Armenian ARMSCII Armenian
Կ-883-01.03.2021-ՏՏԳԲ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 63-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-8-րդ  մասերով.

«Տարափային (հեղեղային) ջրահեռացման համակարգեր կեղտաջրեր արտանետելը, բացառությամբ տարափային (հեղեղային) ջրերի՝

 առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի  ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի  հարյուրհիսնապատիկի  չափով:

 Ցամաքուրդային (դրենաժային) համակարգեր կեղտաջրեր արտանետելը, բացառությամբ ցամաքուրդային (դրենաժային) ջրերի՝

 առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի  ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի  հարյուրհիսնապատիկի չափով:

Տարափային (հեղեղային) ջրերի ընդունումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ, եթե դա նախատեսված չէ ջրահեռացման համակարգի շինարարական եւ վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

 Ցամաքուրդային (դրենաժային) ջրերի ընդունումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Ոռոգման համակարգերի օգտագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է դրանց աղտոտում, աղբոտում՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 88-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ մասերով.

«Սեւանա լճում ձկնորսության նպատակով օգտագործվող լողամիջոցները արդյունագործական որսի համար ստեղծված կամ նախատեսված մուտքի եւ ելքի տեղամասերից դուրս տարածքներից մուտք եւ ելք իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը որսի թույլտվության ժամանակահատվածում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 125.1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ եւ 8-րդ մասերով.

«7. Հանգստյան գոտիներում լողալու համար նախատեսված վայրերում լողամիջոցներ վարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

 8. Լողամիջոցները լողափնյա հատվածների հատուկ նշաններով առանձնացված գոտիներից դուրս լողափնյա տարածքներում ափին մոտեցնելը կամ հեռացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:

Հոդված  4. Օրենսգրքի 239-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 239. Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմինը

Սույն օրենսգրքի 43.1-ին հոդվածի 4-րդ մասով, 50.1-ին, 62-րդ հոդվածներով (Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնին կամ այդ մարմնի համակարգի կազմակերպություններին հանձնված  ջրային համակարգերի մասով), 63-րդ, 63.1-ին, 63.4-րդ, 63.5-րդ, 63.6-րդ հոդվածներով (Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնին կամ այդ մարմնի համակարգի կազմակերպություններին հանձնված ջրային համակարգերի մասով), 145-րդ հոդվածով (Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնին կամ այդ մարմնի համակարգի կազմակերպություններին հանձնված ջրային համակարգերի մասով) եւ 152-րդ հոդվածով (Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնին կամ այդ մարմնի համակարգի կազմակերպություններին հանձնված ջրի պոմպերի ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի մասով) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում եւ վարչական տույժեր նշանակում է Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնի  ղեկավարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող 63-րդ հոդվածի 5-րդ մասի, որն  ուժի մեջ է մտնում  2030 թվականի հունվարի 1-ից: