Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 55-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել 11-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«11) ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով, ինչպես նաեւ հետագծելիություն իրականացնելու նպատակով ապրանքի քանակական չափման միավորը, 2019 թվականի մայիսի 29-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի համաձայն Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում հետագծելիության ենթակա ապրանքների մասով:»:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել 358.2-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ՝
«ՀՈԴՎԱԾ 358.2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
1. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ հետագծելիության ենթակա ապրանքների նկատմամբ իրականացվում է հետագծելիություն 2019 թվականի մայիսի 29-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրին (այսուհետ սույն հոդվածում՝ Համաձայնագիր) համապատասխան:
2. Կառավարությունը սահմանում է այն հանգամանքները, որոնք ի հայտ գալու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով չձեւակերպված ապրանքները, որոնք առգրավվել կամ այլ ձեւով դարձել են պետության սեփականությունը եւ (կամ) դատարանի որոշմամբ բռնագրավվել են մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման հաշվին, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված եւ այդ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց կողմից սահմանված ժամկետներում չպահանջված ապրանքները ենթակա են հետագծելիության:
3. Համաձայնագրին համապատասխան հետագծելիության մեխանիզմի իրագործման համակարգումն ապահովող, հետագծելիության ազգային համակարգում ներառվող տեղեկությունների հավաքումը, հաշվառումը, պահպանումն ու մշակումը եւ (կամ) հետագծելիության մեխանիզմի իրագործումն ապահովող լիազոր մարմինը սահմանում է Կառավարությունը:
4. Համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում տեղեկատվական համակարգերի անսարքության մասին անձանց տեղեկացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի մայիսի 29-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող յոթերորդ ամսվա 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքով (03.06.2020թ. ՀՕ-290-Ն) վավերացվել է 2019թ. մայիսի 29-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը:
Այդ համաձայնագրի առանձին հոդվածներով նախատեսված են դրույթներ, որոնց կիրարկումն ապահովելու համար անդամ պետությունների օրենսդրությամբ պետք է սահմանվեն համապատասխան կարգավորումներ:
Միաժամանակ, ՀՀ վարչապետի 27.09.2020թ. N 1100-Ա որոշմամբ սահմանվել են համաձայնագրի կիրարկումն ապահովելու համար կատարման ենթակա միջոցառումները՝ ըստ կատարողների (համակատարողների) եւ համապատասխան ակտերի նախագծերը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու ժամկետները: Այդ միջոցառումների շրջանակներում պետք է ներկայացվի նաեւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրով նախատեսվում է որոշ ապրանքատեսակների մասով ներդնել հետագծելիության մեխանիզմ, նպատակ ունենալով հաստատելու մի անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք տեղափոխվող ապրանքների շրջանառության օրինականությունը, ստեղծելու մաքսային եւ հարկային վճարների վճարումից խուսափելու տարբեր սխեմաների օգտագործումը բացառող պայմաններ, ինչպես նաեւ ապահովելու այդ ապրանքների շրջանառության նկատմամբ հսկողության իրականացումը:
Հետագծելիութուն իրականացվելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող ցանկում ընդգրկված, Միության մաքսային տարածք ներմուծված «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձեւակերպված ապրանքների նկատմամբ: Հետագծելիություն իրականացվելու է նաեւ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով չձեւակերպված այն ապրանքների նկատմամբ, որոնք առգրավվել են կամ այլ ձեւով դարձել են պետության սեփականություն (եկամուտ), դատարանի որոշմամբ բռնագրավվել են մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման հաշվին, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված եւ այդ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց կողմից սահմանված ժամկետներում չպահանջված ապրանքների նկատմամբ:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է.
1) սահմանել, որ ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված հաշվարկային փաստաթղթում պետք է լրացվի նաեւ ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը այն ապրանքների մասով, որոնց նկատմամբ իրականացվելու է հետագծելիություն: Ընդ որում, հաշվարկային փաստաթղթում առկա տեղեկատվությունը հետագծելիության ենթակա ապրանքների, դրանց շրջանառության հետ կապված գործառնությունների մասով ներառվելու է հետագծելիության ազգային համակարգում,
2) ՀՀ կառավարության կողմից սահմանել այն հանգամանքները, երբ ի հայտ գալու դեպքում «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով չձեւակերպված ապրանքների, որոնք առգրավվել կամ այլ ձեւով դարձել են պետության սեփականությունը եւ (կամ) դատարանի որոշմամբ բռնագրավվել են մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման հաշվին, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված՝ դրանց նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց կողմից սահմանված ժամկետներում չպահանջված ապրանքների նկատմամբ պետք է իրականացվի հետագծելիություն,
3) սահմանել համապատասխան լիազորող նորմեր, որին համապատասխան Կառավարության կսահմանի համապատասխան լիազոր պետական մարմնին, որը՝
- լիազորված է ապահովելու հետագծելիության մեխանիզմի իրագործման համակարգումը՝ Համաձայնագրին համապատասխան.
- լիազորված է ապահովելու հետագծելիության ազգային համակարգում ներառվող տեղեկությունների հավաքումը, հաշվառումը, պահպանումն ու մշակումը եւ (կամ) հետագծելիության մեխանիզմի իրագործումը,
4) սահմանել տեղեկատվական համակարգերի անսարքությունների վերաբերյալ անձանց տեղեկացման կարգը, քանի որ հետագծելիության ազգային համակարգում տեղեկատվությունը ներառվում է էլեկտրոնային եղանակով:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի դրույթների կիրարկման ապահովում, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով հետագծելիության մեխանիզմի ներդրման համապատասխան կարգավորումների նախատեսում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում