ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ նպատակը
1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում անձի ֆունկցիոնալության գնահատման կազմակերպական եւ իրավական հիմքերը, նպատակները, անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության, պետական կառավարման համակարգի մարմնի լիազորությունները, ինչպես նաեւ կարգավորում է ֆունկցիոնալության գնահատմանն առնչվող այլ հարաբերություններ:
2. Սույն օրենքի նպատակը անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրումն է, հաշմանդամություն ունեցող անձանց գնահատված կարիքին համարժեք ծառայություններ մատուցելու իրավական հիմքերի ստեղծումը` հիմնված մարդու հիմնարար իրավունքների վրա:
Հոդված 2. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտը կարգավորող օրենսդրությունը եւ գործողության ոլորտը
4. Հայաստանի Հանրապետությունում անձի ֆունկցիոնալության գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով եւ այլ իրավական ակտերով:
5. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող եւ փախuտականի կարգավիճակ ունեցող անձանց վրա: Օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող եւ փախuտականի կարգավիճակ ունեցող անձանց վրա սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունենալու եւ բնակվելու ժամանակահատվածում:
6. Սույն օրենքով սահմանված` հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող դրույթները հավասարապես տարածվում են հաշմանդամություն ունեցող երեխաների վրա, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ չի բխում դրանց կարգավորման առանձնահատկություններից:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) հաշմանդամություն ունեցող անձ` ըստ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի.
2) միջավայրային արգելքներ` ըստ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի.
3) անձի ֆունկցիոնալության գնահատում` Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացվող գործընթաց, որն իրականացվում է անձի առողջական խնդիրների, գործունեության ու մասնակցության եւ միջավայրային արգելքների գնահատման հիման վրա անձին որպես հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու կամ մերժելու, անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը որոշելու եւ անհատական կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունները որոշարկելու նպատակներով.
4) ֆունկցիոնալության գնահատման համակարգ` անձի ֆունկցիոնալության գնահատմանը, ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանն ուղղված պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ֆիզիկական անձանց կողմից իրականացվող գործառույթների (լիազորությունների) ամբողջություն:
5) անձի ֆունկցիոնալության սահմանափակում` օրգանիզմի ֆունկցիաների եւ մարմնի կառուցվածքի, գործունեության եւ մասնակցության, միջավայրային գործոնների ազդեցության համատեքստում անձի հասարակական կյանքին մասնակցելու կարողության սահմանափակումը.
ա. մարմնի կառուցվածք (Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ԱՀԿ) ֆունկցիաների միջազգային դասակարգման (այսուհետ` ՖՄԴ) «s» ծածկագրեր)` մարմնի անատոմիական մասեր, ինչպիսիք են օրգանները, վերջույթները եւ դրանց բաղադրիչները.
բ. oրգանիզմի ֆունկցիաներ (ԱՀԿ ՖՄԴ «b» ծածկագրեր)` օրգան համակարգերի ֆիզիոլոգիական ֆունկցիաներ (ներառյալ հոգեկան (մտավոր) ֆունկցիաները).
գ. գործունեություն եւ մասնակցություն (ԱՀԿ ՖՄԴ «d» ծածկագրեր)` սովորելու եւ գիտելիքները կիրառելու, ընդհանուր առաջադրանքները կատարելու, հաղորդակցվելու, տեղաշարժվելու, ինքնասպասարկման, կենցաղը կազմակերպելու, միջանձնային հարաբերություններ ստեղծելու, կրթություն ստանալու, աշխատելու (երեխաների համար` խաղալու) եւ այլ ունակությունների (կարողությունների) եւ հնարավորությունների համակցություն.
դ. միջավայրային գործոններ (ԱՀԿ ՖՄԴ «e» ծածկագրեր)` ըստ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
6) ծառայությունների անհատական ծրագիր (ԾԱԾ)` անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում մշակված փաստաթուղթ, որը ներառում է գնահատվող անձի սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումներն ու ծրագրերը:
Հոդված 4. Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի հիմնական սկզբունքները
1. Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի հիմնական սկզբունքներն են.
1) հաշմանդամություն ունեցող անձի հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը.
2) հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը եւ իրազեկ համաձայնությունը.
3) մատչելիությունը.
4) անձնական տվյալների գաղտնիությունը.
5) հաշմանդամություն ունեցող անձի կարիքների բազմակողմանի գնահատելը.
6) անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ծառայությունների մատուցելը որպես գերակա նպատակ ունենալը:
ԳԼՈՒԽ 2
ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում
1. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
1) ապահովում է ֆունկցիոնալության գնահատման ոլորտում միասնական պետական քաղաքականության իրականացումը.
2) հաստատում է հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների եւ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման ծրագիրը.
3) հաստատում է անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը, չափորոշիչները եւ գործիքները,
4) հաստատում է ծառայությունների անհատական ծրագրերը կազմելու եւ իրականացնելու կարգը.
5) հաստատում է աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված վնասվածքների, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի դեպքում մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանելու կարգը եւ չափանիշները.
6) հաստատում է անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի բարեփոխումների իրականացմանն ուղղված ռազմավարությունները, հայեցակարգերը, ծրագրերը.
7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 6. Պետական կառավարման մարմնի լիազորությունները անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում
1. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը օրենսդրությամբ սահմանված կարգով`
1) ապահովում է անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացի իրականացումը.
2) հաստատում է ծառայությունների անհատական ծրագրի ձեւը.
3) հաստատում է անձի ֆունկցիոնալության գնահատման մեթոդական ուղեցույցերը.
4) հաստատում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների գործունեության մոնիթորինգի իրականացման կարգը.
5) սահմանում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների պահանջները.
6) կազմակերպում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վերապատրաստումը.
7) հաստատում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետներին վերապատրաստման արդյունքում տրվող հավաստագրերի օրինակելի ձեւերը.
8) կազմակերպում է սույն օրենքի 12-րդ հոդվածում նշված տեղեկատվական շտեմարանից օգտվողների վերապատրաստումը.
9) օրենսդրությամբ սահմանված կարգով` տեղեկատվական շտեմարանում առկա տվյալների վերլուծության հիման վրա, իր պաշտոնական կայքում պարբերաբար հրապարակում է ապանձնավորված վիճակագրական տեղեկություններ.
10) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 7. Անձի ֆունկցիոնալության գնահատումը
1. Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում անձը ճանաչվում է հաշմանդամություն ունեցող անձ (երեխա) կամ չի ճանաչվում, որոշվում է նրա ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը` թեթեւ, միջին, ծանր, խորը, մշակվում է ծառայությունների անհատական ծրագիրը:
2. Անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը որոշվում է ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչներին համապատասխան:
3. Անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացվում է այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգի միջոցով:
4. Անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացվում է`
1) անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա` հետեւյալ դեպքերում.
ա. հաշմանդամություն ունեցող անձ (երեխա) ճանաչելու.
բ.անձի ֆունկցիոնալության սահմանփակման աստիճանը որոշելու.
գ. հաշմանդամության ժամկետը լրանալու.
դ. անձի առողջական վիճակի փոփոխության.
ե. անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների կողմից կայացրած որոշումը (վարչական ակտը) բողոքարկելու.
զ. ծառայությունների անհատական ծրագիր կազմելու կամ դրանում փոփոխություն (լրացում) կատարելու.
է. անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշելու.
ը. հաշմանդամության պատճառական կապը որոշելու.
թ. ժամանակավոր անաշխատունակության ժամկետը երկարաձգելու.
ժ. մահվան պատճառական կապը որոշելու:
2) լիազորած մարմնի եւ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնության հիման վրա (վարչական ակտի իրավաչափությունը գնահատելու համար).
3) դատարանի որոշման կամ վճռի հիման վրա:
5. Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում գնահատող հանձնաժողովն ընդունում է որոշում` վարչական ակտ:
6. Վերականգնման հեռանկարի բացակայության կանխատեսումով ֆունկցիոնալության սահմանափակումների դեպքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ:
Հոդված 8. Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստրը եւ գնահատող հանձնաժողովը
1. Անձի ֆունկցիոնալությունը գնահատելու համար ձեւավորվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստր (այսուհետ` մասնագետների ռեեստր): Մասնագետների ռեեստրը անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների տվյալների էլեկտրոնային բանկ է, որի հիմնական նպատակն է ապահովել անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների պատահական ընտրությունը:
2. Մասնագետների ռեեստրից ավտոմատացված համակարգը պատահական ընտրության սկզբունքով էլեկտրոնային վիճակահանության արդյունքով ձեւավորում են գնահատող հանձնաժողովներ, որոնք Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականացնում են վարչարարություն: Գնահատող հանձնաժողովների կազմում ընդգրկվում են`
1) օրգանիզմի ֆունկցիաները եւ մարմնի կառուցվածքը գնահատող մասնագետներ.
2) անձի գործունեությունը եւ մասնակցությունը գնահատող մասնագետներ:
3. Գնահատող հանձնաժողովները`
1) գնահատում են անձի ֆունկցիոնալությունը.
2) կազմում են ծառայությունների անհատական ծրագիրը.
3) անձին ճանաչում են հաշմանդամություն ունեցող կամ չեն ճանաչում.
4) որոշում են անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը.
5) ֆունկցիոնալության գնահատման համար դիմած անձանց անհրաժեշտության դեպքում ուղեգրում են լրացուցիչ հետազոտությունների եւ (կամ) անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում որոշումների կայացման համար անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում` անձնական տվյալներ ստանալու նպատակով հարցումներ են կատարում տարբեր մարմիններ եւ կազմակերպություններ: Վերջիններս տեղեկությունը տրամադրում են հարցման օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում.
6) որոշում են հաշմանդամության պատճառական կապը.
7) որոշում են մահվան պատճառական կապը.
8) որոշում են անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը` կապված աշխատանքային պարտականությունների կատարման կամ մասնագիտական հիվանդության հետ.
9) որոշում են կայացնում ժամանակավոր անաշխատունակության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ,
10) մասնակցում են ֆունկցիոնալության գնահատում անցած անձանց տեղեկատվական շտեմարանի ստեղծմանը.
11) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ լիազորություններ:
4. Անձի ֆունկցիոնլության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինների գործունեության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների եւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
Հոդված 9. Հաշմանդամության պատճառական կապերը
1. Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում սահմանվում է նաեւ պատճառական կապը: Հաշմանդամության պատճառական կապը սահմանվում է հաշմանդամություն առաջացնող ախտաբանական վիճակի եւ այդ ախտաբանական վիճակի առաջացման պատճառի (անմիջական կապ կամ հետեւանք) վերաբերյալ փաստաթղթերում եղած տվյալների հիման վրա:
2. Հաշմանդամության պատճառ կարող են լինել`
1) մանկուց (մինչեւ 18 տարին լրանալը) ձեռք բերած հիվանդությունը.
2) ընդհանուր հիվանդությունը.
3) աշխատանքային վնասվածքը.
4) մասնագիտական հիվանդությունը.
5) բնական, տեխնածին եւ այլ աղետները, ինչպես նաեւ դրանց վերացման աշխատանքների ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.
6) զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.
7) զինվորական պարտականությունները կատարելու հետեւանքով ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.
8) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.
9) Հայրենական մեծ պատերազմի եւ այլ պետություններում մարտական գործողությունների (խաղաղապահ առաքելությունների, զորավարժությունների) ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.
10) պահեստազորի վարժական հավաքներին մասնակցելու ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.
11) հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.
12) Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետեւանքների վերացման աշխատանքների ժամանակ զինվորական ծառայողական պարտականությունները կատարելիս ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.
13) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերը:
Հոդված 10. Ծառայությունների անհատական ծրագիրը
1. Ծառայությունների անհատական ծրագիրը կազմվում է գնահատող հանձնաժողովի կողմից` սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան:
2. Ծառայությունների անհատական ծրագիրը պետք է հիմնված լինի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք եւ արդյունավետ մասնակցությունը խթանելու նպատակի վրա: Այն կազմվում է անձի ֆունկցիոնալության գնահատման հիման վրա եւ կապված է առողջապահության, կրթության, զբաղվածության, սոցիալական ապահովության միջոցների, բուժական եւ վերականգնողական ծառայությունների, ներառյալ աջակցող միջոցները, ինչպես նաեւ իրավական ակտերով նախատեսված այլ միջոցառումների հետ: Ծառայությունների անհատական ծրագիրը պետք է հաշվի առնի հաշմանդամություն ունեցող կանանց եւ աղջիկների` սեռով, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող երեխաների` տարիքային առանձնահատկություններով պայմանավորված հատուկ կարիքները:
3. Ծառայությունների անհատական ծրագիրն ունի երաշխավորական բնույթ` անձը կամ նրա օրինական ներկայացուցիչն իրավունք ունի հրաժարվելու ինչպես ծառայությունների անհատական ծրագրի իրականացումից` ամբողջությամբ, այնպես էլ դրանում ընդգրկված որեւէ միջոցառման իրականացումից:
4. Ծառայությունների անհատական ծրագրում ընդգրկված միջոցառումների իրականացումը կազմակերպվում եւ դրանք իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված համապատասխան մարմինների (անձանց, կազմակերպությունների, հիմնարկների) կողմից` սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված դեպքերում, կարգով եւ ժամկետներում:
5. Ծառայությունների անհատական ծրագրում ներառված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումների արդյունքները (արդյունավետությունը) գնահատում է լիազորած մարմինը:
6. Ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ օրենքով չարգելված այլ աղբյուրների միջոցների հաշվին:
Հոդված 11. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում ընդունվող որոշումների եւ ծառայությունների անհատական ծրագրերի բողոքարկումը եւ վերահսկողությունը
1. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում ընդունվող որոշումների բողոքարկման հիմքերը, ժամկետները եւ կարգը կարգավորվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով:
2. Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:
Հոդված 12. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտի տեղեկատվական շտեմարանը
1. Անձի ֆունկցիոնալության գնահատման, ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման նկատմամբ վերահսկողություն, վիճակագրական եւ հետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով լիազորած մարմինը ձեւավորում եւ վարում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտի տեղեկատվական շտեմարան (այսուհետ` տեղեկատվական շտեմարան):
2. Տեղեկատվական շտեմարանը ֆունկցիոնալության գնահատում անցած անձանց անձնական տվյալների, գնահատման արդյունքների եւ երաշխավորված ծառայությունների, անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ապահովմանն ու բարելավմանն ուղղված գործունեությանը վերաբերող ոչ անձնական տվյալների ամբողջությունն է:
3. Տեղեկատվական շտեմարանի անձնական տվյալները մշակում է լիազորած մարմինը, իսկ սպասարկումը եւ դրանում առկա տեխնիկական սպասարկման ու շահագործման ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած կազմակերպությունը:
4. Սույն օրենքում «անձնական տվյալների մշակում» հասկացությունը կիրառվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող իմաստով:
5. Ֆունկցիոնալության գնահատում անցած անձանց անձնական տվյալները, ներառյալ մարմնի կառուցվածքին, օրգանիզմի ֆունկցիաներին, անձի գործունեությանը եւ մասնակցությանը, միջավայրային գործոններին վերաբերող «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հատուկ կատեգորիայի տվյալները սույն օրենքով նախատեսված դեպքերում մշակվում են առանց ֆունկցիոնալության գնահատում անցնող անձի համաձայնության:
6. Տեղեկատվական շտեմարանը մշակվում է հետեւյալ նպատակների իրականացման համար.
ա. անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացը (դիմում, փաստաթղթերի հավաքագրում եւ ուսումնասիրություն, գնահատման արդյունքների գնահատում, ծառայությունների երաշխավորում, մատուցում, եւ այլն) առցանց եղանակով կազմակերպման.
բ. անձի ֆունկցիոնալության վերաբերյալ միասնական ձեւաչափով անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման.
գ. տարբեր գերատեսչությունների միջեւ անձի ֆունկցիոնալության գնահատմանն առնչվող տվյալների ինքնաշխատ փոխանակման.
դ. ֆունկցիոնալության գնահատում անցած անձանց երաշխավորված եւ մատուցած ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման.
ե. անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի գործունեության պլանավորման, համակարգման, գնահատման.
զ. մատուցված ծառայությունների որակի եւ արդյունավետության գնահատման նպատակով:
7. Տեղեկատվական շտեմարանում կարող են ներառվել հետեւյալ անձնական, ներառյալ հատուկ կատեգորիայի տվյալները.
1) անձի անունը, ազգանունը, հայրանունը.
2) ծննդյան օրը, ամիսը, տարին.
3) սեռը.
4) քաղաքացիությունը.
5) ազգությունը.
6) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայու՟թյուն՟ների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը կամ անձնագրի (նույնականացման քարտի) համարը եւ սերիան, կամ ծննդյան վկայականի համարը կամ կացության վկայականի համարը, իսկ օտարերկրյա քաղաքացիների դեպքում` անձը հաստատող փաստաթղթի համարը.
7) հաշվառման եւ փաստացի բնակության վայրերը, հեռախոսի համարը, առկայության դեպքում նաեւ էլեկտրոնային փոստի հասցեն.
8) ընտանեկան կարգավիճակը, ընտանիքի կազմը, օրինական ներկայացուցիչների` ծնողների (այդ թվում` որդեգրողների), խնամակալների եւ հոգաբարձուների հետ կոնտակտային տվյալները.
9) կրթության վերաբերյալ տեղեկությունը.
10) զբաղվածության (աշխատանքի) վերաբերյալ տեղեկությունը.
11) սոցիալական կարգավիճակը:
8. Տեղեկատվական շտեմարանում անձնական տվյալները պաշտպանվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
9. Տեղեկատվական շտեմարանի տեխնիկական բնութագրերը պետք է համապատասխանեն էլեկտրոնային ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերի անվտանգության, փոխգործելիության եւ տեխնիկական ընդհանուր պահանջներին ու նորմերին:
10. Առանց անձի համաձայնության տեղեկատվական շտեմարանում առկա տվյալները կարող են փոխանացվել պետական մարմինների միջեւ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում եւ կարգով:
11. Տեղեկատվական շտեմարանի գործունեությունը հիմնվում է հետեւյալ սկզբունքների վրա`
1) տեղեկության միասնականություն («մեկ լեզվով» խոսելու հնարավորություն).
2) տեղեկության հասանելիություն տեղեկատվական շտեմարանի բոլոր իրավասու օգտագործողներին` իրենց լիազորությունների շրջանակներում.
3) տեղեկության պաշտպանվածություն:
12. Տեղեկատվական շտեմարանում հավաքագրված տեղեկությունը կարող է կիրառվել վիճակագրական տվյալներ հրապարակելու, մշտադիտարկումներ, ուսումնասիրություններ, վերլուծություններ կատարելու նպատակով, անձի ծառայությունների մատուցման գործընթացը կազմակերպելու եւ զարգացնելու համար:
ԳԼՈՒԽ 3
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 13. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հոդված 14. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո` մեկ տարվա ընթացքում: Մինչեւ ենթաօրենսդրական իրավական ակտերը uույն oրենքին համապատաuխանեցնելը` դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակաuում uույն oրենքին:
2. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում անժամկետ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվածների վրա, եթե վերջիններս նման ցանկություն չեն հայտնել:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջին, երկրորդ եւ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ եւ հաշմանդամ երեխա ճանաչված անձանց համար սահմանված արտոնությունները պահպանվում են մինչեւ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի գնահատումը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` նախագծերի փաթեթ) հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտի քաղաքականությունը եւ օրենսդրությունը համապատասխանեցվում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 2006թ. դեկտեմբերի 13-ին ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի պահանջներին (այսուհետ` Կոնվենցիա), որը վավերացվել է Հայաստանի Հանրապետության ԱԺ կողմից եւ ուժի մեջ մտել 2010 թվականի հոկտեմբերի 22-ից եւ բխում է պետության որդեգրած քաղաքականությունից, որը միտված է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար եւ մատչելի պայմաններ ապահովմանը, նրանց սոցիալական ներառմանը:
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության հետ կապված հարցերը կարգավորվում են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» 1993 թվականին ընդունած Հայաստանի Հանրապետության օրենքով, որով հիմնականում սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության սկզբունքները եւ մոտեցումները: Գործող օրենքում ամրագրված մոտեցումները չեն համապատասխանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման միջազգայնորեն ընդունված սկզբունքներին եւ մոտեցումներին:
Հայաստանի Հանապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովված չեն մատչելի պայմաններ, ինչը լուրջ խոչնդոտ է հանդիսանում նրանց սոցիալական ներառման համար: Հաշմանդամության հիմքով խտրականությունը եւս խոչընդոտում է սոցիալական ներառմանը:
Միաժամանակ, հաշմանդամություն ունեցող անձանց մեծ մասը տեղեկացված չէ իր իրավունքների մասին, նրանց գերակշիռ մասը հաճախ չի պատկերացնում, որ խախտվել են իր հիմնարար իրավունքները կամ դրսեւորվել է խտրական վերաբերմունք իր խնդրի վերաբերյալ: Մյուս կողմից, վարչական դատավարության ընթացակարգերը չպատկերացնելը նույնպես նպաստում է դրանից խուսափելուն:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագծով սահմանվել են նաեւ արգելող նորմեր, մասնավորապես, բնակավայրերի նախագծման ու կառուցապատման, հանրային նշանակության շենքերի եւ շինությունների, տրանսպորտային համակարգի շինարարության ու վերակառուցման դեպքում համընդհանուր դիզայնի սկզբունքները չպահպանելու, հաշմանդամություն ունեցող անձանց օգտագործման համար հարմարեցված չլինելու, հեռուստառադիոընկերությունների կողմից իրենց ծրագրերում լսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի տեղեկատվութան նվազագույն պահանջները չապահովելու վերաբերյալ: Իրավակիրառ պրակտիկան ցույց է տալիս, որ պատասխանատվության մեխանիզմների բացակայության պարագայում իրավական նորմերի արդյունավետությունը նվազում է կամ դրանք չեն գործում:
Հաշմանդամության սահմանմանն առնչվող դրույթները սահմանված են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 61 -րդ, 62 -րդ հոդվածներով: Հաշմանդամության սահմանման հիմքում դրված է անձի կենսագործունեության սահմանափակման աստիճանը. հաշմանդամ են ճանաչվում հիվանդության, վնասվածքների կամ խեղման հետեւանքով կենսագործունեության սահմանափակում ունեցող անձինք:
Կենսագործունեության սահմանափակման հիման վրա հաշմանդամության սահմանումն առավելապես բխում է բժշկական չափանիշներից, այսինքն, հիմնված է բժշկական մոդելի վրա: Այս համատեքստում hաշմանդամություն ունեցող անձը դիտարկվում է որպես առողջական խնդիրներ ունեցող անձ, որը կարիք ունի պաշտպանության: Չի իրականացվում անձի կարողությունների բազմակողմանի գնահատում եւ հաշվի չեն առնվում շրջակա միջավայրի գործոնները: Գնահատման նպատակը առավելապես հաշմանդամ ճանաչել կամ չճանաչելն է, որով էլ պայմանավորված են լրացուցիչ արտոնությունները:
2. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Նախագծերի փաթեթովվ սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականության նպատակը, պետական քաղաքականության հիմնական սկզբունքները եւ ուղղությունները, այս ոլորտում կառավարության եւ լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության համար մատչելի պայմանների եւ հավասար հնարավորությունների ապահովմանն առնչվող պահանջները, դրան հասնելու թիրախային ուղղությունները:
Սահմանվել են նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության, բժշկական օգնության եւ սպասարկման, ինչպես նաեւ դեղորայքը անվճար կամ արտոնյալ պայմաններով ստանալու դրույթներ, որոնք սահմանված են նաեւ գործող օրենքում:
Սահմանվել են դրույթներ հաշմանդամության հիմքով խտրականությունը արգելելու համար: Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի եւ հավասար պայմաններ ապահովելու նպատակով սահմանվել են դրույթներ ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության եւ հաղորդակցման ապահովման վերաբերյալ: Ընդ որում, պահանջ է դրվել այդ իրավունքերն ապահովել ունիսվեսալ դիզայնի սկզբունքների համաձայն: Սահմանվել են նաեւ ունիվերսալ դիզայնի սկզբունքները: Ունիվերսալ դիզայնի սկզբունքներին համաձայն մատչելիությունն ապահովելու անհնարինության դեպքում սահմանվել են դրույթներ խելամիտ հարմարեցումների համար:
Օրենքի նախագծով պետությունը երաշխավորություն է ստանձնում հաշմանդամություն ունեցող անձանց` այլ անձանց հետ համահավասար անկախ կյանքի եւ համայնքում ներառվելու համար անհրաժեշտ պայմաններ եւ հավասար հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ:
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեն Հայաստանի սկզբնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներում (մաս 9) իր մտահոգությունն է հայտնում այն հանգամանքի կապակցությամբ, որ չեն իրականացվում ներպետական օրենսդրությամբ սահմանված` մատչելիության վերաբերյալ գործող նորմերն ու չափորոշիչները, ինչպես նաեւ բավարար չեն քաղաքաշինության, կառուցապատման եւ հանրային, մասնավորապես` տրանսպորտային, տեղեկատվական եւ հաղորդակցման ծառայությունների ոլորտներում խոչընդոտների ու արգելքների վերացմանն ուղղված աշխատանքները: Կոմիտեին նաեւ մտահոգում է այն փաստը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը չի նախատեսում պատժամիջոցներ մատչելիության նորմերի եւ չափորոշիչների խախտման համար, ինչպես նաեւ այն, որ պետական մակարդակով չեն գործում դիտանցման մեխանիզմներ` նման նորմերի եւ չափորոշիչների արդյունավետ իրականացումն ապահովելու համար:
Վերոնշյալով պայմանավորված ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանվում են պատասխանատվության մեխանիզմներ` «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով սահմանված համապատասխան դրույթների իրագործումն արդյունավետ իրականացնելու համար:
Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող հասարակական կազմակերպություններին իրավունք է վերապահվում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտից բխող հարցերով հայց ներկայացնել` եթե խախտվել է հաշմանդամություն ունեցող անձանց` հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանելու իրավունքը եւ եթե առողջական վիճակից կամ այլ հանգամանքից ելնելով հաշմանդամություն ունեցող անձը չի կարող անձամբ ներկայացնել իր իրավունքները եւ օրինական շահերը դատարանում:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն, հաշմանդամությունը սահմանվում է որպես մարդու ֆիզիկական եւ մտավոր խնդիրների ու շրջակա միջավայրի խոչընդոտների փոխազդեցության արդյունքում գործունեության եւ մասնակցության սահմանա՟փակում. հաշմանդամություն ունեցող անձ է համարվում այն անձը, որը ֆիզիկական, հոգեկան, մտավոր եւ զգայական տեւական խնդիրների եւ տարբեր արգելքների փոխազդեցության արդյունքում կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում: Այս համատեքստում հաշման՟դամությունն այլեւս չի դիտարկվում որպես մշտական առողջական խնդիր, այլ ընկալվում է որպես գործունեության սահմանափակումների կրճատմանն ու մասնակցության ընդլայնմանն ուղղված միջամտություններ (աշխատանք, կրթություն, ընտանեկան եւ համայնքային կյանք, սպորտ ու մշակույթ եւ այլն)` շրջակա միջավայրում առկա ֆիզիկական եւ վերաբերմունքային խոչընդոտները վերացնելու, լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու ու ծառայություններ տրամադրելու միջոցով:
Կարգավորման նպատակն է հաշմանդամության սահմանման մոդելից անցնել ֆունկցիոնալության գնահատման մոդելի, որը հնարավորություն կընձեռի իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկել ըստ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի, նրա գործունեության եւ մասնակցության վրա միջավայրային գործոնների ունեցած ազդեցության: Գնահատումը կիրականացվի մասնագետների ռեեստրից պատահական ընտրությամբ ձեւավորված գնահատող հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկվում են`
1) բժիշկներ` տարբեր նեղ մասնագիտացումներով, որոնք կիրականացնեն օրգանիզմի ֆունկցիաների եւ մարմնի կառուցվածքի գնահատումը,
2) էրգոթերապիստներ, հոգեբաններ եւ այլ մասնագետներ, որոնք կիրականացնեն անձի գործունեության եւ մասնակցության գնահատում:
Նախատեսվում է հաշմանդամության խմբերի փոխարեն (1-ին, 2-րդ, 3-րդ խումբ եւ հաշմանդամ երեխա), սահմանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը` թեթեւ, միջին, ծանր, խորը: Գնահատումը հիմնված է ԱՀԿ ՖՄԴ գաղափարախոսության եւ մոտեցումների վրա: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ՄԱԿ-ի եւ ԵՄ աջակցությամբ մշակել են գնահատման գործիքները, մեթոդական ուղեցույցերը, անձի ֆունկցիոնալության գնահատմանն առնչվող բիզնես պրոցեսները: Մի քանի փուլով իրականացվել են փորձարկումներ: Մշակվել, գերատեսչությունների եւ հասարակական կազմակերպությունների հետ քննարկման արդյունքում կառավարություն է ներկայացվել հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների եւ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման ծրագիրը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի փաթեթով անհրաժեշտ իրավական հիմքեր կստեղծի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց համար հավասար հնարավորությունների եւ մատչելի պայմանների ապահովման, hասարակական կյանքի բոլոր ոլորտներում նրանց իրավունքների իրացումն ապահովելու համար` բացառելով հաշմանդամության հիմքով խտրականությունը:
Անձի ֆունկցիոնալության գնահատման մոդելը կնպաստի օբյեկտիվ որոշումների կայացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, անձի կարիքների բազմակողմանի գնահատման հիման վրա հասցեական ծառայությունների մատուցմանը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿ՟ՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող ծախսերի անհրաժեշտ փոփոխությունները յուրաքանչյուր տարի կնախատեսվեն պետական բյուջեի հայտերում եւ կիրականացվեն պետական բյուջեի կամ օրենքով չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:
Անձի Ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովներն իրենց աշխատանքները կիրականացնեն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համակարգում ստեղծվող ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի (Գրասենյակ) կազմում (նախատեսված է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում); Հանձնաժողովներն իրենց գործունեությունը կիրականացնեն Գրասենյակի տարածքային մարմիններում: Վերջիններիս մի մասը կառուցված են, մյուսների կառուցումը ընթացքի մեջ է: Այն իրականացվում է Համաշխարհային բանկի սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրի շրջանակներում: Հետեւաբար շենքային պայմանների հետ կապված նոր ֆինանսական միջոցներ չեն պահանջվի: Ներկայումս բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովները, որոնք իրականացնում են հաշմանդամության սահմանման գործընթացը, մեծամասամբ տեղակայված են վարձակալությամբ տրամադրված տարածքներում, որտեղ չկան բավարար պայմաններ քաղաքացիներին պատշաճ սպասարկելու համար: Գրասենյակի տարածքային մարմիններում կապահովվեն բոլոր պայմանները քաղաքացիների սպասարկման համար: Վարձակալության վրա ծախսվող միջոցները կուղղվեն անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը եւ շարունակական արդիակա՟նաց՟մանը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում նվազում չի նախատեսվում, տուգանքներից առաջացած վճարումները կհանգեցնեն պետական բյուջեի միջոցների ավելացմանը:
«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի ավելացում չի նախատեսվում: