Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը լրացնել նոր երրորդ մասով հետեւյալ բովանդակությամբ՝
«Հայաստանի Հանրապետության դրոշն այլ պետությունների դրոշների հետ միաժամանակ բարձրացվելու դեպքում այլ պետությունների դրոշները չեն կարող բարձրացվել Հայաստանի Հանրապետության դրոշից բարձր»:
Հոդված 2. «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը լրացնել նոր 6.1 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ ՝
«Հոդված 6.1 Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության դրոշի գործածումը այլ դրոշի հետ
Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության դրոշը այլ դրոշի (միջազգային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ կազմակերպությունների) հետ միաժամանակ գործածելու դեպքում գործում են սույն օրենքի հոդված 6-ի դրույթները»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
2006 թվականին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքը, որը, ի թիվս այլ հարցերի, կարգավորում է նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության դրոշի գործածումը օտարերկրյա պետության դրոշի հետ:
Վերոնշյալ օրենքի կարգավորումից դուրս է մնացել Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության դրոշի գործածումը այլ դրոշների, մասնավորապես, միջազգային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ կազմակերպությունների (քաղաքական կուսակցությունների, բիզնես-կառույցների եւ այլն) հետ: