Հոդված 1.
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ «Օրենք») 22-րդ հոդվածում՝
1) լրացնել նոր 3.1-ին մաս.
«3.1. Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական համալիրի (այսուհետ՝ «Ռազմաարդյունաբերական համալիր») պահանջներից ելնելով՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել ռազմաարդյունաբերության ոլորտի պետական լիազոր մարմնում բարձրագույն կրթության երկրորդ կամ երրորդ մակարդակի կրթական ծրագրի ուսումնառությունն անցնելու ցանկություն հայտնած քաղաքացիներին, որոնց հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր: Սույն մասով նախատեսված ուսումնական ծրագրի մանրամասները սահմանվում են սույն օրենքի 1-ին հավելվածով:».
2) 4-րդ մասի «3-րդ մասով» բառերը փոխարինել «3-րդ եւ 3.1-ին մասերով» բառերով:
Հոդված 2. Օրենքը լրացնել Հավելված 1-ով`
ՀԱՎԵԼՎԱԾ 1
ՌԱԶՄԱԱՐԴՅՈւՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ
Ծ Ր Ա Գ Ի Ր
Սահմանվող հասկացություններ
1. Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման ուսումնական ծրագիր (այսուհետ՝ «Ծրագիր»)՝ Ռազմաարդյունաբերական համալիրի եւ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների համատեղ՝ բարձրագույն կրթության երկրորդ եւ երրորդ մակարդակի կրթական ծրագիր՝ ռազմական պատրաստության պարտադիր բաղադրիչով,
2. Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման ուսումնական Ծրագրի հավակնորդ՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված՝ տարկետման իրավունք ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացի,
3. Ընդունող հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմաարդյունաբերության եւ կրթության ոլորտներում միասնական քաղաքականություն սահմանող եւ իրականացնող լիազոր մարմինների համատեղ որոշմամբ ստեղծված մարմին, որը սահմանում է Ծրագրի ընդունելության քննության անցկացման կարգը եւ կազմակերպում քննությունները,
4. Ծրագրի մասնակիցներ՝ ընդունող հանձնաժողովի կողմից կազմակերպված եւ սահմանված կարգով քննությանն առավելագույն արդյունքներ ցուցաբերած եւ Ծրագրին մասնակցելու իրավունք ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ,
5. Ընթացիկ ուսումնական հաստատություն՝ ուսումնական հաստատություն, որտեղ սովորում է Ծրագրի հավակնորդ Հայաստանի Հանրապետության քաղաքացին:
Ծրագրի նկարագիրը
Ռազմաարդյունաբերական համալիրը եւ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններն իրականացնում են համատեղ ուսումնական ծրագիր, որը նպատակ ունի նշված ուսումնական հաստատություններում սովորող քաղաքացիների գիտական պոտենցիալն օգտագործել Ռազմաարդյունաբերական համալիրում՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում բարձր տեխնոլոգիաների եւ նորագույն գիտատեխնիկական ձեռքբերումների կիրառմանը, ինչպես նաեւ ստեղծել հարթակ երիտասարդ գիտնականների գիտական նոր ձեռքբերումների եւ շարունակական զարգացման համար:
Բարձրագույն կրթության երկրորդ մակարդակի կրթական ծրագրի շրջանակներում ուսումնասիրվող թեմաներն առաջարկվում են Ռազմաարդյունաբերական համալիրի պահանջներին համապատասխան, որի շրջանակներում էլ պաշտպանվում է մագիստրոսական ատենախոսությունը:
Բարձրագույն կրթության երկրորդ մակարդակի կրթական ծրագիրն ավարտելուց հետո քաղաքացին հնարավորություն է ստանում ուսումը շարունակել Ծրագրի շրջանակներում՝ բարձրագույն կրթության երրորդ մակարդակի կրթական ծրագրով՝ գիտական աշխատանքի թեման համապատասխանեցնելով Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման արդիական պահանջներին:
Ծրագրին մասնակցելու համար հավակնորդ քաղաքացիները, ովքեր ուսման ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն՝ նվազագույնը «լավ» գնահատականներով, մասնակցում են ընդունող հանձնաժողովի կողմից կազմակերպված քննությանը: Առավելագույն միավորներ հավաքած հավակնորդները դառնում են Ծրագրի մասնակիցներ: Մյուս հավակնորդներն անցնում են պարտադիր զինվորական ծառայության:
Ծրագրի մասնակիցները, շարունակելով համարվել ընթացիկ ուսումնական հաստատության ուսանող, ստանում են կրտսեր սպայական կոչում եւ աշխատանքի անցնում Ռազմաարդյունաբերական համալիրում՝ պայմանագրային հիմունքներով՝ առնվազն նվազագույն սպայական աշխատավարձով:
Բարձրագույն կրթության երկրորդ մակարդակի կրթական ծրագիրն ավարտելուց հետո ուսանողները հնարավորություն են ստանում շարունակել գիտական գործունեությունը բարձրագույն կրթության երրորդ մակարդակի կրթական ծրագրի շրջանակներում: Ընդունելության կարգը սահմանվում է համապատասխան իրավական ակտով՝ լիազոր մարմնի կողմից: Ծրագրում ընդգրկված քաղաքացիների համար սահմանվում է աշխատավարձ՝ միջին սպայական աստիճանի առավելագույն աշխատավարձին հավասար:
Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի կրթական ծրագրում չընդգրկված քաղաքացիներն անցնում են պարտադիր զինվորական ծառայության:
Ծրագրի շրջանակներում իրականացվող գիտական գործունեության ընթացքում մասնակցի կողմից կատարված բոլոր գիտական աշխատանքները եւ մտավոր սեփականության օբյեկտները համարվում են Ռազմաարդյունաբերական համալիրի սեփականություն: Մտավոր սեփականության նշյալ օբյեկտների նկատմամբ դրանք ստեղծող քաղաքացիները պահպանում են ոչ գույքային իրավունքները, ինչպես նաեւ ստանում 25% հոնորար ցանկացած հատուցվող գործարքից, որի առարկան են այդ օբյեկտները: Ցանկացած դեպքում դասակարգված տեղեկատվության գաղտնիությունը պահպանվում է պայմանագրի ողջ գործողության ընթացքում եւ դրա լուծումից հետո:
Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի կրթական ծրագրի ավարտին ատենախոսությունը պաշտպանած քաղաքացիներն իրավունք ունեն միակողմանի խզել պայմանագիրը Ռազմաարդյունաբերական համալիրի հետ: Քաղաքացիների նկատմամբ կարող են կիրառվել որոշակի սահմանափակումեր՝ ըստ աշխատանքի ընթացքում առնչված գաղտնի տեղեկատվության կարեւորության: Քաղաքացին հնարավորություն է ստանում հետագայում շարունակել գիտական գործունեությունը Ռազմաարդյունաբերական համալիրում՝ կնքելով նոր աշխատանքային պայմանագիր՝ նոր պայմաններով:
Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի կրթական ծրագրի ավարտին ատենախոսությունը չպաշտպանած քաղաքացիներն անցնում են պարտադիր զինվորական ծառայության:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեք ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է սույն օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ «Օրենք») պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նպատակային ուսումնառության համար տարկետման իրավունք է սահմանում միայն բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող քաղաքացիների համար, մինչդեռ որոշակի մասնագիտություններով մագիստարոտական կրթական ծրագրով եւ հետբուհակական բարձրագույն կրթության ծրագրերով կրթություն ստացող քաղաքացիների ներուժը եւս կարող է օգտագործվել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի (այսուհետ՝ «Զինված ուժեր») մարտունակության բարձրացման նպատակով:
Ըստ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից 2021թ. մարտին ստացված տվյալների՝ մինչեւ 2018թ. ամառային զորակոչը ուսանողները տարկետում ստացել են անվճար ուսուցման համակարգ ընդունվելու փաստով: 2018թ. ամառային զորակոչից սկսած գործընթացը կարգավորվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018թ. 450-Ն, 451-Ն եւ 457-Ն որոշումներով, որոնցով սահմանվել են այն բացառիկ նվաճումները, որոնց դեպքում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ստացել են տարկետումներ:
Ներկա կարգավորումներով Հայաստանի Հանրապետության բուհերում տարկետման իրավունքով տեղեր չեն սահմանվում:
2015-2020թթ. տարկետում ստացած ուսանողների թվակազմը հետեւյալն է՝
2015 (Տարկետման իրավունքով ընդունված) | ||||
2016 (Տարկետման իրավունքով ընդունված) | ||||
2017 (Տարկետման իրավունքով ընդունված) | ||||
2018 (451-Ն որոշմամբ տարկետում ստացածներ) | ||||
2019 (451-Ն որոշմամբ տարկետում ստացածներ) | ||||
2020 (451-Ն որոշմամբ տարկետում ստացածներ) |
Ներկայացված նախագծով առաջարկվող մոտեցումը միտված է Ռազմաարդյունաբերական համալիրում եւ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բուհերում համատեղ ուսումնական ծրագրի իրականացմանը, որը նպատակ ունի նշված ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների գիտական պոտենցիալն օգտագործել Ռազմաարդյունաբերական համալիրում՝ նպաստելով Զինված ուժերում բարձր տեխնոլոգիաների եւ նորագույն գիտատեխնիկական ձեռքբերումների կիրառմանը եւ, մյուս կողմից, ստեղծել հարթակ երիտասարդ գիտնականների գիտական նոր ձեռքբերումների եւ շարունակական զարգացման համար:
Նախագծի գործադրմամբ՝ զինապարտ քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի շարունակել բարձրագույն կրթությունն այնպիսի ձեւաչափով, որը մի կողմից կխրախուսի ուսանողներին զբաղվել գիտությամբ, մյուս կողմից Զինված ուժերին հնարավորություն կտա օգտագործել համապատասխան գիտական պոտենցիալը:
Այսպիսով, ներկայացված ծրագրի գործարկումը նպաստելու է ռազմաարդյունաբերության զարգացմանը եւ Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից որդեգրված քաղաքականության այլ ոլորտներում եւս իրացմանը: Իսկ ուսանողը հնարավորություն կստանա զինվորական ծառայությունը համատեղել արդյունավետ գիտական գործունեության հետ:
Ուսումնառության ողջ ընթացքում հետազոտությունների համար տրամադրվող դրամաշնորհները կնպաստեն բազմաթիվ հետազոտությունների, գիտական աշխատանքների իրականացմանը, թույլ կտան կիրառական նշանակության գիտական նորամուծությունները կիրառել հենց տեղում՝ ստանալով շոշափելի արդյունք: Այս ծրագրի գործարկման արդյունքում՝ Զինված ուժերը կդառնան Հայաստանի Հանրապետությունում գիտության զարգացումը խթանող ուժ, եւ կստեղծվեն հնարավորություններ նոր գիտական կենտրոնների ձեւավորման համար, որոնք կսպասարկեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախատարության, Զինված ուժերի կարիքները՝ ունենալով նաեւ կոմերցիոն զարգացման հեռանկարեր:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Ո Ր Ո Շ Ու Մ
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈւԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈւ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2021 թվականի _____________ ____-ի նիստում
Ո Ր Ո Շ Ե Ց
հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ Ազգային ժողովի քննարկմանն առաջադրել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
11 մարտի, 2021թ.
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացնում ենք «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նախագծին կից ներկայացվում են՝
- խմբակցության որոշումն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մասին.
- նախագծի ընդունման հիմնավորումը.
- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում են օրենքի համապատասխան հոդվածում առաջարկվող փոփոխությունը, ինչպես նաեւ լրացումները:
Նախագծի հիմնական զեկուցողն է Գեւորգ Գորգիսյանը:
Խնդրում ենք ներկայացված նախագիծն օրենքով սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր՝ 09 թերթ:
Հարգանքով` | ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ |