Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-873-23.02.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2003թ. օգոստոսի 1-ի ՀՕ -528-Ն Քրեական օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) 301-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 301. Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հրապարակային կոչերը

1. Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հրապարակային կոչերը՝ պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Հրապարակային կոչերը, որոնք ուղղված են նույն արարքները բռնությամբ կատարելուն՝ պատժվում են կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի իմաստով սահմանադրական կարգի տապալմանն ուղղված հրապարակային կոչ է համարվում Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որեւէ նորմի փաստացի վերացմանն ուղղված հրապարակային կոչը:

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ  

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


22 փետրվարի 2021

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն նախագահ,

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների եւ Ազգային ժողովի աշխատակարգի 24-րդ եւ 25-րդ կետերի պահանջներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքում  լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (նախագծերի փաթեթ):

Կից ներկայացվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Արման Բաբաջանյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքներում փոփոխվող եւ լրացվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքի նախագծերի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 
Հարգանոք՝ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ