Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-860-09.02.2021-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Սույն օրենքի նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց` այլ անձանց հետ համահավասար հիմունքներով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված, ինչպես նաեւ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան` քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների ու ազատությունների իրականացման համար բարենպաստ պայմանների, հասարակական կյանքում նրանց հավասար մասնակցության եւ արդյունավետ սոցիալական ներառման ապահովումը:

Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը եւ կարգավորման առարկան

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, փախuտականի կարգավիճակ ունեցող անձանց վրա: Օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող եւ փախuտականի կարգավիճակ ունեցող անձանց վրա սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունենալու եւ բնակվելու ժամանակահատվածում:

2. Սույն օրենքով սահմանված` հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող դրույթները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները կարգավորող հարաբերությունները հավասարապես տարածվում են հաշմանդամություն ունեցող երեխաների վրա, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ չի բխում դրանց կարգավորման առանձնահատկություններից եւ (կամ) որքանով որ դրանք կիրառելի են հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

3. Սույն օրենքով սահմանվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականության հիմնական նպատակը, կարգավորվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականության սկզբունքների եւ ուղղությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման համար անհրաժեշտ կազմակերպական եւ իրավական հիմքերի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման համար մատչելի պայմանների եւ հավասար հնարավորությունների ապահովման հետ կապված այլ հարաբերություններ:

Հոդված 2. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

1. Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով:

2. Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման, կենսաթոշակների եւ նպաստների նշանակման, վճարման, կասեցման, վերահաշվարկման, վճարումը դադարեցնելու եւ վերսկսելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն oրենքում oգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները`

1) հաշմանդամություն` առողջական խնդիրներ ունեցող անձանց եւ միջավայրային արգելքների (այդ թվում` վերաբերմունքի) փոխազդեցության արդյունքում առաջացող երեւույթ (իրավիճակ), որը խոչընդոտում է անձի` մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը.

2) հաշմանդամություն ունեցող անձ` անձ, որը ֆիզիկական, հոգեկան, մտավոր եւ (կամ) զգայական տեւական խնդիրների եւ միջավայրային արգելքների փոխազդեցության արդյունքում կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում.

3) միջավայրային գործոններ` միջավայրի ֆիզիկական եւ սոցիալական գործոններ, որոնք ազդեցություն են թողնում անձի եւ կենսագործունեության բոլոր ոլորտներում նրա մասնակցության վրա.

ա. ֆիզիկական միջավայր` անձին շրջապատող նյութական աշխարհն իր բոլոր դրսեւորումներով (այդ թվում` ֆիզիկական, տեղեկատվական եւ հաղորդակցական), բնակության եւ գործունեության այն վայրը, որտեղ անձն ապրում է, կրթվում, աշխատում, տեղաշարժվում եւ կազմակերպում իր անձնական եւ հասարակական կյանքը.

բ. սոցիալական միջավայր` անձին շրջապատող եւ նրա գոյության ու գործունեության հասարակական (այդ թվում` հասարակության կողմից դրսեւորվող վերաբերմունքը), տնտեսական, սոցիալական, մշակութային, հոգեւոր պայմանների ամբողջությունը.

4) միջավայրային արգելքներ` անձի միջավայրում այնպիսի խոչընդոտող գործոններ (ներառյալ` անմատչելի ֆիզիկական միջավայրը, տեղեկատվական եւ հաղորդակցական խոչընդոտները, համապատասխան աջակցող միջոցների բացակայությունը, հաշմանդամության նկատմամբ մարդկանց բացասական վերաբերմունքը), որոնք իրենց առկայությամբ կամ բացակայությամբ սահմանափակում են անձի ֆունկցիոնալությունը եւ խանգարում են հասարակական կյանքին անձի սոցիալական ներառմանը եւ լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը.

5) սոցիալական ներառում` հասարակական կյանքին անհատի լիարժեք ներգրավվածությունը եւ ակտիվ մասնակցությունը.

6) համընդհանուր դիզայն` ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների դիզայն, որն առանց շտկումների եւ մասնագիտացված դիզայնի անհրաժեշտության, յուրաքանչյուր անձի համար առավելագույնս մատչելի է դարձնում ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների օգտագործումը` անհրաժեշտության դեպքում չբացառելով հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերի համար աջակցող միջոցների առկայությունը.

7) աջակցող միջոցներ` ցանկացած ապրանք, գործիք, սարք կամ տեխնոլոգիա, որը հարմարեցված կամ հատուկ կերպով նախագծված է հաշմանդամություն ունեցող անձի ֆունկցիոնալությունը բարելավելու համար: «Աջակցող միջոցներ» եզրույթը չի ներառում բժշկական սարքավորումները, որոնք վիրահատությամբ փոխպատվաստած են կամ փոխարինողն են որեւէ սարքի.

8) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագիր (այսուհետ նաեւ` համալիր ծրագիր)` փաստաթուղթ, որին համապատասխան իրականացվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում պետական քաղաքականությունը.

9) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագիր (այսուհետ նաեւ` տարեկան ծրագիր)` համալիր ծրագրի շրջանակներում, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խթանման եւ պաշտպանության ոլորտում իրականացվող ամենամյա միջոցառումների, ծրագրերի, գործողությունների ամբողջությունը ներառող փաստաթուղթ.

10) մատչելիություն` հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի, տրանսպորտի, տեղեկատվության եւ հաղորդակցությունների, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների եւ համակարգերի, ինչպես նաեւ հանրության համար բաց հաստատությունների եւ հանրությանը մատուցվող ծառայությունների` մյուսների հետ հավասար հիմունքներով հասանելիությունը քաղաքային եւ գյուղական համայնքներում, որի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց անկախությունը եւ կենսագործունեության բոլոր ոլորտներում լիարժեք մասնակցությունն ապահովելն է.

11) խելամիտ հարմարեցում` անհրաժեշտ եւ համապատասխան փոփոխությունների եւ հարմարեցումների (շտկումների) կատարում, որոնք չեն առաջացնում անհամաչափ կամ անհարկի բեռ եւ ուղղված են հաշմանդամություն ունեցող անձի մարդու իրավունքներից եւ հիմնական ազատություններից մյուսների հետ հավասար հիմունքներով օգտվելուն.

12) անկախ կյանք` միջավայրային եւ անհատական գործոնների, ծառայությունների ամբողջություն, որը հաշմանդամություն ունեցող անձին ընձեռում է իր առօրյա կյանքին վերաբերող որոշումները կայացնելու, բնակության վայրը ընտրելու, համայնքում ապրելու, բնակչության համար նախատեսված համայնքային ծառայություններից օգտվելու հնարավորություն հաշմանդամություն չունեցող անձանց հետ հավասար հիմունքներով.

13) անձնական օգնական` ֆիզիկական անձ, որը տվյալ պահին գտնվում է հաշմանդամություն ունեցող անձի հետ եւ իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձի խնամքը կամ աջակցում (օգնում է) հաշմանդամություն ունեցող անձին` հաղթահարելու միջավայրային արգելքները (այդ թվում` տեղաշարժվելու եւ հաղորդակցվելու).

14) հաշմանդամության հիմքով խտրականություն` իրական կամ ենթադրյալ հաշմանդամության պատճառով ցանկացած տարբերակում, բացառում, սահմանափակում կամ նախապատվություն, որի նպատակը կամ արդյունքը հանդիսանում է քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ/կամ ցանկացած այլ ոլորտում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսեւորումը եւ/կամ մյուսների հետ հավասար հիմունքներով օրենքով սահմանված ցանկացած իրավունքի ճանաչման եւ (կամ) իրականացման արգելքը կամ ժխտումը: Հաշմանդամության հիմքով խտրականությունը ներառում է նաեւ խելամիտ հարմարեցումների ապահովման մերժումը.

15) ծառայությունների անհատական ծրագիր` ըստ ըստ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի:

ԳԼՈՒԽ 2

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ԴՐԱ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Հոդված 4. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության համակարգը

1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության համակարգը պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ֆիզիկական անձանց եւ նրանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման շրջանակներում տնտեսական, սոցիալական, առողջապահական, իրավական, կրթական, մշակութային, մարզական եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ բնույթի միջոցառումների ամբողջություն է:

2. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության համակարգն ուղղված է վարչական, կազմակերպչական, մարդկային, նյութական, տեղեկատվական եւ այլ ռեսուրսների լիարժեք, արդյունավետ, նպատակային օգտագործման եւ համագործակցության միջոցով ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը, մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությունը:

3. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության համակարգի հիմնական բաղադրիչներն են`

1) hաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության եւ նրանց սոցիալական ներառման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ նաեւ` լիազորած մարմին),

2) պետական կառավարման համակարգի այլ մարմինները եւ տեղական ինքնակառավարման մարմինները,

3) «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված`

ա. համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը,

բ. սոցիալական համագործակցության համաձայնագրի կողմերը (աջակցող ցանցը),

գ. միջգերատեսչական սոցիալական համագործակցության կողմերը,

4) Մարդու իրավունքների պաշտպանը,

5) հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված` սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային (մասնագիտական), սոցիալ-վերականգնողական եւ սոցիալ-կրթական միջոցառումներ իրականացնող սուբյեկտները,

6) սույն մասի 4-րդ կետի «բ» ենթակետում նշված աջակցող ցանցում չընդգրկված, ինչպես նաեւ սույն մասի 6-րդ կետում չնշված այլ կազմակերպություններ եւ ֆիզիկական անձինք, որոնք մասնակցում են սույն հոդվածի 3-րդ մասում նշված նպատակների իրականացմանը:

Հոդված 5. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության համակարգի ֆինանսավորման աղբյուրները

1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության եւ նրանց սոցիալական ներառման համակարգի ֆինանսավորումն իրականացվում է`

1) պետական բյուջեի միջոցներից.

2) համայնքի բյուջեի միջոցներից.

3) իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հատկացրած միջոցներից.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:


ԳԼՈՒԽ 3

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 6. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականությունը

1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության միասնական պետական քաղաքականության իրականացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականությունն իրականացվում է համալիր եւ տարեկան ծրագրերին համապատասխան:

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններն իրենց ոլորտների զարգացման ծրագրերում հաշվի են առնում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքները եւ ուղղությունները` այդ ծրագրերում ներառելով համապատասխան միջոցառումներ:

4. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականության հիմնական նպատակն է`

1) հաշմանդամություն ունեցող անձանց` մյուսների հետ հավասար հիմունքներով իրենց իրավունքները եւ ազատություններն իրականացնելու, օրինական շահերը պաշտպանելու, ինչպես նաեւ անկախ կյանքի եւ համայնքում ներառվելու իրավունքի համար անհրաժեշտ պայմանների ապահովումը,

2) հաշմանդամություն ունեցող անձանց` մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության նպատակով մատչելի պայմանների եւ հնարավորությունների ապահովումը:

Հոդված 7. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքները

1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են`

1) խտրականության բացառումը,

2) հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության, անձնական կյանքի, ինքնուրույնության, ազատ ընտրության եւ անկախության նկատմամբ հարգանքը,

3) հաշմանդամություն ունեցող անձանց` հասարակական կյանքին լիարժեք եւ արդյունավետ մասնակցությունն ու ներգրավվածություն,

4) հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ կարծրատիպերի, նախապաշարումների վերացումը,

5) hաշմանդամություն ունեցող անձանց տարբեր լինելու նկատմամբ հարգանքը եւ նրանց` որպես մարդկային բազմազանության մաս ընդունելը,

6) hաշմանդամություն ունեցող անձանց աշխատելու եւ կրթություն ստանալու իրավունքի նկատմամբ հարգանքը,

7) հնարավորությունների հավասարությունը` անկախ հաշմանդամությունից օրենքի առաջ բոլորի հավասարությունը, հաշմանդամություն ունեցող անձանց` մյուսների հետ հավասար հիմունքներով իրենց իրավունքները եւ ազատություններն իրականացնելու, օրինական շահերը պաշտպանելու հնարավորություններ ունենալը,

8) հավասարությունը տղամարդկանց եւ կանանց միջեւ,

9) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումների հասանելիությունը եւ հասցեականությունը,

10) մատչելիությունը,

11) հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացող հնարավորությունների եւ իրենց ինքնությունը պահպանելու իրավունքի նկատմամբ հարգանքը եւ երեխայի լավագույն շահը,

12) հաշմանդամություն ունեցող անձանց խոսքի ազատության նկատմամբ հարգանքը,

13) համագործակցությունը եւ սոցիալական գործընկերության ապահովումը, այն է` հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների եւ աջակցող ցանցի մասնակցության ապահովումը հաշմանդամություն ունեցող անձանց կյանքին վերաբերող քաղաքականությունների եւ ծրագրերի մշակման, իրականացման, մշտադիտարկման եւ գնահատման գործընթացին` նրանց համար մատչելի եղանակով,

14) պետական եւ համայնքի բյուջեի միջոցներից կատարվող ֆինանսավորման համընդհանուր ներառականությունը, այդ թվում` պետական կամ համայնքային բյուջեների միջոցների հաշվին ձեռք բերվող ապրանքների եւ ծառայությունների հնարավորինս համապատասխանությունը համընդհանուր դիզայնի սկզբունքներին:

Հոդված 8. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականության հիմնական ուղղությունները

1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են`

1) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության եւ նրանց սոցիալական ներառման նպատակով մատչելի պայմանների, հավասար հնարավորությունների, կազմակերպական եւ իրավական հիմքերի ապահովումը` անկախ հաշմանդամության առաջացման պատճառից, բնույթից, անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանից եւ այլ հանգամանքներից,

2) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության ապահովումը` զբաղվածությանը, կրթությանը եւ կենսագործունեության այլ ոլորտներում նրանց լիարժեք մասնակցությունն ապահովելու նպատակով,

3) համընդհանուր դիզայնի սկզբունքների առավելագույն պահպանումը, դրանց հիման վրա ստանդարտների մշակումը եւ հաստատումը, հետազոտությունների իրականացումը, կրթական եւ իրազեկվածության բարձրացման ծրագրերի իրականացումը,

4) հաշմանդամություն ունեցող անձանց համար աջակցող միջոցների ստեղծման եւ զարգացման խթանումը, աջակցող միջոցների, այդ թվում` ծառայությունների, ստեղծմանը եւ կիրառմանը միտված ծրագրերի (միջոցառումների) իրականացումը,

5) հաշմանդամություն ունեցող անձանց համար աջակցող միջոցների վերաբերյալ տեղեկությունների մատչելիության եւ հասանելիության ապահովումը,

6) հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի, այդ թվում` շինությունների, տրանսպորտային միջոցների, սարքավորումների, համընդհանուր օգտագործման ապրանքների, ինչպես նաեւ տեղեկատվության եւ հաղորդակցության (այդ թվում` տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների), այլ ծառայությունների հասանելիության եւ մատչելիության ապահովումը,

7) համայնքներում մատչելի ծառայությունների ստեղծումն ու զարգացումը, հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի, համայնքում ներառվելու, ընտանեկան կամ դրան մոտ միջավայր ապահովելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը եւ դրանց բարելավումը,

8) հաշմանդամություն ունեցող անձանց` բնակավայր, կրթություն, մասնագիտություն, աշխատանք, ապրելու եւ ինքնադրսեւորվելու համար անհրաժեշտ միջավայր ընտրելու, ինչպես նաեւ որակյալ բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքի իրականացման ապահովումը,

9) հաշմանդամություն ունեցող անձանց համար սոցիալական ներառմանը միտված միջոցառումների, մատուցվող ծառայությունների եւ տրամադրվող աջակցող միջոցների մատչելիության, հասանելիության եւ հասցեականության ապահովումը,

10) ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը` իրականացման համար մատչելի պայմանների, անհրաժեշտ երաշխիքների, կազմակերպական եւ իրավական հիմքերի ապահովմամբ,

11) հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող համապատասխան մասնագետների ուսուցման, վերապատրաստման եւ վերաորակավորման գործընթացի ապահովումը,

12) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության եւ նրանց սոցիալական ներառման բնագավառում միջազգային համագործակցության զարգացումը,

13) հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքն ընտանիքում կազմակերպելու առաջնայնությունը, հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացումը, խնամքի ծառայությունների փոխակերպումը համայնքահենք ծառայություններով:

Հոդված 9. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) ապահովում է միասնական պետական քաղաքականության իրականացումը,

2) հաստատում է`

ա. համալիր ծրագիրը,

բ. տարեկան ծրագիրը եւ այն պետական բյուջեի կազմում ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով,

գ. հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ծառայություններ տրամադրելու կարգերը,

դ. հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցներ տրամադրելու եւ դրանց գնային արժեքը որոշելու կարգը,

ե. հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման միջոցառումների ծրագիրը,

3) իրականացնում է սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 10. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները

1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը հանդիսանում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Լիազորած մարմինը`

1) իր իրավասությունների շրջանակներում մշակում եւ իրականացնում է կառավարության` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության քաղաքականությունը,

2) մշակում է համալիր եւ տարեկան ծրագրերի նախագծերը եւ դրանք սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը, համագործակցում է հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող, հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող հասարակական կազմակերպությունների, սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում նշված այլ կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց, ինչպես նաեւ աջակցող ցանցի հետ,

3) իր իրավասությունների շրջանակներում կազմակերպում է հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող համապատասխան մասնագետների ուսուցման, վերապատրաստման եւ վերաորակավորման գործընթացը,

4) իր իրավասությունների շրջանակներում աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրականացման հետ կապված խոչընդոտների վերացմանն ուղղված հետազոտությունների իրականացմանը,

5) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման վերաբերյալ մշակում եւ հաստատում է մեթոդական ուղեցույցներ,

6) զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար հրապարակում է մատչելի տեղեկատվություն` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրականացման հետ կապված խոչընդոտների, դրանց կարգավորմանն ուղղված ծառայությունների եւ հաստատությունների վերաբերյալ, էլեկտրոնային պաշտոնական կայքէջում հրապարակում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված ծրագրերի, միջոցառումների մասին տեղեկատվություն,

7) իրականացնում է սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 11. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագիրը

1. Համալիր ծրագիրն ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության համակարգված, նպատակային, շարունակական եւ արդյունավետ իրականացումը: Համալիր ծրագիրը կազմվում է, հաշվի առնելով սույն օրենքով սահմանված` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականության հիմնական նպատակները, սկզբունքներն ու ուղղությունները:

2. Համալիր ծրագիրը ներառում է`

1) հիմնական նպատակը,

2) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման ոլորտում իրավիճակի, վիճակագրական եւ այլ տվյալների վերլուծությունը, գնահատումներն ու կանխատեսումները,

3) իրականացվելիք աշխատանքների (միջոցառումների, ծրագրերի, գործողությունների) բնույթը, ծավալները, առաջնահերթությունները եւ ժամկետները, այդ թվում`

ա. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող` հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումն ապահովող սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային (մասնագիտական), սոցիալ-կրթական, սոցիալ-վերականգնողական միջոցառումները, օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ միջոցառումները (այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծառայությունները),

բ. հաշմանդամություն ունեցող անձանց համար բարենպաստ միջավայրային գործոնների ապահովման համար իրականացվելիք աշխատանքները, այդ թվում` նրանց համար ֆիզիկական միջավայրի, ինչպես նաեւ տեղեկատվության եւ հաղորդակցության, այլ ծառայությունների հասանելիության եւ մատչելիության ապահովման պայմանների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները,

գ. հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված այլ պայմանների ստեղծման համար անհրաժեշտ գործողությունները,

դ. հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպություններին տրամադրվող պետական աջակցության եղանակները,

4) սույն մասի 3-րդ կետում նշված աշխատանքների ֆինանսավորման աղբյուրները,

5) ակնկալվող արդյունքները` ընթացիկ եւ վերջնական թիրախային ցուցանիշները,

6) սույն մասի 3-րդ կետում նշված աշխատանքների նկատմամբ մշտադիտարկման իրականացման ընթացակարգերը,

7) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են համալիր ծրագրի համակողմանի ներկայացման համար:

3. Համալիր ծրագրի նախագիծը մշակում է լիազորած մարմինը:

4. Համալիր ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Համալիր ծրագիրը մշակվում է առնվազն հինգ տարվա ժամանակահատվածի համար, իսկ աշխատանքների տարեկան համամասնություններն արտացոլվում են տարեկան ծրագրում:

Հոդված 12. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագիրը

1. Տարեկան ծրագիրը ներառում է բյուջետային տարում իրականացման ենթակա միջոցառումների, ծրագրերի, գործողությունների ամբողջությունը` համալիր ծրագրի շրջանակներում: Տարեկան ծրագիրը, ի թիվս սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված` տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ տեղեկությունների, պետք է ներառի նաեւ`

1) տարեկան ծրագրի հիմնական խնդիրները,

2) պետական բյուջեի շրջանակներում տրամադրվող (տրամադրվելիք) ծառայությունների, ձեռնարկվող (նախատեսվող) միջոցառումների ծավալները, ձեւերը,

3) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են տարեկան ծրագրի համակողմանի ներկայացման համար:

2. Լիազորած մարմինը, յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին ՀՀ վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հաջորդ բյուջետային տարվա տարեկան ծրագրի նախագիծը:

3. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը հերթական տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության բաղկացուցիչ մասն է:


ԳԼՈՒԽ 4

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՔԸ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՈՒՄԸ

Հոդված 13. Հաշմանդամության հիմքով խտրականության արգելքը

1. Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամության հիմքով խտրականությունն արգելվում է:

2. Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկում են համապատասախան միջոցներ` ուղղված`

1) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը եւ հաշմանդամության հիմքով խտրականության կանխարգելմանը.

2) հաշմանդամության հիմքով խտրականության ենթարկված անձանց իրավունքների եւ օրինական շահերի արդյունավետ պաշտպանությանը.

3) հատուկ ժամանակավոր միջոցների կիրառմանը` հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ փաստացի հավասարությանը հասնելու եւ նրանց հիմնարար ազատություններն ու իրավունքներն ապահովելու նպատակով:

Հոդված 14. Հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական ներառումը

1. Հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական ներառման նպատակով իրականացվող միջոցառումները միտված են բարենպաստ միջավայրային գործոնների ստեղծմանը, միջավայրային արգելքների հաղթահարմանը:

2. Հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական ներառումն իրականացվում է ծառայությունների անհատական ծրագրի համաձայն` առողջապահության, կրթության եւ զբաղվածության մատչելիությունը խթանող, վերականգնողական եւ օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ միջոցառումների իրականացման (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծառայությունների տրամադրման) միջոցով:

3. Առողջապահության մատչելիությունը խթանող միջոցառումները միտված են ապահովելու բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների ներառականությունը եւ արդյունավետությունը:

4. Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանն ուղղված միջոցառումները միտված են հաշմանդամություն ունեցող անձի զբաղվածությունը խթանելուն եւ ապահովելուն, այդ թվում` զբաղվածության ծրագրերի հասանելիությունն ու մատչելիությունն ապահովելու, անձի մասնագիտական ունակությունները, հմտությունները, կարողությունները պահպանելու եւ զարգացնելու, աշխատատեղը մատչելի դարձնելու (աշխատավայրում խելամիտ հարմարեցումներ տրամադրելու) եւ այլ միջոցներով:

5. Վերականգնողական միջոցառումները միտված են անձի համար սոցիալական, այդ թվում` անկախ կյանքի հմտությունների պահպանմանն ու զարգացմանը: Վերականգնողական գործընթացի ավարտից հետո հաշմանդամություն ունեցող անձի համար ապահովվում է արժանապատիվ կենսագործունեության համար անհրաժեշտ աջակցություն:

6. Կրթության մատչելիությունը խթանող միջոցառումները միտված են անձի մտավոր կարողությունները, անհատականությունը, տաղանդը եւ ստեղծագործական միտքը զարգացնելուն, այդ թվում` բոլոր ուսումնական եւ կրթական հաստատություններում ներառական կրթական ծրագրերի ու անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունն ու մատչելիությունը ապահովելու միջոցով:

7. Առողջապահության, կրթության եւ զբաղվածության մատչելիությունը խթանող եւ վերականգնողական միջոցառումներն իրականացնող մարմինները, կազմակերպությունները եւ հիմնարկները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով:

8. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են համապատասխան բնագավառի տեսչական մարմինները:

ԳԼՈՒԽ 5

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ, ԴՐԱՆՑ ԹԻՐԱԽԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 15. Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական իրավունքների իրականացումը, ապահովումը, խթանումը եւ ազատությունների պաշտպանությունը

1. Հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով, նրանց իրավունքների իրականացման ու պարտականությունների կատարման համար, կարող են սահմանվել առավել բարենպաստ պայմաններ ստեղծող հատուկ միջոցներ, այդ թվում` մյուսների հետ համահավասար հնարավորություններ ապահովելու նպատակով: Հատուկ միջոցները, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց համար մյուսների հետ համահավասար հնարավորություններ ապահովելուն, չեն կարող դիտարկվել որպես խտրականություն, եթե դրանք համաչափ են, նպատակահարմար ու անհրաժեշտ` հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու համար:

2. Պետությունն ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը եւ աջակցում է դրանց լիակատար իրականացմանը` առանց հաշմանդամության հիմքով որեւէ խտրականության, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովվում է հաշմանդամություն ունեցող անձանց` մյուսների հետ հավասար հիմունքներով, ուղղակիորեն կամ ազատ կերպով ընտրված ներկայացուցիչների միջոցով արդյունավետ ու լիարժեք մասնակցությունը քաղաքական ու հասարակական կյանքին, ներառյալ քվեարկելու եւ ընտրվելու նրանց իրավունքը եւ հնարավորությունը:

3. Հաշմանդամություն ունեցող երեխաներին վերաբերող բոլոր ոլորտների քաղաքականություններում եւ ծրագրերում, գործողություններում եւ այլ միջոցառումներում պետությունը կարեւորում է հաշմանդամություն ունեցող երեխայի լավագույն շահերի առաջնահերթությունը եւ առաջնորդվում է դրանց առավելագույն պաշտպանության անհրաժեշտությամբ: Երեխայի կարծիքը ենթակա է նրա տարիքին եւ հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության` հաշվի առնելով երեխաների զարգացող կարողությունները: Պետությունը երաշխավորում է հաշմանդամություն ունեցող երեխաներին իրենց առողջական վիճակին եւ տարիքին համապատասխան աջակցության տրամադրումը` իրենց իրավունքներն իրականացնելու համար:

4. Ֆունկցիոնալության միջին, ծանր եւ խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները), վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում, այլ հավասար պայմանների դեպքում, oգտվում են պետական եւ հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական եւ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու նախապատվության (առաջնահերթության) իրավունքից:

5. Պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), պետական միջին մասնագիտական, պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգերի համար առնվազն անցումային միավորներ հավաքած` ֆունկցիոնալության ծանր եւ խորը, իսկ երեխաների դեպքում` նաեւ միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձինք ընդունվում են համապատասխան ուսումնական հաստատություններ` պետական բյուջեից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (այսուհետ` ուսման վարձի փոխհատուցում):

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքով պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), պետական միջին մասնագիտական, պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների ուսման վարձի փոխհատուցում չի կատարվում, եթե ուսումնառության ընթացքում ֆունկցիոնալության գնահատման արդյունքում նրանց ֆունկցիոնալության ծանր կամ խորը, իսկ երեխաների դեպքում` նաեւ միջին աստիճանի սահմանափակում չի սահմանվել:

7. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքով պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), պետական միջին մասնագիտական, պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսման վարձի փոխհատուցմամբ առկա (ստացիոնար) ձեւով ուսուցանող` ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք շարունակում են ստանալ փոխհատուցում պետական բյուջեի միջոցներից, եթե ուսումնառության ընթացքում ֆունկցիոնալության գնահատման արդյունքում նրանց սահմանվել է առնվազն միջին աստիճանի սահմանափակում:

8. Պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), պետական միջին մասնագիտական, պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորողները ստանում են ուսման վարձի փոխհատուցում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից, եթե ուսումնառության ընթացքում ֆունկցիոնալության գնահատման արդյունքում նրանց սահմանվել է ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի, իսկ երեխաների դեպքում` նաեւ միջին աստիճանի սահմանափակում:

9. Սույն հոդվածի 5-րդ եւ 7-րդ մասերով սահմանված հիմքերով պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), պետական միջին մասնագիտական, պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսման վարձի փոխհատուցմամբ առկա (ստացիոնար) ձեւով ուսուցանող` ֆունկցիոնալության ծանր եւ խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք, հերթական քննությունները եւ ստուգարքները դրական գնահատականներով հանձնելու դեպքում, ստանում են կրթաթոշակ` ֆունկցիոնալության ծանր եւ խորը աստիճանի սահմանափակում ունենալու ամբողջ ժամանակահատվածում, անկախ ստացվող այլ նպաստներից, թոշակներից կամ այլ դրամական վճարումներից:

10. Հաշմանդամություն ունեցող անձինք ունեն այլ անձանց տրամադրվող բժշկական օգնության եւ սպասարկման որակին եւ չափանիշներին համապատասխանող բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք` անվճար կամ արտոնյալ պայմաններով:

11. Ֆունկցիոնալության միջին, ծանր եւ խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք ունեն անվճար դեղեր ստանալու իրավունք: Անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում, այդ թվում` դեղեր տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

12. Պետությունը հաշմանդամություն ունեցող անձանց` մյուսների հետ հավասար հիմունքներով ապահովվում է արդարադատության մատչելիության իրավունքի իրականացումը` դատական գործընթացներին նրանց մասնակցությունը ապահովելու համար ստեղծելով մատչելի պայմաններ եւ տրամադրելով անհրաժեշտ հարմարեցումներ:

13. Պետությունը ձեռնարկում է օրենսդրական, վարչական, դատական կամ այլ միջոցներ` կանխելու հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկելը:

14. Պետությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ` ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությունը եւ ապահովությունը արտակարգ իրավիճակներում: Հատուկ միջոցները եւ դրանց իրականացման պայմանները սահմանվում են արտակարգ իրավիճակների բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:

15. Պետությունը երաշխավորում է հաշմանդամություն ունեցող անձանց` իրենց համայնքում ապրելու, հանրությանը հասանելի ծառայություններից օգտվելու իրավունքը, այդ թվում` մյուսների հետ համահավասար հիմունքներով ընտրություն կատարելու հնարավորությամբ, ինչպես նաեւ համայնքից չմեկուսացվելու իրավունքը` համապատասխան ծառայություններ մատուցելու միջոցով (այդ թվում` անհատական աջակցություն, տնային սպասարկում եւ այլն):

16. Հաշմանդամություն ունեցող կանանց եւ աղջիկների շահերն ու իրավունքները համակարգված ձեւով պետք է ընդգրկվեն կանանց, մանկության եւ հաշմանդամության վերաբերյալ ազգային ռազմավարություններից բխող, ինչպես նաեւ ոլորտային բարեփոխումներին միտված գործողությունների ծրագրերում:

17. Հաշմանդամություն ունեցող անձինք ձերբակալված, կալանավորված եւ ազատազրկման դատապարտված անձանց պահելու համար նախատեսված վայրերում, ապահովվում են համապատասխան պայմաններով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, համալիր եւ տարեկան ծրագրերի համաձայն: Ազատազրկման վայրում եւ նախնական կալանքի տակ գտնվող հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է անհրաժեշտ իրավաբանական, բժշկական, սոցիալ-հոգեբանական օգնություն եւ տեղեկություններ` իրենց համար մատչելի եղանակով, ինչպես նաեւ իրականացվում են այդ անձանց սոցիալական ներառմանն ուղղված համապատասխան միջոցառումներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

18. Հաշմանդամություն ունեցող անձինք ամուսնության եւ ընտանեկան հարաբերությունները լիարժեքորեն իրականացնելու նպատակով իրավունք ունեն`

1) ազատ եւ լիակատար համաձայնության հիման վրա ամուսնանալ եւ ընտանիք կազմել,

2) ազատ եւ պատասխանատու որոշումներ կայացնել երեխաների թվի եւ նրանց ծնվելու ժամկետների մասին, ստանալ մատչելի տեղեկություններ վերարտադրողական առողջության եւ ընտանիքի պլանավորման վերաբերյալ,

3) խնամակալության, հոգաբարձության, խնամատարության ու երեխաների որդեգրման, ստանալ աջակցություն ծնողական պարտականությունները կատարելու ընթացքում:

19. Պետությունը ձեռնարկում է միջոցներ, որպեսզի երեխան չբաժանվի (չառանձնացվի) հաշմանդամություն ունեցող ծնողից (ծնողներից) նրանց հաշմանդամության պատճառով, ծնողի (ծնողների) կամքին հակառակ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

20. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները (անկախ կազմակերպաիրավական ձեւից), յուրաքանչյուրն իր մասով, ապահովում են աշխատողների վերապատրաստումը եւ (կամ) ուսուցումը եւ (կամ) վերաորակավորումը, տեսական եւ գործնական գիտելիքների տրամադրումը հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների, դրանց վերաբերյալ ժամանակակից մոտեցումների ու սկզբունքների, մատուցվող ծառայությունների, էթիկայի կանոնների, հավասար հնարավորությունների եւ մատչելի պայմանների ապահովման եւ այլ գործընթացների վերաբերյալ:

Հոդված 16. Մատչելիությունը

1. Մատչելիությունը, որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության եւ նրանց սոցիալական ներառման նախապայման եւ հավասար հնարավորությունների ապահովման թիրախային ուղղություն, ներառում է`

1) ֆիզիկական միջավայրի մատչելիությունը,

2) տեղեկատվության եւ հաղորդակցության, ներառյալ` տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների եւ համակարգերի մատչելիությունը:

2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները` անկախ կազմակերպական-իրավական ձեւից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ պայմաններին համապատասխան, իրենց իրավասությունների շրջանակներում, հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովում են ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության եւ հաղորդակցության մատչելիությունը, այդ թվում` բնակելի, հասարակական, արտադրական եւ այլ գործառնական նշանակություն ունեցող շենքերի եւ շինությունների մատչելիության, տրանսպորտային համակարգից, տեղեկատվության եւ հաղորդակցության միջոցներից, հանգստի եւ ժամանցի վայրերից անարգել կերպով օգտվելու պայմանների ստեղծումը:

3. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը նպաստող ֆիզիկական միջավայրի մատչելիությունն ապահովող ընդհանուր պահանջները, ստանդարտները եւ կանոնները մշակում եւ հաստատում է քաղաքաշինության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

4. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը նպաստող տեղեկատվության եւ հաղորդակցության, այդ թվում` վեբ բովանդակության մատչելիությունն ապահովող ընդհանուր պահանջները, ստանդարտները եւ կանոնները մշակում եւ հաստատում է կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

Հոդված 17. Ֆիզիկական միջավայրի մատչելիությունը

1. Հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի մատչելիությունը ապահովվում է հետեւյալ հիմնական գործընթացների միջոցով.

1) հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների մասնակցությամբ համընդհանուր դիզայնի սկզբունքների հիման վրա` սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ֆիզիկական միջավայրի մատչելիությունն ապահովող պահանջների հաստատումը,

2) ֆիզիկական միջավայրային արգելքների վերացումը,

3) տարածքային պլանավորման, շենքերի եւ շինությունների, տրանսպորտային համակարգի, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների նախագծման, մշակման, արտադրության եւ շահագործման ընթացքում համընդհանուր դիզայնի սկզբունքները հաշվի առնելը,

5) հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային համակարգի եւ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների հարմարեցման ծրագրի մշակումն ու իրականացումը, ընդ որում, ծրագրում առնվազն պետք է նախատեսվեն`

ա. համընդհանուր դիզայնի սկզբունքներին համապատասխան, իսկ դրա լրիվ կամ մասնակի ապահովման անհնարինության դեպքում` օժանդակ հարմարանքներով եւ աջակցող միջոցներով օդանավակայանների, ճոպանուղիների, երկաթուղու եւ մետրոպոլիտենի կայարանների, ավտոկայարանների, ավտոկայանների, կանգառների, ստորգետնյա եւ վերգետնյա անցումների վերասարքավորման համար անհրաժեշտ միջոցառումները եւ դրանց իրականացման ժամկետները,

բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ավտոբուսային կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի անցկացման կարգում, որպես մրցութային պայման, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի ավտոբուսների պարտադիր պայմանի ամրագրումը,

գ. հաշմանդամություն ունեցող անձանց համար տրոլեյբուսների մատչելիության պայմանի ամրագրումը,

դ. հաշմանդամություն ունեցող անձանց համար երթեւեկության սահմանված գրաֆիկներով հատուկ երթուղիների կազմման համար իրականացվող միջոցառումները,

ե. հաշմանդամություն ունեցող անձանց համար նախընտրելի եւ անհրաժեշտ վայրերում տրանսպորտային միջոցների կանգառների սահմանումը,

6) ծառայությունների անհատական ծրագրերին համապատասխան, հաշմանդամություն ունեցող անձանց սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող բնակելի տարածքների (շինությունների) սարքավորումը օժանդակ հարմարանքներով` բնակելի ֆոնդի ընթացիկ եւ կապիտալ վերանորոգման համար հատկացվող կամ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին,

7) իրենց մասնագիտության եւ աշխատանքի բնույթով պայմանավորված` տարածքային պլանավորման, շենքերի եւ շինությունների, տրանսպորտային համակարգի, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների նախագծմամբ, մշակմամբ, ստեղծմամբ զբաղվող, ինչպես նաեւ փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներ կատարող անձանց (մասնագետներին, այդ թվում` ճարտարապետներին, ինժեներ-շինարարներին) եւ կազմակերպություններին` միջավայրային արգելքների, դրանց վերացման, համընդհանուր դիզայնի եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի մատչելիությունը ապահովելու վերաբերյալ պետության կողմից որդեգրած քաղաքականությունն առավելագույնս հասանելի դարձնելը,

8) շարժունակության եւ կողմնորոշման հմտությունների վերաբերյալ ուսուցումների կազմակերպումը` այդպիսի կարիք ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց եւ նրանց հետ աշխատող անձնակազմի համար:

2. Համալիր եւ տարեկան ծրագրերով կարող է նախատեսվել նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի մատչելիությունն ապահովող այլ գործընթացների իրականացում:

3. Չի թույլատրվում բնակավայրերի նախագծումն ու կառուցապատումը, բնակելի, հասարարակական արտադրական նշանակության շենքերի եւ շինությունների, տրանսպորտային համակարգերի նախագծումը, շինարարությունը եւ վերակառուցումը (հանրային նշանակության շենքերի եւ շինությունների դեպքում նաեւ հիմնանորոգումը), եթե իրականացման արդյունքները չեն համապատասխանելու համընդհանուր դիզայնի սկզբունքներին կամ այլ կերպ մատչելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց օգտագործման համար:

4. Հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային համակարգի եւ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների հարմարեցման ծրագրի հիմնական սկզբունքներն ու լրացուցիչ պահանջները հաստատվում են տրանսպորտի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից:

Հոդված 18. Տեղեկատվության եւ հաղորդակցության մատչելիությունը

1. Պետությունը երաշխավորում է հաշմանդամություն ունեցող անձանց` իրենց համար մատչելի եւ նախընտրելի ձեւաչափերով տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը:

2. Պետության կողմից հայերեն ժեստերի լեզուն ընդունվում է որպես հաղորդակցման, ուսուցման եւ թարգմանչական ծառայությունների տրամադրման միջոց: Տեսալսողական մեդիածառայություն մատուցողները պարտավոր են իրենց ծրագրերում ապահովել լսողության խնդիրներ ունեցող անձանց համար հնարավոր տեղեկությունների ստացման մատչելիությունը: Լսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց տեղեկություն ստանալու մատչելիությունն ապահովելու համար «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով սահմանվում են օրվա ընթացքում հայերեն ժեստերի լեզվով թարգմանությամբ եւ (կամ) հայերեն բաց կամ փակ ենթագրերով (համաժամանակյա գրավոր նկարագրությամբ) տեսալսողական հաղորդումների նվազագույն քանակները եւ պահանջները:

3. Տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող (ներառյալ ուշ տարիքում տեսողությունը կորցրած) անձանց համար պետությունը երաշխավորում է բրայլյան համակարգի ուսուցման եւ բրայլյան համակարգով կատարվող ուսուցումը (անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ ուսուցումը), խոշոր տառատեսակների, անձի համար նախընտրելի եւ մատչելի ձեւաչափերի կիրառումը, ինչպես նաեւ էկրանից ընթերցելու ուսուցումը եւ դրանց օգտագործման համար ապարատային եւ ծրագրային ապահովումը:

4. Մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց համար պետությունը երաշխավորում է մատչելի ուսումնական նյութերի եւ ուսումնական ծրագրերի կազմակերպումը: Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մաիմինները ապահովում են մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց պարզ եւ մատչելի ձեւով հաղորդակցվելու իրավունքը:

5. Խոսքի եւ հաղորդակցման խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց հաղորդակցումն ապահովելու համար, խթանվում է հաղորդակցության ուժեղացման եւ այլընտրանքային միջոցների, ռեժիմների եւ ձեւաչափերի ներդնումը` ներառյալ ուսուցման եւ աջակցող միջոցներով ապահովումը:

6. Սույն հոդվածի 1-5-րդ մասերով սահմանված երաշխիքներից եւ միջոցառումներից բացի, հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղեկատվության եւ հաղորդակցության, ներառյալ` տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների եւ համակարգերի մատչելիությունն ապահովվում է նաեւ հետեւյալ գործընթացների միջոցով.

1) սույն օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` տեղեկատվության եւ հաղորդակցության մատչելիությունն ապահովող պահանջների մշակելը` հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների ներգրավմամբ,

2) կապի, փոստի, համացանցի (ինտերնետի), տեղեկատվայնացման, հաղորդակցության ոլորտներում իրավական ակտերի, այդ թվում` դրանցով հաստատվող առանձին բաղկացուցիչ մասերի (կարգերի, հրահանգների, տեխնիկական ակտերի, կանոնների, կանոնակարգերի, ստանդարտների եւ այլն) նախագծման ընթացքում համընդհանուր դիզայնի սկզբունքները հաշվի առնելը,

3) տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների եւ համակարգերի նախագծման, մշակման, արտադրության եւ շահագործման ընթացքում համընդհանուր դիզայնի սկզբունքները հաշվի առնելը, իսկ համընդհանուր դիզայնի սկզբունքների լրիվ կամ մասնակի ապահովման անհնարինության դեպքում` հաշմանդամություն ունեցող անձանց համար դրանք առավելագույնս օգտագործելի դարձնելը,

4) սույն հոդվածի 2-րդ մասում նշված տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից հայերեն ժեստերի լեզվով համաժամանակյա թարգմանությամբ եւ (կամ) հայերեն բաց եւ փակ ենթագրերով (համաժամանակյա գրավոր նկարագրությամբ) հեռարձակվող տեսալսողական հաղորդումների եթերաժամերի քանակի աստիճանական եւ շարունակական ավելացման նպատակով, համապատասխան օրենսդրական բարեփոխումների մշակելը եւ իրականացնելը` համալիր եւ տարեկան ծրագրերով սահմանված ժամանակացույցի համաձայն,

5) զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվության եւ հաղորդակցության մատչելիությանը միտված աշխատանքների, միջոցառումների, ծրագրերի պարբերաբար լուսաբանումն ապահովելը, ընդ որում սույն կետով նախատեսված տեղեկությունները պետք է հրապարակվեն նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի եղանակով,

6) հաշմանդամություն ունեցող անձանց համար համացանցից (ինտերնետից) օգտվելու մատչելիությունն ապահովելու նպատակով համապատասխան միջոցառումներ իրականացնելը համալիր եւ տարեկան ծրագրերով սահմանված ժամանակացույցի համաձայն,

7) համաժողովների, կլոր սեղանների, քննարկումների, սեմինարների ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին համարժեք` մատչելի ձեւաչափով տեղեկատվության ապահովելը (բրայլյան համակարգով նյութեր, հայերեն ժեստերի լեզվով թարգմանություն եւ այլն):

7. Համալիր եւ տարեկան ծրագրերով կարող է նախատեսվել նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղեկատվության եւ հաղորդակցության մատչելիությունն ապահովող այլ գործընթացների իրականացում:

8. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կայքերը պետք է համապատասխանեն պաշտոնական կայքերին ներկայացվող մատչելիության պահանջներին, որոնք հաստատում է կառավարությունը:

Հոդված 19. Համընդհանուր դիզայնի սկզբունքները

1. Համընդհանուր դիզայնի հիմնական սկզբունքներն են`

1) հավասար կիրառելիությունը տարբեր կարողություններ ունեցող անձանց կողմից,

2) կիրառման ճկունությունը,

3) պարզությունը եւ ինտուիտիվ լինելը` անկախ օգտագործողի փորձից, գիտելիքներից, լեզվի իմացությունից կամ կենտրոնացման կարողությունից,

4) տեղեկատվության ընկալելիությունը` անկախ անձի լսողական եւ տեսողական ունակություններից,

5) սխալ կամ պատահական օգտագործման դեպքում առաջացող վտանգների կամ վնասակար հետեւանքների նվազագույնի հասցնելու նպատակով սխալների նկատմամբ հանդուրժողականությունը (դիմացկունությունը),

6) նվազագույն ֆիզիկական ջանքի կիրառմամբ օգտագործումը,

7) օգտագործման համար համապատասխան չափսի եւ տարածության առկայությունը` անկախ օգտագործողի մարմնի չափսերից, կեցվածքից եւ շարժունակությունից:

ԳԼՈՒԽ 6

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ` ԽԵԼԱՄԻՏ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆԿԱԽ ԿՅԱՆՔԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 20. Խելամիտ հարմարեցումների ապահովումը

1. Աշխատավայրում կամ ուսումնական հաստատությունում հաշմանդամություն ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա կատարվում է խելամիտ հարմարեցում:

2. Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 21. Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի եւ համայնքում ներառվելու իրավունքը

1. Պետությունը երաշխավորում է հաշմանդամություն ունեցող անձանց` այլ անձանց հետ համահավասար անկախ կյանքի եւ համայնքում ներառվելու համար անհրաժեշտ պայմաններ եւ հավասար հնարավորություններ ստեղծելը: Այդ թվում` պետությունն իրականացնում է միջոցառումներ խնամքի շուրջօրյա մեծ հաստատություններում կազմակերպվող ծառայությունները համայնքահենք ծառայություններով փոխակերպելու ուղղությամբ:

2. Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց (երեխաների) համար խնամքի այնպիսի հաստատությունների ստեղծելը, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք մեկուսացած են կամ զրկված են իրենց առօրյա կյանքին վերաբերող որոշումներ կայացնելու իրավունքից, արգելվում է:

3. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի իրավունքն ապահովելու նպատակով իրականացնում են ծրագրեր եւ ծառայություններ` ուղղված

1) հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական ներառմանը,

2) հաշմանդամություն ունեցող անձի մուտքը բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ (մասնագիտացված) հաստատություն եւ անգործունակ ճանաչելը կանխարգելելուն, հաստատությունից համայնք վերադարձը աջակցելուն, համայնքահեն ծառայություններ մատուցելուն,

3) հաշմանդամություն ունեցող անձի եւ համայնքի իրազեկվածությանը,

4) անձի` անկախ կյանքի հմտությունների զարգացմանը,

5) հաշմանդամություն ունեցող անձին կամ անձանց խմբերին սեփական իրավունքները ջատագովելու նպատակով հզորացմանը,

6) հաշմանդամություն ունեցող անձանց խորհրդատվական խմբերի աշխատանքը համակարգելուն,

7) անձի բնակության վայրի մատչելիության ապահովմանը,

8) անձնական օգնականի կամ ուղեկցողների ծառայությունների համակարգմանը:

4. Անձնական օգնականի ծառայությունները տրամադրվում են հաշմանդամություն ունեցող անձին (երեխային) ծառայությունների անհատական ծրագրով սահմանված լինելու դեպքում: Ծառայությունը մատուցվում է անձնական օգնականի եւ հաշմանդամություն ունեցող անձի (նրա օրինական ներկայացուցչի) միջեւ կնքված պայմանագրի հիման վրա, որում ներառվում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Ծառայությունների մատուցման պայմանագիրը կարող է լինել եռակողմ` ներառելով նաեւ անձնական օգնականի եւ (կամ) դրան ուղղակիորեն առնչվող (այդ թվում` անձնական օգնականի ծառայության մոնիթորինգը եւ գնահատումը, անձնական օգնականների վերապատրաստման հարցում աջակցությունը) ծառայություններ մատուցող պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին, հասարակական կազմակերպություններին: Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը եւ պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 22. Հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ վիճակագրությունը

1. Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ վիճակագրությունն իրականացվում է պաշտոնական վիճակագրության հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենքներին համապատասխան:

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն անցկացվող մարդահամարի հարցաթերթում պետք է լինեն հարցեր անձի` հաշմանդամության եւ մասնակցության սահմանափակման մասին:

ԳԼՈՒԽ 7

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 23. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-57-ՀՆ-0800-1 օրենքը, բացառությամբ 6-րդ, 61 -րդ, 62 -րդ հոդվածների, որոնք ուժը կորցրած են ճանաչվում 2021 թվականի սեպտեմբերի 1-ից:

3. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում: Մինչեւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման նորմեր պարունակող իրավական ակտերը uույն oրենքին համապատաuխանեցնելը` դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակաuում uույն oրենքին:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջին, երկրորդ եւ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ եւ հաշմանդամ երեխա ճանաչված անձանց համար սահմանված արտոնությունները պահպանվում են մինչեւ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի գնահատումը:

5. Անժամկետ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն այլ անձանց տրամադրվող բժշկական օգնության եւ սպասարկման որակին եւ չափանիշներին համապատասխանող բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք` անվճար կամ արտոնյալ պայմաններով:

6. Անժամկետ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք ունեն անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք` 50 տոկոս զեղչով դեղեր ստանալու իրավունք:

7. Անժամկետ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում, այլ հավասար պայմանների դեպքում, oգտվում են պետական եւ հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական եւ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու նախապատվության (առաջնահերթության) իրավունքից:

8. Պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), պետական միջին մասնագիտական, պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգերի համար առնվազն անցումային միավորներ հավաքած` անժամկետ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք ընդունվում են համապատասխան ուսումնական հաստատություններ` ուսման վարձի փոխհատուցմամբ:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` նախագծերի փաթեթ) հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտի քաղաքականությունը եւ օրենսդրությունը համապատասխանեցվում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 2006թ. դեկտեմբերի 13-ին ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի պահանջներին (այսուհետ` Կոնվենցիա), որը վավերացվել է Հայաստանի Հանրապետության ԱԺ կողմից եւ ուժի մեջ մտել 2010 թվականի հոկտեմբերի 22-ից եւ բխում է պետության որդեգրած քաղաքականությունից, որը միտված է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար եւ մատչելի պայմաններ ապահովմանը, նրանց սոցիալական ներառմանը:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության հետ կապված հարցերը կարգավորվում են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» 1993 թվականին ընդունած Հայաստանի Հանրապետության օրենքով, որով հիմնականում սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության սկզբունքները եւ մոտեցումները: Գործող օրենքում ամրագրված մոտեցումները չեն համապատասխանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման միջազգայնորեն ընդունված սկզբունքներին եւ մոտեցումներին:

Հայաստանի Հանապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովված չեն մատչելի պայմաններ, ինչը լուրջ խոչնդոտ է հանդիսանում նրանց սոցիալական ներառման համար: Հաշմանդամության հիմքով խտրականությունը եւս խոչընդոտում է սոցիալական ներառմանը:

Միաժամանակ, հաշմանդամություն ունեցող անձանց մեծ մասը տեղեկացված չէ իր իրավունքների մասին, նրանց գերակշիռ մասը հաճախ չի պատկերացնում, որ խախտվել են իր հիմնարար իրավունքները կամ դրսեւորվել է խտրական վերաբերմունք իր խնդրի վերաբերյալ: Մյուս կողմից, վարչական դատավարության ընթացակարգերը չպատկերացնելը նույնպես նպաստում է դրանից խուսափելուն:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագծով սահմանվել են նաեւ արգելող նորմեր, մասնավորապես, բնակավայրերի նախագծման ու կառուցապատման, հանրային նշանակության շենքերի եւ շինությունների, տրանսպորտային համակարգի շինարարության ու վերակառուցման դեպքում համընդհանուր դիզայնի սկզբունքները չպահպանելու, հաշմանդամություն ունեցող անձանց օգտագործման համար հարմարեցված չլինելու, հեռուստառադիոընկերությունների կողմից իրենց ծրագրերում լսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի տեղեկատվութան նվազագույն պահանջները չապահովելու վերաբերյալ: Իրավակիրառ պրակտիկան ցույց է տալիս, որ պատասխանատվության մեխանիզմների բացակայության պարագայում իրավական նորմերի արդյունավետությունը նվազում է կամ դրանք չեն գործում:

Հաշմանդամության սահմանմանն առնչվող դրույթները սահմանված են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 61 -րդ, 62 -րդ հոդվածներով: Հաշմանդամության սահմանման հիմքում դրված է անձի կենսագործունեության սահմանափակման աստիճանը. հաշմանդամ են ճանաչվում հիվանդության, վնասվածքների կամ խեղման հետեւանքով կենսագործունեության սահմանափակում ունեցող անձինք:

Կենսագործունեության սահմանափակման հիման վրա հաշմանդամության սահմանումն առավելապես բխում է բժշկական չափանիշներից, այսինքն, հիմնված է բժշկական մոդելի վրա: Այս համատեքստում hաշմանդամություն ունեցող անձը դիտարկվում է որպես առողջական խնդիրներ ունեցող անձ, որը կարիք ունի պաշտպանության: Չի իրականացվում անձի կարողությունների բազմակողմանի գնահատում եւ հաշվի չեն առնվում շրջակա միջավայրի գործոնները: Գնահատման նպատակը առավելապես հաշմանդամ ճանաչել կամ չճանաչելն է, որով էլ պայմանավորված են լրացուցիչ արտոնությունները:

2. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծերի փաթեթովվ սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականության նպատակը, պետական քաղաքականության հիմնական սկզբունքները եւ ուղղությունները, այս ոլորտում կառավարության եւ լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության համար մատչելի պայմանների եւ հավասար հնարավորությունների ապահովմանն առնչվող պահանջները, դրան հասնելու թիրախային ուղղությունները:

Սահմանվել են նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության, բժշկական օգնության եւ սպասարկման, ինչպես նաեւ դեղորայքը անվճար կամ արտոնյալ պայմաններով ստանալու դրույթներ, որոնք սահմանված են նաեւ գործող օրենքում:

Սահմանվել են դրույթներ հաշմանդամության հիմքով խտրականությունը արգելելու համար: Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի եւ հավասար պայմաններ ապահովելու նպատակով սահմանվել են դրույթներ ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության եւ հաղորդակցման ապահովման վերաբերյալ: Ընդ որում, պահանջ է դրվել այդ իրավունքերն ապահովել ունիսվեսալ դիզայնի սկզբունքների համաձայն: Սահմանվել են նաեւ ունիվերսալ դիզայնի սկզբունքները: Ունիվերսալ դիզայնի սկզբունքներին համաձայն մատչելիությունն ապահովելու անհնարինության դեպքում սահմանվել են դրույթներ խելամիտ հարմարեցումների համար:

Օրենքի նախագծով պետությունը երաշխավորություն է ստանձնում հաշմանդամություն ունեցող անձանց` այլ անձանց հետ համահավասար անկախ կյանքի եւ համայնքում ներառվելու համար անհրաժեշտ պայմաններ եւ հավասար հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեն Հայաստանի սկզբնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներում (մաս 9) իր մտահոգությունն է հայտնում այն հանգամանքի կապակցությամբ, որ չեն իրականացվում ներպետական օրենսդրությամբ սահմանված` մատչելիության վերաբերյալ գործող նորմերն ու չափորոշիչները, ինչպես նաեւ բավարար չեն քաղաքաշինության, կառուցապատման եւ հանրային, մասնավորապես` տրանսպորտային, տեղեկատվական եւ հաղորդակցման ծառայությունների ոլորտներում խոչընդոտների ու արգելքների վերացմանն ուղղված աշխատանքները: Կոմիտեին նաեւ մտահոգում է այն փաստը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը չի նախատեսում պատժամիջոցներ մատչելիության նորմերի եւ չափորոշիչների խախտման համար, ինչպես նաեւ այն, որ պետական մակարդակով չեն գործում դիտանցման մեխանիզմներ` նման նորմերի եւ չափորոշիչների արդյունավետ իրականացումն ապահովելու համար:

Վերոնշյալով պայմանավորված ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանվում են պատասխանատվության մեխանիզմներ` «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով սահմանված համապատասխան դրույթների իրագործումն արդյունավետ իրականացնելու համար:

Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող հասարակական կազմակերպություններին իրավունք է վերապահվում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտից բխող հարցերով հայց ներկայացնել` եթե խախտվել է հաշմանդամություն ունեցող անձանց` հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանելու իրավունքը եւ եթե առողջական վիճակից կամ այլ հանգամանքից ելնելով հաշմանդամություն ունեցող անձը չի կարող անձամբ ներկայացնել իր իրավունքները եւ օրինական շահերը դատարանում:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն, հաշմանդամությունը սահմանվում է որպես մարդու ֆիզիկական եւ մտավոր խնդիրների ու շրջակա միջավայրի խոչընդոտների փոխազդեցության արդյունքում գործունեության եւ մասնակցության սահմանա՟փակում. հաշմանդամություն ունեցող անձ է համարվում այն անձը, որը ֆիզիկական, հոգեկան, մտավոր եւ զգայական տեւական խնդիրների եւ տարբեր արգելքների փոխազդեցության արդյունքում կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում: Այս համատեքստում հաշման՟դամությունն այլեւս չի դիտարկվում որպես մշտական առողջական խնդիր, այլ ընկալվում է որպես գործունեության սահմանափակումների կրճատմանն ու մասնակցության ընդլայնմանն ուղղված միջամտություններ (աշխատանք, կրթություն, ընտանեկան եւ համայնքային կյանք, սպորտ ու մշակույթ եւ այլն)` շրջակա միջավայրում առկա ֆիզիկական եւ վերաբերմունքային խոչընդոտները վերացնելու, լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու ու ծառայություններ տրամադրելու միջոցով:

Կարգավորման նպատակն է հաշմանդամության սահմանման մոդելից անցնել ֆունկցիոնալության գնահատման մոդելի, որը հնարավորություն կընձեռի իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկել ըստ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի, նրա գործունեության եւ մասնակցության վրա միջավայրային գործոնների ունեցած ազդեցության: Գնահատումը կիրականացվի մասնագետների ռեեստրից պատահական ընտրությամբ ձեւավորված գնահատող հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկվում են`

1) բժիշկներ` տարբեր նեղ մասնագիտացումներով, որոնք կիրականացնեն օրգանիզմի ֆունկցիաների եւ մարմնի կառուցվածքի գնահատումը,

2) էրգոթերապիստներ, հոգեբաններ եւ այլ մասնագետներ, որոնք կիրականացնեն անձի գործունեության եւ մասնակցության գնահատում:

Նախատեսվում է հաշմանդամության խմբերի փոխարեն (1-ին, 2-րդ, 3-րդ խումբ եւ հաշմանդամ երեխա), սահմանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը` թեթեւ, միջին, ծանր, խորը: Գնահատումը հիմնված է ԱՀԿ ՖՄԴ գաղափարախոսության եւ մոտեցումների վրա: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ՄԱԿ-ի եւ ԵՄ աջակցությամբ մշակել են գնահատման գործիքները, մեթոդական ուղեցույցերը, անձի ֆունկցիոնալության գնահատմանն առնչվող բիզնես պրոցեսները: Մի քանի փուլով իրականացվել են փորձարկումներ: Մշակվել, գերատեսչությունների եւ հասարակական կազմակերպությունների հետ քննարկման արդյունքում կառավարություն է ներկայացվել հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների եւ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման ծրագիրը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի փաթեթով անհրաժեշտ իրավական հիմքեր կստեղծի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց համար հավասար հնարավորությունների եւ մատչելի պայմանների ապահովման, hասարակական կյանքի բոլոր ոլորտներում նրանց իրավունքների իրացումն ապահովելու համար` բացառելով հաշմանդամության հիմքով խտրականությունը:

Անձի ֆունկցիոնալության գնահատման մոդելը կնպաստի օբյեկտիվ որոշումների կայացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, անձի կարիքների բազմակողմանի գնահատման հիման վրա հասցեական ծառայությունների մատուցմանը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿ՟ՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող ծախսերի անհրաժեշտ փոփոխությունները յուրաքանչյուր տարի կնախատեսվեն պետական բյուջեի հայտերում եւ կիրականացվեն պետական բյուջեի կամ օրենքով չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:

Անձի Ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովներն իրենց աշխատանքները կիրականացնեն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համակարգում ստեղծվող ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի (Գրասենյակ) կազմում (նախատեսված է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում); Հանձնաժողովներն իրենց գործունեությունը կիրականացնեն Գրասենյակի տարածքային մարմիններում: Վերջիններիս մի մասը կառուցված են, մյուսների կառուցումը ընթացքի մեջ է: Այն իրականացվում է Համաշխարհային բանկի սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրի շրջանակներում: Հետեւաբար շենքային պայմանների հետ կապված նոր ֆինանսական միջոցներ չեն պահանջվի: Ներկայումս բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովները, որոնք իրականացնում են հաշմանդամության սահմանման գործընթացը, մեծամասամբ տեղակայված են վարձակալությամբ տրամադրված տարածքներում, որտեղ չկան բավարար պայմաններ քաղաքացիներին պատշաճ սպասարկելու համար: Գրասենյակի տարածքային մարմիններում կապահովվեն բոլոր պայմանները քաղաքացիների սպասարկման համար: Վարձակալության վրա ծախսվող միջոցները կուղղվեն անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը եւ շարունակական արդիակա՟նաց՟մանը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում նվազում չի նախատեսվում, տուգանքներից առաջացած վճարումները կհանգեցնեն պետական բյուջեի միջոցների ավելացմանը:

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Հայաստանի Հանրապետության կառավարությոան որոշում

Գրություն