Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-8773-25.02.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 101-րդ հոդվածում լրացնել նոր՝ 4-րդ մաս.

«4) որոշակի դատավարական իրավունքների իրականացման սահմանափակումը:»

Հոդված 2. Օրենսգրքի 101.1-ին հոդվածում.

1)  վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.

«Նկատողություն, դատական նիստերի դահլիճից հեռացում եւ որոշակի դատավարական իրավունքների իրականացման սահմանափակում կիրառելու առանձնահատկությունները».

2)  4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Նկատողությունը, դատական նիստերի դահլիճից հեռացնելը եւ որոշակի դատավարական իրավունքների իրականացման սահմանափակումը կիրառվում են նույն դատական նիստում կայացվող դատարանի արձանագրային որոշմամբ, որն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:» .

3)  5-րդ մասում «հեռացնելու» բառից հետո լրացնել «կամ որոշակի դատավարական իրավունքների իրականացման սահմանափակում կիրառելու» բառեր:

Հոդված 3. Օրենսգրքում լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 101.3-րդ հոդված.

«Հոդված 101.3. Որոշակի դատավարական իրավունքների իրականացման սահմանափակում կիրառելու առանձնահատկությունները

1. Որոշակի դատավարական իրավունքների իրականացման սահմանափակումը անձի կողմից իր դատավարական իրավունքների պարբերաբար չարաշահման դեպքում դատարանի որոշմամբ դրանց իրականացման պայմանների սահմանումն է:

2. Սույն հոդվածով նախատեսված դատավարական սանկցիան կարող է կիրառվել միայն հետեւյալ իրավունքները պարբերաբար չարաշահելու դեպքում՝

1) միջնորդություն հարուցելը.

2) բացարկ հայտնելը.

3) վարույթի նյութերին կցելու եւ հետազոտելու համար ապացույցներ ներկայացնելը.

4) վարույթի նյութերին ծանոթանալը եւ դրանցից ցանկացած տեղեկություն դուրս գրելը.

5) բացման խոսքով, եզրափակիչ ելույթով կամ եզրափակիչ հայտարարությամբ հանդես գալը:

3. Որոշակի դատավարական իրավունքների իրականացման սահմանափակումը կարող է կիրառվել նաեւ նույն անձի մի քանի պաշտպանի, լիազոր ներկայացուցչի կամ փաստաբանի ներկայանալու դեպքում: Այդ դեպքում որոշակի դատավարական իրավունքների իրականացման սահմանափակումը դրսեւորվում է տվյալ գործողությանը մասնակցելու հնարավորություն տալով ոչ բոլոր պաշտպաններին, լիազոր ներկայացուցչներին կամ փաստաբաններին:

4. Սույն հոդվածով նախատեսված դատավարական սանկցիայի կիրառումը չպետք է բացառի համապատասխան իրավունքի բուն իրացումը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ Ա.ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

հարգելի պարոն Միրզոյան

Ղեկավարվելով Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ազգային ժողովի քննարկմանն ենք ներկայացնում  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որի հիմնական զեկուցողը պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն է:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ կից ներկայացնում ենք առաջադրվող նախագծերը եւ դրանց ընդունման հիմնավորումը, ինչպես նաեւ համապատասխան օրենքներում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը:

Խնդրում ենք ներկայացված նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ: