Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-887-03.03.2021-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հոդվածով.

«Հոդված 35.1 Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր

1. Կենտրոնական բանկը սույն օրենքով սահմանված իր նպատակների եւ գործառույթների իրականացման, ինչպես նաեւ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ներպետական իրավասու մարմինների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով վարում է բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր, որին պարտադիր մասնակցում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր առեւտրային բանկերը:

2. Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը ներառում է բացված, փակված (այդ թվում՝ սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվան նախորդող 5 տարիների ընթացքում փակված) բանկային հաշիվների, ինչպես նաեւ տրամադրված, օգտագործումը դադարեցված (այդ թվում՝ սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվան նախորդող 5 տարիների ընթացքում օգտագործումը դադարեցված) բանկային պահատուփերի վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես՝ բանկի հաճախորդի բանկային հաշվի համարը, բանկային հաշվի բացման եւ փակման, բանկային պահատուփի տրամադրման եւ օգտագործման դադարեցման ամսաթվերը, հաճախորդի եւ հաճախորդի կողմից լիազորված անձի նույնականացման՝ պետական իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի տվյալները, ինչպես նաեւ բանկի վերաբերյալ տեղեկությունները:

3. Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վարման կարգը, ներառման ենթակա նույնականացման՝ պետական իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի տվյալների եւ բանկի վերաբերյալ տեղեկությունների ցանկը, ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունների (այդ թվում՝ հաշվետվությունների) տրամադրման ձեւը եւ ժամկետները սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի (այսուհետ՝ Ռեեստր) ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմի արդյունավետության բարձրացմամբ եւ բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1332-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2019-2022 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունից: Նմանատիպ ռեեստրները լայն տարածում ունեն նաեւ ԵՄ երկրների շրջանում, մասնավորապես՝ Չեխիայում, Իսպանիայում, Լատվիայում, Ֆրանսիայում, Մալթայում, Մոլդովայում, Ավստրիայում եւ այլն: Ընդհանուր առմամբ ԵՄ երկրներում նման ռեեստրների լայն տարածումը պայմանավորված է ԵՄ 2015թ-ի 4-րդ (2015/849) եւ 2018թ-ի 5-րդ (2018/843) դիրեկտիվների պահանջների իմպլեմենտացմամբ:

2. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծով սահմանվում են Ռեեստրի ստեղծման իրավական հիմքերը, նպատակը, եւ Ռեեստրում ներառվող տեղեկությունները: Մասնավորապես,

ա) բանկի հաշվետեր եւ/կամ բանկային պահատուփ ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նույնականացման՝ պետական իրավասու մարմնի կողմից տրված անձը հաստատող փաստաթղթի տվյալները,

բ) ա) կետում նշված անձանց լիազորված անձանց նույնականացման՝ պետական իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի տվյալները,

գ) հաշվեհամարը,

դ) բանկի վերաբերյալ տեղեկություններ,

ե) հաշվի, ինչպես նաեւ պահատուփի բացման եւ փակման ամսաթիվը:

Նախագծով Ռեեստրի վարման, բանկի հաճախորդների եւ լիազորված անձանց նույնականացման՝ պետական իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի տվյալների եւ բանկի վերաբերյալ տեղեկությունների ցանկի, առեւտրային բանկերից կողմից Ռեեստրում ներառվող տեղեկությունների տրամադրման, ինչպես նաեւ իրավասու պետական մարմիններին տեղեկությունների տրամադրման կանոնակարգումը պատվիրակվում է ՀՀ ԿԲ խորհրդին:

Ռեեստրում ներառվող տեղեկությունների ստացումը պետք է իրականացվի բացառապես Ռեեստրի հարցում կատարելու միջոցով, հետեւաբար օրենսդրությամբ արդեն իսկ սահմաված կարգով եւ պայմաններով տեղեկությունների ձեռքբերման ընթացակարգերը վերաբերելի մասով ենթակա են վերանայման: Նման կարգավորում ներկայում սահմանված է ՀՀ կենտրոնական բանկի եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջեւ՝ համատեղ իրավական ակտով:

3. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման եւ Ռեեստրի ստեղծման արդյունքում կբարձրանա իրավասու մարմինների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման արդյունավետությունը, այդ թվում՝ նվազեցնելով բանկերին կատարվող հարցումների քանակը եւ ապահովելով բանկային գաղտնիք կազմող այլ տեղեկությունների ստացման նպատակով բանկերին կատարվող հարցումների թիրախայնությունը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն