ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ նպատակը
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության եւ գիտության համակարգի գործունեության իրավահարաբերությունները, ոլորտի կառավարման եւ ֆինանսատնտեսական հարաբերությունները:
2. Սույն օրենքը սահմանում է բարձրագույն կրթության համակարգի նպատակներն ու խնդիրները, ոլորտի պետական քաղաքականության սկզբունքներն ու սոցիալական երաշխիքները, անձի նախասիրություններին, հնարավորություններին, գիտության ու աշխատաշուկայի կարիքներին եւ զարգացման միտումներին համապատասխան բարձրագույն կրթություն ստանալու իրավունքի իրացման, բարձրագույն կրթական ծրագրերի եւ դրանք իրականացնող կազմակերպությունների գործունեության հիմքերը, արդյունքների ճանաչման եւ համագործակցության մեխանիզմները:
3. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ գիտական կազմակերպությունների վրա՝ անկախ նրանց կազմակերպաիրավական ձեւից, եթե առանձին բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ գիտական կազմակերպությունների համար միջազգային պայմանագրերով կամ օրենքով դրանց կարգավիճակը, կառավարման ու գործունեության առանձնահատկությունները սահմանող այլ բան նախատեսված չէ:
4. Հայաստանի Հանրապետության ռազմական եւ ոստիկանական բարձրագույն ուսումնական հաստատությունների կարգավիճակը, կառավարման ու գործունեության առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով, եթե այլ օրենքներով կամ իրավական ակտերով այլ բան նախատեսված չէ:
5. Արվեստի, սպորտի եւ բժշկության ոլորտների որակավորումների համար կարող են սույն օրենքով կամ տվյալ ոլորտը կարգավորող այլ օրենքներով սահմանվել կարգավորման այլ հիմքեր եւ մեխանիզմներ:
Հոդված 2. Բարձրագույն կրթության եւ գիտության մասին Հայաստանի Հանրապետության oրենսդրությունը
Բարձրագույն կրթության եւ գիտության համակարգում հարաբերությունները կարգավորվում են Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Կրթության մասին», «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն օրենքով, ոլորտը կարգավորվող այլ օրենքներով եւ իրավական ակտերով:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքի իմաստով օգտագործվող հիմնական հասկացություններն են.
1) ակադեմիական բարեվարքություն՝ ուսումնառության եւ գիտակրթական գործունեության իրականացում մասնագիտական էթիկայի՝ մասնագիտական վարվելակերպի սկզբունքներին եւ բարոյական վարքագծի կանոններին համապատասխան,
2) բարձրագույն կրթություն՝ բակալավրի, մագիստրոսի կամ դոկտորի որակավորումներ շնորհող մակարդակներում իրականացվող ուսումնառության գործընթաց,
3) բարձրագույն ուսումնական հաստատություն (այսուհետ` բուհ)՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որը օրենքով սահմանված հիմքերով իրականացնում է բարձրագույն կրթության համապատասխան մակարդակի կրթական ծրագիր, կազմակերպում մեթոդական, գիտահետազոտական, գիտատեխնիկական կամ նորարարական գործունեություն,
4) հանրային (պետական) բուհ՝ պետության կողմից միանձնյա կամ միջպետական պայմանագրի հիմքով համատեղ հիմնադրված ոչ առեւտրային կազմակերպություն,
5) պետության մասնակցությամբ բուհ՝ պետության հետ համատեղ ոչ պետական կազմակերպության կամ ֆիզիկական անձնաց, (այդ թվում՝ օտարերկյա), հիմնադրված ոչ առեւտրային կազմակերպություն,
6) մասնավոր բուհ՝ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից (այդ թվում՝ օտարերկրյա), հիմնադրված կազմակերպություն,
7) գիտական կազմակերպություն` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն, որն օրենսդրությամբ սահմանված հիմքերով իրականացնում է գիտահետազոտական, գիտատեխնիկական եւ նորարարական գործունեություն,
8) հանրային (պետական) գիտական կազմակերպություն` պետության կողմից միանձնյա կամ միջպետական պայմանագրի հիմքով համատեղ հիմնադրված եւ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առեւտրային կազմակերպություն,
9) պետության մասնակցությամբ գիտական կազմակերպություն՝ պետության հետ համատեղ ոչ պետական կազմակերպության (այդ թվում՝ օտարերկյա), հիմնադրված ոչ առեւտրային կազմակերպություն,
10) մասնավոր գիտական կազմակերպություն՝ առանց պետության մասնակցության (այդ թվում՝ օտարերկյա) հիմնադրված կազմակերպություն,
11) ուսանող (կուրսանտ, սովորող)՝ բարձրագույն կրթության որեւէ մակարդակի կրթական ծրագրով ուսումնառող անձ,
12) կլինիկական ռեզիդենտ (կլինիկական օրդինատոր)` բարձրագույն բժշկական կրթության հենքի վրա ինքնուրույն մասնագիտական գործունեության իրավունք ունեցող բժշկի հսկողությամբ ոչ ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնող եւ ուսումնառող անձ,
13) բարձրագույն կրթության որակավորում (այսուհետ՝ որակավորում)՝ անձին շնորհվող կրթական կամ գիտական աստիճան, որը հավաստում է բուհի տվյալ մակարդակի կրթական ծրագրի ուսումնառության ավարտը եւ հաստատվում համապատասխան ավարտական փաստաթղթով,
14) բակալավրի որակավորում՝ անձին շնորհվող կրթական աստիճան, որը հավաստում է բարձրագույն կրթության առաջին մակարդակի կրթական ծրագրի ուսումնառության ավարտը,
15) մագիստրոսի որակավորում՝ անձին շնորհվող կրթական աստիճան, որը հավաստում է բարձրագույն կրթության երկրորդ մակարդակի կրթական ծրագրի ուսումնառության ավարտը,
16) դոկտորի որակավորում (PhD) ՝ անձին շնորհվող գիտական աստիճան, որը հավաստում է բարձրագույն կրթության երրորդ մակարդակի կրթական ծրագրի ուսումնառության ավարտը՝ ներառյալ դոկտորական ատենախոսության պաշտպանությունը,
17) ինտեգրված ծրագիր՝ բարձրագույն կրթության առաջին եւ երկրորդ մակարդակների անընդհատ հաջորդական համակցված ծրագիր, որի ավարտին անձին շնորհվում է երկրորդ մակարդակի որակավորում,
18) կրթական ծրագիր՝ ուսումնական եւ հետազոտական բաղադրիչների ամբողջություն, որը սահմանում է բարձրագույն կրթության մակարդակը, կրթական ոլորտի մասնագիտական ուղղվածությունը, բովանդակությունը եւ ուսումնառության վերջնարդյունքները, որի անվանումը պարտադիր ամրագրվում է ավարտական փաստաթղթում՝ որակավորման հետ մեկտեղ,
19) համատեղ կրթական ծրագիր՝ երկու կամ ավելի բուհերի համագործակցության շրջանակում համատեղ իրականացվող կրթական ծրագիր,
20) համատեղ որակավորում՝ երկու կամ ավելի բուհերի կողմից համատեղ իրականացվող կրթական ծրագրի արդյունքում շնորհված բարձրագույն կրթության որակավորում,
21) հեռավար ուսուցում` հիմնական եւ լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման ձեւ ու դասընթացի իրականացման մեթոդ, որի ընթացքում՝ անմիջական եւ ոչ անմիջական հաղորդակցումը դասախոսի, ղեկավարի (այլ պատասխանատուի) եւ ուսումնառող անձի (ուսանող, ունկնդիր, մասնակից) միջեւ իրականացվում է տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների միջոցներով.
22) ակադեմիական բնագավառ՝ բարձրագույն կրթության կրթական ոլորտների եւ ենթաոլորտների ամբողջություն,
23) կրթական ոլորտ (ենթաոլորտ)՝ գիտելիքի ընդհանուր կազմով հարակից կրթական ծրագրերի ամբողջություն,
24) գիտության ոլորտ՝ գիտահետազոտական եւ գիտատեխնիկական գործունեության իրականացումն ապահովող տնտեսության ոլորտների ամբողջություն,
25) որակավորումների ոլորտային շրջանակ (այսուհետ՝ ՈՈՇ)՝ որակավորումների ազգային շրջանակին համապատասխան որոշակի կրթական ոլորտի համար ուսումնառության վերջնարդյունքները սահմանող որակավորումների շրջանակ,
26) կրեդիտների կուտակման եւ փոխանցման եվրոպական համակարգ (ԿՓԵՀ)` եվրոպական բարձրագույն կրթական տարածքում կիրառվող ակադեմիական կրեդիտների հաշվարկման, կուտակման եւ փոխանցման համակարգ, որն ապահովում է ակադեմիական կրեդիտների համադրելիությունը, փոխանցելիությունը ու դյուրացնում է ուսանողների շարժունությունը եւ ուղղված է կրթական ծրագրերի ու դասընթացների թափանցիկությանը,
27) ԿՓԵՀ ակադեմիական կրեդիտ (այսուհետ՝ կրեդիտ)` դասընթացի կամ ուսումնական մոդուլի ուսումնառության վերջնարդյունքների ձեռքբերման համար ուսանողի ուսումնական բեռնվածության, այդ թվում՝ գիտական հետազոտությունների, նվաճումների եւ մասնագիտական աշխատանքային հմտությունների կատարման չափման պայմանական միավոր,
28) ուսումնական մոդուլ՝ կրթական ծրագրի բաղադրիչ հանդիսացող դասընթացի (դասընթացների խմբի) ինքնուրույն բաղկացուցիչ մաս, որի համար տրվում է կրեդիտ,
29) ուսումնառության վերջնարդյունք՝ դասընթացի կամ կրթական ծրագրի ավարտին ձեռք բերված անհրաժեշտ գիտելիք, կարողություններ եւ հմտություններ,
30) ամփոփիչ ատեստավորում՝ բարձրագույն կրթության համապատասխան մակարդակի կրթական ծրագրով սահմանված ուսումնառության վերջարդյունքներին շրջանավարտի գիտելիքի, կարողությունների եւ հմտություն-ների համապատասխանության ստուգման եւ գնահատման գործընթաց, որի դրական արդյունքում շնորհվում է համապատասխան որակավորում,
31) դիպլոմ (ավարտական փաստաթուղթ)՝ որակավորումը եւ կրթական կամ գիտական աստիճանը հավաստող պաշտոնական փաստաթուղթ,
32) որակավորման ճանաչում՝ լիազորված մարմնի կողմից շնորհված օտարերկրյա որակավորման համադրելիության պաշտոնական հավաստում` որակավորումը կրողի մուտքը բարձրագույն կրթության հաջորդ աստիճան, համապատասխան մակարդակի այլ ծրագիր կամ աշխատանքային գործունեություն արտոնելու համար,
33) որակի ապահովում՝ որակի ներքին (ներբուհական) եւ արտաքին գնահատման սահմանված չափանիշներին համապատասխան՝ բուհի եւ դրա կրթական ծրագրերի մշտադիտարկման, գնահատման եւ բարելավման շարունակական գործընթաց,
34) բուհի ինստիտուցիոնալ (այսուհետ՝ ինստիտուցիոնալ) հավատարմագրում՝ որակի արտաքին գնահատման պարբերաբար իրականացվող պարտադիր գործընթաց, որի արդյունքում հավաստվում է բուհի տեսակին ներկայացվող օրենսդրությամբ սահմանված պահանջներին եւ դրանցում իրականացվող կրթական ծրագրի (կրթական ծրագրերի խմբի) համապատասխանությունը հավատարմագրման սահմանված չափանիշներին,
35) ծրագրային հավատարմագրում՝ որակի արտաքին գնահատման գործընթաց, որի արդյունքում հավաստվում է բուհի կողմից կրթական ծրագրի իրականացման համապատասխանությունը ծրագրային հավատարմագրման չափանիշներին,
36) ուսումնառության կրթաթոշակ՝ ուսանողին տրամադրվող կրթական ծառայությունների եւ (կամ) ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում կամ ուսանողին հատկացվող ֆինանսական աջակցություն, որը հատկացվում է ակադեմիական առավելությունների, հասարակական ակտիվության, գիտահետազոտական, գիտատեխնիկական եւ աշխատանքային կրեդիտների (չափանիշների) համար,
37) ուսումնառության նպաստ` ուսանողին տրամադրվող կրթական ծառայությունների եւ (կամ) ուսման վարձի սոցիալական փոխհատուցում՝ պետական բյուջեի միջոցների, ուսումնական հաստատության, այլ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հատկացումների հաշվին.
38) ակադեմիական գործունեություն՝ բուհի ուսումնամեթոդական ծրագրերի ու աշխատանքների, գիտահետազոտական եւ գիտատեխնիկական գործունեության ամբողջություն,
39) ակադեմիական ազատություն` ակադեմիական կազմի եւ գիտական աշխատողների մտքի ու խոսքի, դասավանդման մեթոդներն ընտրելու, գիտահետազոտական աշխատանքների եւ գիտատեխնիկական գործունեություն իրականացնելու եւ դրանց արդյունքները հրապարակելու ազատություն,
40) ակադեմիական շարժունություն՝ որոշակի ժամկետով ուսանողների ուսումնառության առանձին փուլերի, հետազոտական աշխատանքների կամ գործնական աշխատանքային ուսուցումը կազմակերպելու ինչպես նաեւ ակադեմիական եւ վարչական կազմի կատարելագործումը, հետազոտական եւ դասավանդման աշխատանքների իրականացումն այլ բուհում կամ գիտական կազմակերպությունում,
41) բուհական ինքնավարություն՝ բուհի ակադեմիական եւ կազմակերպչական գործառույթները, այդ թվում՝ մարդկային ու ֆինանսատնտեսական ռեսուրսները կառավարելու, դրանց հետ կապված կարգավորումները ինքնուրույն սահմանելու, որոշումներ կայացնելու եւ իրականացնելու իրավասություններ,
42) գիտական աշխատող` գիտական կազմակերպությունում կամ բուհում գիտահետազոտական կամ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող, առնվազն մագիստրոսի կամ դրան համարժեք որակավորում ունեցող եւ գիտական արդյունք ստեղծող անձ,
43) գիտահետազոտական գործունեություն` նոր գիտելիքի ստեղծմանը կամ կիրառմանն ուղղված ստեղծագործական համակարգված աշխատանք/գործունեություն,
44) գիտատեխնիկական գործունեություն` տեխնիկայի եւ տեխնոլոգիաների ու դրանց կիրառության վերաբերյալ նոր գիտելիքի ստեղծմանը, ընդլայնմանը կամ գոյություն ունեցողի գիտելիքի կատարելագործմանն ուղղված ստեղծագործական համակարգված աշխատանք/գործունեություն,
45) հիմնարար գիտական հետազոտություն՝ բնության, մարդու, հասարակության զարգացման օրինաչափությունների մասին տեսական կամ փորձարարական գիտահետազոտական աշխատանք/գործունեություն,
46) կիրառական գիտական հետազոտություն՝ գործնական նպատակների իրականացման եւ կոնկրետ խնդիրների լուծմանն ուղղված գիտահետազոտական կամ գիտատեխնիկական աշխատանք/գործունեություն,
47) նորարարական (ինովացիոն) գործունեություն` գիտության, տնտեսության եւ հասարակության առաջընթացն ապահովող նոր կամ կատարելագործված տեխնոլոգիական գործընթացի, ծառայության կամ արտադրանքի ստեղծմանն ուղղված գործունեություն,
48) որակավորումների պետական գրանցամատյան (էլեկտրոնային ռեգիստր)` ուսանողների եւ կլինիկական ռեզիդենտների ակադեմիական առաջխաղացման, շնորհված որակավորման եւ նրան տրված ավարտական փաստաթղթի տեղեկատվության գրանցման միաս նական շտեմարան,
49) բարձրագույն կրթության եւ գիտության կառավարման տեղեկատվական համակարգ՝ տվյալների հավաքագրման, վերլուծման եւ տեղեկատվության տարածման միասնական էլեկտրոնային համակարգ, որը ներառում է տեղեկություններ բուհերի եւ գիտական կազմակերպությունների կառավարման, տնտեսական, ուսումնական եւ հետազոտական գործընթացների, ինչպես նաեւ՝ ուսանողների, կլինիկական ռեզիդենտների, ու աշխատողների (այդ թվում՝ գիտական) մասին, այդ թվում՝ միջպետական համագործակցության ծրագրերում ընդգրկված, ուսումնառող կամ աշխատող,
50) սոցիալական գործընկեր` բուհի, գիտական կազմակերպությունների եւ գործատուների միջեւ համընդհանուր համաձայնեցված նպատակների իրականացմանը միտված գիտական, աշխատանքային, գործընկերային ու սոցիալական համագործակցության դրսեւորման ձեւ:
Հոդված 4. Բարձրագույն կրթության եւ գիտության համակարգում պետական քաղաքականության սկզբունքները, գերակայությունները եւ ուղղությունները
1. Բարձրագույն կրթության եւ գիտության համակարգի պետական քաղաքականության սկզբունքներն են՝
1) բուհերի ինքնավարությունը եւ ակադեմիական ազատությունը,
2) իրավահավասարությունը եւ խտրականության բացառումը,
3) կառավարման թափանցիկությունը եւ հրապարակայնությունը,
4) ակադեմիական եւ հետազոտական շարժունությունը,
5) բարձրագույն կրթության հասանելիությունը եւ ներառականությունը,
6) բարձրագույն կրթության շարունակականությունը,
7) բարձրագույն կրթության շրջանավարտների եւ ձեռք բերված արդյունքների մրցունակությունը:
2. Բարձրագույն կրթության եւ գիտության համակարգի պետական քաղաքականության գերակայություններն են՝
1) հայագիտության զարգացումը ՝ ի նպաստ հայապահպանության եւ միջազգային երկխոսության,
2) տնտեսական առաջընթացին եւ տեխնոլոգիական զարգացմանը նպաստող հետազոտությունների խթանումը,
3) մրցունակ անհատի ձեւավորմամբ հասարակության կայուն զարգացմանը նպաստումը,
4) բուհերի, գիտական կազմակերպությունների, պետության եւ մասնավոր հատվածի կազմակերպությունների միջեւ սոցիալական գործընկերության խթանումը, համագործակցության խորացումը,
5) Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին եւ Եվրոպական հետազոտական տարածքին Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության եւ գիտության համակարգի ինտեգրումը՝ ազգային կրթական լավագույն ավանդույթների եւ նվաճումների պահպանմամբ ու զարգացմամբ, ինչպես նաեւ միջազգային համագործակցության ընդլայնումը:
3. Բարձրագույն կրթության եւ գիտության համակարգի պետական քաղաքականությունը ձեւավորվում եւ իրագործվում է հետեւյալ ուղղություններով՝
1) մրցունակ բարձրագույն կրթության եւ գիտության ձեւավորում,
2) բարձրագույն կրթության եւ գիտության համակարգի զարգացում,
3) բարձրագույն կրթության որակի շարունակական բարելավում,
4) որակի ներքին ու արտաքին գնահատման եւ հավատարմագրման միջազգային չափանիշներին համապատասխան՝ բարձրագույն կրթության որակի ապահովում,
5) բարձրագույն կրթություն ստանալու եւ հետազոտություններ իրականացնելու համար հավասար հնարավորությունների ու հասանելիության ապահովում,
6) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար բարձրագույն կրթություն ստանալու կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի ապահովում,
7) բարձրագույն կրթության համակարգում լրացուցիչ եւ շարունակական կրթության հնարավորությունների ընդլայնում,
8) բուհերի եւ գիտական կազմակերպությունների ինքնավարության, կրթական եւ հետազոտական գործընթացների մասնակիցների ակադեմիական ազատության երաշխավորում,
9) բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստում՝ հաշվի առնելով անձի նախասիրությունները, զարգացման առանձնահատկությունները, պետության կարիքները եւ աշխատաշուկայի պահանջները,
10) գիտական, գիտատեխնիկական եւ նորարարական գործունեության զարգացման ապահովում եւ դրանց իրացման, ճանաչման եւ արդյունաբերության մեջ ներդրման նպաստում,
11) բուհերում սովորող անձանց սոցիալական երաշխիքների ապահովում եւ նախաձեռնողականության խթանում՝ ուսումնառության կրթաթոշակների եւ նպաստների տրամադրման միջոցով,
12) գիտության եւ տեխնոլոգիաների գերակա ուղղությունների սահմանում, դրանց առաջանցիկ զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովում, տնտեսության մեջ նոր գիտական արդյունքների եւ տեխնոլոգիաների կիրառման խրախուսում,
13) բարձրագույն կրթության, գիտահետազոտական եւ գիտատեխնիկական գործունեության ոլորտներում միջազգային համագործակցության ընդլայնման նպաստում,
14) Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության եւ գիտության միջազգային հեղինակության ու գրավչության բարձրացում,
15) ուսանողների, վարչական եւ ակադեմիական կազմի ակադեմիական շարժունության խթանում,
16) բուհի եւ գիտական կազմակերպության աշխատողի աշխատանքային առաջխաղացման համար բարենպաստ պայմանների ստեղծում,
17) հայագիտության զարգացման, հայ ազգային արվեստի ու մշակութային ժառանգության ճանաչման եւ տարածման նպատակով Հայաստանի Հանրապետության բուհերում մասնագետների պատրաստում եւ նրանց մասնագիտական կարողությունների շարունակական զարգացում,
18) բուհի եւ գիտական կազմակերպության ձեռնարկատիրական գործունեությանը եւ ֆոնդհայթայթման միջոցառումներին աջակցում, կրթության եւ գիտության ոլորտում ներդրումների խրախուսում ու բարենպաստ ներդրումային միջավայրի ապահովում,
19) մտավոր սեփականության իրավական պաշտպանվածության ապահովում եւ դրա արդյունավետ օգտագործման պայմանների uտեղծում,
20) բուհերին եւ գիտական կազմակերպություններին գիտահետազոտական, գիտատեխնիկական եւ նորարարական գործունեության համար, ինչպես նաեւ ուսանողական նախաձեռնությունները խթանելու, սոցիալական աջակցություն ցուցաբերելու, բուհի զարգացման ռազմավարական ծրագրերը ապահովելու նպատակով պետական ??աջակցության ցուցաբերում՝ դրամաշնորհների, կրթաթոշակների, նպաստների, վարկավորման, լրացուցիչ ֆինանսավորման միջոցով:
Հոդված 5. Բուհի գործունեության հիմնական ուղղությունները եւ գործառույթները
1. Բուհի գործունեության հիմնական ուղղություններն են՝
1) բարձրագույն կրթության տարբեր մակարդակներում ուսումնական գործընթացի կազմակերպումը եւ որակյալ, հետազոտահենք կրթության իրականացումը,
2) նոր գիտելիքի ստեղծումը, պահպանումը եւ տարածումը,
3) բարձրագույն կրթության որակի շարունակական բարելավումը, դասավանդման, ուսումնառության արդիական մեթոդների ներդրումը եւ դրանց բազմազանության ապահովումը,
4) ապահովել կրթական գործընթացի շարունակականությունը եւ թափանցիկությունը,
5) շահակիցների ներգրավմամբ բարձրագույն կրթության կրթական ծրագրերի մշակումը եւ հաստատումը,
6) բարձրագույն կրթության եւ գիտահետազոտական գործունեության միջազգայնացումը,
7) բարձրագույն կրթության եւ գիտահետազոտական գործունեության համար պետական եւ մասնավոր միջոցների ներգրավումը,
8) գիտական հետազոտությունների միջազգային մրցունակության ապահովումը,
9) ազգային ինքնության եւ համամարդկային արժեքների արմատավորումը:
2. Բուհը սույն օրենքով եւ իր կանոնադրությամբ սահմանված լիազորություններին համապատասխան կարող է իրականացնել է հետեւյալ հիմնական գործառույթները՝
1) կազմակերպում եւ իրականացնում է ուսանողների, կլինիկական ռեզիդենտների, ներառյալ՝ օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը՝ ըստ բուհի կրթական ծրագրերի եւ որակավորումների,
2) կատարում է ուսանողների կրթական ծրագրի մասնակցության (ուսումնառության) ընդհատում (ազատում, հեռացում, դադարեցում), տեղափոխում եւ ուսանողական իրավունքների վերականգնումը,
3) ստեղծել մատչելի միջավայր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց՝ մյուսների հետ հավասար հիմունքներով կրթության կազմակերպման համար,
3) մշակում եւ հրատարակում է ժամանակակից ուսումնամեթոդական նյութեր ու գրականություն,
4) կազմակերպում է ուսումնական գործընթացը՝ ընտրելով անհրաժեշտ մեթոդները եւ տեխնոլոգիաները,
5) իրականացնում է ուսանողների կրեդիտների կուտակման վերջնարդյունքների ձեռքբերման եւ նախաձեռնողականության գնահատումը, փոխադրումը հաջորդ կուրս (ակադեմիական տարի) եւ ամփոփիչ (ավարտական) ատեստավորումը՝ ընտրելով գնահատման ձեւերն ու պարբերականությունը,
6) մշակում եւ հաստատում է ուսումնական, գիտահետազոտական, վարչական, ֆինանսական եւ տնտեսական գործունեությանն առնչվող, ներառյալ՝ աշխատակազմի ընտրության եւ նշանակման կարգերը,
7) կազմակերպում է ակադեմիական, գիտական եւ վարչական կազմի մասնագիտական կատարելագործման դասընթացներ եւ զարգացմանն ծրագրեր,
8) շնորհում է որակավորումներ եւ կոչումներ,
9) որոշում է ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությունները, կազմում եւ հաստատում է տարեկան բյուջեն եւ դրան համապատասխան կատարում ծախսեր,
10) իրականացնում է գիտահետազոտական եւ նորարարական գործունեություն, ինչպես նաեւ ստացված արդյունքների առեւտրայնացման ուղղությամբ աշխատանքներ,
11) մատուցում է վճարովի կրթական եւ հետազոտական այլ ծառայություններ, ինչպես նաեւ իրականացնում է օրենքով չարգելված եւ իր անմիջական գործունեության հետ առնչվող տնտեսական եւ ձեռնարկատիրական գործունեություն,
12) ըստ կրթական ծրագրերի սահմանել ուսումնառության վարձերի չափերը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով,
13) ստեղծել տնտեսական ընկերություններ, հիմնարկներ, մասնաճյուղեր եւ կառուցվածքային միավորներ, այդ թվում՝ օտարերկրյա պետություններում, ինչպես նաեւ հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կառուցվածքային միավորներ,
14) տնօրինել իր գույքը եւ այդ գույքի վարձակալությունից ստացված եկամուտները,
15) տնօրինել եւ իր հայեցողությամբ օգտագործել պետական բյուջեից հատկացված ու տվյալ տարում չօգտագործված ֆինանսական միջոցները, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ,
16) մշակել եւ հաստատել գնումների իր ընթացակարգը եւ դրանց համաձայն կատարել գնումները, բացառությամբ՝ պետական բյուջեից տրամադրված միջոցների,
17) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ իր կանոնադրությամբ չարգելված այլ գործունեություն:
Հոդված 6. Բուհական ինքնավարությունը եւ հաշվետվողականությունը
1. Բուհը իր գործունեությունը իրականացնում է ինքնակառավարման իրավունքի լիարժեք իրացման միջոցով՝ բուհական ինքնավարության, ակադեմիական եւ հետազոտությունների ազատության, կոլեգիալության սկզբունքներով՝ պահպանելով հաշվետվողականության պահանջները:
2. Բուհը սույն օրենքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան ունի՝
1) ակադեմիական գործունեության ինքնավարություն՝ իր կրթական եւ գիտահետազոտական գործառույթներն ինքնուրույն սահմանելու, կազմակերպելու, իրականացնելու եւ կառավարելու իրավասություն,
2) կազմակերպական գործունեության ինքնավարություն՝ իր կառուցվածքը, կառուցվածքային միավորները ինքնուրույն սահմանելու, իրավաբանական անձ ստեղծելու, ինչպես նաեւ ներքին կառավարչական կարգերը եւ ընթացակարգերն ինքնուրույն հաստատելու իրավասություն,
3) մարդկային ռեսուրսների կառավարման ինքնավարություն՝ իր ակադեմիական, վարչական, տնտեսական եւ օժանդակ կազմի ընտրության, նշանակման, առաջխաղացման եւ ազատման գործառույթներն ինքնուրույն սահմանելու, կազմակերպելու եւ կառավարելու իրավասություն,
4) ֆինանսական ռեսուրսների կառավարման ինքնավարություն՝ ինքնուրույն իր բյուջեն ձեւավորելու, ֆինանսական եւ այլ միջոցները կառավարելու, եկամուտները ձեւավորելու եւ ծախսեր կատարելու իրավասություն:
3. Բուհի կառուցվածքային միավորների կառավարման եւ ֆինանսական իրավահարաբերությունները կարգավորվում են բուհի կանոնադրությամբ՝ ապահովելով դրանց կառավարման եւ ֆինանսական ինքնուրույնության վերաբերյալ դրույթներ:
4. Երեւանի պետական համալսարանը Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության, գիտության եւ մշակույթի բացառիկ հաստատություն է, որի կարգավիճակի, գործունեության եւ ֆինանսավորման առանձնահատուկությունները սահմանում է Կառավարությունը:
5. Բուհի գործունեության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը եւ իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներին վերահսկում են բուհի հիմնադիրը (հիմնադիրները), պետական կառավարման համապատասխան լիազոր մարմինը եւ օրենքով սահմանված կարգով լիազորված այլ մարմիններ:
6. Բուհը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ տվյալ տարվա մայիսի 1-ը, իր կայքում հրապարակում է նախորդ տարվա իր գործունեության, ներառյալ՝ ֆինանսական եւ բուհի ռազմավարական ծրագրի իրականացման արդյունքների մասին հաշվետվությունները, իսկ մինչեւ հուլիսի 1-ը՝ ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը:
7. Բուհը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 15-ը, իր կայքում հրապարակում է կրթական ծրագրերի եւ շնորհվող որակավորումների մասին տեղեկատվությունը:
8. Բուհը մշակում եւ հրապարակում է (թարմացնում է) իր գործունեությանն առնչվող եւ իր կողմից սահմանված նորմատիվ իրավական ակտերը եւ ներքին ակտերը, այդ թվում՝ զարգացման ռազմավարական եւ տարեկան ծրագրերը, ակադեմիական բարեվարքության կանոնակարգը, կրթական ծրագրերը, ուսումնամեթոդական եւ ներքին կարգապահական կանոները, ուանողների հեռացման եւ պատասխանատվության ենթարկելու դեպքերը, վերականգման, տեղափոխման կարգը, սահմանված ծառայությունների ցանկը, դրանց կազմակերպման ընթացակարգերը, գնացուցակը եւ իրականացման պայմանները եւ այլն:
Հոդված 7. Գիտական կազմակերպությունը
1. Գիտական կազմակերպությունը սույն օրենքով եւ իր կանոնադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում`
1) ինքնուրույն է գիտահետազոտական կամ գիտատեխնիկական կամ նորարարական գործունեության կազմակերպման, գիտական աշխատողների ատեստավորման ձեւերի եւ պարբերականության ընտրության հարցերում,
2) որոշում է բոլոր տարակարգերի աշխատողների հաuտիքացուցակը, ինքնուրույն իրականացնում է աշխատողների մրցութային ընտրությունը եւ բաշխումը,
3) կարող է այլ գիտական կազմակերպությունների կամ բուհերի հետ ստեղծել համագործակցային ցանցեր (կոնսորցիումներ) կամ անդամակցել դրանց՝ գիտահետազոտական, գիտատեխնիկական կամ նորարարական խնդիրների համատեղ լուծման նպատակով,
2. Գիտական կազմակերպությունը՝
1) կազմակերպում եւ իրականացնում է գիտահետազոտական կամ գիտատեխնիկական գործունեություն,
2) բուհի հետ համատեղ ապահովում է բարձրագույն կրթության երկրորդ կամ երրորդ մակարդակներում կրթության իրականացումը,
3) ըստ կառուցվածքային միավորների բաշխում է գիտական կազմակերպության աշխատողներին,
4) կազմակերպում է գիտական աշխատողների մասնագիտական կարողությունների զարգացման գործընթացը,
5) իրականացնում է օրենքով եւ իր կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
3. Գիտական կազմակերպությունն օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությունների հետ կարող է իրականացնել համատեղ գիտական գիտական, գիտակրթական ու հետազոտական աշխատանքներ եւ ծրագրեր:
4. Գիտական կազմակերպությունը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ տվյալ տարվա մայիսի 1-ը, իր կայքում հրապարակում է նախորդ տարվա իր գործունեության, ներառյալ՝ ֆինանսական եւ գիտական կազմակերպության ռազմավարական ծրագրի իրականացման արդյունքների մասին հաշվետվությունները, ինչպես նաեւ ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը:
5. Գիտական կազմակերպությունը մշակում եւ հրապարակում է իր ռազմավարական ծրագիրն ու ակադեմիական բարեվարքության կանոնակարգը:
6. Գիտական կազմակերպության գործունեության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը եւ իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներին վերահսկում են գիտական կազմակերպության հիմնադիրը (հիմնադիրները), պետական կառավարման համապատասխան լիազոր մարմինը եւ օրենքով սահմանված կարգով լիազորված այլ մարմիններ:
ԳԼՈՒԽ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 8. Բարձրագույն կրթության եւ գիտության համակարգը, բուհերի եւ գիտական կազմակերպությունների տարատեսակները
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության եւ գիտության համակարգը ներառում է՝
1) բարձրագույն կրթության եւ գիտության համակարգի պետական կառավարման մարմինները եւ այն կազմակերպությունները, որոնք բարձրագույն կրթության եւ գիտության համակարգում իրականացնում են համապատասխան գործառույթներ,
2) բուհերը եւ գիտական կազմակերպությունները,
3) լիցենզավորման գործընթացները եւ չափանիշները,
4) ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման գործընթացները եւ չափանիշները,
6) որակավորումների ազգային շրջանակը, որակավորումների ոլորտային շրջանակները, հիմնական եւ լրացուցիչ կրթական ծրագրերը,
7) ուսումնառության արդյունքների ճանաչմանը, գնահատմանը եւ որակավորումների շնորհմանն առնչվող չափանիշները եւ գործընթացները,
8) որակավորումների պետական գրանցամատյանը:
2. Հայաստանի Հանրապետությունում գործող բուհերի ու գիտական կազմակերպությունների տարատեսակները, դրանց դասակարգման չափանիշները եւ պահանջները սահմանում է Կառավարությունը՝ հիմք ընդունելով դրանց գործունեության ուղղվածությունը, բարձրագույն կրթության մակարդակներն ու կրթական ոլորտները եւ այլ չափանիշներ:
Հոդված 9. Բարձրագույն կրթության կրթական ծրագրերը եւ դրանց ներկայացվող ընդհանուր պահանջները, ուսումնառության ժամկետները
1. Բարձրագույն կրթության կրթական ծրագրերը կազմվում են ՈԱՇ եւ ՈՈՇ-ների պահանջներին համապատասխան:
2. Յուրաքանչյուր կրթական ծրագրի (ներառյալ՝ համատեղ իրականացվող կրթական ծրագրի) համար բուհը կազմում եւ հաստատում է կրթական ծրագրի նկարագիր, որը ներառում է ծրագրին ներկայացվող հետեւյալ ընդհանուր պահանջները՝
1) կրթական ծրագրի նպատակը, խնդիրները եւ ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները,
2) կրթական ծրագրին ներկայացվող մուտքային եւ ելքային (ներառյալ՝ ամփոփիչ ատեստավորման ձեւերը եւ պարբերականությունը) պահանջները,
3) ուսանողի ուսումնական բեռնվածության ընդհանուր ծավալը՝ արտահայտված կրեդիտներով, եւ ուսումնառության նվազագույն տեւողությունը,
4) ծրագրի բովանդակությունը՝ որակավորումն ապահովող դասընթացների կամ մոդուլների ցանկը եւ յուրաքանչյուր դասընթացին կամ մոդուլին հատկացված կրեդիտը,
5) շնորհվող որակավորումը եւ հետագա մասնագիտական գործունեության հնարավոր ոլորտը:
3. Բուհի կրթական ծրագրերն երաշխավորում են բարձրագույն կրթության տարբեր կրթական մակարդակներում ուսանողների ուսումնառության գործընթացը` ապահովելով ԿՓԵՀ-ի կիրարկումը եւ որակավորման աստիճանների շնորհումը: Այն բուհերը, որոնք ուսումնական գործընթացը կազմակերպում են այլ կրեդիտային համակարգով, պետք է բուհի կողմից սահմանված կարգով կիրառեն վերջինիս փոխարկման մեթոդաբանությունը՝ ԿՓԵՀ-ին համադրելիությունն ապահովելու համար:
4. Կրթական ծրագրերը՝ ըստ բարձրագույն կրթության մակարդակների, կարող են իրականացվել լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ՝ բացառությամբ ռազմական բարձրագույն կրթության ծրագրերի, որոնց առաջին եւ երկրորդ մակարդակների կրթական ծրագրերն իրականացվում են միայն լրիվ բեռնվածությամբ:
5. Բուհերում դասավանդման լեզուն գրական հայերենն է: Բուհի կողմից սահմանված կարգով ուսումնական մոդուլներ, դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ կարող են դասավանդվել օտար լեզվով:
6. Բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների կրթական ծրագրերով օտար լեզվով ուսուցման կազմակերպումը հնարավոր է նաեւ,
1) եթե կրթական ծրագրի մասնագիտական ուղղվածությունը ենթադրում է օտար լեզվի ուսումնառություն,
2) եթե դասընթացն իրականացվում է օտարերկրյա մասնագետի կողմից,
3) օտարերկրյա պետության բուհերի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերի դեպքում,
4) օտարերկրյա քաղաքացիների համար իրականացվող կրթական ծրագրերի դեպքում:
7. Բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում՝ որակավորման համար (աստիճանաշնորհող ծրագրերում) ուսանողի տարեկան լրիվ ուսումնական բեռնվածությունը առավելագույնը 60 կրեդիտ է:
8. Բարձրագույն կրթության մակարդակներում (այդ թվում՝ ինտեգրված եւ համատեղ), որակավորում շնորհող կրթական ծրագրերի բեռնածության կրեդիտները եւ ուսումնառության նորմատիվային տեւողությունը՝ ըստ լրիվ եւ մասնակի բեռնվածության, բաշխվում է հետեւյալ համամասնությամբ.
1) առաջին մակարդակում բակալավրի որակավորում ստանալու համար.
1.1) ուսուցման տեւողությունը՝ առնվազն 3 տարի: Լրիվ բեռնվածությամբ ուսումնառելու դեպքում՝ այն կարող է երկարացվել մինչեւ 2 տարի, մասնակի բեռնվածության դեպքում՝ մինչեւ 4 տարի,
1.2.) բեռնվածությունը՝ ոչ պակաս 180 եւ ոչ ավելի 240 կրեդիտ,
2) երկրորդ մակարդակում մագիստրոսի որակավորում ստանալու համար.
2.1.) ուսուցման տեւողությունը՝ առնվազն 1 տարի: Լրիվ բեռնվածությամբ ուսումնառելու դեպքում՝ այն կարող է երկարացվել մինչեւ 1 տարի, իսկ մասնակի բեռնվածության դեպքում՝ մինչեւ 2 տարի,
2.2) բեռնվածությունը՝ ոչ պակաս 60 եւ ոչ ավելի 120 կրեդիտ,
3) երրորդ մակարդակում դոկտորի առաջին աստիճանի որակավորում ստանալու համար.
3.1) ուսուցման տեւողությունը՝ առնվազն 3 տարի,
3.2) բեռնվածությունը՝ 180 կրեդիտ,
4) առաջին եւ երկրորդ մակարդակներում ինտեգրված ծրագրով մագիստրոսի որակավորում ստանալու համար.
4.1) տեւողություն՝ որոշվում է ըստ կրթական ծրագրի, ակադեմիական խորհրդի կողմից,
4.2.) բեռնվածությունը ոչ պակաս, քան 300 կրեդիտ է: Լրիվ բեռնվածությամբ ուսումնառելու դեպքում՝ այն կարող է երկարացվել մինչեւ 1 տարի, իսկ մասնակի բեռնվածության դեպքում՝ մինչեւ 2 տարի,
5) Համատեղ կրթական ծրագրերով ուսումնառող ուսանողի տարեկան ուսումնական բեռնվածությունը եւ ուսման ընդհանուր տեւողությունը սահմանում է բուհի ակադեմիական խորհուրդը՝ սույն հոդվածի դրույթներին համապատասխան:
9. Լրիվ կամ մասնակի բեռնվածության միջակայքերը առաջարկում է բուհի ակադեմիական խորհուրդը:
10. Լրիվ բեռնվածությամբ ուսումնառող ուսանողը պարտավոր է բուհի տվյալ կրթական ծրագրով սահմանված ուսուցման համար նախատեսված ժամկետում կուտակել տարեկան ուսումնական բեռնվածության առնվազն 75 տոկոսին համապատասխան գումարային կրեդիտներ, իսկ մասնակի բեռնվածությամբ ուսումնառող ուսանողը՝ տարեկան ուսումնական բեռնվածության առնվազն 50 տոկոսին համապատասխան գումարային կրեդիտներ:
11. Բարձրագույն կրթության բոլոր մակարդակների (այդ թվում՝ ինտեգրված եւ համատեղ) ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցը՝ ըստ սահմանված ուսուցման տեւողությունների, դրա սկզբի, ավարտի, ուսանողի արձակուրդի, գիտական հետազոտության եւ աշխատանքային ուսուցման տեւողությունների, սահմանվում է բուհի ակադեմիական խորհուրդը՝ կրթական ծրագրով եւ ուսումնական պլանով:
12? Եթե ուսանողի կրթությունը տարբեր պատճառներով ընդհատվել է եւ նա ցանկություն է հայտնել վերականգնվել եւ ուսումնառությունը շարունակել, ապա կատարվում է նրա ուսումնառած եւ այդ պահին գործող կրթական ծրագրով սահմանված վերջնարդյունքների համեմատություն: Ակադեմիական տարբերության առակայության դեպքում՝ բուհի ակադեմիական խորհրդի սահմանած ընթացակարգով քննարկվում է բացակա կրեդիտներ լրացուցիչ կուտակելու հարցը եւ որոշվում է նրա վերականգնման հարցը:
13. Ուսումնառությունը չավարտած անձին տրվում է ակադեմիական տեղեկանք ձեռք բերված ուսումնառության արդյունքների եւ կուտակած կրեդիտների վերաբերյալ:
Հոդված 10. Բարձրագույն կրթության մակարդակները եւ որակավորումները
1. Բարձրագույն կրթությունն իրականացվում է իրար հաջորդող երեք կրթական մակարդակներում՝ աստիճանաշնորհող հիմնական կրթական ծրագրերով, ինչպես նաեւ աստիճան չշնորհող լրացուցիչ ծրագրերով.
1) առաջին մակարդակում ուսումնառությունն ամփոփվում է ամփոփիչ ատեստավորմամբ եւ ուսումնառությունն ավարտած անձին շնորհվում է բակալավրի որակավորում,
2) երկրորդ մակարդակում ուսումնառությունն ամփոփվում է ամփոփիչ ատեստավորմամբ եւ ուսումնառությունն ավարտած անձին շնորհվում է մագիստրոսի որակավորում,
3) երրորդ մակարդակում ուսումնառությունն ամփոփվում է դոկտորական ատենախոսության պաշտպանությամբ, որի արդյունքում անձին շնորհվում է դոկտորի աստիճանի որակավորում:
2. Բարձրագույն կրթության աստիճանաշնորհող կրթական ծրագրերը կարող են իրականացվել նաեւ ինտեգրված ծրագրով:
3. Ինտեգրված ծրագրի ուսումնառության վերջնարդյունքները համապատասխանում են երկրորդ մակարդակի համար սահմանված վերջնարդյունքներին եւ ուսումնառությունն ամփոփվում է ամփոփիչ ատեստավորմամբ:
4. Բարձրագույն կրթության երրորդ մակարդակում ուսումնառությունը բուհն իրականացնում է ինքնուրույն կամ գիտական կազմակերպության կամ սոցիալական գործընկերության կողմ հանդիսացող կազմակերպության, այդ թվում՝ պետական մարմնի հետ համատեղ:
Հոդված 11. Կլինիկական ռեզիդենտուրան (կլինիկական օրդինատուրան)
1. Կլինիկական ռեզիդենտուրան (կլինիկական օրդինատուրա) ինտեգրված կամ դրան համարժեք բարձրագույն բժշկական կրթությանը հաջորդող կրթության ծրագրային փուլ է, որի արդյունքում ուսումնառողը ձեռք է բերում տվյալ մասնագիտական ուղղության համար անհրաժեշտ մասնագիտացված տեսական գիտելիքներ եւ գործնական հմտություններ՝ տվյալ մասնագիտական ուղղությամբ ինքնուրույն գործունեություն իրականացնելու համար:
2. Կլինիկական ռեզիդենտուրայի ընդունելությանը եւ ամփոփիչ ատեստավորմանը ներկայացվող պահանջները, կազմակերպման չափանիշները եւ առանձնահատկությունները, ինչպես նաեւ մասնագիտական ուղղություններին ներկայացվող պահանջները՝ վերջնարդյունքները, սահմանում է Կառավարությունը՝ առողջապահության ոլորտի պետական լիազոր մարմնի ներկայացմամբ՝ համաձայնեցված կրթության ոլորտի պետական լիազոր մարմնի հետ:
3. Բարձրագույն կրթության ինտեգրված ծրագրով ավարտած եւ ամփոփիչ ատեստավորումն անցած անձին շնորհվում է երկրորդ մակարդակի որակավորում՝ մագիստրոսի կամ դրան համարժեք որակավորման շնորհմամբ, իսկ ինտեգրված բժշկական ծրագրով ուսումնառած անձին՝ «բժիշկ» (ծրագրի բեռնվածությունը՝ 360 կրեդիտ) կամ «բժիշկ-ստոմատոլոգ» (ծրագրի բեռնվածությունը՝ 300 կրեդիտ) որակավորում:
4. Կլինիկական ռեզիդենտուրայի ծրագիրն ամփոփվում է ամփոփիչ ատեստավորմամբ, որը հաջողությամբ հանձնելուց հետո անձին շնորհվում է տվյալ մասնագիտական ուղղությամբ «բժիշկ-մասնագետ» որակավորում եւ տրվում է շնորհված որակավորումը հավաստող դիպլոմ:
5. Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ռազմաբժշկական բուհերում կամ դրանց ստորաբաժանումներում, ինչպես նաեւ պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն բժշկական կրթության ինտեգրված կամ համարժեք ծրագրով ուսուցումն անցած շրջանավարտների համար սահմանվում է ռազմական բժշկական կրթության կլինիկական ռեզիդենտուրա՝ մեկ տարի տեւողությամբ, որի ամփոփիչ ատեստավորումը հանձնելուց հետո անձին շնորհվում է «բժիշկ-մասնագետ» որակավորում՝ «ընդհանուր բժշկական գործունեություն զինված ուժերում» մասնագիտական ուղղությամբ:
6. Ռազմական բժշկական կրթության կլինիկական ռեզիդենտուրա ավարտած զինծառայողը հետագայում այլ կրթական ծրագրով կլինիկական ռեզիդենտուրա կարող է անցնել պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմնի, կրթության եւ առողջապահության ոլորտների պետական լիազոր մարմինների ղեկավարների համատեղ սահմանած կարգով:
7. Կլինիկական ռեզիդենտուրան կազմակերպում է բժշկական կրթական եւ գիտահետազոտական գործունեություն իրականացնող հանրային կազմակերպությունը:
8. Կլինիկական ռեզիդենտուրայի մասնագիտական ուղղությունների (ըստ՝ մասնագիտությունների, նեղ մասնագիտությունների) ցանկը եւ դրանց տեւողությունները հաստատում է Կառավարությունը՝ առողջապահության ոլորտի պետական լիազոր մարմնի ներկայացմամբ՝ համաձայնեցված կրթության ոլորտի պետական լիազոր մարմնի հետ:
Հոդված 12. Բարձրագույն կրթության համատեղ կրթական ծրագրերի իրականացումը
1. Համատեղ կրթական ծրագիրը կարող է իրականացվել միայն բարձրագույն կրթության նույն մակարդակում:
2. Համատեղ կրթական ծրագրին մասնակից յուրաքանչյուր կողմ պետք է ունենա իր երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան կրթական ծրագրով կրթություն իրականացնելու եւ համապատասխան որակավորում շնորհելու իրավունք, ինչպես նաեւ ունենա ինստիտուցիոնալ կամ տվյալ կրթական ծրագրի համար ծրագրային հավատարմագրում:
3. Համատեղ կրթական ծրագրի մասնակից բուհերը կամ գործընկեր կազմակերպությունները (առկայության դեպքում), ձեւավորում են կոնսորցիում եւ համագործակցության շրջանակներում կնքում համապատասխան պայմանագիր, որը սահմանում է մասնակից կողմերի իրավունքներն ու պարտավորությունները եւ համատեղ կրթական ծրագիր իրականացնելու իրավական, ֆինանսական ու կազմակերպական հիմքերը, ինչպես նաեւ շրջանավարտների փոխճանաչման շրջանակը:
4. Կոնսորցիումի անդամ բուհը դիպլոմ է շնորհում, եթե իրականացնում է համատեղ ծրագրի մասնագիտական դասընթացների առնվազն 25 տոկոսը:
5. Համատեղ կրթական ծրագրերի իրականացման կարգը հաստատվում է բուհի ակադեմիական խորհրդը եւ ներկայացնում տվյալ գործընկեր բուհի կամ կազմակերպության հավանությանը:
6. Համատեղ կրթական ծրագրի արդյունքում շնորհված hամատեղ որակավորումը հավաստում են մասնակից բուհերը՝ շնորհված միասնական դիպլոմով կամ մասնակից բուհերից մեկի կամ մեկից ավելիի կողմից շնորհվող առանձին դիպլոմներով:
Հոդված 13. Բարձրագույն կրթության դիպլոմը եւ դրա հավելվածը
1. Բարձրագույն կրթության առաջին եւ երկրորդ մակարդակների կրթական ծրագրերով, ինչպես նաեւ ինտեգրված ծրագրով կրթական ծրագրի ավարտին եւ ամփոփիչ ատեստավորման դրական արդյունքի հիման վրա, անձին տրվում է շնորհված որակավորումը հավաստող դիպլոմ եւ հավելված (դիպլոմին կից տրվող համաեվրոպական ձեւաչափի փաստաթուղթ):
2. Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի ծրագրերով ուսումնառության ավարտին, ամփոփիչ ատեստավորման եւ ատենախոսության պաշտպանության արդյունքում անձին շնորհվում է գիտական աստիճանը հավաստող դիպլոմ:
3. Բարձրագույն կրթության որակավորման աստիճան չշնորհող կրթական ծրագրի ավարտին անձին տրվում է բուհի կողմից սահմանված ձեւանմուշով ուսումնառությունը հավաստող վկայական կամ հավաստագիր:
4. Դիպլոմի՝ այդ թվում՝ համատեղ դիպլոմի, պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման, գրանցման եւ պահպանման կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:
5. Դիպլոմները եւ դրանց հավելվածները բուհի կողմից տրամադրվում են անվճար:
6. Բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակներով շնորհվող որակավորումները, ինչպես նաեւ կլինիկական ռեզիդենտի որակավորումը հավաստող դիպլոմների (այդ թվում՝ համատեղ դիպլոմի) եւ հավելվածի ձեւերը լիազոր մարմնի ներկայացմամբ հաստատում է Կառավարությունը:
Հոդված 14. Օտարերկրյա որակավորումների ճանաչումը
1. Անհատներին շնորհված որակավորումները ճանաչվում եւ գնահատվում են այդ բնագավառում Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված ճանաչման վերաբերյալ կոնվենցիաների, Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների միջեւ կնքված միջազգային պայմանագրերի եւ այլ իրավական ակտերի համաձայն՝ իր գործառույթներում անկախ մասնագիտացված կառույցի կողմից տրված տեղեկատվության (խորհրդատվության) հիման վրա:
2. Փախստականների, տեղահանված անձանց եւ փախստականի կարգավիճակ ունեցող, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձանց որակավորումները ճանաչվում են սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, իսկ այն դեպքերում, երբ անձի ձեռք բերված որակավորումը չի կարող ապացուցվել փաստաթղթի միջոցով, ապա որակավորման ճանաչման գործընթացն իրականացվում է լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով:
Հոդված 15. Բարձրագույն կրթության կրթական ծրագրերի լիցենզավորումը
1. Բարձրագույն կրթության բոլոր մակարդակների կրթական ծրագրերը ենթակա են լիցենզավորման:
2. Ինտեգրված ծրագրով ուսուցում իրականացնող բուհի կրթական ծրագրերը ենթակա են լիցենզավորման յուրաքանչյուր կրթական մակարդակի համար:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված լիցենզավորումն իրականացնում է համապատասխան լիազոր մարմինը՝ լիցենզավորման ստորաբաժանման եզրակացության եւ լիցենզավորման հանձնաժողովի որոշման հիման վրա՝ լիցենզավորման ոլորտը կարգավորող օրենքի, սույն օրենքի, բարձրագույն կրթության մակարդակների կրթական ծրագրերի լիցենզավորելու կարգի եւ այլ իրավական ակտերի դրույթներին համապատասխան:
4. Լիցենզիայի տրամադրման համար հիմք են՝
1) կրթական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ ուսումնական տարածքի առկայությունը, որի նկատմամբ բուհն ունի սեփականության կամ օգտագործման իրավունքներ,
2) մասնագիտական գործնական (աշխատանքային) ուսուցման եւ գիտահետազոտական աշխատանքների ապահովման եւ լաբորատոր բազայի, անհրաժեշտ գույքի, համապատասխան սարքավորումների գրադարանային-տեղեկատվական համակարգի առկայությունը եւ ուսումնամեթոդական ապահովումը,
3) համապատասխան կրթական մակարդակներում կրթական ծրագրով ուսուցում ապահովելու համար առկա ակադեմիական կազմի, գիտական աշխատողների եւ ուսումնաօժանդակ անձնակազմի ապահովումը,
4) բուհի հինգ տարվա ռազմավարական ծրագրի առկայությունը, իսկ մասնավոր եւ պետության մասնակցությամբ բուհերի դեպքում՝ նաեւ բիզնես պլանի, դրա համար անհրաժեշտ ֆինանսավորման հիմնավոր աղբյուրների վերաբերյալ:
5) ուսանողներին ֆինանսական աջակցություն տրամադրելու պարտավորությունը՝ պետության մասնակցությամբ բուհերի եւ մասնավոր բուհերի դեպքում:
5. Լիցենզավորման սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված հիմքերի չափանիշները եւ պահանջները սահմանվում են բարձրագույն կրթության մակարդակների ծրագրերը՝ ըստ ոլորտային կրթական ծրագրերի լիցենզավորման կարգերով, որոնք լիազոր մարմնի ներկայացմամբ հաստատում է Կառավարությունը:
6. Կրթական ծրագիրը գիտական կազմակերպության կամ սոցիալական գործընկերության կողմ հանդիսացող կազմակերպության հետ համատեղ իրականացնելու դեպքում տվյալ կազմակերպությունը բուհին է տրամադրում տեղեկություններ կրթական եւ գիտական նպատակով տրամադրվող իր ռեսուրսների վերաբերյալ (գիտահետազոտական, մասնագիտական, նյութատեխնիկական), որոնք համալրում են լիցենզավորման պարտադիր պայմանների եւ պահանջների հիմքերը:
7. Սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի հիման վրա բուհին տրված համապատասխան լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել եւ լիցենզիան ուժը կորցրած ճանաչվել կրթության պետական կառավարման լիազոր մարմնի որոշումով, եթե ՝
1) բուհը լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում հանձնել է օգտագործման, գրավ է դրել կամ օտարել է,
2) բուհը այդ մասին սահմանված ձեւաչափով դիմում է ներկայացրել,
3) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել է լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն,
4) Բուհը կամ օրենքով սահմանված հիմքերով կրթական ծրագիր իրականացնող իրավաբանական անձը լուծարվել կամ գործունեությունը դադարեցրել է, ինչպես նաեւ փոփոխվել է բուհի հետ համագործակցության կողմ հանդիսացող կազմակերպության այնպիսի պայմաններ, որոնք էականորեն ազդում կամ խաթարում է կրթական ծրագրի իրականացումը եւ բուհը փոխարինող կամ այլընտրանք չի առաջարկում,
5) սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ եւ 10-րդ մասերով սահմանված ժամկետում բուհը չի դիմել ինստիտուցիոնալ հավատարմագրման կամ ծրագրային հավատարմագրումը երկու անգամ անընդմեջ մերժվել է:
8. Օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշումը կայացվում է խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում, շարունակվող եւ տեւող խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից մեկ տարվա ընթացքում, իսկ սույն հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքերում` կեղծ կամ ոչ հավաստի տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից 15 օրվա ընթացքում:
9. Սույն հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում նոր լիցենզիա ստանալու համար դիմումը ներկայացվում է լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո:
10. Սույն հոդվածի 7-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված լիազոր մարմնի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից, եթե այդ որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ: Լիազոր մարմինը լիցենզիայի գործողության դադարեցման մասին պատշաճ ձեւով տեղեկացնում է բուհին` ուղարկելով նաեւ լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշման բնօրինակը:
11. Լիցենզիայի գործողության դադարեցման մասին լիազոր մարմնի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
12. Կրթական ծրագրի իրականացման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դեպքում կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներն իրավունք ունեն շարունակելու ուսումնառությունը համապատասխան կրթական ոլորտում՝ ընդգրկվելով տվյալ կամ մեկ այլ ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող բուհի կրթական ծրագրերում կամ մասնակցելու այդ բուհի կրթական ծրագրերով ամփոփիչ ատեստավորմանը՝ լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով:
Հոդված 16. Բարձրագույն կրթության որակի ապահովումը
1. Բարձրագույն կրթության որակի ապահովման սկզբունքներն են՝ թափանցիկությունը, հաշվետվողականությունը, պարբերականությունը, հուսալիությունը եւ օբյեկտիվությունը:
2. Բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգը ներառում է՝
1) բուհերի որակի ապահովման ներքին համակարգը,
2) բուհերի որակի ապահովման արտաքին համակարգը,
3) որակի արտաքին գնահատման կամ հավաստման կառույցները, ներառյալ՝ միջազգային:
3. Որակի արտաքին գնահատման կամ հավաստման կառույցները Կառավարության կողմից ստեղծված կամ Կառավարության սահմանված կարգով ճանաչված, իրենց գործառույթներում անկախ մարմիններ են, որոնց հիմնական նպատակը բարձրագույն կրթության որակի արտաքին ապահովման գործընթացների իրականացումն է:
4. Բարձրագույն կրթության որակի արտաքին գնահատման կամ հավաստման կառույցներին ներկայացվող պահանջներն են՝
1) իրենց գործունեության իրականացումն ապահովող հրապարակված քաղաքականության եւ ընթացակարգերի առկայությունը,
2) անկախ եւ ինքնավար գործելու երաշխիքները,
3) իրենց գործունեության պարբերական արտաքին գնահատում անցնելը,
4) բուհերի եւ դրանց կրթական ծրագրերի որակի արտաքին գնահատման կամ հավաստման գործառույթների իրականացումը,
5) կառույցների կառավարմանը, գործառույթներին եւ գործունեության ուղղություններին օրենսդրությամբ ներկայացվող այլ պահանջները:
Հոդված 17. Բուհի հավատարմագրումը
1. Բուհի ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրումն իրականացվում է որակի գնահատման կամ հավաստման ազգային կառույցները կամ միջազգային ցանցերը` սույն հոդվածով եւ 16-րդ հոդվածով սահմանված դրույթներին, Կառավարության սահմանած կարգին եւ միջպետական պայմանագրերի հիման վրա:
2. Ինստիտուցիոնալ հավատարմագրման արդյունքում գնահատվում է բուհի գործունեության արդյունավետությունը, խթանվում բուհի զարգացմանը եւ կրթական ծագրերի իրականացման գործընթացի բարելավումը:
3. Նոր հիմնադրված բուհը ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում հիմնադրումից հետո առավելագույնը յոթ տարվա ընթացքում:
4. Բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների (այդ թվում` ինտեգրված ծրագրի) աստիճանաշնորհող նոր կրթական ծրագրերն իրականացման առաջին շրջափուլի ավարտից հետո երկու տարվա ընթացքում ենթակա են ծրագրային հավատարմագրման:
5. Ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրումն իրականացվում է ըստ առանձին բուհերի եւ դրանց կրթական ծրագրերի կամ տվյալ կրթական ոլորտում ներառված կրթական ծրագրերի խմբերի:
6. Հավատարմագրումն իրականացվում է ըստ առանձին բուհերի, ներառելով տվյալ բուհի կրթական ծրագրերի առնվազն 10%-ը կամ տվյալ կրթական ոլորտում ներառված կրթական ծրագրերի խմբի:
7. Բուհի մասնաճյուղը ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում ընդհանուր հիմունքներով՝ մասնաճյուղ ունեցող բուհի հայտի հիման վրա՝ մասնաճյուղն ստեղծած բուհի կազմում, եւ տրվում է առանձին հավատարմագիր մայր բուհին:
8. Ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախապայման է ծրագրային հավատարմագրման համար: Ծրագրային հավատարմագրման համար կարող է դիմել միայն ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բուհը կամ բուհի մասնաճյուղը:
9. Բուհի տրամադրած դիպլոմի հավելվածում պարտադիր նշվում է բուհի, դրա առանձին կրթական ծրագրի հավատարմագրված լինելու (առկայության դեպքում) հանգամանքը:
10. Ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրման կարգերը, պահանջները եւ չափանիշները, ինչպես նաեւ հավատարմագրի գործողության ժամկետը լիազոր մարմնի ներկայացմամբ հաստատում է Կառավարությունը:
11. Ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բուհերը եւ դրանց ծրագրային հավատարմագրում ունեցող կրթական ծրագրերը գրանցվում են պետության կողմից ճանաչված, հավատարմագրում իրականացնող կառույցների, հավատարմագրված բուհերի եւ կրթական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություններ պարունակող hավատարմագրման պետական գրանցամատյանում, որը վարում է Կառավարության կողմից ստեղծված հավատարմագրման կառույցը:
12. Հայաստանի Հանրապետությունում գործող օտարերկրյա պետությունների բուհերը կամ բուհերի մասնաճյուղերը, Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա այլ պետությունների, ինչպես նաեւ՝ բուհերի կամ կազմակերպությունների մասնակցությամբ ստեղծված բուհերը ենթակա են հավատարմագրման սույն օրենքի դրույթներին եւ Կառավարության սահմանած կարգին համապատասխան:
Հոդված 18. Բուհ ընդունելությունը
1. Հայաստանի Հանրապետությունում գործող բուհեր ընդունելությունն իրականացվում է հասանելիության, հրապարակայնության, արդարության, վստահելիության, թափանցիկության, հավասարության սկզբունքների կիրառմամբ՝ մրցութային հիմունքներով՝ ըստ բարձրագույն կրթության մակարդակների եւ դրանց կրթական ծրագրերի:
2. Բուհերի ընդունելության հիմնական սկզբունքները, նախապայմանները, մրցույթի չափանիշները սահմանում է Կառավարությունի, իսկ ներքին ընթացակարգեր, այդ թվում՝ բողոքարկման, սահմանում է բուհը:
3. Բարձրագույն կրթության տվյալ մակարդակի համար բուհն իրավունք ունի ընդունելություն հայտարարելու միայն համապատասխան կրթական ծրագրի լիցենզիայի առկայության դեպքում: Բուհը պարտավոր է իր կայքում հրապարակել ընդունելությանն ու ուսումնառությանն առնչվող իր ներքին կանոնակարգերը, ինչպես նաեւ լիցենզիայի, ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրման մասին տեղեկությունները:
4. Ընդունելությունն առաջին մակարդակի եւ ինտեգրված ծրագրի կրթական ծրագրերով կատարվում է միջնակարգ կամ դրան համարժեք կրթության հենքով անձի գիտելիքների եւ կարողությունների, իսկ արվեստի եւ սպորտի ոլորտներում՝ նաեւ նրանց համապատասխանաբար ստեղծագործական կամ ֆիզիկական ընդունակությունների, ստուգման արդյունքների հիման վրա:
5. Ընդունելություն իրականացնող բուհերը համապատասխան ուսումնական տարվանից ոչ ուշ, քան երկու տարի առաջ, հրապարակում են ըստ կրթական ծրագրերի եւ դրանց ընդունելության համար անհրաժեշտ մուտքային պահանջ հանդիսացող հանրակրթական համապատասխան առարկաների արտաքին գնահատման վկայագրերի ցանկը: Հրապարակված ցանկում փոփոխություններ եւ լրացումներ կատարելն արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ փոփոխությունների եւ լրացումների կատարման, ինչպես նաեւ նոր ցանկի հաստատման անհրաժեշտությունը պայմանավորված է հայտարարված արտակարգ կամ ռազմական դրությամբ:
6. Հայաստանի Հանրապետությունում գործող ցանկացած բուհ կամ բուհի մասնաճյուղ բարձրագույն կրթության առաջին մակարդակի եւ ինտեգրված ծրագրի կրթական ծրագրերով ընդունելության դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձանց համար «Հայոց լեզու» առարկայից արտաքին գնահատման վկայագիրը պարտադիր է:
7. Բուհի կողմից կազմակերպվող ընդունելության մրցույթին կարող են մասնակցել այն անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն հաջողությամբ անցել են պետության լիազորած մասնագիտացված կազմակերպության կողմից համապատասխան հանրակրթական ծրագրերի հենքի վրա կազմակերպած գիտելիքների ստուգումը, իսկ արվեստի եւ սպորտի ոլորտների կրթական ծրագրերի դեպքում՝ հաջողությամբ անցել են բուհի կողմից նրանց համապատասխանաբար ստեղծագործական կամ ֆիզիկական ընդունակությունների ստուգումը:
8. Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք առնվազն վերջին 3 տարին սովորել եւ ավարտել են օտարերկրյա պետությունների հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, կարող են բուհ ընդունվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ օտարերկրյա քաղաքացիների համար Կառավարության սահմանած կարգով՝ իրենց ընտրությամբ:
9. Բարձրագույն կրթության առաջին մակարդակի եւ ինտեգրված ծրագրի կրթական ծրագրերով ընդունելության կարգը, ներառյալ՝ ընդհանուր պահանջները, մրցույթի անցկացման ընդհանուր չափանիշները եւ մրցութային միավորի ձեւավորման սկզբունքները, վկայագրի ձեւը եւ դրա գործողության ժամկետը, ինչպես նաեւ բնակչության առանձին խմբերի (այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց) ընդունելության առանձնահատկությունները սահմանում է Կառավարությունը: Դրանց հիման վրա բուհը հաստատում ու հրապարակում է մրցույթի կարգը եւ չափանիշները:
10. Այն անձինք, որոնք ունեն առնվազն առաջին մակարդակին համարժեք կրթություն, իրավունք ունեն մրցութային հիմունքներով` նախորդ ուսումնառության միջին որակական գնահատականների հաշվառմամբ եւ բուհի կողմից սահմանված ընդունելության մուտքային պահանջները բավարարելու դեպքում, ընդունվելու եւ ուսումնառելու տվյալ կամ մեկ այլ բուհի երկրորդ մակարդակի կրթական ծրագրով:
11. Բարձրագույն կրթության երկրորդ եւ երրորդ մակարդակների ընդունելության կարգերը հաստատում է բուհի ակադեմիական խորհուրդը:
12. Այն անձինք, որոնք ունեն առնվազն երկրորդ մակարդակին համարժեք կրթություն, իսկ բժշկական ուղղվածությամբ կրթական ծրագրերի դեպքում` բժշկի, կլինիկական ուղղվածությամբ բժշկական կրթական ծրագրերի դեպքում` բժիշկ-մասնագետի որակավորում, իրավունք ունեն մրցութային հիմունքներով` նախորդ ուսումնառության միջին որակական գնահատականների հաշվառմամբ եւ ընդունելության լրացուցիչ պայմաններին բավարարելու դեպքում, ընդունվելու եւ ուսումնառելու բարձրագույն կրթության երրորդ մակարդակում:
13. Այն դիմորդները, որոնք ընդունելության մրցույթի արդյունքներով սահմանված կարգին համապատասխան հավակնում են պետական ուսումնառության կրթաթոշակով սովորելու մեկ կամ մի քանի կրթական ծրագրերով կամ տարբեր բուհերի նույն ոլորտի կրթական ծրագրով, մինչեւ համապատասխան կրթական մակարդակի ընդունելության համար սահմանված վերջնաժամկետը պետք է ընտրեն մեկ բուհ (կրթական ծրագիր), որում ցանկանում են ստանալ բարձրագույն կրթություն:
14. Բուհն ուսանողի հետ կնքում է պայմանագիր, որի տեքստը նախօրոք հրապարակվում է բուհի ընդունելության հայտարարության հետ միաժամանակ:
15. Բուհի եւ ուսանողի միջեւ կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում են ուսումնառության առավելագույն տեւողությունը եւ բարձրագույն կրթության տվյալ կրթական ծրագրի համար նախատեսված ուսումնառության վարձի տարեկան չափը եւ կրեդիտների ընդհանուր քանակը, ինչպես նաեւ սույն օրենքով եւ այլ օրենքներով ու բուհի կանոնադրությամբ սահմանված այլ պայմաններ:
16. Ուսանողի հետ կնքված պայմանագրի պայմանները, ներառյալ՝ այդ պայմանագրով նախատեսված ուսումնառության վարձի չափը, ուսումնառության ամբողջ ընթացքում փոփոխման ենթակա չէ: Վերականգնված ուսանողի ուսումնառության վարձի չափը սահմանվում է տվյալ ուսումնական տարվա համար սահմանված վարձի չափով եւ նրա հետ կնքվում է նոր պայմանագիր:
17. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու, առողջական վիճակի պատճառով, ինչպես նաեւ՝ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի նպատակով արձակուրդից վերադարձած ուսանողի կարգավիճակը վերականգնելիս պահպանվում է բուհ ընդունվելու պահին սահմանված ուսումնառության վարձի չափը (բացառությամբ, տվյալ ուսումնական տարում ուսումնառության վարձի նվազման դեպքի), որը ենթակա չէ փոփոխման ամբողջ ուսումնառության ընթացքում, եթե ուսանողն իր կարգավիճակը վերականգնելու վերաբերյալ դիմումը ներկայացրել է ուսումնառության ընդհատման պատճառը վերանալու օրվանից հետո ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:
18. Կառավարությունն եռամյա ժամանակահատվածի համար հաստատում է ըստ ակադեմիական բնագավառների եւ կրթական ոլորտների (ներառյալ կլինիկական ռեզիդենտուրայի) նախատեսվող պետական ուսումնառության կրթաթոշակների տոկոսային համամասնությունը՝ հաջորդ երեք ուսումնական տարիների կտրվածքով, ելնելով երկրի տնտեսական, սոցիալական, առողջապահական, մշակութային զարգացման կարիքներից եւ համապատասխան ուղղվածությամբ մասնագետների պատրաստման անհրաժեշտությունից ու պետության ֆինանսական հնարավորություններից:
19. Կառավարության կողմից տվյալ տարվա համար ըստ ակադեմիական բնագավառների եւ կրթական ոլորտների համապատասխան համամասնությամբ հաստատված բյուջետային հատկացումների շրջանակներում՝ կրթության եւ գիտության ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը մինչեւ տվյալ տարվա մարտի 1-ը՝ լիազոր մարմնի կողմից սահմանված կարգի համաձայն հաստատում է բարձրագույն կրթության առաջին մակարդակում՝ ըստ կրթական ծրագրերի, իսկ երկրորդ եւ երրորդ մակարդակներում՝ ըստ բուհերի եւ կրթական ոլորտների (ենթաոլորտների) պետության կողմից տրամադրվող ուսումնառության կրթաթոշակների նախնական քանակը, իսկ վերջնականը՝ մրցույթի արդյունքների հիման վրա:
20. Կառավարության կողմից տվյալ տարվա համար ըստ կլինիկական ռեզիտենտուրայի համապատասխան համամասնության հաստատված բյուջետային հատկացումների շրջանակներում՝ առողջապահության ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը մինչեւ տվյալ տարվա մարտի 1-ը՝ առողջապահության ոլորտի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգի համաձայն՝ հաստատում է պետության կողմից տրամադրվող ուսումնառության վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղերի թիվը՝ ըստ կլինիկական ռեզիդենտուրայի մասնագիտական ուղղությունների (ըստ՝ մասնագիտությունների, նեղ մասնագիտությունների):
21. Բուհը մինչեւ տվյալ տարվա մարտի 10-ը՝ իր պաշտոնական կայքում հրապարակում է տվյալ ուսումնական տարվա ըստ կրթական մակարդակների եւ կրթական ծրագրերի լիցենզիայով նախատեսված ընդունելության տեղերի առավելագույն թիվը:
Հոդված 19. Կազմակերպությունները եւ միավորումները բուհում ու գիտական կազմակերպությունում
1. Բուհերում եւ գիտական կազմակերպություններում արգելվում է քաղաքական, կուսակցական, կրոնական կազմակերպությունների եւ միավորումների գործունեությունը:
ԳԼՈՒԽ 3
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 20. Բարձրագույն կրթության եւ գիտության համակարգում Կառավարության լիազորությունները
1. Բարձրագույն կրթության եւ գիտության համակարգում Կառավարությունը՝
1) ստեղծում, վերակազմակերպում ու լուծարում է հանրային բուհը եւ հանրային գիտական կազմակերպությունը,
2) որոշում է հանրային, պետական մասնակցությամբ եւ մասնավոր բուհերի հիմնադրման եւ գործունեություն առանձնահատկությունները,
2) հաստատում է ըստ բարձրագույն կրթության ակադեմիական բնագավառների՝ կրթական ոլորտները եւ որակավորման դասիչները,
3) հաստատում է ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրման կարգն ու չափանիշները, ինչպես նաեւ պետության կողմից ճանաչված որակի արտաքին գնահատման կամ հավաստման կառույցներին ներկայացվող պահանջները եւ չափանիշները,
4) հաստատում է կրթական ծրագրերի լիցենզավորման կարգերը՝ ըստ բարձրագույն կրթության մակարդակների,
5) հաստատում է բուհ ընդունելության (բարձրագույն կրթության առաջին մակարդակի եւ ինտեգրված ծրագրի) կարգը կարգը սկզբունքները, չափանիշները եւ շրջանակը,
6) հաստատում է որակավորումների ազգային շրջանակի եւ դրա մակարդակների (որակավորումների) ընդհանրական նկարագրիչները,
7) սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները եւ մեթոդաբանությունը,
8) հաստատում է պետության կողմից ուսանողներին տրամադրվող ուսումնառության կրթաթոշակների (այդ թվում՝ միջպետական պայմանագրերով օտարերկրյա քաղաքացիներին) եւ ուսումնառության նպաստների, ինչպես նաեւ ուսանողական ֆինանսական խրախուսման տրամադրման կարգը, պահանջները, չափանիշները եւ սոցիալական խմբերը,
9) հիմնադրում է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա (այսուհետեւ՝ ակադեմիա) եւ հաստատում ակադեմիայի կանոնադրությունը, ակադեմիայի ակադեմիկոսների ու թղթակից անդամների ընտրության չափանիշները,
10) հաստատում է բարձրագույն կրթության համակարգի պետական քաղաքականությունը եւ համակարգի զարգացմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը,
11) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում գիտության ոլորտի զարգացման գերակա ուղղությունները եւ ռազմավարական ծրագրերը,
12) հաստատում է բուհեր եւ գիտական կազմակերպությունների տարատեսակները,
13) հաստատում է կլինիկական ռեզիդենտուրայի ընդունելությանը եւ ամփոփիչ ատեստավորմանը ներկայացվող պահանջները, կազմակերպման չափանիշները եւ առանձնահատկությունները, ինչպես նաեւ մասնագիտական ուղղություններին ներկայացվող պահանջները՝ վերջնարդյունքները,
14) կլինիկական ռեզիդենտուրայի մասնագիտական ուղղությունների (ըստ՝ մասնագիտությունների, նեղ մասնագիտությունների) ցանկը եւ դրանց տեւողությունները,
15) հաստատում է բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակներով շնորհվող որակավորումները, ինչպես նաեւ կլինիկական ռեզիդենտի որակավորումը, հավաստող դիպլոմների (այդ թվում՝ համատեղ դիպլոմի) եւ հավելվածի ձեւերը,
16) սահմանում է ինստիտուցիոնալ հավատարմագրի գործողության ժամկետը,
17) հաստատում է ըստ ակադեմիական բնագավառների եւ կրթական ոլորտների (ներառյալ կլինիկական ռեզիդենտուրայի) նախատեսվող պետական կրթաթոշակների տոկոսային համամասնությունը՝ հաջորդ երեք ուսումնական տարիների համար,
18) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 21. Բարձրագույն կրթության եւ գիտության համակարգում լիազոր մարմնի լիազորությունները
1. Բարձրագույն կրթության եւ գիտության համակարգում լիազոր մարմինը՝
1) մշակում է բարձրագույն կրթության եւ գիտության համակարգի պետական քաղաքականությունը եւ համակարգի զարգացմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը, վերահսկում դրանց իրականացումը,
2) իրականացնում է բարձրագույն կրթության համակարգի մշտադիտարկում եւ գնահատում,
3) իրականացնում է լիցենզավորված կրթական ծրագրերի մշտադիտարկում՝ սահմանված չափանիշներին համապատասխան,
4) սահմանում է բարձրագույն կրթության կազմակերպման հենքային պահանջները,
5) հաստատում է ըստ բարձրագույն կրթության կրթական ոլորտների՝ կրթական ծրագրերի (այդ թվում՝ ինտեգրված ծրագրով) ցանկը,
6) հաստատում է բարձրագույն կրթության որակավորումների ոլորտային շրջանակները,
7) հաստատում է բուհերում ուսանողների տեղափոխության կարգը,
8) հաստատում է գիտական աստիճանի շնորհման եւ զրկման, ինչպես նաեւ դիպլոմի տրամադրման կարգը, պահանջներն ու չափանիշները,
9) բուհերի ուսումնական գործընթացի կազմակերպմանն աջակցելու նպատակով մշակում եւ հաստատում է խորհրդատվական բնույթի մեթոդաբանություններ, ուղեցույցներ, օրինակելի կարգեր, այդ թվում` ակադեմիական բարեվարքության օրինակելի կանոնակարգը,
10) հաստատում է բուհի գործունեության կատարողականի արդյունքային ցուցանիշները,
11) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման եւ ֆինանսավորման կարգերը, ֆինանսավորման գործակիցները, չափանիշները եւ նորմատիվները,
12) հաստատում է բարձրագույն կրթության եւ գիտության կառավարման տեղեկատվական ընդհանուր համակարգի վարման կարգը,
13) հաստատում է բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակում ներառված որակավորումների պետական գրանցամատյանի վարման կարգը,
14) հաստատում է բուհի եւ գիտական կազմակերպության կառավարման խորհրդի ձեւավորման կարգը եւ ժամկետները, կառավարման խորհրդում լիազոր մարմնի ղեկավարի կողմից առաջադրվող անդամության թեկնածուներին ներկայացվող ընդհանուր պահանջները,
15) հաստատում է հավատարմագրման վկայականի ձեւը,
16) հաստատում է գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգը եւ չափանիշները,
17) կազմակերպում է պետական բյուջետային ֆինանսավորման գործընթացը,
18) աջակցում է գիտական արդյունքի առեւտրայնացմանը եւ գործնական կիրառություններին, նորարարական գործունեության իրականացմանը,
19) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 22. Բարձրագույն կրթության եւ գիտության համակարգում գիտության կոմիտեի լիազորությունները
1. Բարձրագույն կրթության եւ գիտության համակարգում գիտության կոմիտեն՝
1) մասնակցում է գիտության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության մշակմանը,
2) մշակում եւ համապատասխան ոլորտի լիազոր մարմնին է ներկայացնում գիտության, այդ թվում՝ գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության, բնագավառի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծեր,
3) մշակում եւ լիազոր մարմնին է ներայացնում գիտության ոլորտի արդյունավետ կառավարման, այդ թվում՝ կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ հիմնավոր առաջարկներ, կազմակերպում դրանց իրականացումը,
4) մշակում է գիտության զարգացման հեռանկարային ու նպատակային, ինչպես նաեւ միջպետական համագործակցության շրջանակներում գիտատեխնիկական ծրագրեր եւ կազմակերպում դրանց իրականացումը,
5) մշակում եւ իրականացնում է գիտական եւ գիտատեխնիկական ներուժի զարգացման ապահովմանն ու օգտագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրեր, գիտական կադրերի պատրաստման նպատակով իրականացնում է ուսումնասիրություններ եւ ներկայացնում առաջարկություններ,
6) մշակում եւ իրականացնում է Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների հայ գիտնականների ներուժի համախմբմանն ուղղված ծրագրեր,
7) մշակում է գիտության ոլորտի ենթակառուցվածքի եւ նյութատեխնիկական բազայի արդիականացմանը միտված, ինչպես նաեւ գիտական արդյունքի առեւտրայնացման, տնտեսական շրջանառության մեջ ընդգրկմանու նորարարական գործունեության աջակցության ծրագրեր, հաստատում է ծրագրերի հրավերների փաթեթները,
8) կազմակերպում է գիտական դրամաշնորհային մրցույթներ եւ սահմանված կարգով հաստատում դրանց արդյունքները,
9) սահմանում է փորձաքննության կազմակերպիչներին եւ փորձագետներին առաջադրվող պահանջները,
10) մշակում եւ հաստատում է պետական փորձաքննության մեթոդական եւ կազմակերպատեխնիկական հիմքերը,
11) կնքում է փորձաքննության բնագավառում միջազգային համագործակցության պայմանագրեր,
12) մշակում եւ հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող եւ գիտության ոլորտում իրականացվող ծրագրերի մշտադիտարկման եւ արդյունավետության գնահատման մեթոդաբանությունը եւ կազմակերպում դրանց իրականացումը,
13) մշակում եւ հաստատում է գիտության ոլորտի պետական բյուջետային ֆինանսավորման հայտերի, պայմանագրերի, համաձայնագրերի եւ հաշվետվությունների ձեւերը,
14) հաստատում է մրցանակների տրամադրման կարգը եւ տրամադրում է մրցանակներ գիտահետազոտական եւ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող սուբյեկտներին,
15) օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում է համապատասխան վարչական, վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթերի, տեղեկանքների եւ այլն) ներդրում եւ դրանց միջոցով հավաքված տվյալների ու տեղեկությունների հիման վրա` սահմանված կարգով վարչական վիճակագրական ռեգիստրների վարում,
16) կազմակերպում է ռազմատեխնիկական եւ իր լիազորության շրջանակում այլ ծրագրերի մշակումը եւ փորձաքննությունը, մասնակցում է դրանց իրականացման մոնիտորինգի (մշտադիտարկման) կազմակերպմանը` համապատասխան պետական կառավարման մարմինների հետ,
17) իրականացնում է գիտահետազոտական կամ գիտատեխնիկական արդյունքների վերաբերյալ տվյալների հավաքում, գիտաչափական վերլուծություն, հաշվառման ամբողջական համակարգի ձեւավորում եւ վարում,
18) իր իրավասության սահմաններում իրականացնում է գիտության ոլորտի պետական բյուջետային գործընթացը,
19) իրականացնում է գիտական միջոցառումների կազմակերպման համար ֆինանսական աջակցության ծրագրեր, հաստատում է հրավերների փաթեթները եւ ֆինանսավորման երաշխավորված միջոցառումների ցանկը,
20) մշակում եւ համապատասխան լիազոր մարմին է ներկայացնում բուհի եւ գիտական կազմակերպությունների ակադեմիական պաշտոնների եւ գիտական աշխատողներին ներկայացվող հիմնական չափանիշները,
21) ապահովում է գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհուրդների ստեղծումը եւ դրանց աշխատանքների կազմակերպումը,
22) ապահովում է գիտական աստիճանի շնորհման պահանջների եւ չափանիշների մշակումը,
23) հաստատում է ատենախոսությունների հիմնական դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական պարբերականների ցանկը՝ սահմանելով այդ ցանկում ընդգրկվելու չափանիշները,
24) հաստատում եւ համապատասխան փաստաթղթով ամրագրում է գիտական աստիճանը` հիմք ընդունելով մասնագիտական խորհուրդների որոշումները եւ որակավորման գործի ուսումնասիրությունը,
25) սահմանում է գիտական աստիճանի հայցման համար ներկայացվող ատենախոսության պաշտպանությանն անհրաժեշտ տպագիր գիտական աշխատությունների վերաբերյալ նվազագույն պահանջները,,
26) իրականացնում է գիտական աստիճանի հայցման համար ներկայացվող ատենախոսությունների եւ տպագիր աշխատանքների փորձաքննություն՝ այլ հեղինակներից եւ աղբյուրներից հնարավոր փոխառված դրույթների ու նյութերի առկայությունըկամ դրանց բացակայությունը պարզելու նպատակով,
27) սահմանում է գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհրդի անդամին ներկայացվող պահանջները,
28) հաստատում է գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհուրդների անդամների բարեվարքության կանոնակարգը,
29) համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարին ներկայացնում է եզրակացություն օտարերկրյա պետություններում ստացված գիտական աստիճանը հավաստող փաստաթուղթը (դիպլոմ, վկայագիր) Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի դիպլոմին համապատասխանեցնելու մասին,
30) իր իրավասության սահմաններում համագործակցում է օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների հետ,
31) կազմակերպում է ատենախոսությունների եւ սեղմագրերի պահպանումը,
32) կազմակերպում է տեղեկագրերի հրատարակումը,
33) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
2. Սույն հոդվածով 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 11-րդ եւ 15-րդ կետերով սահմանված գործառույթները ապահովելու նպատակով բարձրագույն կրթության եւ գիտության համակարգում գիտության կոմիտեն ստեղծում է մասնագիտական փորձագիտական խորհուրդներ, մրցութային հանձնաժողովներ, աշխատանքային խմբեր, ինչպես նաեւ կարող է ձեւավորել մասնագիտական եւ խորհրդակցական մարմիններ, հաստատում իր ստեղծած խմբերի եւ մարմինների անվանական կազմը:
ԳԼՈՒԽ 4
ԲՈՒՀԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ, ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ, ԲՈՒՀԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 23. Բուհի եւ գիտական կազմակերպության հիմնադրումը (ստեղծումը), վերակազմակերպումը եւ լուծարումը
1. Բուհը եւ գիտական կազմակերպությունը ստեղծվում, վերակազմակերպվում եւ լուծարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Բուհը եւ գիտական կազմակերպությունը ստեղծվում է հիմնադրի որոշմամբ:
3. Բուհը եւ գիտական կազմակերպությունը ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:
Հոդված 24. Բուհի կառավարումը եւ կառավարման մարմինները
1. Բուհի կառավարման մարմիններն են`
1) կառավարման խորհուրդը (հոգաբարձուների խորհուրդ),
2) ակադեմիական խորհուրդը (գիտական խորհուրդ),
3) կառավարման գործադիր մարմինը` ռեկտորը (տնօրեն, պետ):
2. Բուհի կառավարումն իրականացվում է սույն օրենքով, տվյալ կազմակերպական-իրավական ձեւի իրավաբանական անձի գործունեությունը կարգավորող օրենքով, իր կանոնադրությունով այլ օրենքներով եւ իրավական ակտերով եւ բուհի կանոնադրությամբ:
Հոդված 25. Գիտական կազմակերպության կառավարումը եւ կառավարման մարմինները
1. Գիտական կազմակերպության կառավարման մարմիններն են՝
1) կառավարման խորհուրդը (հոգաբարձուների խորհուրդ),
2) կառավարման գործադիր մարմինը` տնօրենը:
2. Գիտական կազմակերպության գիտահետազոտական եւ գիտատեխնիկական գործունեությունը համակարգում է գիտական խորհուրդը:
3. Գիտական կազմակերպության կառավարման խորհուրդը գործում է 5 տարի ժամկետով, որի կազմը սահմանված կարգով եւ ժամկետներում հաստատում է համապատասխան լիազոր մարմինը` կառավարման խորհրդի ձեւավորման պահանջների բավարարման դեպքում:
4. Գիտական կազմակերպության կառավարման խորհուրդը բաղկացած է 8 անդամից:
5. Գիտական կազմակերպության կառավարման խորհուրդը ձեւավորվում է հետեւյալ համամասնությամբ՝
1) 4-ին առաջադրում է կազմակերպության գիտական խորհուրդը՝ կազմակերպության ներկայացուցիչներից,
2) 2-ին առաջադրում է համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը՝ կազմակերպության գիտական գործունեության ուղղության կամ հարակից ուղղության բուհի եւ մշակույթի, տնտեսության կամ այլ ոլորտների ներկայացուցիչներից,
3) 1-ին առաջադրում է համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը՝ լիազոր մարմնի ներկայացուցիչներից,
4) 1-ին առաջադրում է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան՝ կազմակերպության գիտական գործունեության ուղղության կամ հարակից ուղղության ներկայացուցիչներից:
6. Կառավարման խորհրդի անդամ չի կարող լինել այն անձը, որը՝
1) դատապարտվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
2) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
3) որեւէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ է,
4) զբաղեցնում է քաղաքական պաշտոն,
5) տվյալ գիտական կազմակերպությունում զբաղեցնում է ղեկավար պաշտոն,
6) տվյալ գիտական կազմակերպության գիտական խորհրդի անդամ է:
7. Կառավարման խորհրդի նախագահին իրենց կազմից ընտրում են Խորհրդի անդամները: Նույն անձը չի կարող երկու անգամ անընդմեջ ընտրվել տվյալ գիտական կազմակերպության կառավարման խորհրդի նախագահ:
8. Գիտական կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է կառավարման գործադիր մարմինը՝ տնօրենը:
9. Գիտական կազմակերպության տնօրենի պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի կազմակերպության գիտական գործունեության ուղղությամբ գիտական աստիճան եւ բարձրագույն կրթության կամ գիտության ոլորտի առնվազն 10 տարվա աշխատանքային, որից առնվազն 3 տարվա ղեկավար աշխատանքի փորձ:
10. Գիտական կազմակերպության տնօրենի պաշտոնում ընտրված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե լրացել է նրա 65 տարին:
11. Գիտական կազմակերպության տնօրեն ընտրվում է սույն օրենքով եւ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ կազմակերպության կառավարման խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նույն կազմակերպությունում ընտրվել տնօրենի պաշտոնում:
12. Գիտական կազմակերպության կառավարման խորհրդի կողմից տնօրենի ներկայացված բյուջեի նախագիծը կամ գիտական կազմակերպության գործունեության տարեկան հաշվետվությունն երկու անգամ անընդմեջ չընդունվելու դեպքում տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է:
13. Գիտական կազմակերպության կառավարման կարգը, կառավարման խորհրդի աշխատակարգը, գիտական խորհրդի անդամների թվաքանակը, ձեւավորման կարգը եւ աշխատակարգը սահմանվում է կազմակերպության կանոնադրությամբ:
14. Հանրային գիտական կազմակերպության կանոնադրությունը հաստատվում, դրանում փոփոխություններ եւ լրացումներ կատարվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:
15. Նոր ստեղծվող կամ վերակազմավորման, բաժանման, միաձուլման ձեւով վերակազմակերպվող գիտական կազմակերպությունում մինչեւ կառավարման խորհրդի ձեւավորումը համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը նշանակում է տնօրենի պաշտոնակատար մեկ տարուց ոչ ավելի ժամկետով, բացառությամբ սույն օրենքի 39-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված դեպքերի:
Հոդված 26. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (այսուհետ՝ Ակադեմիա) Հայաստանի Հանրապետության հիմնադրած՝ ինքնակառավարվող ոչ առեւտրային կազմակերպություն է, որը միավորում է ակադեմիական գիտական տիտղոսներ ունեցող եւ Հայաստանի կամ օտարերկրյա ճանաչված գիտնականներին:
2. Ակադեմիայի հիմնական գործառույթը գիտության զարգացման եւ գիտահետազոտական գործունեության արդյունքների ներդրման, ինչպես նաեւ հանրապետության տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացման ուղղությամբ համապատասխան ոլորտի պետական քաղաքականություն մշակող եւ իրականացնող մարմիններին Ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով խորհրդատվության տրամադրումն է:
3. Ակադեմիան կարող է ստեղծել գիտական կազմակերպությունների համագործակցային ցանցեր` գիտատեխնիկական կամ նորարարական խնդիրների համատեղ լուծմանն աջակցելու նպատակով:
4. Ակադեմիայի կազմակերպական-իրավական ձեւի, կառավարման եւ գործունեության առանձնահատկությունները սահմանվում են Ակադեմիայի կանոնադրությամբ, որը հաստատում է Կառավարությունը:
5. Ակադեմիան շնորհում է ակադեմիական գիտական տիտղոսները` Ակադեմիայի ակադեմիկոս (Ակադեմիայի իսկական անդամ), Ակադեմիայի թղթակից անդամ, Ակադեմիայի պատվավոր անդամ, Ակադեմիայի արտասահմանյան անդամ, Ակադեմիայի պատվավոր դոկտորի աստիճան: Ակադեմիայի ակադեմիական գիտական տիտղոսները շնորհվում են ցմահ:
6. Ակադեմիայի գիտական տիտղոսները ամրագրվում են վկայականներով: Ակադեմիայի գիտական տիտղոսների շնորհումն իրականացվում է Ակադեմիայի կանոնադրության համաձայն անցկացվող ընտրությունների արդյունքներով: Ակադեմիայի ակադեմիկոսներին եւ թղթակից անդամներին տրամադրվում է ցմահ պատվովճար, որի չափը սահմանում է Կառավարությունը: Պատվովճարը տրամադրվում է Ակադեմիայի այն անդամներին, որոնք ապրում եւ աշխատում են Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություն ծառայողական գործուղման են մեկնել մինչեւ երեք ամիս ժամկետով:
7. Ակադեմիայի ակադեմիկոսների, թղթակից անդամների, պատվավոր, օտարերկրյա անդամների եւ պատվավոր դոկտորների ընտրությունների կարգը, նրանց իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Ակադեմիայի կանոնադրությամբ:
8. Ակադեմիայի իսկական եւ թղթակից անդամների առավելագույն թիվը եւ մասնագիտությունները սահմանում է Կառավարությունը:
Հոդված 27. Բուհի կառավարման խորհրդի ձեւավորումը
1. Հանրային բուհի կառավարման խորհուրդը մշտապես գործող մարմին է, որի յուրաքանչյուր անդամ գործում է 5 տարի ժամկետով, եթե սույն օրենքով կամ կանոնադրությամբ սահմանված հիմքերով տվյալ անդամի լիազորությունները ավելի վաղ չի դադարեցվել: Խորհրդի անվանական կազմը հաստատում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը՝ կառավարման խորհրդի ձեւավորման պահանջների բավարար հիմքերի առկայության դեպքում:
2. Հանրային բուհի կառավարման խորհուրդը բաղկացած է 9 անդամից:
3. Հանրային բուհի կառավարման խորհուրդը ձեւավորվում է հետեւյալ համամասնությամբ՝
1) չորսը՝ բուհի ակադեմիական խորհրդի առաջադրմամբ բուհի հետ համագործակցող կազմակերպությունների, գիտամանկավարժական անձնակազմի եւ ուսանողության ներկայացուցիչներից, որոնց ներկայացվող պահանջները եւ առաջադրման կարգը սահմանվում է սույն հոդվածի 4-րդ մասով եւ բուհի կանոնադրությամբ,
2) հինգը՝ համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը՝ գործարարների, կրթության, գիտության, մշակույթի կամ գործատուների (բուհի մասնագիտական ոլորտը սպասարկող ոլորտների) ներկայացուցիչներից:
4. Հանրային բուհը կառավարման խորհրդի իր անդամի թեկնածուներին ներկայացվող պահանջները եւ առաջադրման, փոխարինման եւ լիազորությունները դադարեցնելու ընթացակարգը սահմանում է բուհի ակադեմիական խորհուրդը:
5. Հանրային բուհի խորհրդի գործող անդամի լիազորությունների ժամկետի ավարտից առնվազն մեկ ամիս առաջ, իսկ խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելու դեպքում՝ դադարման օրվանից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում, խորհրդի նախագահը այդ մասին տեղյակ է պահում բուհի ակադեմիական խորհրդին եւ համապատասխան լիազոր մարմնի ղեկավարին:
6. Կառավարման խորհրդի անդամի թափուր տեղի համալրումը կատարվում է առաջարկությունը ստանալու օրվան հաջորդող 5 օրյա ժամկետում:
Հոդված 28. Բուհի կառավարման խորհրդի նախագահը եւ անդամները
1. Կառավարման խորհրդի անդամները գործունեությունն իրականացնում են հասարակական հիմունքներով:
2. Կառավարման խորհրդի անդամներն իրավունք ունեն փոխհատուցում ստանալու այն ծախսերի դիմաց, որոնք կապված են կառավարման խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Հատուցվող ծախսերի չափը եւ փոխհատուցման կարգը սահմանում է Կառավարման խորհուրդը:
3. Կառավարման խորհրդի նախագահին իրենց կազմից ընտրում են խորհրդի անդամները՝ նիստին ներկա անդամների պարզ մեծամասնությամբ:
4. Կառավարման խորհրդի նախագահ կարող է լինել միայն բուհի հետ համագործակցող կազմակերպությունից կամ լիազոր մարմնի ղեկավարի կողմից նշանակված անդամը:
5. Կառավարման խորհրդի նախագահը՝
1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները,
2) գումարում է խորհրդի նիստերը եւ նախագահում է դրանք,
3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը,
4) իրականացնում է բուհի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
5. Միեւնույն անձը չի կարող երկու անգամ անընդմեջ ընտրվել տվյալ բուհի կառավարման խորհրդի նախագահ:
6. Կառավարման խորհրդի անդամ չի կարող լինել այն անձը, որը՝
1) դատապարտվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
2) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
3) որեւէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ է,
4) զբաղեցնում է քաղաքական պաշտոն,
5) տվյալ բուհում զբաղեցնում է վարչական պաշտոն,
6) տվյալ բուհի ակադեմիական խորհրդի անդամ է:
Հոդված 29. Հանրային բուհի կառավարման խորհրդի անդամի լիազորություների դադարեցումը եւ դադարումը
1. Հանրային բուհի կառավարման խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են՝
1) կառավարման խորհրդի անդամի պաշտոնի հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու դեպքում,
2) որեւէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ դառնալու դեպքում,
3) տվյալ բուհի ակադեմիական խորհրդի անդամ դառնալու դեպքում,
4) տարվա ընթացքում կառավարման խորհրդի նիստերին անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ չմասնակցելու դեպքում,
5) նրան նշանակած կամ ընտրած մարմնի կողմից նրան կառավարման խորհրդի անդամի պաշտոնից վաղաժամկետ ազատելու դեպքում,
6) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում,
7) նրա դիմումի համաձայն:
2. Կառավարման խորհրդի անդամի լիազորությունները դադարում են՝
1) նրա մահվան դեպքում,
2) նրան անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում,
3) լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում:
3. Կառավարման խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումը կայացնում է խորհուրդը:
4. Կառավարման խորհրդի անդամի լիազորությունները դադարում են համապատասխան հիմքը առաջանալու օրը, որի մասին հայտարարությունը հրապարակվում է բուհի կայքում:
Հոդված 30. Հանրային բուհի կառավարման խորհրդի լիազորությունները
1. Հանրային բուհի կառավարման խորհուրդը՝
1) հաստատում է իր աշխատակարգը,
2) ընտրում է բուհի կառավարման խորհրդի նախագահին եւ խորհրդի քարտուղարին,
3) հաստատում է ռեկտորի ընտրության կանոնակարգը,
4) կազմակերպում է ռեկտորի թեկածուի ընտրանքային գործընթացը, ընտրում եւ համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում ռեկտորի մինչեւ երեք թեկնածու,
5) օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում՝ որոշում է ռեկտորին անվստահություն հայտնելու եւ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին առաջարկությամբ դիմել համապատասխան լիազոր մարմնի ղեկավարին,
6) քննարկում եւ սահմանված կարգով որոշում է կայացնում ռեկտորի կողմից ներկայացված բուհի զարգացման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին,
7) քննարկում եւ սահմանված կարգով որոշում է կայացնում ռեկտորի կողմից ներկայացված՝ բուհի գործունեության տարեկան ծրագիրը, բուհի տարեկան բյուջեն ու դրա փոփոխությունները հաստատելու մասին,
8) ռեկտորի ներկայացմամբ քննարկում է բուհի գործունեության տարեկան ծրագրի, բուհի տարեկան բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունները, օրենսդրությամբ պահանջվող այլ ֆինանսական հաշվետվությունները եւ սահմանված կարգով որոշում է կայացնում դրանց վերաբերյալ,
9) ռեկտորի ներկայացրած բյուջեի նախագիծը կամ բյուջեի կատարման հաշվետվությունն երկու անգամ անընդմեջ չհաստատելու դեպքում՝ քննարկում եւ քվեարկում է ռեկտորին անվստահություն հայտնելու հարցը,
10) ռեկտորի ներկայացված բուհի գործունեության եւ զարգացման ծրագրի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարման խորհրդի կողմից երկու անգամ անընդմեջ չընդունվելու դեպքում՝ քննարկում եւ քվեարկում է ռեկտորին անվստահություն հայտնելու հարցը,
11) քննարկում եւ հավանություն է տալիս ռեկտորի առաջարկությանը՝ բուհի կանոնադրությամբ սահմանված խոշոր գործարքների վերաբերյալ, որոնց գումարային նվազագույն արժեքը սահմանում է խորհուրդը,
12) քննարկում եւ սահմանված կարգով որոշում է կայացնում տնտեսական ընկերություններ ստեղծելու կամ դրանցում մասնակցելու, ինչպես նաեւ մասնաճյուղեր եւ հիմնարկներ ստեղծելու ու դրանց կանոնադրությունները հաստատելու մասին,
13) քննարկում եւ սահմանված կարգով որոշում է կայացնում կառուցվածքային միավորներ ստեղծելու, վերակազմակերպելու եւ լուծարելու մասին,
14) հաստատում է ֆինանսական աուդիտ իրականացնող անձի ընտրությունը,
15) փոփոխություններ է կատարում բուհի կանոնադրության մեջ, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի,
16) որոշում է կայացնում կառավարման խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին՝ սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով,
17) կասեցնում կամ անվավեր է ճանաչում ռեկտորի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ բուհի կանոնադրությանը հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները եւ հանձնարարականները,
18) վերահսկում է իր որոշումների կատարման ընթացքը,
19) քննարկում եւ սահմանված կարգով որոշում է կայացնում բուհի կառուցվածքը հաստատելու մասին,
20) քննարկում եւ սահմանված կարգով որոշում է կայացնում բուհի հաստիքացուցակը հաստատելու մասին,
21) քննարկում եւ սահմանված կարգով հաստատում է ըստ կրթական ծրագրերի կազմակերպման ծառայության արժեքը (ուսումնառության վարձերի չափերը),
22) իրականացնում է օրենքով, բուհի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
2. Հանրային բուհի կառավարման խորհրդի նախագահի եւ անդամների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են բուհի կանոնադրությամբ:
3. Հանրային բուհի զարգացման ռազմավարական ուղղություններ սահմանելու, ոլորտային կրթական ծրագրեր ներդնելու, համագործակցության շրջանակը ընդլայնելու, համագործակցության պայմանագրեր կնքելու, բուհի ֆինանսատնտեսական գործունեությունը եւ ծախսային ուղղությունները սահմանելու եւ այլ կառավարչական որոշումները հիմնավորված կայացնելու նպատակով, կառավարման խորհուրդը կարող է ստեղծել ոլորտային հանձնաժողովներ, որոնց ձեւավորման եւ գործունեության կարգը սահմանում է կառավարման խորհուրդը: Ոլորտային հանձնաժողովների որոշումները կրում են խորհրդատվական բնույթ:
Հոդված 31. Բուհի ակադեմիական խորհուրդը
1. Ակադեմիական խորհուրդը բուհի ուսումնամեթոդական, գիտահետազոտական եւ գիտատեխնիկական գործունեության կառավարման մարմինն է:
2. Ակադեմիական խորհուրդը ձեւավորվում եւ գործում է 5 տարի ժամկետով, սույն օրենքին եւ բուհի կանոնադրությանը համապատասխան:
3. Ակադեմիական խորհրդի անդամների թիվը սահմանվում է բուհի կանոնադրությամբ:
4. Ակադեմիական խորհրդի կազմում ի պաշտոնե մտնում են ռեկտորը, որը ակադեմիական խորհրդի նախագահն է, պրոռեկտորները, մասնաճյուղերի ղեկավարները, բուհի համապատասխան կառուցվածքային միավորների ղեկավարներ, ակադեմիական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ուսանողական համակազմի ներկայացուցիչներ (կազմում են ակադեմիական խորհրդի անդամների ընդհանուր թվի 25%-ը) ու ընտրովի այլ անդամներ` բուհի կանոնադրությանը համապատասխան:
5. Բուհի ակադեմիական խորհուրդը՝
1) հաստատում է իր աշխատակարգը,
2) քննարկում է բուհում կրթության եւ գիտության զարգացման խնդիրները, մասնավորապես՝ ուսումնական գործընթացին, գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններին ու ծրագրերին, գիտական կադրերի պատրաստմանը, միջազգային գիտակրթական համագործակցությանը վերաբերող հարցերը եւ ընդունում դրանց վերաբերյալ որոշումներ,
3) ներկայացնում է առաջարկություններ կառավարման խորհրդին կառուցվածքային միավորներ ստեղծելու, վերակազմակերպելու եւ լուծարելու մասին ու հաստատում դրանց կանոնադրությունները,
4) ներկայացնում է առաջարկություններ բուհի կառուցվածքի եւ հաստիքացուցակի մասին,
5) քննարկում եւ սահմանված կարգով հաստատում է կրթական ծրագրերը (այդ թվում՝ կլինիկական ռեզիդենտուրայի),
6) քննարկում է ուսումնական եւ գիտական գործունեության գլխավոր եւ հեռանկարային ուղղությունները,
7) քննարկում եւ սահմանված կարգով հաստատում է հետազոտական եւ գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին հաշվետվությունները,
8) ընդունում է որոշում նոր կրթական ծրագրեր ստեղծելու եւ իրականացնելու մասին,
9) ընդունում է պատվավոր կոչումներ շնորհելու եւ մրցանակներ տալու մասին որոշումներ,
10) քննարկում եւ հաստատում է բուհի դեկանների, ամբիոնների վարիչների ու ակադեմիական կազմի ընտրության կանոնակարգերը,
11) քննարկում եւ հաստատում է բուհի ներքին կարգապահական կանոնները,
12) քննարկում եւ հաստատում է ակադեմիական բարեվարքության կանոնակարգը,
13) քննարկում եւ հաստատում է բուհի ուսանողների, ակադեմիական եւ վարչական կազմի ակադեմիական շարժունության կարգը,
14) քննարկում եւ հաստատում է բուհի կանոնադրությամբ նախատեսված ու բուհի գիտակրթական գործունեությունը եւ ուսումնական գործընթացի կազմակերպումը (այդ թվում՝ լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ ուսումնառության) կանոնակարգող ներքին կանոնակարգեր, կարգեր, ընթացակարգեր, ուղեցույցներ եւ այլ փաստաթղթեր,
15) քննարկում եւ հաստատում է բուհի կողմից ուսանողներին տրամադրվող ուսումնառության կրթաթոշակների (այդ թվում՝ միջբուհական պայմանագրերով օտարերկրյա քաղաքացիներին) ու ուսումնառության նպաստների տրամադրման, ինչպես նաեւ ուսանողական ֆինանսական խրախուսման կարգը, պահանջները եւ չափանիշները,
16) իրականացնում է բուհի կանոնադրությունից բխող ուսումնական, մեթոդական եւ գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ լիազորություններ:
6. Ակադեմիական խորհուրդը կարող է ունենալ մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովներ, որոնց ստեղծման եւ գործունեության կարգը սահմանվում է ակադեմիական խորհրդի որոշմամբ:
Հոդված 32. Հանրային բուհի ռեկտորը
1. Հանրային բուհի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է կառավարման գործադիր մարմինը՝ ռեկտորը:
2. Հանրային բուհի ռեկտորի (այդ թվում՝ մասնաճյուղի տնօրենի) պաշտոնում կարող է ընտրվել եւ նշանակվել այն անձը, որն ունի գիտական աստիճան եւ՝
1) բուհում դասավանդման եւ վարչական աշխատանքի առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ կամ,
2) գիտական եւ ղեկավար աշխատանքի առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ կամ,
3) բարձրագույն կրթության կամ գիտության համակարգի ղեկավար աշխատանքի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
4) ղեկավար աշխատանքի առնվազն 5 եւ բուհում դասավանդման առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ:
3. Բուհի ռեկտորի (մասնաճյուղի տնօրենի) պաշտոնում ընտրված (նշանակված) անձի լիազորությունները դադարեցվում են, եթե լրացել է նրա 65 տարին կամ հրաժարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից:
4. Սույն օրենքի 29-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ կետի հիմքերով՝ խորհուրդը իր հիմնավոր որոշումով կարող է անվսհատություն հայտնել ռեկտորին եւ առաջարկել համապատասխան լիազոր մարմնի ղեկավարին՝ վաղաժամկետ դադարեցնել տնօրենի հետ կնքված պայմանագրի գործողությունը:
5. Հանրային բուհի ռեկտորն ընտրվում է կառավարման խորհրդի կողմից՝ ընտրանքային կարգով: Ընտրանքային փուլին մասնակցած եւ փակ գաղտնի քվերակության արդյունքում մրցույթը հաղթահարած մինչեւ երեք թեկնածու կարող են խորհրդի որոշումով առաջարկվել համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի հաստատմանը: Նշանակված ռեկտորի հետ լիազոր մարմնի ղեկավարը 5 տարի ժամկետով կնքում է սահմանված նմուշի պայմանագիր:
6. Հանրային բուհի մասնաճյուղի տնօրենին նշանակում է տվյալ բուհի ռեկտորը՝ 5 տարի ժամկետով:
7. Բուհի ռեկտորը (մասնաճյուղի տնօրենը) իր պաշտոնավարման ընթացքում չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ հիմնադիր, կուսակցությունում պաշտոն զբաղեցնել, կուսակցության անունից ունենալ ելույթներ, դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն:
8. Ռեկտորի լիազորությունների ժամկետի ավարտից ոչ շուտ, քան երեք վեց եւ ոչ ուշ, քան երկու երեք ամիս առաջ հայտարարվում է ռեկտորի ընտրություն: Նոր ռեկտորը ստանձնում է իր պարտականությունների կատարումը բուհի գործող ռեկտորի լիազորությունների ժամկետի ավարտի կամ մինչ այդ մեկ այլ հիմքով հաստիքը թափուր մնալու հաջորդող օրը:
9. Ռեկտորի թափուր հաստիք առաջանալու դեպքում կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ համապատասխան հիմքը առաջանալու օրվանից ոչ ուշ, քան տասը աշխատանքային օրվա ընթացքում: Ռեկտորի թափուր հաստիք առաջանալու դեպքում մինչեւ սույն օրենքով եւ բուհի կանոնադրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունը՝ ռեկտորի պարտականությունների կատարումը բուհի կառավարման խորհրդի որոշմամբ դրվում է պրոռեկտորներից մեկ վրա:
10. Ռեկտորը՝
1) բուհի կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է բուհի գույքը (այդ թվում՝ ֆինանսական միջոցները) եւ կնքում գործարքներ բուհի անունից,
2) ներկայացնում է բուհը Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում,
3) բուհի անունից հանդես է գալիս առանց լիազորագրի եւ տալիս է բուհի անունից հանդես գալու լիազորագրեր,
4) ձեւավորում է ռեկտորին կից խորհրդատվական մարմիններ, սահմանում դրանց կազմն ու լիազորությունները,
5) ակադեմիական խորհրդի հաստատմանն է ներկայացնում բուհի կառուցվածքային միավորների կանոնադրությունները (այդ թվում` օրինակելի),
6) աշխատանքի է նշանակում եւ աշխատանքից ազատում բուհի աշխատողներին,
7) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է հանձնարարականներ եւ վերահսկում դրանց կատարումը,
8) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի եւ կարգապահական պատասխանատվության միջոցներ,
9) կառավարման խորհրդի հաստատմանն է ներկայացնում բուհի հաստիքացուցակը եւ կառուցվածքը,
10) ապահովում է բուհի բնականոն գործունեությունը,
11) ապահովում է բուհի գույքի եւ ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարումը,
12) կառավարման խորհրդի կողմից հաստատվելուց հետո, մինչեւ ընթացիկ տարվա մայիսի 1-ը բուհի կայքում հրապարակում է բուհի նախորդ տարվա ֆինանսական հաշվետությունը,
13) մինչեւ հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ը, բուհի կայքում հրապարակում է տարեկան աուդիտի եզրակացությունը,
14) ապահովում է բուհի ֆինանսական հաշվետվողականության պահանջների կատարումը,
15) ակադեմիական խորհրդին է ներկայացնում բուհի գործունեության մասին տարեկան հաշվետվությունը,
16) կառավարման խորհրդի հաստատմանն է ներկայացնում բուհի ռազմավարական ծրագիրը,
17) լիազոր մարմնի ղեկավարիհաստատմանն է ներկայացնում նոր կրթական ծրագրեր ստեղծելու եւ իրականացնելու մասին առաջարկությունները,
18) իրականացնում է սույն օրենքով, բուհի կանոնադրությամբ եւ աշխատանքային պայմանագրով նախատեսված այլ գործառույթներ:
11. Բուհի պրոռեկտորները (մասնաճյուղի տնօրենի տեղակալները) նշանակվում են ռեկտորի (մասնաճյուղի տնօրենի) կողմից եւ ռեկտորը նրանց հետ կնքում է աշխատանքային պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
12. Ռեկտոր (մասնաճյուղի տնօրեն) չի կարող ընտրվել կամ նշանակվել այն անձը, որը՝
1) որեւէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ է կամ զբաղեցնում է քաղաքական պաշտոն,
2) դատապարտվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ:
13. Նոր ստեղծվող կամ վերակազմավորման, բաժանման, միաձուլման ձեւով վերակազմակերպվող բուհում մինչեւ կառավարման խորհրդի ձեւավորումը՝ համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը մինչեւ մեկ տարի ժամկետով նշանակում է ռեկտորի պաշտոնակատար՝ որը համապատասխանում է սույն օրենքով ռեկտորին ներկայացվող պահանջներին:
ԳԼՈՒԽ 5
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 33. Բարձրագույն կրթության եւ գիտության համակարգի ֆինանսավորումը
1. Բարձրագույն կրթության եւ գիտության համակարգի ֆինանսավորման աղբյուրներն են՝
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստացված ֆինանսավորումը,
2) այլ աղբյուրներից ստացված դրամաշնորհները,
3) վճարովի ուսուցման ծառայություններից ստացված եկամուտները,
4) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները,
5) վարկային միջոցները,
6) գիտական արդյունքի ներդրումից եւ իրացումից գոյացած միջոցները,
7) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նվիրատվությունները եւ նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները եւ նվիրաբերությունները,
8) այլ պետություններից ստացված ֆինանսավորումը,
9) օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված միջոցները:
2. Բուհերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կարող են ֆինանսավորվել հետեւյալ ձեւերով՝
1) ինստիտուցիոնալ ֆինանսավորում, որը հատկացվում է հանրային բուհերին ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաեւ կրթության որակի բարելավման նպատակով, եւ կախված չէ բուհին տրամադրվող պետական ուսումնառության կրթաթոշակների թվից: Ինստիտուցիոնալ ֆինանսավորման բաղկացուցիչ են նաեւ բուհի գործունեության կատարողականի արդյունքային ցուցանիշները,
2) ուսումնառության կրթաթոշակների տրամադրում՝ կրթաթոշակի ձեւով ուսումնառության վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում բուհ ընդունելության արդյունքների կամ ուսումնառության ընթացքում ցուցաբերած առաջադիմության հիմքով այն ուսանողներին, որոնք բավարարում են կրթաթոշակի ստացման սահմանված պահանջներին եւ չափանիշներին կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նպատակային ուսումնառության համար կնքել են համապատասխան պայմանագիր,
3) ուսումնառության նպաստների տրամադրում՝ նպաստի ձեւով ուսումնառության վարձի փոխհատուցում սոցիալապես խոցելի կամ այլ առանձին խմբերի այն ուսանողներին, որոնք բավարարում են նպաստի ստացման սահմանված պահանջներին եւ չափանիշներին,
4) ուսանողական ֆինանսական խրախուսում՝ ուսուցման հետ կապված այլ ծախսերի կամ ակադեմիական եւ հետազոտական ձեռքբերումների համար լավագույն ուսանողների ֆինանսական աջակցություն, որոնք բավարարում են ֆինանսական խրախուսման սահմանված պահանջներին եւ չափանիշներին,
5) մրցակցային ֆինանսավորում, որը տրամադրվում է բուհի զարգացմանն ուղղված նորարարական-նպատակային ծրագրերի ֆինանսավորման համար՝ մրցութային հիմունքներով,
6) նպատակային ֆինանսավորում՝ պետության կողմից կոնկրետ միջոցառումների իրականացման համար տրամադրվող ֆինանսավորում:
3. Գիտահետազոտական գործունեության պետական բյուջետային ֆինանսավորման ձեւերն են բազային, գիտական նպատակային եւ գիտական դրամաշնորհային`
1) բազային ֆինանսավորումը հատկացվում է հանրային բուհերին եւ հանրային գիտական կազմակերպություններին` հետազոտական աշխատանքների իրականացման, գիտահետազոտական գործունեության ենթակառուցվածքի զարգացման, ազգային արժեք ներկայացնող գիտական ենթակառուցվածքների պահպանման ու զարգացման եւ գիտության կազմակերպման նպատակով,
2) գիտական նպատակային ֆինանսավորումն իրականացվում է մրցութային հիմունքներով եւ հատկացվում է գիտական կազմակերպություններին` գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման գերակա ուղղություններին համապատասխանող համալիր ծրագրերի իրականացման նպատակով,
3) գիտական դրամաշնորհային ֆինանսավորումն իրականացվում է մրցութային հիմունքներով եւ հատկացվում է գիտական աշխատողներին ու գիտահետազոտական խմբերին` դրանց նախաձեռնությամբ ներկայացված հետազոտական ծրագրերի իրականացման նպատակով:
4. Պետական բյուջեից ուսումնառության կրթաթոշակ կարող է տրամադրվել միայն հավատարմագրված կրթական ծրագրերի շրջանակներում բարձրագույն կրթություն ստացող ուսանողների կրթության ֆինանսավորման համար:
5. Գիտահետազոտական եւ գիտատեխնիկական գործունեության նպատակով պետական բյուջեից ֆինանսավորումն իրականացվում է գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության հիման վրա: Գիտահետազոտական եւ գիտատեխնիկական գործունեության պետական բյուջետային ֆինանսավորման ժամկետների համար սահմանվում են 2-5 տարի բազային եւ նպատակային ծրագրերի ու 1-5 տարի՝ գիտական դրամաշնորհների իրականացման համար:
6. Հիմնարար եւ կիրառական գիտական հետազոտությունների համար հատկացումները նախատեսվում են Կառավարության կողմից հաստատված ծրագրերի հիման վրա: Հիմնարար եւ կիրառական գիտական հետազոտությունների ծրագրի համար ֆինանսավորում նախատեսվում է ծրագրի ամբողջ ժամանակահատվածի համար ու ծրագրով նախատեսված միջանկյալ արդյունքների ապահովման դեպքում չի կարող ընդհատվել հաջորդ բյուջետային տարիներին:
7. Գիտության առանձին բնագավառներում հետազոտությունների իրականացման համար դրամաշնորհային միջոցները մրցութային կարգով տրամադրվում են՝
1) բուհին կամ գիտական կազմակերպությանը,
2) բուհի ակադեմիական կազմի կամ գիտական կազմակերպության գիտական աշխատողների առանձին ներկայացուցիչներին,
3) բուհի ակադեմիական կազմի կամ գիտական կազմակերպության ներկայացուցիչներից կազմված խմբերին:
8. Բուհը կամ գիտական կազմակերպությունը պարտավոր է ապահովել սույն հոդվածի 7-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված սուբյեկտների կողմից իրականացվող հետազոտական աշխատանքների ֆինանսաբանկային եւ հաշվապահական սպասարկումը:
9. Պետական ֆինանսավորում ստացող բուհը եւ գիտական կազմակերպությունը պարտավոր են Կառավարության սահմանած կարգով յուրաքանչյուր տարի լիազոր մարմնին ներկայացնել հաշվետվություն՝ տրամադրված միջոցների ծախսման վերաբերյալ:
Հոդված 34. Բուհի եւ գիտական կազմակերպության գործունեության նյութատեխնիկական հիմքերը
1. Հայաստանի Հանրապետության հանրային բուհի եւ հանրային գիտական կազմակերպության հիմնադիրը (հիմնադիրները) կանոնադրությամբ նախատեսված գործունեության ապահովման նպատակով բուհին սեփականության կամ անժամկետ օգտագործման (անհատույց) իրավունքով կարող է տրամադրել շենքեր, շինություններ, տրանսպորտ, հողամասեր, սարքավորումներ, ինչպես նաեւ սպառողական, սոցիալական, մշակութային եւ այլ նշանակության անհրաժեշտ գույք:
2. Բուհին եւ գիտական կազմակերպությանն անժամկետ օգտագործման (անհատույց) իրավունքով տրված գույքը չի կարող լինել գրավի առարկա, ինչպես նաեւ չի կարող փոխանցվել կամ հանձնվել այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց որպես սեփականություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
3. Բուհը եւ գիտական կազմակերպությունը սեփականության իրավունք ունի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից բուհին նվիրատվության կամ կտակի ձեւով փոխանցված դրամական միջոցների, գույքի եւ սեփականության այլ օբյեկտների, բուհի եւ գիտական կազմակերպության գործունեության արդյունք համարվող մտավոր ու ստեղծագործական աշխատանքի արդյունքների, օրենքով չարգելված այլ աղբյուրների, ինչպես նաեւ սեփական գործունեությունից ստացված եկամուտների եւ այդ եկամուտների հաշվին ձեռք բերված գույքի նկատմամբ:
4. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները բուհերին եւ գիտական կազմակերպություններին կարող են անհատույց կամ հատուցելի կարգով օգտագործման հանձնել ուսումնական տարածքներ եւ հողամասեր ու այլ գույք:
5. Հանրային բուհերը եւ հանրային գիտական կազմակերպությունները հաշվետու տարվա գործունեության արդյունքներով շահույթ ձեւավորելու դեպքում զուտ շահույթի առնվազն 5 տոկոսի չափով ձեւավորում են պահուստային ֆոնդ՝ ապագա ռիսկերի առաջացման եւ այլ ֆորս-մաժորային իրավիճակներում օգտագործելու համար: Պահուստային ֆոնդի օգտագործման կարգը սահմանում է բուհի կառավարման խորհուրդը:
6. Կառավարման խորհրդի որոշմամբ հանրային բուհի կամ հանրային գիտական կազմակերպության պահուստային ֆոնդի գումարները կարող են ներդրվել պետական պարտատոմսերում կամ առեւտրային բանկերում որպես ավանդ: Ներդրումներից ստացված եկամուտը բուհը կարող է օգտագործել իր ռազմավարական զարգացման ծրագրի իրականացման համար:
7. Հանրային բուհը եւ հանրային գիտական կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված տարածքները հանձնել վարձակալության կրթական, հրատարակչական, գիտահետազոտական եւ գիտատեխնիկական գործունեություն ծավալող, ինչպես նաեւ բուհին կամ գիտական կազմակերպությանը ծառայություններ մատուցող կազմակերպություններին: Ամրացված տարածքները վարձակալության հանձնելու արդյունքում ստացված վճարները բուհի սեփականությունն են:
Հոդված 35. Ուսանողների ուսումնառության վարձը, ուսումնառության կրթաթոշակի կամ ուսումնառության նպաստի ձեւով փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող ուսանողները
1. Բուհերը կրթական ծառայություններ մատուցելու համար կարող են սահմանել ըստ կրթական ծրագրերի ուսումնառության վարձերը եւ որոշել դրանց չափերը:
2. Բուհերը կարող են նաեւ հաստատության կողմից սահմանված կարգով լրացուցիչ ծառայությունների մատուցման համար գանձել ծառայության վճարներ, որոնց սահմանման անհրաժեշտությունը եւ չափը հաստատում է տվյալ բուհի կառավարման խորհուրդը` ռեկտորի ներկայացմամբ:
3. Արգելվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ուսումնառությունը կազմակերպելու նպատակով անհրաժեշտ ծառայությունների մատուցման համար գանձել հավելյալ վճարներ:
4. Կրթական ծրագրերի օտար լեզվով ուսուցման կազմակերպման դեպքում, բուհի կողմից կարող է սահմանվել ուսումնառության վարձի ավելի բարձր չափ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
5. Արգելվում է բուհերի վճարովի ուսուցմամբ ուսումնառող՝ Արցախի Հանրապետության եւ Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված եւ բնակվող հայազգի, Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված եւ ապաստան ստացած անձանց, ինչպես նաեւ ծագումով հայ այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է նրանց կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ, կիրառել ուսումնառության վարձի ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ բուհում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար: Սույն մասում նշված արտակարգ իրավիճակի առկայությունը հավաստվում է արտաքին քաղաքականության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:
6. Բարձրագույն կրթության առաջին եւ երկրորդ մակարդակների պետության կողմից տրամադրվող ուսումնառության կրթաթոշակ ստացող ուսանողն այն ստանում է տվյալ մակարդակում կրթության ամբողջ ժամանակահատվածի համար եւ բարձրագույն կրթության առաջին մակարդակի դեպքում զրկվում է չորս կիսամյակ (բարձրագույն կրթության երկրորդ մակարդակի դեպքում՝ երկու կիսամյակ) անընդմեջ տվյալ կրթական ծրագրի համար բուհի կողմից սահմանված միջին որակական գնահատականի 20 տոկոսով պակաս ունենալու դեպքում: Ուսումնառության կրթաթոշակից զրկվելու դեպքում ուսումնառության կրթաթոշակ տրամադրելու իրավասությունը վերապահվում է տվյալ բուհին:
7. Պետության կողմից տրամադրվող ուսումնառության կրթաթոշակի կարող են հավակնել միայն լրիվ բեռնվածությամբ սովորող ուսանողները: Ուսումնառությունը մասնակի բեռնվածությամբ շարունակելու դեպքում ուսանողը զրկվում է պետության կողմից ուսումնառության կրթաթոշակ ստանալու հնարավորությունից:
8. Պետության կողմից տրամադրվող ուսումնառության կրթաթոշակ ուսանողի տրվում է տարեկան լրիվ ուսումնական բեռնվածության 100 տոկոս գումարային կրեդիտներին համապատասխան:
9. Պետական բյուջեից ֆինանսավորում (ուսումնառության կրթաթոշակի ձեւով՝ ուսումնառության վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ) չեն կարող ստանալ.
1) այն անձինք, որոնք կրկնաբար ուսումնառում են նույն կամ ցածր մակարդակի կրթական ծրագրով, եթե նրանք ձեռք են բերել այդ կրթական ծրագրի կրեդիտների կեսից ավելին պետական բյուջեի միջոցներով, բացառությամբ՝ Կառավարության կողմից սահմանված դեպքերի,
2) այն անձինք, որոնք միաժամանակ սովորում են երկու կամ ավելի կրթական ծրագրերով, որոնք շնորհում են նույն կրթական մակարդակի աստիճան կամ աստիճան չշնորհող կրթական ծրագրերով, եթե դրանցից առնվազն մեկով նրանց ուսումնառությունը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներով (նրանք վճարում են երկրորդ կամ այլ կրթական ծրագրերի համար),
3) այն անձինք, որոնք կրկնաբար ուսումնասիրում են կրթական ծրագրի առանձին դասընթացներ (նրանք վճարում են դասընթացի (մոդուլի) ծավալին համաչափ ուսումնառության վարձ),
4) այն անձինք, որոնք սովորում են ոչ ֆորմալ կրթական ծրագրերով (նրանք վճարում են դասընթացի (մոդուլի) ծավալին համաչափ ուսումնառության վարձ),
5) այն անձինք, որոնք սովորում են Հայաստանի Հանրապետությունում գործող օտարերկրյա պետությունների բուհերի մասնաճյուղերում, բացառությամբ՝ միջազգային պայմանագրերով ստեղծված մասնաճյուղերի,
6) այն անձինք, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, սակայն բուհ են ընդունվել օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված կարգով,
7) Կառավարության կողմից սահմանված այլ դեպքերում:
10. Բուհը վճարովի ուսուցմամբ սովորող ուսանողական համակազմի առնվազն 10 տոկոսին, ուսանողների ուսումնառության վարձերից գոյացած բյուջեի առնվազն 5 տոկոսի չափով իրականացնում է ուսումնառության վարձի փոխհատուցում:
11. Պետական բյուջեից ֆինանսական աջակցություն կարող է ստանալ Կառավարության կողմից առաջատար ճանաչված օտարերկրյա բուհում Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթություն հանդիսացող կրթական ոլորտներում բարձրագույն կրթություն ստացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
12. Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում գործող բուհերում պետության կողմից ուսումնառության կրթաթոշակի ձեւով ուսումնառության վարձի լրիվ փոխհատուցմամբ բարձրագույն կրթություն կարող են ստանալ միջպետական պայմանագրերով նախատեսված կրթաթոշակային տեղերի շրջանակներում կամ սույն օրենքի 17-րդ հոդվածի դրույթներին համապատասխան բուհ ընդունվելու դեպքում:
13. Պետության եւ բուհի կողմից տրվող ուսումնառության կրթաթոշակներին հավակնելու դեպքում ուսանողը կարող է օգտվել դրանցից միայն մեկից, որի դեպքում կիրառվում է լրիվ կամ մասնակի փոխհատուցման առավելագույն չափը:
14. Բուհն ուսանողներին կարող է տրամադրել ուսումնառության կրթաթոշակներ, ուսումնառության նպաստներ եւ ուսանողական ֆինանսական խրախուսում, ինչպես նաեւ կարող է սահմանել ուսումնառության վարձի վճարման պարբերականություն:
15. Բուհերն ուսանողների տվյալ տարվա ուսման վարձի փոխհատուցման եւ ուսանողական ֆինանսական խրախուսումների տրամադրման վերաբերյալ մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 1-ը ներկայացնում են հաշվետվություն լիազոր մարմին:
16. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համապատասխան պայմանագիր կնքած քաղաքացիների ուսումնառությունը կազմակերպվում է պետության կողմից ուսումնառության կրթաթոշակների ձեւով ուսումնառության վարձի լրիվ փոխհատուցմամբ:
ԳԼՈՒԽ 6
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ
Հոդված 36. Ուսանողները, ուսանողների ներկայացուցչական մարմինները եւ միավորումները
1. Ուսանողը կարող է իր հայեցողությամբ ընտրել կրթական ծրագիրը, զբաղվել հետազոտություններով, ցանկացած կրթական մակարդակում ընդհատել կամ շարունակել բարձրագույն կրթությունը:
2. Բուհի կանոնադրությամբ կամ ուսանողների նախաձեռնությամբ կարող է բուհում ստեղծել ուսանողական տարբեր կառույցներ եւ միավորումներ:
3. Ուսանողն իրավունք ունի՝
1) բուհի սահմանած կարգով ընտրելու տվյալ կրթական ծրագրով նախատեսված դասընթացներ (ուսումնական մոդուլներ),
2) բացի ընտրած կրթական ծրագրի ուսումնական մոդուլներից գրանցվելու ուսումնական ցանկացած այլ մոդուլի, որը դասավանդվում է տվյալ կամ ցանկացած այլ բուհում՝ այդ բուհի կանոնադրությամբ սահմանված կարգով,
3) համաձայն բուհի սահմանած ընթացակարգի՝ անվճար օգտվելու գրադարաններից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, բուժական եւ այլ ծառայություններից, մասնակցելու հետազոտական աշխատանքներին եւ գիտակրթական միջոցառումներին,
4) օգտվելու ուսումնառության կրթաթոշակ ստանալու իրավունքից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
5) ծանոթանալու բուհի կանոնադրությանը եւ այլ իրավական ակտերին,
6) լիազոր մարմնի ղեկավարիսահմանած կարգով ստանալու ակադեմիական արձակուրդ մինչեւ մեկ տարի ժամկետով,
7) տվյալ ուսումնական տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ, գտնվելու արձակուրդում,
8) տեղափոխվելու մեկ այլ բուհ ուսումնառելու կամ ուսումնառության առանձին փուլեր իրականացնելու (ներառյալ՝ օտարերկրյա պետությունների բուհերում),
9) ստանալու բարոյական կամ նյութական խրախուսանք` բուհի սահմանած կարգով,
10) բուհի սահմանած կարգով անցնելու ուսումնական, մասնագիտական եւ հետազոտական պրակտիկա համապատասխան հիմնարկներում եւ կազմակերպություններում, Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում,
11) լիազոր մարմնի ղեկավարիսահմանված կարգով շարունակելու ուսումնառությունը տվյալ կամ մեկ այլ բուհի կրթական ծրագրով, իր ուսումնառած կրթական ծրագրերից որեւէ մեկի դադարեցման դեպքում,
12) օրենքով կամ բուհի կանոնադրությամբ նախատեսված կարգով լիիրավ մասնակցելու բուհի համապատասխան կառավարման մարմինների աշխատանքներին,
13) մասնակցելու ուսանողների կողմից բուհի ակադեմիական կազմի աշխատանքի որակի եւ առաջարկվող դասընթացների գնահատման հարցումներին,
14) միավորվելու ուսանողական ինքնակառավարման մարմիններում:
4. Ուսանողը պարտավոր է՝
1) կատարել բուհի կանոնադրությամբ եւ ներքին կարգապահական կանոններով սահմանված պարտականությունները,
2) ուսումնառության պայմանագրով նախատեսված ժամկետներում եւ կարգով վճարել ուսումնառության վարձը,
3) պահպանել բուհի կողմից սահմանված ակադեմիական բարեվարքության կանոնակարգի պահանջները:
5. Ուսանողն ունի սույն օրենքով եւ այլ օրենքներով, ինչպես նաեւ բուհի կանոնադրությամբ, բուհի եւ ուսանողի միջեւ կնքված պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ եւ պարտականություններ:
6. Բուհի կանոնադրությամբ եւ ներքին կարգապահական կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքում ուսանողի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր՝ ընդհուպ բուհից հեռացնելը:
7. Ուսանողը չի կարող հեռացվել ակադեմիական արձակուրդի կամ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ընթացքում:
8. Ուսանողն իրավունք ունի բուհի կանոնադրությամբ եւ ներքին իրավական ակտերով սահմանված կարգով բողոքարկելու բուհի ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները: Ուսանողն իր իրավունքները կարող է պաշպանել նաեւ դատական կարգով:
9. Բարձրագույն կրթության համապատասխան մակարդակի ամփոփիչ ատեստավորումը հանձնած եւ բուհի ներքին իրավական ակտերով ու ուսումնառության պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած ուսանողները սահմանված կարգով ազատվում են բուհից եւ դադարում են ունենալ ուսանողի կարգավիճակ:
10. Կրթությունը ընդհատած նախկին ուսանողը, անկախ ընդհատման պատճառից եւ ժամկետից, իրավունք ունի բուհի կողմից սահմանված կարգով վերականգնելու ուսանողի իր կարգավիճակը:
11. Բուհերում ուսանողական ինքնակառավարման մարմինները գործում են սույն օրենքի ու բուհի կանոնադրության, ինչպես նաեւ ուսանողական խորհրդի՝ բուհի ակադեմիական խորհրդի կողմից հաստատած կանոնադրության հիման վրա:
12. Բուհի ուսանողական խորհուրդը՝
1) բուհում եւ դրա համապատասխան կառուցվածքային միավորներում գործում է որպես ուսանողական ինքնակառավարման ընտրովի ներկայացուցչական մարմին, որը միավորում է բուհի ուսանողներին եւ իրականացնում նրանց ինքնակառավարման իրավունքը՝ ելնելով նրանց շահերից, կարիքներից, իրավունքներից եւ պարտականություններից,
2) իր գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում է կամավորության, կոլեգիալության եւ հրապարակայնության, ուսանողական ինքնակառավարման մարմնի ընտրության եւ հաշվետվողականության, ուսանողական մարմինների աշխատանքներում ուսանողների, կլինիկական ռեզիդենտների մասնակցության հավասարության, քաղաքական կուսակցությունների եւ կրոնական կազմակերպությունների (բացառությամբ հոգեւոր բուհերի) ազդեցությունից անկախության սկզբունքներով,
3) սատարում եւ իրականացնում է գիտական եւ կրթական ոլորտներում ուսանողության նախաձեռնությունները,
4) կազմակերպում է ուսանողական գիտաժողովների, սեմինարների եւ գիտահետազոտական այլ ուղղվածություն ունեցող միջոցառումներ,
5) ապահովում է գիտական խմբերում եւ գիտական ծրագրերում ուսանողների ընդգրկվածությունը,
6) աջակցում է ուսանողների հետազոտական աշխատանքների հրապարակմանը,
7) ապահովում է ուսանողական ինքնավարության եւ ուսանողական ինքնակառավարման գործընթացները բուհի ողջ ուսանողության շրջանում, արտահայտում եւ պաշտպանում է կրթություն ստացողների շահերը՝ նպաստելով նրանց հասարակական, մտավոր, մշակութային, բարոյական եւ հոգեւոր զարգացմանը,
8) աջակցում է ուսուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը,
9) կարող է դառնալ նաեւ համապատասխան միջազգային կազմակերպության անդամ կամ այդ կազմակերպությունների հետ զարգացնել համագործակցություն:
13. Ուսանողական խորհրդի ֆինանսավորման չափը սահմանում է բուհի կառավարման խորհուրդը, բայց ոչ պակաս, քան ուսանողների ուսումնառության վարձերից գոյացած բյուջեի առնվազն 0.2 տոկոսի չափով:
14. Բուհի ուսանողական մարմինները պարտավոր են առնվազն տարին մեկ անգամ բուհի համապատասխան կառավարման մարմիններում ներկայացնել հրապարակային հաշվետվություն իրենց գործունեության արդյունքների, միջոցների եւ ծախսերի նախահաշվի կատարման վերաբերյալ՝ այն տեղադրելով նաեւ բուհի կամ իրենց կայքում:
Հոդված 37. Բուհի եւ գիտական կազմակերպության աշխատողները, նրանց իրավունքներն ու պարտականությունները
1. Բուհի (մասնաճյուղի) եւ գիտական կազմակերպության աշխատողների ընտրության, նշանակման, առաջխաղացման եւ վերանշանակման չափանիշներն ու պայմանները, իրավունքներն ու պարտականությունները ու դրանց առնչվող դրույթներն ամրագրվում են բուհի եւ գիտական կազմակերպության կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով եւ համապատասխան ներքին այլ իրավական ակտերով՝ սույն հոդվածի ընդհանուր դրույթներին համապատասխան, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջները:
2. Բուհում սահմանվում են՝ ակադեմիական (պրոֆեսոր, դոցենտ, ավագ դասախոս, դասախոս, ասիստենտ, իսկ ռազմաուսումնական հաստատությունում` ամբիոնի պետ, ցիկլի պետ, խմբի պետ, պրոֆեսոր, դոցենտ, ավագ դասախոս, դասախոս, ասիստենտ), իսկ բուհում եւ գիտական կազմակերպությունում՝ գիտական (գլխավոր գիտական աշխատող, առաջատար գիտական աշխատող, ավագ գիտական աշխատող, գիտական աշխատող, կրտսեր գիտական աշխատող) կազմ, վարչական, ինժեներատեխնիկական, ուսումնաօժանդակ, արտադրական եւ այլ կազմի աշխատողներ:
3. Բուհ եւ գիտական կազմակերպության առանձնահատկություններից ելնելով տվյալ կազմակերպությունը կարող է սահմանել այլ պաշտոններ:
4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ակադեմիական կազմի եւ գիտական աշխատողների պաշտոններին ներկայացվող հիմնական չափանիշները սահմանում է կառավարությունը՝ հաշվի անելով տվյալ բուհի, կրթության մակարդակի եւ ոլորտի կրթական ծրագրերի առանձնահատկությունները:
5. Բուհի կանոնադրությամբ ամրագրվում են նաեւ առանցքային վարչական պաշտոններ զբաղեցնող անձանց՝ ռեկտորի տեղակալների (պրոռեկտորների, ռազմաուսումնական հաստատության պետի տեղակալների,), կառուցվածքային միավորների ղեկավարների, ղեկավար վարչական աշխատակազմի եւ նմանատիպ այլ պաշտոնների իրավունքներն ու պարտականությունները:
6. Սույն օրենքի 5-րդ մասով սահմանված վարչական պաշտոններում չեն կարող ընտվել (նշանակվել) այն անձինք, որոնք ընդգրկված են կուսակցական եւ քաղաքական ղեկավար մարմիններում կամ պետական պաշտոններում:
7. Վարչական պաշտոն զբաղեցնող կամ կառավարման գործառույթներ իրականացնող անձինք կարող են իրականացնել նաեւ ակադեմիական գործունեություն:
8. Վարչական պաշտոն զբաղեցնող անձը չի կարող զբաղեցնել վարչական կամ կառավարման գործառույթներ իրականացնող այլ պաշտոն:
9. Ֆակուլտետի դեկանի (կառուցվածքային միավորի ղեկավար, ռազմաուսումնական հաստատության ֆակուլտետի պետ) եւ դեկանի տեղակալի,ամբիոնի վարիչի գործունեությունը համարվում է վարչական աշխատանք:
10. Ֆակուլտետի ղեկավարումն իրականացվում է դեկանի կողմից, որը պետք է ունենա ֆակուլտետի ուղղվածությանը համապատասխան գիտական աստիճան: Նույն անձն իրավունք ունի այդ պաշտոնը զբաղեցնելու 5 տարի ժամկետով՝ ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ, այդ թվում ֆակուլտետի կառուցվածքային փոփոխության դեպքում:
11. Ամբիոնի ղեկավարումն իրականացվում է ամբիոնի վարիչի կողմից, որը պետք է ունենա ամբիոնի ուղղվածությանը համապատասխան գիտական աստիճան: Նույն անձն իրավունք ունի այդ պաշտոնը զբաղեցնելու 5 տարի ժամկետով՝ ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ, այդ թվում ամբիոնի կառուցվածքային փոփոխության դեպքում:
12. Բուհի՝ որոշակի ոլորտում գիտահետազոտական գործունեություն իրականացնող ինքնուրույն կառուցվածքային միավորի ղեկավարումն կարող է իրականացվել ոլորտի ուղղվածությանը համապատասխան գիտական աստիճան ունեցող անձի կողմից, որն իրավունք ունի այդ պաշտոնը զբաղեցնելու 5 տարի ժամկետով՝ ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ, այդ թվում՝ տվյալ կառուցվածքային միավորի կառուցվածքային փոփոխության դեպքում:
13. Բուհի ընտրովի պաշտոններն են` ռեկտորի, ռազմաուսումնական հաստատության պետի տեղակալի, դեկանի, գիտահետազոտական գործունեություն իրականացնող այլ կառուցվածքային միավորի ղեկավարի, ամբիոնի վարիչի (ռազմաո-ւսումնական հաստատության ֆակուլտետի, ամբիոնի, ցիկլի, խմբի պետի), պրոֆեսորի, դոցենտի, ավագ դասախոսի, դասախոսի եւ ասիստենտի պաշտոնները:
14. Բուհի մասնաճյուղի ղեկավարումն իրականացվում է մասնաճյուղի տնօրենի կողմից՝ բուհի կանոնադրությամբ սահմանված կարգով:
15. Բուհում վարչական, ակադեմիական կազմի եւ գիտական կազմի աշխատողների բոլոր թափուր պաշտոններն զբաղեցվում են բուհի կանոնադրությանը եւ կանոնակարգերին համապատասխան:
16. Բուհում ակադեմիական կազմի թափուր պաշտոնների տեղակալումն իրականացվում է բաց մրցութային կարգով՝ 3-5 տարի ժամկետով, իսկ ռազմաուսումնական հաստատության ակադեմիական կազմի թափուր պաշտոնների դեպքում՝ մինչեւ 3 տարի ժամկետով: Ակադեմիական կազմի գործունեության արդյունքների գնահատման հիման վրա աշխատանքային հարաբերությունները կարող են շարունակվել 3 տարի ժամկետով՝ առանց մրցութային ընտրության:
17. 65 տարին լրացած անձը բուհում ակադեմիական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար անցկացվող մրցութային ընտրությանը չի մասնակցում: Այդ անձի հետ բուհի ռեկտորը՝ ամբիոնի առաջարկությամբ, կարող է կնքել ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատանքային պայմանագիր 1 ուսումնական տարի ժամկետով՝ տարեկան երկարաձգման իրավունքով:
18. Բուհում (մասնաճյուղում) վարչական պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում վարչական պաշտոնում նշանակված (ընտրված) անձի լիազորությունները դադարեցվում են ռեկտորի որոշմամբ, եթե լրացել է նրա 65 տարին:
19. Բուհի եւ գիտական կազմակերպության աշխատողն իրավունք ունի՝
1) բուհի եւ գիտական կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով ընտրելու եւ ընտրվելու բուհի համապատասխան պաշտոններում եւ կառավարման համապատասխան մարմիններում,
2) մասնակցել բուհի եւ գիտական կազմակերպության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը եւ լուծմանը,
3) իր հայեցողությամբ կրթական ծրագրի շրջանակներում կազմել դասընթացի կամ ուսումնական մոդուլի բովանդակությունը, ընտրել դասավանդման եւ ուսումնառության մեթոդներ, գիտական հետազոտությունների թեմաներ եւ իրականացնել դրանք իր ընտրած մեթոդներով,
4) ընտրել իր հետաքրքրություններին եւ ստեղծագործական ունակություններին համապատասխան գիտահետազոտական գործունեության ձեւեր, ուղղություններ եւ միջոցներ,
5) գիտահետազոտական համատեղ գործունեություն ծավալելու նպատակով միավորվել այլ գիտական աշխատողների հետ եւ կազմակերպել ժամանակավոր գիտական խմբեր,
6) հրաժարվել այն հիմնարար կամ կիրառական գիտական հետազոտություններին մասնակցելուց, որոնք կարող են բացասական ազդեցություն թողնել մարդու, հասարակության կամ շրջակա միջավայրի վրա,
7) մասնակցել պետական բյուջեից եւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից ֆինանսավորվող հիմնարար կամ կիրառական հետազոտությունների համար հայտարարված մրցույթներին,
8) ազատորեն օգտագործել, տարածել եւ փոխանակել գիտական տեղեկատվություն, տպագրել եւ հրապարակել սեփական հետազոտությունների արդյունքները, եթե դրանք չեն պարունակում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պետական, ծառայողական, առեւտրային եւ այլ գաղտնիք համարվող տեղեկատվություն,
9) գիտության զարգացման, տեխնոլոգիաների, գիտական արդյունքների, արտադրության մեջ դրանց ներդրման ու գիտական կադրերի պատրաստման համար արժանանալ մրցանակների, տիտղոսների, պատվավոր կոչումների,
10) իրականացնել գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննություն ու խորհրդատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
11) գիտական արդյունքները ներկայացնել գիտական զեկուցումների, հրապարակումների ու ատենախոսությունների պաշտպանության եղանակով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ աշխատանքային պայմանագրով,
12) օգտվելու ակադեմիական ազատության սկզբունքներից բխող այլ իրավունքներից,
13) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ գործունեություն:
20. Բուհի եւ գիտական կազմակերպության աշխատողը պարտավոր է՝
1) պահպանել բուհի եւ գիտական կազմակերպության կանոնադրությամբ ու ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները,
2) բուհի կողմից սահմանված կարգով եւ ժամկետներում անցնել մասնագիտական զարգացման դասընթացներ,
3) պահպանել բուհի կամ գիտական կազմակերպության կողմից սահմանված էթիկայի կանոնները եւ ակադեմիական բարեվարքության կանոնակարգի պահանջները,
4) գիտահետազոտական գործունեությամբ վնաս չհասցնել մարդու կյանքին, առողջությանը եւ շրջակա միջավայրին,
5) կատարել բուհի կամ գիտական կազմակերպության կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով եւ աշխատանքային պայմանագրով նախատեսված այլ պարտականություններ,
6) իրականացնել գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննություն եւ խորհրդատվություն:
21. Գիտական կազմակերպության գիտական աշխատողները կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով ենթակա է պարտադիր ատեստավորման՝ պաշտոնն առաջին անգամ զբաղեցնելու կամ ավելի բարձր պաշտոնի հավակնելու դեպքում: Ատեստավորումը նպատակ ունի պարզել գիտական աշխատողի մասնագիտական գիտելիքների համապատաuխանությունը հավակնող պաշտոնին:
22. Բուհը եւ գիտական կազմակերպությունն ինքնուրույն է որոշում իր աշխատողի աշխատանքի վարձատրության ձեւը եւ աշխատավարձի չափը, ինչպես նաեւ նյութական խրախուսման այլ միջոցների չափերը եւ տրամադրման կարգը:
23. Բուհը կրթական եւ գիտահետազոտական գործունեությունն ապահովելու նպատակով պետական բյուջեից հատկացվող եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից ստացվող միջոցների հաշվին ինքնուրույն ձեւավորում է աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդ:
Հոդված 38. Գիտական աշխատողի աշխատանքի վարձատրությունը եւ գիտահետազոտական գործունեության ստաժը, գիտական աստիճան ունեցող անձանց տրվող երաշխիքները
1. Պետությունը` հանրային բուհում եւ հանրային գիտական կազմակերպությունում գիտահետազոտական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող անձանց` 65 տարին լրանալու ու պետական գիտական եւ գիտատեխնիկական ծրագրերում ընդգրկված չլինելու դեպքում, տալիս է ամենամսյա դրամական վճար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտահետազոտական ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար տրվող ամենամսյա հավելավճարների չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ամենամսյա դրամական վճար նշանակելու համար դիմելու, ամենամսյա դրամական վճար նշանակելու եւ վճարելու կարգը սահմանում է Կառավարությունը, իսկ ամենամսյա դրամական վճար նշանակելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ ամենամսյա դրամական վճար նշանակելու լիազորություն ունեցող պետական մարմինը:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ամենամսյա դրամական վճարի տրամադրումը կատարվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով գիտության բնագավառի գծով նախատեսվող ընդհանուր հատկացումների շրջանակներում:
ԳԼՈՒԽ 7
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 39. Եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրր, բացառությամբ սույն օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
2. Սույն օրենքի պահանջները բուհերի եւ գիտական կազմակերպությունների վրա տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հաջորդ ուսումնական տարվանից սկսած:
3. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 16-18-րդ մասերով նախատեսված ուսումնառության գործընթացների կազմակերպումը բուհերում ներդնել 2022 թվակա նի սեպտեմբերի 1-ից: Մինչեւ սույն մասի ուժի մեջ մտնելը բուհ ընդունված ուսանողների ուսումնառության հետ կապված իրավահարաբերությունները շարունակվում են կարգավորվել «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի եւ «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ եւ 8-րդ մասի դրույթների հիման վրա ընդունված իրավական ակտերով:
4. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ուսումնառության գործընթացի կազմակերպումը ներդնել 2022 թվականի սեպտեմբերի 1-ից: Մինչեւ սույն մասի ուժի մեջ մտնելն ուսումնառության գործընթացի (այդ թվում՝ գիտության թեկնածուի եւ գիտության դոկտորի գիտական աստիճանների հայցման համար սահմանված կարգով ու ժամկետներում հաստատված ատենախոսության թեմաների) եւ համապատասխան գիտական աստիճանների շնորհման հետ կապված իրավահարաբերությունները շարունակվում են կարգավորվել «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-119 օրենքի 16-րդ հոդվածի դրույթների հիման վրա ընդունված իրավական ակտերով:
5. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասն ուժի մեջ է մտնում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից:
6. Սույն օրենքի 17-րդ հոդվածի 5-8-րդ մասերն ուժի մեջ են մտնում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ 4-րդ մասը՝ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից: Մինչեւ սույն մասի ուժի մեջ մտնելը բուհ ընդունելության հետ կապված իրավահարաբերությունները շարունակվում են կարգավորվել «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի եւ 21-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի եւ «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթների հիման վրա ընդունված իրավական ակտերով:
7. Սույն օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը եւ 3-րդ մասի 1-ին կետը՝ հանրային բուհերի մասով, ինչպես նաեւ 34-րդ հոդվածի 6-8-րդ մասերն ուժի մեջ են մտնում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ սույն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթը՝ բուհերի առաջին եւ երկրորդ մակարդակների (այդ թվում՝ ինտեգրված ծրագրի) կրթական ծրագրերի դեպքում ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից, առաջին եւ երկրորդ մակարդակների (այդ թվում՝ ինտեգրված ծրագրի) բժշկական եւ մանկավարժական ուղղվածությամբ կրթական ծրագրերի դեպքում՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ երրորդ մակարդակի կրթական ծրագրերի դեպքում՝ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից:
8. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
9. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքը, բացառությամբ նույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ եւ 4.1-4.3 մասերի, 8-րդ հոդվածի 2-րդ մասի 21) կետի, 14-րդ հոդվածի, 21-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի եւ 2-րդ մասի 10-րդ կետի դրույթների, որոնք շարունակում են գործել մինչեւ սույն հոդվածի 3-րդ եւ 6-րդ մասերով նախատեսված դրույթների ուժի մեջ մտնելը:
10. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-119 օրենքը, բացառությամբ գիտությունների թեկնածուի եւ գիտության դոկտորի գիտական աստիճանների շնորհման մասով նույն օրենքի 16-րդ հոդվածի դրույթների, որոնք շարունակում են գործել մինչեւ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դրույթի ուժի մեջ մտնելը:
11. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-119 օրենքով սահմանված դեպքերում ու կարգով շնորհված գիտության դոկտորի գիտական աստիճանը, ինչպես նաեւ պրոֆեսորի եւ դոցենտի գիտական կոչումները պահպանում են իրենց իրավաբանական ուժը:
12. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» 2011 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-135-Ն օրենքը:
Հոդված 40. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ, 10-րդ հոդվածի 8-րդ եւ 13-րդ, 13-րդ հոդվածի 6-րդ, 15-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 8-րդ մասերից բխող Կառավարության որոշումները ընդունվում են մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի 1-ը:
2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտենելը լիցենզավորված բուհերը մինչեւ 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ համապատասխան լիազոր մարմին են ներկայացնում սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի ամբողջական փաթեթը՝ համաձայն լիազոր մարմնի սահմանած ձեւաչափի: Սահմանված ժամկետում փաստաթղթերը չհամալրելու դեպքում մինչեւ հուլիսի 15-ը, օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով տվյալ բուհի գործունեությունը դադարեցվում է:
3. Մինչեւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 978-Ն որոշման ընդունումը շնորհված հավատարմագրման վկայականները վավեր են մինչեւ 2021 թվականի օգոստոսի 1-ը:
4. Մինչեւ 2024 թվականի օգոստոսի 31-ը ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող, սակայն տվյալ կրթական ծրագրով (բժշկական եւ մանկավարժական ուղղվածությամբ կրթական ծրագրերի դեպքում՝ մինչեւ 2022 թվականի օգոստոսի 31-ը) ծրագրային հավատարմագրում չունեցող բուհերի կողմից տրամադրված դիպլոմները եւ շնորհված որակավորումները ճանաչվում են պետության կողմից:
5. Սույն օրենքի 17-րդ հոդվածի դրույթներին համապատասխան բուհերի առաջին եւ երկրորդ մակարդակների (այդ թվում՝ ինտեգրված ծրագրի) ենթակա են հավատարմագրման մինչեւ 2024 թվականի սեպտեմբերի 1-ը, բացառությամբ բժշկական եւ մանկավարժական ուղղվածությամբ կրթական ծրագրերի, որոնք ենթակա են պարտադիր ծրագրային հավատարմագրման մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի 1-ը, իսկ երրորդ մակարդակի կրթական ծրագրերը՝ մինչեւ 2027 թվականի սեպտեմբերի 1-ը:
6. Ներառյալ 2027 թվականի դեկտեմբերի 30-ը շնորհված գիտության թեկնածուի գիտական աստիճանը պահպանում է իր իրավաբանական ուժը եւ հավասարեցվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան շնորհված դոկտորի գիտական աստիճանին:
7. Սույն օրենքի 36-րդ հոդվածի 15-րդ մասը չի տարածվում այն անձանց վրա, որոնք ընտրվել (նշանակվել) են մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը: Նրանք պաշտոնավարում են մինչեւ պայմանագրի ժամկետի լրանալը:
8. Սույն օրենքի 26-31-րդ հոդվածների, 36-րդ հոդվածի 9-ից 15-րդ մասերի դրույթները, կարող են չկիրառվել պետության մասնակցությամբ բուհերի վրա: Այդ բուհերի նկատմամբ կիրառվում են տվյալ բուհի կանոնադրությամբ սահմանված նորմերը: Նշված բուհերում օտար լեզուներով ուսուցման դասընթացը կազմակերպվում է բուհին տված լիցենզիայի հիման վրա:
9. Սույն օրենքի 24-րդ հոդվածի, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ եւ 9-րդ մասերի, դրույթները չեն տարածվում պետական մասնակցությամբ եւ մասնավոր գիտական կազմակերպությունների վրա: Պետական մասնակցությամբ գիտական կազմակերպությունների նկատմամբ կիրառվում են տվյալ գիտական կազմակերպության կանոնադրությամբ, իսկ մասնավոր գիտական կազմակերպությունների նկատմամբ՝ տվյալ կազմակերպական-իրավական ձեւի իրավաբանական անձի գործունեությունը կարգավորող օրենքով եւ տվյալ գիտական կազմակերպության կանոնադրությամբ սահմանված նորմերը:
10. Սույն օրենքի 26-29-րդ հոդվածների, ինչպես նաեւ 31-րդ հոդվածի, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասի, դրույթները չեն տարածվում մասնավոր բուհերի վրա: Մասնավոր բուհի նկատմամբ կիրառվում են տվյալ կազմակերպական-իրավական ձեւի իրավաբանական անձի գործունեությունը կարգավորող օրենքով եւ մասնավոր բուհի կանոնադրությամբ սահմանված նորմերը:
11. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ռազմաբժշկական բուհերում կամ ստորաբաժանումներում, ինչպես նաեւ պաշտպանության պետական կառավարման լիազորված մարմնի պատվերով բարձրագույն բժշկական կրթության ինտեգրված կամ համարժեք ծրագրով ուսուցում անցնող անձանց հետ կնքված պայմանագրերի համաձայն հետուսումնական ինտերնատուրայի կրթական ծրագրով ուսումնառությունն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ենթակա է իրականացման սույն օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ, 9-րդ եւ 10-րդ մասերով սահմանված կարգով:
12. Սույն օրենքի 26-րդ հոդվածի դրույթներին համապատասխան հանրային բուհերի եւ սույն օրենքի 24-րդ հոդվածի դրույթներին համապատասխան հանրային գիտական կազմակերպությունների կառավարման խորհուրդները ձեւավորվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում: Մինչ սույն օրենքով նախատեսված կարգով նոր կառավարման խորհուրդների ձեւավորումը, հանրային բուհերի գործող կառավարման խորհուրդները շարունակում են իրենց լիազորությունների իրականացումը:
13. Սույն օրենքի 36-րդ հոդվածի 14-րդ մասով նախատեսված կարգավորումները չեն տարածվում այն անձանց վրա, որոնք ընտրվել (նշանակվել) են մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը: Նրանք պաշտոնավարում են մինչեւ պայմանագրի ժամկետի լրանալը, եւ սույն օրենքի 36-րդ հոդվածի 14-րդ մասով նախատեսված դրույթները մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը կիրառվում են միայն 70 տարին լրացած անձանց նկատմամբ:
14. Սույն օրենքի 36-րդ հոդվածի 15-րդ մասով նախատեսված դրույթը կիրառվում է 2025 թվականի հունվարի 1-ից: Մինչ այդ սույն օրենքի 36-րդ հոդվածի 15-րդ մասով նախատեսված դրույթը կիրառվում է այն անձանց նկատմամբ, ում 70 տարին լրացել է: