Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-875-23.02.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» 2013 թվականի հունիսի 19-ի ՀՕ-73-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) վերնագրից, 1-ին, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ հոդվածներից հանել «եւ մաքսային» բառերը:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝

1) երրորդ պարբերության՝

ա. 1-ին կետից հանել «եւ մաքսատուրքից» բառերը,

բ. 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) կազմակերպությունների եկամուտները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չեն համարվում, կազմակերպությունների ծախսերը շահութահարկով հարկման նպատակով ծախս չեն համարվում.».

2) լրացնել նոր պարբերություններ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Կազմակերպությունների կողմից ծրագրին չառնչվող գործունեություն (գործարքներ) իրականացնելու դեպքում այդ գործունեությունից շահութահարկը եւ գործարքներից ավելացված արժեքի հարկը հաշվարկվում եւ վճարվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:

Կազմակերպությունների կողմից ծրագրին չառնչվող գործարքներ իրականացնելու դեպքում այդ գործարքների հետ կապված եւ սույն հոդվածի համաձայն նախկինում ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներ իրականացրած անձանց հարկային պարտավորություններն այդ մասով վերահաշվարկման ենթակա չեն:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է նաեւ 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների նկատմամբ:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառության ընթացքում ծագած խնդիրների լուծումն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ պարբերության 3-րդ կետի համաձայն՝ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի իրականացման շրջանակներում կազմակերպությունների զուտ շահույթը` մինչեւ հարկումը, կամ դրա այն մասը, որը մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը օգտագործվում է (ներդրվում է) «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում, ազատվում է շահութահարկով հարկումից:

Խնդիրը կայանում է նրանում, որ ծրագիր իրականացնող կազմակերպությունների կողմից հաշվետու տարվա արդյունքներով վնասներ ունենալու պարագայում ստացվում է, որ կազմակերպությունները չեն ապահովում շահութահարկի արտոնության կիրառության համար օրենքով սահմանված նախապայմանը:

Միեւնույն ժամանակ, օրենքով հստակ կարգավորված չեն հարկման հարաբերություններն այն դեպքում, երբ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում ծրագիրն իրականացնող կազմակերպություններն իրականացնում են ծրագրին չառնչվող գործունեություն (գործարքներ), որոնց մասով նախկինում կիրառվել են օրենքով սահմանված հարկային արտոնությունները:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չեն համարվում կազմակերպությունների ստացվող եկամուտները, ինչպես նաեւ ծախս չեն համարվում ծրագրի իրականացման շրջանակներում կազմակերպությունների կողմից կատարվող ծախսերը՝ վերացնելով ծրագիրն իրականացնող կազմակերպությունների զուտ շահույթը ծրագրի շրջանակներում օգտագործած լինելու նախապայմանը, քանի որ այդ նախապայմանի առկայությունը գործնականում ուղեկցվում է բարդություններով: Նախագծով առաջարկվում է կարգավորել նաեւ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից ծրագրին չառնչվող գործունեություն (գործարքներ) իրականացնելու դեպքում հարկերի հաշվարկման հետ կապված հարաբերությունները:

Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 43-րդ հոդվածի եւ «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 3-րդ հավելվածի 41-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրված՝ ներմուծման մաքսատուրքերի վճարման արտոնությունները կիրառվում են «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի իրականացման շրջանակներում՝ մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը՝ բացառությամբ տրանսպորտային միջոցների, հեծանիվների, ջրային եւ օդային տրանսպորտի՝ նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել նաեւ մաքսատուրքերի վճարման արտոնություններ նախատեսող դրույթները:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի հետագա իրականացմանը խոչընդոտող պայմանների վերացումն է:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնությունների կիրառության հետ կապված հարաբերությունները:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԾԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Գրություն