Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-8602-09.02.2021-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆA

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 11-րդ գլուխը լրացնել 157.16. հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 157.16. Բնակավայրերի նախագծման ու կառուցապատման, բնակելի, հասարարակական արտադրական նշանակության շենքերի եւ շինությունների, տրանսպորտային համակարգերի նախագծման, շինարարության եւ վերակառուցման դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության նորմերը չպահպանելը`

1. բնակավայրերի նախագծման ու կառուցապատման, բնակելի, հասարարակական արտադրական նշանակության շենքերի եւ շինությունների, տրանսպորտային համակարգերի նախագծման, շինարարության եւ վերակառուցման (հանրային նշանակության շենքերի եւ շինությունների դեպքում նաեւ հիմնանորոգման) դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության նորմերը չպահպանելը նախագծողի, կառուցապատողի, համայնքի ղեկավարի նկատմամբ`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսունապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 17-րդ գլխի 24411 հոդվածի 1-ին մասում «157.1-157.14-րդ» թվերից հետո լրացնել «եւ 157.16.» թիվը, 1-ին կետում` «հարյուրապատիկից բարձր չափով,» բառերից հետո` «157.16.-րդ հոդվածով նախատեսված դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսունապատիկի չափով,» բառերը, 2-րդ կետում` «հարյուրապատիկի չափով,» բառերից հետո` «157.16.-րդ հոդվածով նախատեսված դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսունապատիկի չափով,» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 5-րդ գլուխը լրացնել 47.28. հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 47.28. Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը խախտելը

1. Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը խախտելը

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:

2. Սույն հոդվածով նախատեսված արարքը կրկին անգամ կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 17-րդ գլխի 230-րդ հոդվածի վերնագրում եւ ողջ հոդվածում «Առողջապահական տեսչական մարմին» բառերը փոխարինել «Առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին» բառերով` համապատասխան հոլովաձեւերով, իսկ «47.18-47.26-րդ,» բառերից հետո լրացնել «47.28.-րդ,» բառերը:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 3-րդ եւ 4-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի սեպտեմբերի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` նախագծերի փաթեթ) հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտի քաղաքականությունը եւ օրենսդրությունը համապատասխանեցվում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 2006թ. դեկտեմբերի 13-ին ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի պահանջներին (այսուհետ` Կոնվենցիա), որը վավերացվել է Հայաստանի Հանրապետության ԱԺ կողմից եւ ուժի մեջ մտել 2010 թվականի հոկտեմբերի 22-ից եւ բխում է պետության որդեգրած քաղաքականությունից, որը միտված է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար եւ մատչելի պայմաններ ապահովմանը, նրանց սոցիալական ներառմանը:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության հետ կապված հարցերը կարգավորվում են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» 1993 թվականին ընդունած Հայաստանի Հանրապետության օրենքով, որով հիմնականում սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության սկզբունքները եւ մոտեցումները: Գործող օրենքում ամրագրված մոտեցումները չեն համապատասխանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման միջազգայնորեն ընդունված սկզբունքներին եւ մոտեցումներին:

Հայաստանի Հանապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովված չեն մատչելի պայմաններ, ինչը լուրջ խոչնդոտ է հանդիսանում նրանց սոցիալական ներառման համար: Հաշմանդամության հիմքով խտրականությունը եւս խոչընդոտում է սոցիալական ներառմանը:

Միաժամանակ, հաշմանդամություն ունեցող անձանց մեծ մասը տեղեկացված չէ իր իրավունքների մասին, նրանց գերակշիռ մասը հաճախ չի պատկերացնում, որ խախտվել են իր հիմնարար իրավունքները կամ դրսեւորվել է խտրական վերաբերմունք իր խնդրի վերաբերյալ: Մյուս կողմից, վարչական դատավարության ընթացակարգերը չպատկերացնելը նույնպես նպաստում է դրանից խուսափելուն:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագծով սահմանվել են նաեւ արգելող նորմեր, մասնավորապես, բնակավայրերի նախագծման ու կառուցապատման, հանրային նշանակության շենքերի եւ շինությունների, տրանսպորտային համակարգի շինարարության ու վերակառուցման դեպքում համընդհանուր դիզայնի սկզբունքները չպահպանելու, հաշմանդամություն ունեցող անձանց օգտագործման համար հարմարեցված չլինելու, հեռուստառադիոընկերությունների կողմից իրենց ծրագրերում լսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի տեղեկատվութան նվազագույն պահանջները չապահովելու վերաբերյալ: Իրավակիրառ պրակտիկան ցույց է տալիս, որ պատասխանատվության մեխանիզմների բացակայության պարագայում իրավական նորմերի արդյունավետությունը նվազում է կամ դրանք չեն գործում:

Հաշմանդամության սահմանմանն առնչվող դրույթները սահմանված են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 61 -րդ, 62 -րդ հոդվածներով: Հաշմանդամության սահմանման հիմքում դրված է անձի կենսագործունեության սահմանափակման աստիճանը. հաշմանդամ են ճանաչվում հիվանդության, վնասվածքների կամ խեղման հետեւանքով կենսագործունեության սահմանափակում ունեցող անձինք:

Կենսագործունեության սահմանափակման հիման վրա հաշմանդամության սահմանումն առավելապես բխում է բժշկական չափանիշներից, այսինքն, հիմնված է բժշկական մոդելի վրա: Այս համատեքստում hաշմանդամություն ունեցող անձը դիտարկվում է որպես առողջական խնդիրներ ունեցող անձ, որը կարիք ունի պաշտպանության: Չի իրականացվում անձի կարողությունների բազմակողմանի գնահատում եւ հաշվի չեն առնվում շրջակա միջավայրի գործոնները: Գնահատման նպատակը առավելապես հաշմանդամ ճանաչել կամ չճանաչելն է, որով էլ պայմանավորված են լրացուցիչ արտոնությունները:

2. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծերի փաթեթովվ սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականության նպատակը, պետական քաղաքականության հիմնական սկզբունքները եւ ուղղությունները, այս ոլորտում կառավարության եւ լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության համար մատչելի պայմանների եւ հավասար հնարավորությունների ապահովմանն առնչվող պահանջները, դրան հասնելու թիրախային ուղղությունները:

Սահմանվել են նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության, բժշկական օգնության եւ սպասարկման, ինչպես նաեւ դեղորայքը անվճար կամ արտոնյալ պայմաններով ստանալու դրույթներ, որոնք սահմանված են նաեւ գործող օրենքում:

Սահմանվել են դրույթներ հաշմանդամության հիմքով խտրականությունը արգելելու համար: Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի եւ հավասար պայմաններ ապահովելու նպատակով սահմանվել են դրույթներ ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության եւ հաղորդակցման ապահովման վերաբերյալ: Ընդ որում, պահանջ է դրվել այդ իրավունքերն ապահովել ունիսվեսալ դիզայնի սկզբունքների համաձայն: Սահմանվել են նաեւ ունիվերսալ դիզայնի սկզբունքները: Ունիվերսալ դիզայնի սկզբունքներին համաձայն մատչելիությունն ապահովելու անհնարինության դեպքում սահմանվել են դրույթներ խելամիտ հարմարեցումների համար:

Օրենքի նախագծով պետությունը երաշխավորություն է ստանձնում հաշմանդամություն ունեցող անձանց` այլ անձանց հետ համահավասար անկախ կյանքի եւ համայնքում ներառվելու համար անհրաժեշտ պայմաններ եւ հավասար հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեն Հայաստանի սկզբնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներում (մաս 9) իր մտահոգությունն է հայտնում այն հանգամանքի կապակցությամբ, որ չեն իրականացվում ներպետական օրենսդրությամբ սահմանված` մատչելիության վերաբերյալ գործող նորմերն ու չափորոշիչները, ինչպես նաեւ բավարար չեն քաղաքաշինության, կառուցապատման եւ հանրային, մասնավորապես` տրանսպորտային, տեղեկատվական եւ հաղորդակցման ծառայությունների ոլորտներում խոչընդոտների ու արգելքների վերացմանն ուղղված աշխատանքները: Կոմիտեին նաեւ մտահոգում է այն փաստը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը չի նախատեսում պատժամիջոցներ մատչելիության նորմերի եւ չափորոշիչների խախտման համար, ինչպես նաեւ այն, որ պետական մակարդակով չեն գործում դիտանցման մեխանիզմներ` նման նորմերի եւ չափորոշիչների արդյունավետ իրականացումն ապահովելու համար:

Վերոնշյալով պայմանավորված ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանվում են պատասխանատվության մեխանիզմներ` «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով սահմանված համապատասխան դրույթների իրագործումն արդյունավետ իրականացնելու համար:

Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող հասարակական կազմակերպություններին իրավունք է վերապահվում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտից բխող հարցերով հայց ներկայացնել` եթե խախտվել է հաշմանդամություն ունեցող անձանց` հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանելու իրավունքը եւ եթե առողջական վիճակից կամ այլ հանգամանքից ելնելով հաշմանդամություն ունեցող անձը չի կարող անձամբ ներկայացնել իր իրավունքները եւ օրինական շահերը դատարանում:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն, հաշմանդամությունը սահմանվում է որպես մարդու ֆիզիկական եւ մտավոր խնդիրների ու շրջակա միջավայրի խոչընդոտների փոխազդեցության արդյունքում գործունեության եւ մասնակցության սահմանա՟փակում. հաշմանդամություն ունեցող անձ է համարվում այն անձը, որը ֆիզիկական, հոգեկան, մտավոր եւ զգայական տեւական խնդիրների եւ տարբեր արգելքների փոխազդեցության արդյունքում կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում: Այս համատեքստում հաշման՟դամությունն այլեւս չի դիտարկվում որպես մշտական առողջական խնդիր, այլ ընկալվում է որպես գործունեության սահմանափակումների կրճատմանն ու մասնակցության ընդլայնմանն ուղղված միջամտություններ (աշխատանք, կրթություն, ընտանեկան եւ համայնքային կյանք, սպորտ ու մշակույթ եւ այլն)` շրջակա միջավայրում առկա ֆիզիկական եւ վերաբերմունքային խոչընդոտները վերացնելու, լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու ու ծառայություններ տրամադրելու միջոցով:

Կարգավորման նպատակն է հաշմանդամության սահմանման մոդելից անցնել ֆունկցիոնալության գնահատման մոդելի, որը հնարավորություն կընձեռի իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկել ըստ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի, նրա գործունեության եւ մասնակցության վրա միջավայրային գործոնների ունեցած ազդեցության: Գնահատումը կիրականացվի մասնագետների ռեեստրից պատահական ընտրությամբ ձեւավորված գնահատող հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկվում են`

1) բժիշկներ` տարբեր նեղ մասնագիտացումներով, որոնք կիրականացնեն օրգանիզմի ֆունկցիաների եւ մարմնի կառուցվածքի գնահատումը,

2) էրգոթերապիստներ, հոգեբաններ եւ այլ մասնագետներ, որոնք կիրականացնեն անձի գործունեության եւ մասնակցության գնահատում:

Նախատեսվում է հաշմանդամության խմբերի փոխարեն (1-ին, 2-րդ, 3-րդ խումբ եւ հաշմանդամ երեխա), սահմանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը` թեթեւ, միջին, ծանր, խորը: Գնահատումը հիմնված է ԱՀԿ ՖՄԴ գաղափարախոսության եւ մոտեցումների վրա: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ՄԱԿ-ի եւ ԵՄ աջակցությամբ մշակել են գնահատման գործիքները, մեթոդական ուղեցույցերը, անձի ֆունկցիոնալության գնահատմանն առնչվող բիզնես պրոցեսները: Մի քանի փուլով իրականացվել են փորձարկումներ: Մշակվել, գերատեսչությունների եւ հասարակական կազմակերպությունների հետ քննարկման արդյունքում կառավարություն է ներկայացվել հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների եւ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման ծրագիրը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի փաթեթով անհրաժեշտ իրավական հիմքեր կստեղծի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց համար հավասար հնարավորությունների եւ մատչելի պայմանների ապահովման, hասարակական կյանքի բոլոր ոլորտներում նրանց իրավունքների իրացումն ապահովելու համար` բացառելով հաշմանդամության հիմքով խտրականությունը:

Անձի ֆունկցիոնալության գնահատման մոդելը կնպաստի օբյեկտիվ որոշումների կայացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, անձի կարիքների բազմակողմանի գնահատման հիման վրա հասցեական ծառայությունների մատուցմանը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿ՟ՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող ծախսերի անհրաժեշտ փոփոխությունները յուրաքանչյուր տարի կնախատեսվեն պետական բյուջեի հայտերում եւ կիրականացվեն պետական բյուջեի կամ օրենքով չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:

Անձի Ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովներն իրենց աշխատանքները կիրականացնեն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համակարգում ստեղծվող ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի (Գրասենյակ) կազմում (նախատեսված է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում); Հանձնաժողովներն իրենց գործունեությունը կիրականացնեն Գրասենյակի տարածքային մարմիններում: Վերջիններիս մի մասը կառուցված են, մյուսների կառուցումը ընթացքի մեջ է: Այն իրականացվում է Համաշխարհային բանկի սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրի շրջանակներում: Հետեւաբար շենքային պայմանների հետ կապված նոր ֆինանսական միջոցներ չեն պահանջվի: Ներկայումս բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովները, որոնք իրականացնում են հաշմանդամության սահմանման գործընթացը, մեծամասամբ տեղակայված են վարձակալությամբ տրամադրված տարածքներում, որտեղ չկան բավարար պայմաններ քաղաքացիներին պատշաճ սպասարկելու համար: Գրասենյակի տարածքային մարմիններում կապահովվեն բոլոր պայմանները քաղաքացիների սպասարկման համար: Վարձակալության վրա ծախսվող միջոցները կուղղվեն անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը եւ շարունակական արդիակա՟նաց՟մանը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում նվազում չի նախատեսվում, տուգանքներից առաջացած վճարումները կհանգեցնեն պետական բյուջեի միջոցների ավելացմանը:

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարությոան որոշում

Գրություն