Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 27-ի «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «աշխատանքային օրվա համար չի վճարվում, դրան հաջորդող» բառերը, իսկ «օրվա» բառը փոխարինել «օրերի» բառով:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով:
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերում եւ 2-րդ մասում «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով:
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով:
Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածի 12-րդ եւ 13-րդ մասերում «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով:
Հոդված 8. Օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի՝ տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողին վճարված եկամտի ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով, որը չի կարող պակաս լինել նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից:»
Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետից հանել «աշխատանքային օրվան հաջորդող» բառերը ՝
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1.Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Ներկայումս «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի համաձայն վարձու աշխատողները հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի եւ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում, երբ ներկայացնում են ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, նրանք չեն վճարվում առաջին օրվա համար, իսկ հաջորդող օրերի համար նրանք վճարվում են սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի 80 տոկոսի չափով:
Այս փոփոխությունը մտել է ուժի մեջ տարիներ առաջ, երբ առանձին պետական հիմնարկներում նկատվել են չարաշահումների դեպքեր վարձու աշխատողների կողմից: Մինչեւ փոփոխությունը վարձու աշխատողները ինչպես առաջին, այնպես էլ հաջորդող օրերի համար վճարվել են՝ ընդ որում 100 տոկոսի չափով:
Հարկ է նկատել, որ 2010 թվականին «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի ընդունման ժամանակ որեւէ կերպ չի հիմնավորվել անաշխատունակության առաջին օրը չվճարելու կարգավորման անհրաժեշտությունը: Բացի այդ, առաջին ընթերցրման տարբերակով առաջարկում էր առաջին երեք օրերի համար վճարելու պարտականությունը սահմանել գործատուի համար, իսկ 4-րդ օրից սկսած՝ պետության: Երկրորդ ընթերցման ռեժիմում այս կարագորումը փոխվել է, նորից առանց հիմնավորման, ինչի արդյունքում անաշխատունակության առաջին օրը դարձել է չվճարվող՝ վատթարացնելով աշխատողի իրավական դրությունը:
Օրենսդրական փոփոխության ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախ այլեւս բժշկական եւ այլ հիմնարկներից շատ ավելի դժվարացել է կեղծ անաշխատունակության թերթիկներ ներկայացնելու հնարավորությունը, որը պայմանավորված է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությամբ եւ փաստաթղթերի թվայնացմամբ: Բացի այդ, այս պարագայում անարդարացիորեն տուժվում են բոլոր այն վարձու աշխատողները, որոնք իրավամբ այդ օրերի համար եղել են անաշխատունակ:
Այնուամենայնիվ, դեռեւս հնարավոր ենք համարում որոշակի ռիսկերը, երբ վարձու աշխատողը հնարավոր է փորձի չարաշահել օրենքը, հետեւաբար շարունակում ենք պահպանել օրենքում առկա 80 տոկոս միջին ամսական աշխատավարձի վճարման սահմանափակումը նաեւ առաջին օրվա համար:
Կարծում ենք այս դրույթները բավարար են, որպեսզի նվազի գրավչությունը կեղծ անաշխատունակության թերթիկի հիման վրա աշխատանքի չգալու հնարավորությունը:
Մյուս խնդիրը կապված է ժամանակավոր անաշխատունակության նպաստի համար հիմք հանդիսացող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգի հետ: Գործող կարգավորմամբ վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Այսինքն՝ եթե աշխատողը գործատուի մոտ աշխատում է տասներկու ամսից պակաս, ապա այս հաշվարկի դեպքում ակնհայտորեն նվազում է նրա միջին ամսական աշխատավարձի չափը, եւ որեւէ կերպ չի համադրվում սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափի հետ, որպիսի կարգավորում առկա է մայրության նպաստերի հաշվարկման դեպքում:
Նախագծով առաջարկվող կարգավորմամբ ժամանակավոր անաշխատունակության նպաստի դեպքում աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս, եթե տասներկու ամիս չի ձեւավորվում, ապա հաշվարկը կատարվում է ստացած եկամուտը փաստացի աշխատած ամիսների թվին բաժանելու միջոցով, բայց այն հաշվառմամբ, որ գումարը չպետք է պակաս լինի սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից:
2.Առաջարկվող կարգավորուման բնույթը.
Օրենքի նախագծով առաջարկվում է վարձու աշխատողի կողմից անաշխատունակության թերթիկ ներկայացնելու դեպքում վարձու աշխատողին հաշվարկել եւ վճարել նաեւ առաջին օրվա համար՝ միջին ամսական աշխատավարձի 80 տոկոսի չափով:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա սահմանել ավելի հիմնավոր եւ արդար աշխատավարձի վճարում՝ վարձու աշխատողի կողմից անաշխատունակության թերթիկ ներկայացնելու դեպքում:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
ՀԱՐԳԵԼԻ՛ ՊԱՐՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ,
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծին կից ներկայացվում են՝
-նախագծի ընդունման հիմնավորումը,
-տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է Օրենքի համապատասխան հոդվածում առաջարկվող փոփոխությունները:
Նախագծի հիմնական զեկուցողն է Գեւորգ Պապոյանը:
Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր՝ (12) էջ:
Հարգանքով՝ Գեւորգ Պապոյան /057/
Հերիքնազ Տիգրանյան /007/