Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-869-17.02.2021-ԱՀ-013/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԿԱՆԱՆՑ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն արձանագրում է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված եւ 44 օր տեւած ռազմական գործողությունների ավարտից հետո անցել է շուրջ 3 ամիս, սակայն Ադրբեջանում գերության մեջ են գտնվում զինվորականներ եւ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ կանայք, որոնց վերադարձը ռազմական գործողությունների ավարտին պարտադիր հաջորդող մարդասիրական գործընթաց է, որը հստակ սահմանված է միջազգային իրավական փաստաթղթերով:

Այդուհանդերձ, Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով միջազգային իրավունքի բացարձակ պահանջները, իր վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց ազատ արձակման եւ վերադարձի մարդասիրական գործընթացը անթույլատրելի կերպով քաղաքականացնում է եւ արհեստական ձգձգում:

«Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949թ. օգոստոսի 12-ի Ժնեւի կոնվենցիայի 118-րդ հոդվածի համաձայն՝ «Ռազմագերիներն ազատվում եւ հայրենադարձվում են անմիջապես ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո»:

Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետում ամրագրված է, որ «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»: Հայաստանն իր մասով ամբողջությամբ իրականացրել է վերոնշյալ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մինչդեռ Ադրբեջանը հրաժարվում է կատարել պարտավորությունները եւ վերադարձնել իր մոտ ապօրինաբար պահվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին եւ պահվող այլ անձանց: Ավելին, Ադրբեջանը, քրեական հետապնդման ապօրինի գործընթաց նախաձեռնելով իր վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների նկատմամբ, կոպտորեն ոտնահարում է նրանց իրավունքները, միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները: Զինծառայողներն իրենց սահմանադրական պարտավորությունները կատարելու շրջանակում ռազմական գործողություններին մասնակցելու համար որեւէ տեսակի քրեական հետապնդման ենթարկվել կամ կալանավորվել չեն կարող: Այս պահանջներն ամրագրված են 1949 թվականի Ժնեւի երրորդ կոնվենցիայում:

ՀՀ Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանում հայատյացության ու կազմակերպված թշնամանքի քաղաքականության պայմաններում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց հայրենադարձմանը խոչընդոտելը եւ արձանագրում, որ գերիներին չվերադարձնելու Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի վարքագիծը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, ուստի պետք է արժանանան միջազգային կառույցների, միջազգային հանրության եւ իրավապաշտպան կազմակերպությունների խիստ գնահատականին եւ դատապարտմանը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԿԱՆԱՆՑ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը եւ նախագծի ընդունման անհրաժեշտությունը:

2020թ. դեկտեմբերի 08-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ուղերձից անցել է շուրջ 3 ամիս, սակայն Ադրբեջանը դեռեւս չի վերադարձրել իր վերահսկողության ներքո գտնվող բոլոր գերեվարված զինվորականներին եւ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց:

Ադրբեջանը կրկին արհեստական ձգձգում է իր վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների հայրենադարձման գործընթացը, ավելին, նախաձեռնում քրեական հետապնդման ընթացակարգեր նրանց նկատմամբ, համարում ահաբեկիչներ, կալանավորում՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքն ու մարդու իրավունքները: Այս կերպ Ադրբեջանը փորձում է իրավական գործընթացների նենգափոխման եւ չարաշահման միջոցով իր վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիներին արհեստականորեն տալ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ու կալանքի ձեւով անազատության մեջ պահելով՝ խոչընդոտել նրանց հայրենադարձմանը:

Ադրբեջանի այս քաղաքականության արդյունքում կոպտորեն խախտված է մնում ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո բոլոր ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձման մարդասիրական գործընթացը:

Իրավական գործընթացների նենգափոխմանը զուգահեռ՝ Ադրբեջանն իր վերահսկողության ներքո գտնվող գերիների հայրենադարձությունն ապահովելու մարդասիրական գործընթացը փորձում է քաղաքականացնել՝ իր կողմից գերեվարված զինծառայողներին անվանելով Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խմբի անդամներ, ու նշում, որ նրանք ուղարկվել են «Ադրբեջանի օկուպացված շրջաններ»՝ իբր ադրբեջանական զինված ուժերի անձնակազմերի եւ քաղաքացիական անձանց նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով:

Իր վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձությանը խոչընդոտելու եւ գործընթացն արհեստական ձգձգելու՝ Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը, որը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքն եւ մարդու իրավունքները, միջազգային իրավական փաստաթղթերով՝ հատկապես Ժնեւի կոնվենցիայով սահմանվող պահանջները, ՀՀ Ազգային ժողովի դատապարտող հայտարարության նախագծի ընդունման անհրաժեշտությանը հրատապ եւ արդիական հնչեղություն է հաղորդում: Ազգային ժողովը պետք է օգտագործի ՀՀ Սահմանադրությամբ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով ամրագրված իր նաեւ այս լիազորությունը՝ Ազգային ժողովի հայտարարությամբ դատապարտելով Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի քաղաքականության պայմաններում ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց հայրենադարձմանն արհեստական խոչընդոտելը՝ արձանագրելով, որ

1. Ադրբեջանը փաստացի հրաժարվում է ակտիվ ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո իրականացնել իր վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձման մասով իր հերթական հանձնառությունները՝ արհեստական ձգձգելով գործընթացն ու կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի եւ իրավական փաստաթղթերի պահանջները,

2. իր կողմից գերեվարված զինվորականների եւ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձման հարցի քաղաքականացմամբ Ադրբեջանը չի իրականացնում հետպատերազմական շրջանի մարդու իրավունքները երաշխավորող միջազգային պահանջները,

3. ռազմական գործողություններին մասնակցելու համար իր վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների նկատմամբ իրականացվող իրավական գործընթացների անթույլատրելի չարաշահման եւ նենգափոխման քաղաքականությամբ Ադրբեջանն արհեստականորեն խոչընդոտում է ռազմագերիների անհապաղ վերադարձի մարդասիրական գործընթացի իրականացմանը,

4. Իր վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձմանը խոչընդոտելու՝ Ադրբեջանի այս անթույլատրելի վարքագիծը՝ միջազգային մարդասիրական իրավունքը, նրա ստանձնած միջազգային պարտավորությունները խախտող այս քաղաքականությունը, պետք է արժանանա միջազգային կառույցների, միջազգային հանրության եւ իրավապաշտպան կազմակերպությունների խիստ գնահատականին եւ դատապարտմանը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք:

Նախագիծը մշակվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի եւ Վարդան Աթաբեկյանի կողմից: Նախագծի մշակմանը զգալի մասնագիտական աջակցություն են ցուցաբերել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ ի դեմս նախարար Արա Այվազյանի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ ի դեմս Արման Թաթոյանի, ՀՀ փաստաբանների պալատը՝ ի դեմս Արա Զոհրաբյանի:

Նախագծի ընդունման նպատակները:

Նախագծի ընդունմամբ նպատակ ունենք խորհրդարանական երկրի Ազգային ժողովի հայտարարությամբ ՝

1. դատապարտել Ադրբեջանի կողմից իր վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձման միջազգային մարդասիրական գործընթացի եւ միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված դրույթների կոպիտ խախտումն ու ոտնահարումը,

2. միջազգային կառույցների, միջազգային հանրության եւ իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը վերստին հրավիրելով Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներին՝ հասնել միջազգային հանրության դատապարտող հայտարարություններին Ադրբեջանի նկատմամբ:

Ակնկալվող արդյունքը:

Միջազգային կառույցների, միջազգային հանրության եւ իրավապաշտպան կազմակերպությունների հետ համատեղ ճնշման միջոցով նպաստել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձման մարդասիրական գործընթացի կյանքի կոչմանը:


16 փետրվար 2021թ.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ
Արարատ Միրզոյանին

Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության Հոդված 88-ի 4-րդ եւ 5-րդ կետերով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի Հոդված 98–ի 2-րդ եւ 3-րդ կետերով, Հոդված 99-ի 1-ին կետով՝ Ձեզ ենք ներկայացնում «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձմանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:

Նախագծի հիմնական զեկուցողը ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն է:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 71-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը
կցվում են.

1. նախագիծը,

2. նախագծի ընդունման հիմնավորումը:

Խնդրում ենք ԱԺ հայտարարության նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Շնորհակալություն համագործակցության համար:


ՀՀ ԱԺ պատգամավորներ
Թագուհի Թովմասյան
Աննա Գրիգորյան
Վարդան Աթաբեկյան