Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգիրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 20.1-ին հոդված.
«Հոդված 20.1. Ոչ իրավաչափ վարքագծի արգելքը
1. Քրեական դատավարությանը մասնակցող անձինք եւ դատական նիստին ներկա գտնվող այլ անձինք պետք է իրենց իրավունքներից օգտվեն եւ իրենց պարտականությունները կատարեն բարեխղճորեն:
2. Արգելվում է իրավունքների չարաշահումը, որը վնաս է հասցնում այլ անձանց կամ արդարադատության շահերին:
3. Իրավունքների չարաշահում թույլ տված կամ պարտականությունները չարամտորեն չկատարած անձի նկատմամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում կարող է կիրառվել նրա վարքագծին համաչափ դատավարական սանկցիա, եթե այն չկիրառելը կարող է վտանգել վարույթի բնականոն ընթացքը:
4. Մեղադրյալի կողմից իր պարտականությունները չարամտորեն չկատարելու դեպքում նրա նկատմամբ կարող է կիրառվել խափանման միջոց կամ կիրառված խափանման միջոցը կարող է փոխարինվել ավելի խիստով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 314.1-ին հոդվածի 1-ին մասում լրացնել նոր՝ 4-րդ կետ.
«4) որոշակի դատավարական իրավունքների իրականացման սահմանափակումը:»:
Հոդված 3. Օրենսգրքում լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 314.4-րդ հոդված.
«Հոդված 314.4. Իրավունքի իրականացման սահմանափակումը
1. Որոշակի դատավարական իրավունքների իրականացման սահմանափակումը անձի կողմից իր դատավարական իրավունքների պարբերաբար չարաշահման դեպքում դատարանի որոշմամբ դրանց իրականացման պայմանների սահմանումն է:
2. Սույն հոդվածով նախատեսված դատավարական սանկցիան կարող է կիրառվել միայն հետեւյալ իրավունքները պարբերաբար չարաշահելու դեպքում՝
1) միջնորդություն հարուցելը.
2) բացարկ հայտնելը.
3) վարույթի նյութերին կցելու եւ հետազոտելու համար ապացույցներ ներկայացնելը.
4) վարույթի նյութերին ծանոթանալը եւ դրանցից ցանկացած տեղեկություն դուրս գրելը.
5) բացման խոսքով, եզրափակիչ ելույթով կամ եզրափակիչ հայտարարությամբ հանդես գալը.
6) պաշտպանից հրաժարվելը,
7) պաշտպանի լիազորությունները դադարեցնելը:
3. Որոշակի դատավարական իրավունքների իրականացման սահմանափակումը կարող է կիրառվել նաեւ նույն անձի մի քանի պաշտպանի, լիազոր ներկայացուցչի կամ փաստաբանի ներկայանալու դեպքում: Այդ դեպքում որոշակի դատավարական իրավունքների իրականացման սահմանափակումը դրսեւորվում է տվյալ գործողությանը մասնակցելու հնարավորություն տալով ոչ բոլոր պաշտպաններին, լիազոր ներկայացուցչներին կամ փաստաբաններին:
4. Սույն հոդվածով նախատեսված դատավարական սանկցիայի կիրառումը չպետք է բացառի համապատասխան իրավունքի բուն իրացումը:»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: