Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 3-ի «Զենքի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասում՝
1) «բերել» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության սահամանամերձ համայնքներում (բնակավայրերում) հաշվառված եւ փաստացի բնակվող կամ» բառերը:
2) «մասնագիտությունների» բառից հետո լրացնել «եւ սահմանամերձ համայնքների (բնակավայրերի)» բառերը:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված սահմանամերձ բնակավայրերի ցանկը Կառավարությունը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը սահմանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ զենք ձեռք բերելու իրավունքը:
2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեւավորվում են նոր սահմաններ եւ այդ փաստով պայմանավորված առաջացել է անհրաժեշտություն, որպեսզի «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրվի նոր խմբագրությամբ, որով ակոսափող որսորդական հրազեն կրելու իրավունքի ձեռքբերումը Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ սահմանված որոշ սահամանամերձ բնակավայրերում հաշվառված եւ փաստացի բնակվող քաղաքացիների համար կիրականացվի պարզեցված կերպով:
Նման առաջարկով հանդես են եկել նաեւ սահմանամերձ մի շարք համայնքների բնակիչներ՝ հիմնավորելով, որ դա բացի այն, որ որսորդությամբ զբաղվելու առավել արդյունավետ միջոց է եւ քաղաքացիների անվտանգության լրացուցիչ երաշխիք է, որը կբարձրացնի անվտանգության եւ վստահություն զգացումը:
Այսպիսով, հիմք ընդունելով վերոգրյալը, գտնում ենք, որ նախագծի ընդունումն անրաժեշտ է, քանի որ հնարավորություն կստեղծվի քաղաքացիների համար անվտանգության լրացուցիչ երաշխիքներ ստեղծել եւ բարձրացնել վստահության եւ անվտանգության զգացումը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է կատարել լրացում, որով Հայաստանի Հանրապետության սահմանահամերձ բնակավայրերում հաշվառված եւ մշտապես բնակվող քաղաքացիներին առանց 5 տարի նվազագույն ժամկետով ողորկափող որսորդական հրազեն ունենալու պահանջի կարող է տրվել ակոսափող որսորդական հրազեն ձեռք բերելու իրավունք:
3. Ակնկալվող արդյունքը
Սույն օրենքի նախագծի առաջարկվող հոդվածի լրացման արդյունքում կբարձրանա սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիների անվտանգությունը եւ ապահովության զգացումը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
«23» փետրվարի 2021թ.
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով եւ 67-րդ հոդվածով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում ««Զենքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են՝
1. օրենքի նախագիծը (հիմնական զեկուցող՝ Արմեն Խաչատրյան)
2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը
3. տեղեկանքը փոփոխվող հոդվածի վերաբերյալ:
Խնդրում ենք օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր՝ 7 թերթ:
ՀԱՐԳԱՆՔՈՎ` |
ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆ |