գործող օրենքով թույլ չի տալիս ներգրավվել աշխատանքի Զինված ուժերում կամ այլ զորքերում, մինչդեռ նրանք կարող են անցնել առողջական վիճակի հետազոտում եւ բժշկական փորձաքննություն, որոնք սահմանված են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով, չունենալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018թ. ապրիլի 12-ի «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաեւ քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» թիվ 404-Ն որոշմամբ նախատեսված խնդիրները եւ ծառայության անցնել Զինված ուժերում կամ այլ զորքերում (Ոստիկանության զորք, Սահմանապահ զորք, Պետական պահպանության ծառայություն եւ Ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումներ):

Ըստ այդմ՝ Ազգային ժողովի քննարկմանն առաջադրված նախագծով առաջարկվում է`

- բարձրացնել Զինված ուժերում եւ այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայության անցնելու տարիքը (մինչեւ 63),

- բարձրացնել Պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը (մինչեւ 63):

Ո Ր Ո Շ Ու Մ

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈւԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2021 թվականի փետրվարի 08-ի նիստում

Ո Ր Ո Շ Ե Ց

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ Ազգային ժողովի քննարկմանն առաջադրել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացնում ենք «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծին կից ներկայացվում են՝

- խմբակցության որոշումն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մասին.

- նախագծի ընդունման հիմնավորումը.

- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է օրենքի համապատասխան հոդվածում առաջարկվող լրացումը:

Նախագծի հիմնական զեկուցողն է Էդմոն Մարուքյանը:

Խնդրում ենք ներկայացված նախագիծն օրենքով սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ ____ թերթ:

Հարգանքով՝ ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ