Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-883-01.03.2021-ՏՏԳԲ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)  63-րդ հոդվածը լրացնել 4-8-րդ նոր մասերով՝

«Տարափային(հեղեղային) ջրահեռացման համակարգեր կեղտաջրեր արտանետելը, բացառությամբ տարափային(հեղեղային) ջրերի՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի  ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի  հարյուրհիսնապատիկի  չափով:

 Ցամաքուրդային(դրենաժային) համակարգեր կեղտաջրեր արտանետելը, բացառությամբ ցամաքուրդային(դրենաժային) ջրերի՝

 առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի  ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի  հարյուրհիսնապատիկի չափով:

Տարափային (հեղեղային) ջրերի ընդունումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ, եթե դա նախատեսված չէ ջրահեռացման համակարգի շինարարական եւ վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

 Ցամաքուրդային(դրենաժային) ջրերի ընդունումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Ոռոգման համակարգերի օգտագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է դրանց աղտոտում, աղբոտում՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 88-րդ հոդվածը լրացնել 3-րդ եւ 4-րդ նոր մասերով.

«Սեւանա լճում ձկնորսության նպատակով օգտագործվող լողամիջոցները արդյունագործական որսի համար ստեղծված/նախատեսված մուտքի եւ ելքի տեղամասերից դուրս տարածքներից մուտք եւ ելք իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը` որսի թույլտվության ժամանակահատվածում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 3.  Օրենսգրքի 125.1-րդ հոդվածը լրացնել 7-րդ եւ 8-րդ նոր կետերով.

«7. Հանգստյան գոտիներում լողալու համար նախատեսված վայրերում լողամիջոցներ վարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

8. Լողամիջոցները լողափնյա հատվածների հատուկ նշաններով առանձնացված գոտիներից դուրս լողափնյա տարածքներում ափին մոտեցնելը եւ/կամ հեռացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:

Հոդված 4.  Օրենսգրքի 239-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Սույն օրենսգրքի 43.1-րդ հոդվածի 4-րդ մասով, 50.1-րդ, 62-րդ հոդվածներով (Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնին կամ այդ մարմնի համակարգի կազմակերպություններին հանձնված  ջրային համակարգերի մասով), 63-րդ, 63.1-րդ, 63.4-րդ, 63.5-րդ, 63.6-րդ հոդվածներով (Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնին կամ այդ մարմնի համակարգի կազմակերպություններին հանձնված ջրային համակարգերի մասով), 145-րդ հոդվածով (Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնին կամ այդ մարմնի համակարգի կազմակերպություններին հանձնված ջրային համակարգերի մասով) եւ 152-րդ հոդվածով (Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնին կամ այդ մարմնի համակարգի կազմակերպություններին հանձնված ջրի պոմպերի ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի մասով) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում եւ վարչական տույժեր նշանակում է Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնի  ղեկավարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող 63-րդ հոդվածի 5-րդ մասի, որն  ուժի մեջ է մտնում  2030 թվականի հունվարի 1-ից: