Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 35-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Գույքի սեփականատեր չհանդիսացող անձի այլ գույքային իրավունքների պետական գրանցումը՝ բացառությամբ հիփոթեքի պետական գրանցման, ուժը կորցրած ճանաչելու հիմք են օրենքով նման իրավունքի դադարման համար նախատեսված հիմքերը հաստատող փաստաթղթերը, ընդ որում՝».
2) 3-րդ մասի առաջին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) պայմանագրի հիման վրա ձեռք բերված իրավունքի պետական գրանցումը պայմանագրի գործողության ժամկետը ավարտվելուց հետո պայմանագրի կողմերից որեւէ մեկի դիմումի հիման վրա ուժը կորցրած է ճանաչվում, եթե օրենքով կամ պայմանագրով նախատեսված չէ, որ պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելուց հետո պայմանագիրը համապատասխան պայմանների պահպանված լինելու դեպքում ճանաչվում է վերսկսված.».
3) 3-րդ մասը լրացնել նոր 1.1) կետով հետեւյալ խմբագրությամբ.
«1.1) եթե օրենքով կամ պայմանագրով նախատեսված է, որ պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելուց հետո պայմանագիրը համապատասխան պայմանների պահպանված լինելու դեպքում ճանաչվում է վերսկսված, ապա պայմանագրի հիման վրա ձեռք բերված իրավունքի պետական գրանցումը ուժը կորցրած է ճանաչվում պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող 30 աշխատանքային օրվա ընթացքում կողմերից որեւէ մեկի ներկայացրած դիմումի հիման վրա»:
4) 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) պայմանագրի հիման վրա ձեռք բերված իրավունքի պետական գրանցումը պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում, այդ թվում՝ օրենքի կամ պայմանագրի ուժով անորոշ ժամկետով կնքված պայմանագրի, կարող է ուժը կորցրած ճանաչվել՝».
5) 3-րդ մասի 2-րդ կետի «ա.» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ա. պայմանագիրը լուծելու վերաբերյալ համաձայնագրի հիման վրա՝ պայմանագրի կողմերից որեւէ մեկի դիմումով,».
6) 3-րդ մասի 2-րդ կետը լրացնել նոր «գ.», «դ.» եւ «ե.» կետերով խմբագրությամբ.
«գ. օրենքով կամ պայմանագրով նախատեսված՝ պայմանագրից հրաժարվելու ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթղթի հիման վրա՝ պայմանագրի կողմերից որեւէ մեկի դիմումով,
դ. դատական ակտի հիման վրա՝ պայմանագրի կողմերից որեւէ մեկի դիմումով կամ շահագրգիռ անձի կամ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմնի ներկայացմամբ,
ե. օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքում որոշակի իրադարձությունների վրա հասնելու պայմաններում պայմանագրի գործողության անհնարինությունը նախատեսող փաստը հաստատող փաստաթղթի հիման վրա՝ պայմանագրի կողմերից որեւէ մեկի դիմումով,».
7) լրացնել նոր 5-րդ մասով հետեւյալ խմբագրությամբ.
«5. Սույն հոդվածի իմաստով օրենքով նախատեսված պատշաճ ծանուցում է համարվում ծանուցումը, որը կատարվել է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ, առձեռն փոխանցմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ օրենքով սահմանված հրապարակային եղանակով: Սույն հոդվածի ծանուցման նկատմամբ չի տարածվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 330.1-ին հոդվածի 5-րդ մասի դրույթները:»:
Հոդված 2
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությունը նախատեսում է այդ իրավունքի սուբյեկտների միջեւ այնպիսի պայմանագրերի կնքման հնարավորություն, որոնց պայմանների համաձայն պայմանագրի գործողությունը կարող է դադարել կամ այն կարող է չվերսկսվել այդ պայմանագրի կողմերից միայն մեկի կամաարտահայտության արդյունքում:
Օրինակ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի «Նոր ժամկետով վարձակալության պայմանագիր կնքելը» վերտառությամբ 624-րդ հոդվածի 2-րդ մասի՝ եթե պայմանագրի ժամկետի ավարտից հետո վարձակալը, վարձատուի առարկությունների բացակայությամբ, շարունակում է օգտվել գույքից, պայմանագիրը ճանաչվում է վերսկսված՝ նույն պայմաններով անորոշ ժամկետով:
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի «Վարձակալության պայմանագրի ժամկետը» վերտառությամբ 612-րդ հոդվածի 2-րդ մասի՝ եթե վարձակալության ժամկետը պայմանագրում որոշված չէ, ապա վարձակալության պայմանագիրը կնքված է համարվում անորոշ ժամկետով: Այդ դեպքում կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվելու վարձակալության պայմանագրից, այդ մասին մյուս կողմին մեկ ամիս առաջ, իսկ անշարժ գույքի վարձակալության դեպքում՝ երեք ամիս առաջ տեղեկացնելով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Անորոշ ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը դադարեցնելու համար օրենքով կամ պայմանագրով կարող է սահմանվել տեղեկացման այլ ժամկետ:
Վերոնշյալ դրույթներից բխում է, որ կոնկրետ հանգամանքների առկայության դեպքում եւ կոնկրետ պայմաններում վարձակալության պայմանագրի մի կողմի գործողության արդյունքներում վարձակալության պայմանագրի գործողությունը կարող է չշարունակվել: Նմանատիպ իրավիճակ կարող է առկա լինել նաեւ այլ պայմանագրերի դեպքում:
Միեւնույն ժամանակ գույքի նկատմամբ իրավունքների ծագման եւ դրանց դադարման հետ կապված հասարակական հարաբերությունները կարգավորող գործող օրենսդրությունը հնարավորություն չի տալիս մի անձի կամաարտահայտության արդյունքում ուժը կորցրած ճանաչել անշարժ գույքի նկատմամբ վարձակալության իրավունքի պետական գրանցումը: Այսինքն առկա մի իրավիճակ, երբ ընթացակարգային կանոնները գործնականում անհնար են դարձնում երաշխավորված նյութական իրավունքի իրացումը:
Վերոգրյալից զատ առկա է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը գործողության ժամկետը չավարտված պայմանագրերի հիման վրա կատարված պետական գրանցման ուժը կորցրած ճանաչելու նոր հիմքերով լրացնելու անհրաժեշտություն, ինչը նույնպես պայմանավորված է երաշխավորված նյութական իրավունքի իրացումն ապահովելու հրամայականով:
2. Կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է փոփոխել եւ լրացնել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ինչի արդյունքում պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցումը կարող է ուժը կորցրած ճանաչվել այդ իրավունքների պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից.
1. պայմանագրի որեւէ կողմի դիմումի հիման վրա, եթե պայմանագրի գործողության ժամկետը ավարտվելուց հետո օրենքով կամ պայմանագրով նախատեսված չէ, որ պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելուց հետո պայմանագիրը համապատասխան պայմանների պահպանված լինելու դեպքում ճանաչվում է վերսկսված.
2. եթե պայմանագրի գործողության ժամկետը ավարտվելուց հետո օրենքով կամ պայմանագրով չնայած նախատեսված է, որ պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելուց հետո պայմանագիրը համապատասխան պայմանների պահպանված լինելու դեպքում ճանաչվում է վերսկսված, սակայն պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող 30 աշխատանքային օրվա ընթացքում այդ պայմանագրի կողմերից որեւէ մեկի կողմից ներկայացվել է դիմում.
3. պայմանագրի կողմերից որեւէ մեկի դիմումի հիման վրա օրենքով կամ պայմանագրով նախատեսված՝ պայմանագրից հրաժարվելու ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթը ներկայացնելով.
4. պայմանագրի որեւէ կողմի դիմումի հիման վրա օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքում որոշակի իրադարձությունների վրա հասնելու պայմաններում պայմանագրի գործողության անհնարինությունը նախատեսող փաստը հաստատող փաստաթուղթը ներկայացնելով:
3. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է երաշխավորված նյութական իրավունքի գործնականում իրացնելու ապահովում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով եւ 67-րդ հոդվածով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
ՀՀ ԱԺ աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են՝
1. օրենքի նախագիծը (հիմնական զեկուցող՝ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ),
2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,
3. գործող օրենքի այն հոդվածի մասին տեղեկանքը, որում առաջարկվում է կատարել փոփոխություն:
Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր՝
թերթ:
Հարգանքով՝ |
Սուրեն Գրիգորյան |
Արուսյակ Ջուլհակյան |