Armenian ARMSCII Armenian
Կ-872-22.02.2021-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 55-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

«11) ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով, ինչպես նաեւ հետագծելիություն իրականացնելու նպատակով ապրանքի քանակական չափման միավորը, 2019 թվականի մայիսի 29-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի համաձայն, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում հետագծելիության ենթակա ապրանքների մասով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 57-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «բ» կետից հանել «ինչպես նաեւ ցանցային կապի միջոցներով ապրանքների հետագծելիությունն ապահովող եւ հարկային մարմին տեղեկատվություն հաղորդող էլեկտրոնային սարքերով (այսուհետ՝ ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարք),» բառերը.

2) 3-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենսգրքի 358.1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել;

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 358.2-րդ հոդվածով.

«Հոդված 358.2. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների հետագծելիությունը

1. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ հետագծելիության ենթակա ապրանքների նկատմամբ իրականացվում է հետագծելիություն՝ 2019 թվականի մայիսի 29-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրին (այսուհետ սույն հոդվածում՝ Համաձայնագիր) համապատասխան:

2. Կառավարությունը սահմանում է այն հանգամանքները, որոնք ի հայտ գալու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով չձեւակերպված ապրանքները, որոնք առգրավվել կամ այլ ձեւով դարձել են պետության սեփականությունը եւ (կամ) դատարանի որոշմամբ բռնագրավվել են մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման հաշվին, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված եւ այդ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց կողմից սահմանված ժամկետներում չպահանջված ապրանքները ենթակա են հետագծելիության:

3. Համաձայնագրին համապատասխան՝ հետագծելիության մեխանիզմի իրագործման համակարգումն ապահովող, հետագծելիության ազգային համակարգում ներառվող տեղեկությունների հավաքումը, հաշվառումը, պահպանումն ու մշակումը եւ (կամ) հետագծելիության մեխանիզմի իրագործումն ապահովող լիազոր մարմինը սահմանում է Կառավարությունը:

4. Համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում տեղեկատվական համակարգերի անսարքության մասին անձանց տեղեկացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 5. Օրենսգրքի 410-րդ հոդվածից հանել «կամ ապրանքների հետագծելիության ապահովման», «կամ առանց ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքի» բառերը եւ 8-րդ մասի վերջին նախադասությունը:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի մայիսի 29-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող յոթերորդ ամսվա 1-ից: