Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-643-30.06.2005-ՍԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

ԳԼՈՒԽ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենսգրքի կարգավորման առարկան

Սույն օրենսգիրքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության անտառների եւ անտառային հողերի կայուն կառավարման` պահպանության, պաշտպանության, վերականգնման, անտառապատման եւ արդյունավետ օգտագործման, ինչպես նաեւ անտառների հաշվառման, մոնիթորինգի, վերահսկողության եւ անտառային հողերի հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենսգրքում օգտագործվող հասկացություններն են`

անտառ` անտառային կամ անտառապատման նպատակով հատկացված այլ հողերում ծառաթփային բուսականության գերակշռությամբ կենսաբանական բազմազանության ու բնական միջավայրի բաղադրիչների փոխադարձորեն կապված եւ միմյանց վրա փոխազդող ամբողջություն, որի նվազագույն մակերեսը կազմում է 0,1 հեկտար, նվազագույն լայնությունը` 10 մետր եւ որտեղ ծառերի սաղարթը ծածկում է տվյալ տարածքի առնվազն 30 տոկոսը, ինչպես նաեւ նախկինում անտառածածկանտառային հողերի ոչ անտառածածկ տարածքները.

անտառային արդյունք` մթերված անտառային պաշար.

անտառային պաշարներ` անտառային ռեսուրսների օգտագործման ենթակա թույլատրելի մասը (ըստ ծավալի, քանակի, որակի, ձեւի ու տարածքային տեղադիրքի).

անտառների պետական հաշվառում` անտառային տնտեսության վարման ընթացքում տեղի ունեցող փոփոխությունների հինգ տարին մեկ կատարվող գրանցում.

անտառային հողեր` անտառապատ, կենդանական եւ բուսական աշխարհի պահպանման, բնության պահպանության, ինչպես նաեւ անտառով չծածկված, բայց անտառային տնտեսության կարիքների համար տրամադրված կամ նախատեսված հողեր.

անտառային տնտեսություն` արտադրական միավոր, որի գործունեության նպատակը անտառների կայուն կառավարմանն աջակցելն է.

անտառային տնտեսության վարում` անտառաշինական նախագծերով նախատեսված համալիր միջոցառումների իրականացում.

անտառային տնտեսություն վարող անձ` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների համակարգում գործող, ինչպես նաեւ անտառային տնտեսություն վարող այլ իրավաբանական անձինք եւ քաղաքացիները.

անտառային ռեսուրս ` բնափայտի, բույսերի, անտառներում վերարտադրվող այլ անտառանյութի, կենդանական աշխարհի ամբողջականություն.

անտառային պետական կադաստր` անտառների եւ անտառային հողերի քանակական եւ որակական տվյալների գրանցման, տնտեսական գնահատման, ինչպես նաեւ անտառների դասակարգման պարբերաբար նորացվող համակարգ.

անտառի մոնիթորինգ (դիտանց)` անտառների եւ անտառային հողերի վիճակի կանխատեսման նպատակով իրականացվող դիտարկումների, հետազոտությունների եւ գնահատման գործընթաց.

անտառների կայուն կառավարում` անտառների պահպանություն, պաշտպանություն, վերականգնում, անտառապատում եւ արդյունավետ օգտագործում՝ պահպանելով անտառների կենսաբազմազանության ինքնավերականգնման կարողությունը, ինչպես նաեւ ապահովելով անտառների բնապահպանական, սոցիալական, տնտեսական պոտենցիալի արդյունավետ օգտագործումը ներկա եւ ապագա սերունդների համար.

անտառների պահպանություն` հրդեհների, ինքնակամ զավթումների, ապօրինի հատումների, արածեցումների, աղտոտման, աղբոտման եւ օրենսդրությամբ արգելված անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող այլ գործողությունների դեմ ուղղված համալիր միջոցառումների իրականացում.

անտառների պաշտպանություն` վնասակար օրգանիզմների (վնասատուների եւ հիվանդությունների) կողմից անտառների ոչնչացման, չորացման, օգտակար հատկությունների կորստի կանխարգելմանը եւ սանիտարական վիճակի բարելավմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացում.

անտառաշինություն` 10 տարին մեկ անգամ անտառների կայուն կառավարման պլանավորմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացում.

անտառաշինական նախագիծ (անտառկառավարման պլան)` անտառաշինության արդյունքում մշակված եւ անտառային տնտեսության վարման նպատակով հաստատված նորմատիվ տեխնիկական փաստաթուղթ.

անտառվերականգնում` նախկինում անտառածածկ տարածքների վերականգնում եւ բնական վերաճի ապահովում.

անտառվերականգնման հատումներ` հասուն եւ գերհասուն անտառներում բնական միջավայրի բարելավման եւ անտառվերականգնման նպատակով իրականացվող հատումներ.

անտառօգտագործում` անտառների, անտառային պաշարների եւ անտառային հողերի օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաեւ դրանից օգուտ ստանալու հնարավորության օգտագործում.

անտառահատման տոմս ` բնափայտի եւ երկրորդական անտառանյութի մթերման ու անտառից դուրսբերման իրավունքը հաստատող փաստաթուղթ.

անտառային տոմս` կողմնակի անտառօգտագործման իրավունքը հաստատող փաստաթուղթ.

անտառօգտագործման վճարներ` «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսառեսուրսների օգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարներ.

այլ հատումներ՝ անտառային տարածքների մաքրման, անտառային ճանապարհների կառուցման, անտառային տնտեսության վարման հետ չկապված աշխատանքների կատարման նպատակով ծառերի հատումներ.

բնափայտի մթերում` արմատից հատված, ինչպես նաեւ քամատապալ, ձյունակոտոր ծառերի անտառից դուրսբերում.

երկրորդական անտառանյութ ` մթերված կոճղ, կեղեւ, չորացած ճյուղ, շիվ, խեժ.

խնամքի (միջանկյալ) հատումներ՝ ծառուտում գլխավոր անտառտեսակ կազմող ծառատեսակի աճին խոչընդոտող դանդաղաճ ծառերի պարբերաբար հեռացում.

ծառ` բնափայտային մեկ կամ մի քանի բներով եւ ձեւավորված սաղարթով բազմամյա կենսաձեւ.

ծառուտ` հիմնական արտաքին նշաններով միանման ծառերի ամբողջականություն.

հաշվարկային հատատեղ` անտառաշինական նախագծով սահմանված բնափայտի մթերման տարեկան չափաքանակ.

հատման տարիք` ծառերի հասունության գիտականորեն հիմնավորված ցուցանիշ.

կենսատոպ` հատուկ պահպանության ենթակա բուսական ու կենդանական օրգանիզմների կենսամիջավայր.

կենսաբանական բազմազանություն` ցամաքային, օդային եւ ջրային կենդանի օրգանիզմների տարատեսակություն, որը ներառում է ներտեսակային, միջտեսակային եւ էկոհամակարգերի բազմազանություն.

ոչ անտառածածկ տարածք` անտառային հողերի անտառազուրկ տարածքները.

ոչ բնափայտային անտառանյութի մթերում` պտուղների, հատապտուղների, ընկույզների, սնկերի, ուտելի բույսերի եւ դեղաբույսերի, տեխնիկական հումքի մթերում եւ անտառից դուրսբերում.

սանիտարական հատումներ` անտառների սանիտարական վիճակի բարելավման նպատակով վնասատուների ու հիվանդությունների բացասական ազդեցության հետեւանքով կենսունակությունը կորցրած կամ ցցաչոր եւ չորացած ծառերի հատումներ:

Հոդված 3. Անտառային օրենսդրությունը

Հայաստանի Հանրապետությունում անտառային բնագավառում հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենսգրքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

ԳԼՈՒԽ II

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 4. Անտառների եւ անտառային հողերի նկատմամբ սեփականության իրավունքը

1. Պետական անտառները եւ անտառային հողերը ենթակա չեն օտարման համայնքներին, իրավաբանական անձանց եւ քաղաքացիներին:

2. Համայնքների, իրավաբանական անձանց եւ քաղաքացիների սեփական հողերի վրա դրանց սեփականատերերի կողմից հիմնած անտառները համարվում են նրանց սեփականությունը:

3. Անտառների նկատմամբ սեփականության եւ այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 5. Անտառների սեփականատիրոջ իրավունքներն ու պարտականությունները

1. Անտառների սեփականատիրոջ իրավունքներն են՝

ա) անտառների տիրապետումը, օգտագործումը, տնօրինումը եւ անտառային տնտեսության վարումը սույն օրենսգրքի համաձայն.

բ) իրենց անտառներում անտառօգտագործման կարգի սահմանումը` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության.

գ) անտառօգտագործման սակագների սահմանումը.

դ) վարձակալության պայմանագրի ժամկետների եւ վարձավճարի սահմանումը.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անտառային հողերի վարձակալության տրամադրման կազմակերպումը.

զ) անտառաշինական նախագծերով նախատեսված անտառային ճանապարհների համար տարածք տրամադրելիս վնասի հատուցման իրավունքը:

2. Անտառների սեփականատիրոջ պարտականություններն են՝

ա) անտառների պահպանության եւ պաշտպանության ապահովումը.

բ) անտառաշինական նախագծերի պատվիրումը եւ իրականացումը.

գ) անտառային ռեսուրսների եւ հողերի արդյունավետ օգտագործման կազմակերպումն ըստ անտառաշինական նախագծերի.

դ) անտառային հողերի բերրիության բարձրացումն ու պահպանումը, դրանց նպատակային օգտագործման ապահովումը.

ե) անտառային հողերում անտառների վերականգնումը եւ անտառապատումը, դրանց արտադրողականության բարձրացումն ու խնամքը.

զ) անտառային հողերում հակահրդեհային անվտանգության միջոցառումների իրականացումը, անտառային հրդեհների հայտնաբերումն ու կանխումը, վնասատուների եւ հիվանդությունների վնասակարության կանխարգելումը.

է) պետական անտառային հողերի տարածքում անտառի օգտագործման հետ չկապված աշխատանքների, ապօրինի հատումների, ծառերի, թփերի, երիտասարդ տնկարկների եւ անտառամշակույթների վնասման եւ ոչնչացման, քիմիական, ռադիոակտիվ նյութերով, կեղտաջրերով, կոմունալ-կենցաղային թափոններով անտառների աղտոտման եւ անտառային օրենսդրության այլ խախտումների ժամանակին հայտնաբերումն ու կանխարգելումը.

ը) անտառաշինական նախագծերով նախատեսված պետական անտառային ճանապարհների համար տարածքի տրամադրումը:

3. Ոչ պետական անտառների եւ անտառային հողերի սեփականատերերը պարտավոր են անտառների կայուն կառավարման ոլորտի պետական կառավարման մարմնին տրամադրել տվյալներ Հայաստանի Հանրապետության պետական անտառային կադաստրի վարման եւ անտառային հողերի պետական հաշվառման նպատակով:

ԳԼՈՒԽ III

ԱՆՏԱՌՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 6. Անտառների կայուն կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

Անտառների կայուն կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`

ա) պետական անտառների տնօրինումը սույն օրենսգրքի եւ այլ իրավական ակտերի համաձայն.

բ) պետական քաղաքականության իրականացման ապահովումը.

գ) պետական ծրագրերի հաստատումը.

դ) անտառների դասակարգումն ըստ հիմնական նպատակային նշանակության.

ե) անտառների կայուն կառավարման ոլորտի պետական կառավարման մարմինների գործունեության համակարգումը.

զ) պետական անտառներում բնափայտի մթերման տարեկան հաշվարկային հատատեղի հաստատումը.

է) անտառային ոլորտը կարգավորող իրավական ակտերի ընդունումը.

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ սույն օրենսգրքով սահմանված այլ լիազորությունները:

Հոդված 7. Անտառների կայուն կառավարման եւ վերահսկողության ոլորտում պետական լիազորված մարմինների իրավասությունները

1. Անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման մարմնի (այսուհետ` պետական կառավարման լիազորված մարմին) իրավասություններն են`

ա) պետական անտառների տիրապետումը եւ օգտագործումը սույն օրենսգրքի եւ այլ իրավական ակտերի համաձայն.

բ) պետական քաղաքականության մշակումը եւ իրականացումը.

գ) անտառների դասակարգումն ըստ գործառնական նշանակության.

դ) Հայաստանի Հանրապետության պետական անտառային տնտեսությունների վարման կազմակերպումը.

ե) պետական անտառների անտառաշինական նախագծերի հաստատումը.

զ) Հայաստանի Հանրապետության պետական անտառային կադաստրի վարումը, անտառային հողերի պետական հաշվառումը.

է) անտառների արտադրողականության բարձրացմանը, անտառվերականգնմանը, անտառապատմանը եւ խնամքին ուղղված նպատակային ծրագրերի մշակումը.

ը) անտառային հողերի բերրիության բարձրացումն ու պահպանումը, դրանց նպատակային օգտագործման ապահովումը.

թ) հակահրդեհային անվտանգության միջոցառումների իրականացման, անտառային հրդեհների հայտնաբերման ու կանխման, անտառների վնասատուների եւ հիվանդությունների վնասակարության կանխարգելման կազմակերպումը.

ժ) անտառների մոնիթորինգի (դիտանցի) իրականացումը.

ժա) անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների` ապօրինի հատումների, ծառերի, թփերի, երիտասարդ տնկարկների եւ անտառային մշակույթների վնասման եւ ոչնչացման, քիմիական, ռադիոակտիվ նյութերով, կեղտաջրերով, կոմունալ-կենցաղային թափոններով անտառների աղտոտման եւ անտառային օրենսդրության այլ խախտումների հայտնաբերման ու կանխարգելման կազմակերպումը եւ այդ մասինՀայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավապահ մարմիններին տեղեկությունների անհապաղ տրամադրումը.

ժբ) անտառների կայուն կառավարման բնագավառում միջազգային համագործակցության իրականացումը.

ժգ) համայնքային անտառային հողերում անտառային տնտեսության վարման եւ անտառօգտագործման հետ չկապված շինարարական, պայթեցման, օգտակար հանածոների արդյունահանման, մալուխների, խողովակաշարերի եւ այլ հաղորդակցուղիների անցկացման, հորատման եւ այլ աշխատանքների կատարման նպատակով հողերի նպատակային նշանակության փոփոխման, ինժեներաերկրաբանական հետազոտությունների իրականացման համար թույլտվության տրամադրումը.

ժդ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ սույն օրենսգրքով սահմանված այլ լիազորություններ:

2. Անտառների վիճակի կայուն կառավարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է տվյալ բնագավառում լիազորված պետական մարմինը:

Հոդված 8. Անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունները

Անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման տարածքային մարմինների իրավասություններն են`

ա) մասնակցությունը պետական ծրագրերի մշակմանը եւ դրանց իրականացման ապահովումը մարզի վարչական տարածքներում.

բ) մարզի վարչական տարածքներում անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնագիտացված ծառայությունների, անտառօգտագործողների եւ բնակչության ներգրավումը.

գ) անտառների եւ անտառային հողերի պահպանության եւ օգտագործման նպատակով պետական ծրագրերի իրականացումը.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 9. Անտառների կայուն կառավարման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները

Անտառների կայուն կառավարման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն են`

ա) համայնքային անտառների տիրապետումը, օգտագործումը, տնօրինումը եւ անտառային տնտեսության վարումը սույն օրենսգրքի համաձայն.

բ) մասնակցությունը պետական ծրագրերի մշակմանը եւ դրանց իրականացման ապահովումն իրենց վարչական տարածքներում` օրենքով սահմանված կարգով.

գ) անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնագիտացված ծառայությունների, անտառօգտագործողների եւ բնակչության ներգրավումը.

դ) համայնքի կառավարմանը հանձնված պետական անտառների կառավարումը.

ե) համայնքային անտառային հողերում անտառային տնտեսության վարման եւ անտառօգտագործման հետ չկապված շինարարական, պայթեցման, օգտակար հանածոների արդյունահանման, մալուխների, խողովակաշարերի եւ այլ հաղորդակցուղիների անցկացման, հորատման եւ այլ աշխատանքների կատարման նպատակով հողերի նպատակային նշանակության փոփոխման, ինժեներաերկրաբանական հետազոտությունների իրականացման համար համաձայնության տրամադրումը:

ԳԼՈՒԽ IV

ԱՆՏԱՌՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

Հոդված 10. Անտառների դասակարգումն ըստ հիմնական նպատակային նշանակության

1. Հայաստանի Հանրապետությունում անտառներն, անկախ սեփականության ձեւից, ըստ իրենց հիմնական նպատակային նշանակության դասակարգվում են`

ա) պաշտպանական նշանակության անտառներ.

բ) հատուկ նշանակության անտառներ.

գ) արտադրական նշանակության անտառներ:

Ըստ հիմնական նպատակային նշանակության անտառների դասակարգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Ոչ պետական անտառների նպատակային նշանակության փոփոխման դեպքում սեփականատիրոջը փոխհատուցվում են պատճառված վնասները եւ կորուստները՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, պետության կամ համայնքի կարիքների համար, եթե անտառների նպատակային նշանակությունը սեփականատիրոջ նախաձեռնությամբ չի փոփոխվում:

Հոդված 11. Պաշտպանական նշանակության անտառներ

1. Պաշտպանական նշանակության անտառներ են`

ա) ջրային օբյեկտների ջրապահպան գոտիների անտառները.

բ) բարձր թեքության (30 աստիճանից ավել) վրա գտնվող անտառները.

գ) անտառների վերին եւ ստորին սահմանների 200 մետր լայնությամբ տարածքը.

դ) կիսաանապատային, տափաստանային, անտառատափաստանային գոտիներում աճող անտառները.

ե) հատկապես հակաէրոզիոն դեր կատարող անտառները:

2. Պաշտպանական նշանակության անտառներում արգելվում է անտառվերականգնման հատումների իրականացումը:

3. Պաշտպանական նշանակության անտառներում անտառօգտագործման եւ պահպանության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 12. Հատուկ նշանակության անտառներ

1. Հատուկ նշանակության անտառներն են`

ա) բնության հատուկ պահպանվող տարածքներում ընդգրկված անտառները.

բ) քաղաքային եւ քաղաքամերձ անտառները.

գ) ռեկրեացիոն եւ առողջարարական անտառները.

դ) սահմանային, ռազմական նշանակության անտառները.

ե) պատմական եւ գիտական արժեք ներկայացնող անտառները.

զ) սանիտարական գոտիները պահպանող անտառները:

2. Հատուկ նշանակության անտառներում սահմանափակվում եւ արգելվում են անտառօգտագործման այն ձեւերը, որոնք չեն համապատասխանում այդ տարածքների պահպանության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ռեժիմին:

3. Հատուկ նշանակության անտառներում անտառօգտագործման եւ պահպանության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հոդված 13. Արտադրական նշանակության անտառներ

1. Արտադրական նշանակության անտառներն են բնափայտի շարունակական արտադրությունն ապահովող անտառները, որոնք չեն դասվում հատուկ եւ պաշտպանական նշանակության անտառների շարքին:

2. Արտադրական նշանակության անտառներում բնափայտի մթերումն իրականացվում է անտառաշինական նախագծերի հիման վրա` անտառվերականգնման հատումների միջոցով, հատման տարիքի հիման վրա՝ անտառի կենսաբանական առանձնահատկությունների բարելավման նպատակով` ապահովելով շրջակա միջավայրի վրա բացասական ներգործությունների կանխարգելումը, իսկ դրա անհնարինության դեպքում` բացասական ներգործությունների հետեւանքների վերացումը:

3. Արտադրական նշանակության անտառներում անտառօգտագործման եւ պահպանության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԳԼՈՒԽ V

ԱՆՏԱՌԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

Հոդված 14. Անտառաշինության սկզբունքները

1. Անտառաշինությունը հանդիսանում է անտառների կայուն կառավարման հիմքը:

2. Անտառաշինությունն ընդգրկում է`

ա) անտառային տնտեսության սահմանների որոշումը.

բ) տեղագրական աշխատանքների կատարումը եւ անտառների քարտեզագրումը.

գ) անտառային հողերի գույքագրումը, ներառյալ` բնական պայմանների նկարագրությունը, անտառների տեսակային եւ տարիքային կազմի, վիճակի, անտառային ռեսուրսների որակական եւ քանակական բնութագրերը.

դ) անտառվերականգնման, խնամքի, սանիտարական եւ այլ հատումների, անտառվերականգնման եւ անտառապատման, անտառի պահպանության եւ պաշտպանության, ինչպես նաեւ այլ տնտեսական միջոցառումների կատարման տեղի, կարգի եւ եղանակների սահմանումը, հաշվի առնելով անտառների տեսակային կազմը եւ անտառային ճանապարհների առկայությունը.

ե) անտառներն ըստ նշանակության դասակարգելու հիմնավորումը.

զ) հաշվարկային հատատեղերի` անտառվերականգնման, խնամքի, սանիտարական եւ այլ հատումների ծավալների հաշվարկումը.

է) անտառվերականգնման, անտառապատման, անտառների պաշտպանության, պահպանության եւ այլ անտառտնտեսական աշխատանքների ծավալների որոշումը.

ը) կենսաբանական բազմազանության նկարագիրը, կողմնակի եւ երկրորդական անտառանյութերի, անտառային հողերի մշակութային, առողջարարական եւ ռեկրեացիոն կարիքների նպատակով օգտագործման հնավորությունների որոշումը:

3. Անտառաշինությունն իրավական ուժ է ստանում միայն անտառաշինական նախագծերը սահմանված կարգով հաստատվելուց հետո:

Հոդված 15. Անտառաշինական նախագիծ

1. Անտառաշինության ընթացքում անտառային տնտեսության վարման նպատակով կազմվում են համապատասխան նախագծեր, որոնք տալիս են անցած ժամանակաշրջանի համար անտառային տնտեսության վարման եւ անտառօգտագործման ամբողջական գնահատականը, ինչպես նաեւ անտառային տնտեսության վարման առաջիկա 10 տարիներին իրականացվելիք միջոցառումները:

2. Անտառաշինական նախագծերի մշակման հրահանգը հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը:

3. Անտառաշինական նախագծերը պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատվելուց հետո հանդիսանում են անտառային տնտեսության վարման ընթացիկ եւ հեռանկարային պլանավորման պարտադիր տեխնիկական փաստաթղթեր: 

ԳԼՈՒԽ VI

ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 16. Անտառների պետական հաշվառումը եւ անտառային պետական կադաստրի վարումը

1. Անտառների եւ անտառային հողերի պետական հաշվառումը եւ անտառային պետական կադաստրի վարումը իրականացվում է անտառների կայուն կառավարման, անտառների քանակական եւ որակական փոփոխությունների պարբերական գրանցման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, շահագրգիռ իրավաբանական անձանց եւ քաղաքացիներին անտառային հողերի մասին տեղեկություններով ապահովելու նպատակով:

2. Անտառների պետական հաշվառման եւ անտառային պետական կադաստրի վարման տվյալները կարող են օգտագործվել անտառային հողերի վրա աշխատանքների կազմակերպման եւ կատարման, անտառների նպատակային, ինչպես նաեւ գործառնական նշանակությունը փոխելու, անտառօգտագործողների տնտեսական գործունեության գնահատման նպատակով:

3. Անտառների պետական հաշվառումն իրականացվում է հինգ տարին մեկ անգամ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

4. Անտառային պետական կադաստրի եւ անտառների պետական հաշվառման տվյալները մատչելի են բոլորի համար:

5. Անտառային պետական կադաստրի վարման եւ անտառների պետական հաշվառման եւ տվյալների տրամադրմանկարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 17. Անտառների պետական մոնիթորինգը

1. Անտառների պետական մոնիթորինգը կազմակերպում է պետական կառավարման լիազորված մարմինը` անկախ անտառների սեփականության ձեւից:

2. Անտառների պետական մոնիթորինգն իրականացվում է անտառների եւ անտառային հողերի քանակական եւ որակական փոփոխությունների ընթացքի, մարդածին եւ բնական գործոնների բացասական ազդեցության գնահատման, կանխատեսման եւ բացասական երեւույթների կանխարգելման կամ վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով:

3. Անտառների պետական մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալներն օգտագործվում են անտառների կայուն կառավարման նպատակով:


ԳԼՈՒԽ VII

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՄԸ

Հոդված 18. Անտառային տնտեսության վարման սկզբունքները

1. Հայաստանի Հանրապետությունում անտառային տնտեսություն վարում են պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների համակարգում գործող կազմակերպությունները, իրավաբանական անձինք եւ քաղաքացիները:

2. Անտառային տնտեսության վարման նպատակներն են`

ա) անտառաշինական նախագծերով նախատեսված համալիր միջոցաոումների իրականացման միջոցով անտառների կայուն կառավարման ապահովումը.

բ) անտառների արտադրողականության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովումը.

գ) կենսաբանական բազմազանության պահպանությունը.

դ) բնական եւ պատմական հուշարձանների պահպանությունը:

Հոդված 19. Անտառային տնտեսություն վարող անձանց իրավունքները եւ պարտականությունները

Անտառային տնտեսություն վարող անձինք օգտվում են սույն օրենսգրքի 34-րդ հոդվածով սահմանված իրավունքներից:

Անտառային տնտեսություն վարող անձինք պարտավոր են`

ա) ապահովել անտառային հողերի նպատակային օգտագործումն ու պահպանումը.

բ) ապահովել անտառների վերականգնումը եւ անտառազուրկ տարածքների անտառապատումը, դրանց արտադրողականության բարձրացմանն ու անտառային պաշարների արդյունավետ օգտագործմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

գ) իրականացնել անտառային հրդեհների հայտնաբերումն ու կանխումը, հակահրդեհային անվտանգության միջոցառումները, անտառների վնասատուների եւ հիվանդությունների վնասակարության կանխարգելումը.

դ) ապահովել անտառների ջրապաշտպան, հակաէրոզիոն, սանիտարա-հիգիենիկ, առողջարարական եւ այլ օգտակար հատկությունների պահպանումը.

ե) նպաստել կենսաբազմազանության պահպանությանն ու վերարտադրությանը:

Հոդված 20. Անտառային տնտեսության վարման հետ չկապված աշխատանքներ կատարելու կարգը

Պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման եւ անտառօգտագործման հետ չկապված շինարարական ու պայթեցման աշխատանքների, օգտակար հանածոների արդյունահանման, մալուխների, խողովակաշարերի եւ այլ կոմունիկացիաների անցկացման, հորատման եւ այլ աշխատանքներն իրականացվում են այդ աշխատանքների կատարման նպատակով հողերի նպատակային նշանակության փոփոխման, ինժեներաերկրաբանական հետազոտությունների իրականացման համար պետական կառավարման լիազորված մարմնի կողմից տրված համաձայնության հիման վրա:

Սույն հոդվածով սահմանված աշխատանքների իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԳԼՈՒԽ VIII

ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 21. Անտառների պահպանությունը

1. Անտառի սեփականատերերը, անտառային տնտեսություն վարող անձինք եւ անտառօգտագործողներն իրավունք ունեն անտառները պահպանել ինքնակամ զավթումներից, ապօրինի հատումներից, ապօրինի արածեցումներից, աղտոտումներից, աղբոտումներից եւ օրենսդրությամբ արգելված անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող այլ գործողություններից եւ անտառային օրենսդրության խախտումներից:

2. Անտառի սեփականատերերը, անտառային տնտեսություն վարող անձինք եւ անտառօգտագործողները պարտավոր են`

ա) պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները.

բ) մշակել եւ իրականացնել համապատասխան միջոցառումների համալիր ծրագրեր հրդեհների հայտնաբերման եւ մարման ուղղությամբ, այդ թվում` կառուցել եւ վերանորոգել հակահրդեհային նշանակության ճանապարհները.

գ) հրդեհների հայտնաբերման դեպքում ահազանգել եւ ներգրավել մասնագիտացված հրշեջ ծառայություններին եւ տեղական ինքնակառավարման մարմիններին:

3. Անտառային հողերի հարակից տարածքներում օբյեկտների նախագծումը, տեղաբաշխումը, շինարարությունը եւ գործարկումը պետք է ապահովի անտառների վիճակի վրա բացասական ազդեցությունների կանխարգելումը:

Հոդված 22. Անտառների պաշտպանությունը

1. Անտառի սեփականատերերը, անտառային տնտեսություն վարող անձինք եւ անտառօգտագործողները պարտավոր են անտառները պաշտպանել վնասակար օրգանիզմների զանգվածային բազմացումներից, ինչպես նաեւ բնական այլ վնասակար ազդեցություններից:

2. Անտառների պաշտպանությունը վնասակար օրգանիզմներից եւ հիվանդություններից ներառում է հետեւյալ միջոցառումների իրականացումը`

ա) անտառպաթոլոգիական ուսումնասիրություններ.

բ) անտառի վնասատուների ու հիվանդությունների վնասակարության կանխարգելում.

գ) սանիտարական հատումներ:

Հոդված 23. Անտառպաթոլոգիական ուսումնասիրություններ

1. Անտառպաթոլոգիական ուսումնասիրություններն իրականացվում են վնասատուների ու հիվանդությունների զարգացման, տարածման օրինաչափությունները պարզաբանելու, վնասակարության կանխարգելման արդյունավետ միջոցառումների նախագծերի մշակման ու իրականացման նպատակով:

2. Անտառպաթոլոգիական ուսումնասիրությունների միջոցով գնահատվում է անտառների սանիտարական վիճակը, որոշվում են հիվանդ, չորացող եւ չորացած ծառերի քանակը, սանիտարական հատումների անհրաժեշտությունը եւ դրանց ծավալները:

3. Անտառային տնտեսություն վարող անտառօգտագործողներն իրենց տիրապետման տակ գտնվող անտառներում պարտավոր են իրականացնել անտառպաթոլոգիական ուսումնասիրություններ՝ անտառների սանիտարական վիճակի վերաբերյալ անհրաժեշտ տվյալներ ստանալու նպատակով:

Հոդված 24. Անտառի վնասատուների եւ հիվանդությունների վնասակարության կանխարգելումը

1. Անտառի վնասատուների եւ հիվանդությունների վնասակարության կանխարգելման միջոցառումները պետական անտառներում կենտրոնացված կարգով իրականացնում է պետական կառավարման լիազորված մարմնի համակարգում գործող կազմակերպությունը:

2. Աշխատանքներն իրականացվում են անտառպաթոլոգիական ուսումնասիրությունների հիման վրա:

3. Անտառի վնասատուների եւ հիվանդությունների վնասակարության կանխարգելման աշխատանքներում կիրառվում են անտառային էկոհամակարգերի եւ շրջակա միջավայրի նկատմամբ նվազագույն բացասական ազդեցություն ունեցող եղանակները եւ մեթոդները: Նախապատվությունը տրվում է վնասատուների ու հիվանդությունների վնասակարության կանխարգելման կենսաբանական եղանակներին:

4. Անտառի վնասատուների եւ հիվանդությունների վնասակարության կանխարգելման աշխատանքներն իրականացվում են սույն օրենսգրքի եւ անտառների սանիտարական հատումների կանոնների համաձայն:

Անտառների սանիտարական հատումների կանոնները հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը:

Հոդված 25. Սանիտարական հատումներ

1. Սանիտարական հատումները կատարվում են անտառների սանիտարական վիճակի բարելավման, ինչպես նաեւ վնասատուների եւ հիվանդությունների բացասական ազդեցության հետեւանքով կենսունակությունը կորցրած կամ ցցաչոր եւ չորացած ծառերի ոչնչացման նպատակով:

2. Սանիտարական հատումների անհրաժեշտությունը եւ ծավալները պետք է հիմնավորվեն անտառպաթոլոգիական ուսումնասիրությունների կամ մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալների հիման վրա:

3. Անտառներում կիրառվում են սանիտարական հատումների երկու տեսակ` համատարած եւ ընտրովի:

4. Համատարած սանիտարական հատումներն իրականացվում են չորացած, հրդեհների, վնասատուների ու հիվանդությունների բացասական ազդեցության հետեւանքով կենսունակությունը կորցրած տնկարկներում:

5. Համատարած սանիտարական հատումների ենթարկված անտառային հողերում պարտադիր իրականացվում են անտառվերականգնման միջոցառումներ:

6. Ընտրովի սանիտարական հատումներն իրականացնելիս հատվում են ցցաչոր, չորացած, վնասատուների ու հիվանդությունների բացասական ազդեցության հետեւանքով կենսունակությունը կորցրած առանձին ծառեր:

8. Սանիտարական հատումներն իրականացվում են պետական կառավարման լիազորված մարմնի թույլտվությամբ:

Հոդված 26. Անտառային պետական ծառայությունը

1. Անտառային պետական ծառայությունը հսկողություն է իրականացնում անտառների վիճակի պահպանության, պաշտպանության եւ օգտագործման նկատմամբ:

2. Պետական անտառների պահպանությունը եւ պաշտպանությունն իրականացնում է պետական կառավարման լիազորված մարմնի համակարգում գործող անտառային պետական ծառայությունը:

3. Անտառային պետական ծառայության աշխատողները պարտավոր են`

ա) իրենց իրավասության սահմաններում կանխել անտառային օրենսդրության խախտումները.

բ) անտառային օրենսդրության խախտումների համար համապատասխան պետական մարմնին միջնորդություն ներկայացնել անձանց վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաեւ իրենց իրավասության սահմաններում դատարան հայց ներկայացնել անտառային տնտեսությանը հասցված վնասի հատուցման պահանջով.

գ) վերցնել անտառային օրենսդրությունը խախտող անձանց իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող իրերն ու փաստաթղթերը.

դ) քաղաքացիներին, պաշտոնատար եւ իրավաբանական անձանց իրենց իրավասության շրջանակներում տալ Հայաստանի Հանրապետության անտառային օրենսդրության խախտումների եւ դրանց հետեւանքների վերացման վերաբերյալ պարտադիր ցուցումներ.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնել այլ պարտականություններ:

4. Անտառային պետական ծառայության աշխատողներնիրավունք ունեն`

ա) իրենց իրավասության սահմաններում կազմել անտառային օրենսդրության խախտումների մասին արձանագրություններ.

բ) ծառայողական պարտականությունները կատարելիս կրել եւ օգտագործել հրազեն, հատուկ միջոցներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) ապահովվել ծառայության իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական այլ միջոցներով.

դ) կրել սահմանված կարգի համազգեստ, որը տրվում է անվճար:

5. Անտառային պետական ծառայության գործունեության կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 27. Անտառային պետական ծառայության աշխատողների սոցիալական եւ այլ երաշխիքները

1. Պետությունը անտառային պետական ծառայության աշխատողների համար երաշխավորում է`

ա) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով պարտադիր պետական սոցիալական ապահովագրություն.

բ) ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ իրենց առողջությանը եւ գույքին պատճառված վնասի հատուցում.

գ) ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում` նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովում.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով, անտառային պետական ծառայության աշխատողի դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների հետ կապված նրա եւ նրա ընտանիքի անդամների անվտանգության պաշտպանության ապահովում` բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից:

5. Անտառային պետական ծառայության աշխատողներն ենթակա են պետական պաշտպանության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ IX

ԱՆՏԱՌՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՎ ԱՆՏԱՌԱՊԱՏՈՒՄ

Հոդված 28. Անտառվերականգնման եւ անտառապատման նպատակները

Անտառվերականգնման եւ անտառապատման նպատակներն են` բացասական գործոնների ազդեցությունից վնասված անտառային էկոհամակարգերի դեգրադացիայի կանխարգելումը, անտառի այրված, հատված եւ այլ պատճառներով ծառազրկված, նախկինում անտառածածկ տարածքներում անտառային ռեսուրսների վերականգնումը, անտառների արտադրողականության բարձրացման, ինչպես նաեւ անտառային կենսաբազմազանության պահպանման, բնական վերաճի եւ անտառածածկ տարածքների ընդլայնման ապահովումը:

Հոդված 29. Անտառվերականգնում

1. Անտառվերականգնման աշխատանքներն իրականացվում են անտառային հողերի այրված, հատված եւ այլ բացասական գործոնների ազդեցությունից անտառազուրկ՝ նախկինում անտառածածկ տարածքների վերականգնման եւ բնական վերաճի ապահովման նպատակով:

2. Անտառվերականգնման աշխատանքների ծավալների եւ ձեւերի ընտրությունը, ինչպես նաեւ այդ աշխատանքների համար տնտեսապես արժեքավոր ծառատեսակների ընտրությունը կատարում են անտառի սեփականատերերը, անտառային տնտեսություն վարող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք` անտառաշինական նախագծերի, անտառվերականգնման հրահանգի եւ անտառտնկարկներն անտառի շարք փոխադրելու կարգի համաձայն:

3. Անտառտնկարկներն անտառի շարք փոխադրելու կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:

Հոդված 30. Անտառապատում

1. Անտառապատումը ոչ անտառածածկ անտառային հողերի, ինչպես նաեւ այլ նպատակային նշանակության հողերի վրա տնկման եւ ցանքի միջոցով արհեստական անտառային մշակույթների հիմնադրումն ու աճեցումն է:

2. Ոչ անտառածածկ անտառային հողերի անտառապատումն իրականացվում է անտառաշինական նախագծերի, անտառապատման հրահանգին եւ անտառտնկարկներն անտառի շարք փոխադրելու կարգի համաձայն:

3.Անտառապատման եւ անտառվերականգնման հրահանգները հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը:

Հոդված 31. Անտառային սերմերի մթերումը եւ տնկանյութի աճեցումը

1. Անտառվերականգնման, անտառապատման նպատակներով անտառային սերմերի մթերումը եւ տնկանյութի աճեցումն իրականացվում է անտառսերմնային եւ տնկարանային տնտեսության վարման կանոնների համաձայն:

2. Անտառսերմնային եւ տնկարանային տնտեսության վարման կանոնները հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը:

ԳԼՈՒԽ X

ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

Հոդված 32. Անտառների կամ անտառային հողերի օգտագործման տրամադրելը

1. Անտառների եւ անտառային հողերի սեփականատերն անտառները կամ անտառային հողերն օգտագործման է տրամադրում անհատույց կամ վարձակալության իրավունքով, ինչպես նաեւ սույն օրենսգրքով նախատեսված այլ նպատակներով:

2. Պետական անտառները կամ անտառային հողերն անհատույց օգտագործման են տրամադրվում՝

ա) պետական կամ համայնքային հիմնարկներին ու կազմակերպություններին.

բ) բարեգործական, հասարակական կազմակերպություններին եւ հիմնադրամներին՝ իրենց գործունեության ընթացքում ձեռնարկատիրության հետ չկապված գործունեություն իրականացնելու համար.

գ) օրենքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում:

3. Վարձակալության եւ օգտագործման իրավունքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական, հողային եւ սույն օրենսգրքերով:

4. Պետական անտառների եւ անտառային հողերի օգտագործման տալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 33. Անտառապատման նպատակով պետական անտառային հողերի անհատույց օգտագործման տրամադրելը

1. Պետական անտառային հողերը ոչ անտառածածկ եւ բնական վերաճ չունեցող տարածքներում կարող են տրամադրվել անհատույց օգտագործման` անտառի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման պայմանով, եթե օգտագործողներն իրենց սեփական միջոցներով անտառապատման կանոններին համապատասխան իրականացնում են անտառապատում եւ դրանք փոխադրվում են անտառի շարք: Անտառի շարք փոխադրելու փաստը հաստատվում է սույն օրենսգրքի եւ կողմերի միջեւ կնքված պայմանագրի հիման վրա կազմած ակտով, որը հանդիսանում է անտառի սեփականության իրավունքի ձեռքբերման հիմք:

2. Անտառային հողերի անհատույց օգտագործման պայմանագիրը կնքվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 34. Անտառօգտագործողները

1. Անտառօգտագործողները պարտավոր են`

ա) անտառները եւ անտառային հողերն օգտագործել դրանց նպատակային նշանակությանը համապատասխան.

բ) ապահովել անտառների սանիտարական վիճակի պահպանությունը.

գ) կանխարգելել հողատարման առաջացումը եւ այլ բացասական ազդեցություններն անտառների վիճակի վրա.

դ) թույլ չտալ գերհատումներ եւ թերհատումներ, մթերված բնափայտը չթողնել հատատեղերում եւ անտառներում.

ե) մաքրել հատատեղերը հատումների մնացորդներից.

զ) պահպանել հրդեհային անվտանգության կանոնները եւ իրականացնել հակահրդեհային միջոցառումներ.

է) հատուցել կամ վերականգնել անտառօգտագործման հետեւանքով անտառներին եւ անտառային հողերին պատճառված վնասը.

ը) չվնասել հարակից անտառային հողերն օգտագործվող տարածքում հատումներ կատարելիս.

թ) ապահովել Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ եւ անհետացող տեսակների պահպանությունը.

ժ) կատարել սույն օրենսգրքով սահմանված այլ պահանջները:

2. Անտառօգտագործողներն իրավունք ունեն`

ա) իրականացնել միայն այն անտառօգտագործման տեսակները եւ միայն այն ծավալներով, որպիսիք նշված են անտառօգտագործման իրավունք տվող փաստաթղթերում.

բ) ինքնուրույն ընտրել անտառօգտագործման իրականացման տնտեսական գործունեության ձեւերը.

գ) սահմանված կարգով բացել անտառտնտեսական նշանակության ճանապարհներ, սարքավորել անտառային արտադրանքի պահեստավորման համար հարթակներ, կառուցել ժամանակավոր արտադրական եւ տնտեսական շինություններ, կազմակերպել ավտոտրանսպորտի կանգառման տեղեր` անտառաշինական նախագծերին համապատասխան:

Անտառօգտագործողների գործունեությանը միջամտելն արգելվում է (բացառությամբ անտառային եւ բնապահպան այլ օրենսդրության խախտման դեպքերի):

Անտառօգտագործողների խախտված իրավունքները ենթակա են վերականգնման:

3. Անտառային հողերում անտառային տնտեսության կարիքների համար շինարարական աշխատանքները կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 35. Անտառօգտագործման տեսակները անտառներում

Առանց անտառային էկոհամակարգին վնաս հասցնելու անտառներում կարող են իրականացվել անտառօգտագործման հետեւյալ տեսակները`

ա) բնափայտի մթերում.

բ) երկրորդական անտառանյութի մթերում.

գ) կողմնակի անտառօգտագործում.

դ) կենդանական աշխարհի վերարտադրության կազմակերպման եւ օգտագործման նպատակներով անտառօգտագործում.

ե) գիտահետազոտական նպատակներով անտառօգտագործում.

զ) մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի եւ զբոսաշրջության նպատակներով անտառօգտագործում:

Հոդված 36. Բնափայտի մթերում

1. Արտադրական նշանակության պետական եւ համայնքային անտառներում բնափայտի մթերումն իրականացվում է միջանկյալ (խնամքի) եւ սանիտարական հատումների, իսկ հասուն եւ գերհասուն ծառուտներում` անտառվերականգնման հատումների միջոցով:

2. Պաշտպանական եւ հատուկ նշանակության անտառներում բնափայտի մթերումն իրականացվում է միջանկյալ (խնամքի) եւ սանիտարական հատումների միջոցով` բացառությամբ պետական արգելոցների:

3. Բնափայտի մթերումն իրականացվում եւ տարեկան հաշվարկային հատատեղերը որոշվում են անտառաշինական նախագծերի հիման վրա: Անտառաշինական նախագծերի բացակայության կամ ժամկետանց ճանաչվելու դեպքում բնափայտի մթերումն իրականացվում է պետական կառավարման լիազորված մարմինների կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովների փաստացի ուսումնասիրությունների եւ եզրակացությունների հիման վրա:

4. Բնափայտի մթերման կարգը պետական եւ համայնքային անտառներում հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը:

Հոդված 37. Երկրորդական անտառանյութի մթերում

1. Երկրորդական անտառանյութի մթերումն իրականացվում է առանց անտառին վնաս պատճառելու:

Երկրորդական անտառանյութի մթերումը պետական անտառներում իրականացվում է անտառահատման տոմսի հիման վրա:

2. 12 եւ ավել աստիճան թեքություն ունեցող լանջերում, ինչպես նաեւ այն անտառներում, որտեղ այն կարող է հողատարման երեւույթներ առաջացնել կամ տնկարկներին վնաս պատճառել, կոճղերի մթերումն արգելվում է:

3. Երկրորդական անտառանյութի մթերում թույլատրվում է պաշտպանական եւ արտադրական նշանակության անտառներում, եթե այլ բան սահմանված չէ սեփականատիրոջ կողմից:

4. Երկրորդական անտառանյութի մթերման կարգը պետական եւ համայնքային անտառներում սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:

Հոդված 38.Կողմնակի անտառօգտագործում

1. Պաշտպանական եւ արտադրական նշանակության պետական անտառներում եւ (կամ) անտառային հողերում առանց անտառին վնաս պատճառելու կարող է իրականացվել ոչ բնափայտային անտառանյութի` պտուղների, հատապտուղների, ընկույզների, սնկերի, ուտելի բույսերի եւ դեղաբույսերի, տեխնիկական հումքի մթերում, ինչպես նաեւ մեղվանոցների, փեթակների տեղադրում, խոտհունձ եւ ընտանի կենդանիների արածեցում` անտառօգտագործման պայմանագրի եւ անտառային տոմսի հիման վրա:

Պաշտպանական եւ արտադրական նշանակության պետական անտառային հողերում առանց անտառին վնաս պատճառելու կարող է իրականացվել գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման եւ պտղա-հատապտղային, ընկույզների եւ դեղաբույսերի տնկադաշտերի ստեղծման, ինչպես նաեւ խոտհնձի եւ ընտանի կենդանիների արածեցման նպատակով անտառային հողերի օգտագործում` վարձակալության պայմանագրի հիման վրա:

2. Կողմնակի անտառօգտագործման համար հատկացված տարածքներում արգելվում է ծառերի հատումը, հողի վարելը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում ընդգրկված հազվագյուտ եւ անհետացման եզրին գտնվող բույսերի հավաքումը:

Պետական եւ համայնքային անտառներում խոշոր եւ մանր եղջերավոր անասունների արածեցումն արգելվում է:

3. Կողմնակի անտառօգտագործման կարգը պետական եւ համայնքային անտառներում սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:

Հոդված 39. Անտառօգտագործումը կենդանական աշխարհի օգտագործման եւ վերարտադրության կազմակերպման նպատակով

1. Անտառները կամ անտառային հողերը կարող են օգտագործվել կենդանական աշխարհի տեսակների օրենքով սահմանված կարգով վերարտադրության եւ օգտագործման կազմակերպման նպատակներով:

2. Անտառօգտագործողների կողմից կենդանական աշխարհի օգտագործման եւ վերարտադրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով եւ «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Որսորդական կարիքների, կենդանական աշխարհի օգտագործման եւ վերարտադրության կազմակերպման նպատակներով պաշտպանական, արտադրական եւ հատուկ նշանակության պետական եւ համայնքային անտառներում անտառային հողերից օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 40. Անտառօգտագործումը գիտահետազոտական եւ ուսուցման նպատակներով

1. Գիտահետազոտական եւ ուսուցման նպատակներով անտառների օգտագործումը գիտահետազոտական, փորձարարական, գիտաարտադրական աշխատանքների իրականացումն է այդ նպատակով հատկացված անտառային հողերում:

2. Գիտահետազոտական եւ ուսուցման աշխատանքներն իրականացնելու նպատակով հատկացված պետական եւ համայնքային անտառներում կարող է սահմանափակվել կամ արգելվել այլ նպատակներով իրականացվող անտառօգտագործումը, եթե այն անհամատեղելի է գիտահետազոտական աշխատանքների նպատակների ու խնդիրների հետ:

Հոդված 41. Անտառօգտագործումը մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի եւ զբոսաշրջության նպատակներով

1. Մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի եւ զբոսաշրջության նպատակներով անտառօգտագործումը մասնավորապես ներառում է`

ա) անտառների կանաչ գոտիներում եւ բնակչության հանգստի համար օգտագործվող այլ տարածքներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծառայությունների կազմակերպումը.

բ) բնակչության սպասարկման կազմակերպումը, պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները եւ սանիտարական պահանջները.

գ) զբոսաշրջության, սպորտային եւ մանկապատանեկան ճամբարների կազմակերպումը դրանց համար սահմանված կարգով առանձնացված անտառային հողերում.

դ) զբոսաշրջության երթուղիների կազմակերպումը.

ե) այլ նպատակներով:

2. Մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի եւ զբոսաշրջության նպատակներով օգտագործվող տարածքներում պետք է պահպանվեն բնական լանդշաֆտները, կենդանական եւ բուսական աշխարհը, ջրային օբյեկտները:

3. Պաշտպանական եւ արտադրական նշանակության անտառներում մշակութային, առողջարարական, սպորտի եւ զբոսաշրջության նպատակներով պետական եւ համայնքային անտառներից օգտվելու կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:

Հոդված 42. Անտառօգտագործման առանձնահատկությունները հատուկ նշանակության անտառներում

1. Բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգում ընդգրկված անտառներում անտառօգտագործման կարգը սահմանվում է սույն օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրությամբ:

2. Քաղաքային եւ քաղաքամերձ, ռեկրեացիոն եւ առողջարարական, պատմական եւ գիտական արժեք ներկայացնող, ինչպես նաեւ սանիտարական գոտիները պահպանող անտառներն առաջնահերթ օգտագործվում են մշակութային-առողջարարական նպատակներով, ինչպես նաեւ բնակչության հանգստի համար:

3. Քաղաքային եւ քաղաքամերձ, ռեկրեացիոն եւ առողջարարական, պատմական եւ գիտական արժեք ներկայացնող, ինչպես նաեւ սանիտարական գոտիները պահպանող անտառներում արգելվում են անտառվերականգնման հատումները:

4. Ռեկրեացիոն եւ առողջարարական, պատմական եւ գիտական արժեք ներկայացնող, ինչպես նաեւ սանիտարական գոտիները պահպանող անտառօգտագործման կարգը պետական եւ համայնքային անտառներում սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:

Հոդված 43. Անտառօգտագործման առանձնահատկությունները սահմանային եւ ռազմական նշանակության անտառներում

Սահմանային եւ ռազմական նշանակության անտառների եւ անտառային հողերի օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 44. Քաղաքացիների կողմից անտառի ընդհանուր օգտագործումը

1. Քաղաքացիներն իրավունք ունեն ազատորեն` առանց որեւէ թույլտվության գտնվել պետության կամ համայնքի սեփականության ներքո գտնվող անտառներում` հանգստի, անձնական օգտագործման նպատակով վայրի պտուղ, հատապտուղ, ընկույզ, սունկ եւ բույսեր հավաքելու համար, բացառությամբ օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերի:

2. Քաղաքացիներն իրավունք չունեն առանց սեփականատիրոջ թույլտվության մուտք գործել քաղաքացու կամ իրավաբանական անձի սեփականության ներքո գտնվող անտառը:

3. Քաղաքացիները պարտավոր են անտառներում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, թույլ չտալ ծառերի եւ թփերի կոտրատում եւ հատումներ, անտառների աղտոտում, մրջնանոցների, թռչունների եւ կենդանիների բնատեղերի ոչնչացում եւ անտառային օրենսդրության այլ խախտումներ:

Հոդված 45. Անտառների կամ անտառային հողերի օգտագործումը

Սույն օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված դեպքերում անտառօգտագործումն իրականացվում է անտառօգտագործման պայմանագրի եւ անտառահատման տոմսի կամ անտառային տոմսի հիման վրա:

Անտառահատման եւ անտառային տոմսերն անտառօգտագործողին տալիս են անտառային պաշարների կամ անտառների կամ անտառային հողերի օգտագործման իրավունք պետական եւ համայնքային անտառներում:

Անտառահատման տոմսը ներառում է մթերվող բնափայտի եւ երկրորդական անտառանյութի քանակական եւ որակական բնութագրերը, դրանց արժեքը, աշխատանքների կատարման ժամկետները, անտառվերականգնման եւ հատատեղերի մաքրման աշխատանքների պայմանները:

Անտառային տոմսը ներառում է կողմնակի անտառօգտագործման տեսակը, տարածքը, ծավալները, ժամկետը, արժեքը եւ պայմանները:

Անտառահատման կամ անտառային տոմսերը տրվում են անտառային տնտեսություն վարող կազմակերպության կողմից:

Պետական անտառների անտառօգտագործման անտառահատման կամ անտառային տոմսերը հատուկ հաշվառման ենթակա փաստաթղթեր են, որոնց ձեւերը եւ տրամադրման կարգը հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը:

Հոդված 46. Անտառների կամ անտառային հողերի օգտագործման իրավունքների սահմանափակումները

1. Պետության եւ համայնքների սեփականություն համարվող անտառների կամ անտառային հողերից տրամադրված կամ այլ հիմքերով ձեռք բերված անտառների կամ անտառային հողերի նկատմամբ օգտագործողների իրավունքները կարող են սահմանափակվել՝

1) վարձակալության կամ ենթավարձակալության հանձնելու արգելքով.

2) անտառներում եւ անտառային հողերում գտնվող պետական գեոդեզիական ցանցի կետերը պահպանելու պահանջով.

3) անտառօգտագործման առանձին տեսակների արգելքով.

4) անտառային հողերի նպատակային օգտագործման փոփոխման արգելքով.

5) բնապահպանական պահանջների պահպանման կամ որոշակի աշխատանքներ կատարելու, ներառյալ՝ կենդանական աշխարհը, հողաշերտը, հազվագյուտ բույսերը, բնության, պատմության եւ մշակույթի հուշարձանները, հնէաբանական օբյեկտները պահպանելու պայմանով.

6) սահմանված ժամկետում եւ սահմանված կարգով որսորդության, ձկնորսության, վայրի բույսեր հավաքելու իրավունք տրամադրելու պայմանով.

7) վայրի կենդանիների գոյության, բնական միջավայրի եւ միգրացիայի ուղիների պահպանման պայմանով.

8) այլ պարտավորություններով, սահմանափակումներով կամ պայմաններով:

2. Անտառների կամ անտառային հողերի նկատմամբ իրավունքների սահմանափակումները սահմանվում են օրենքով, այլ իրավական ակտերով, պայմանագրով կամ դատական կարգով:

Հոդված 47. Անտառների կամ անտառային հողերի օգտագործման իրավունքի դադարման հիմքերը

Սույն օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված դեպքերում անտառների կամ անտառային հողերի օգտագործման իրավունքը դադարում է, երբ`

ա) լրացել է անտառօգտագործման ժամկետը.

բ) անտառօգտագործողը հրաժարվում է անտառօգտագործման իրավունքից.

գ) առաջանում են անտառօգտագործման իրավունք տվող փաստաթղթերով նախատեսված այն պայմանները, որոնց առկայության դեպքում անտառօգտագործման հետագա իրականացումն անհնար է դառնում:

Անտառների եւ անտառային հողերի օգտագործման իրավունքը ժամկետից շուտ կարող է դադարեցնել սեփականատերը, երբ`

ա) անտառօգտագործման գոտում բնակվող մարդկանց կյանքին կամ առողջությանն անմիջական վտանգ է սպառնում.

բ) անտառօգտագործողների կողմից երկու անգամից ավելի խախտվում են անտառօգտագործման սահմանված կանոնները.

գ) անտառօգտագործողը սահմանված ժամկետներում ձեռնամուխ չի եղել անտառային ֆոնդի օգտագործմանը` նախատեսված ծավալների սահմաններում.

դ) անտառօգտագործողը պայմանագրով սահմանված ժամկետներում չի մուծել անտառօգտագործման վճարը:

ԳԼՈՒԽ XI

ԱՆՏԱՌՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Հոդված 48. Անտառների կամ անտառային հողերի վարձակալության իրավունքը

1. Անտառների կամ անտառային հողերի վարձակալության իրավունքը վարձակալության պայմանագրի պայմաններով վճարի դիմաց անտառների կամ անտառային հողերի ժամկետային օգտագործման իրավունքն է:

2. Պետական անտառների կամ անտառային հողերի վարձակալության իրավունքը կարող է տրամադրվել հրապարակային սակարկությունների միջոցով:

Անտառները կամ անտառային հողերը վարձակալության տրամադրելու հրապարակային սակարկությունները կազմակերպվում են պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:

4. Վարձատուի փոփոխման դեպքում վարձակալության պայմանագիրը կարող է դադարել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով։

Հոդված 49. Անտառների կամ անտառային հողերի վարձակալության պայմանագիրը

1. Անտառային տնտեսություն վարելու նպատակով վարձակալության հանձնված անտառներում կամ անտառային հողերում վարձակալն իրավունք ունի իրականացնելու անտառօգտագործման բոլոր տեսակները, պարտադիր պահպանելով անտառաշինական նախագծերի պահանջները, եթե այլ բան չի նախատեսված սույն օրենսգրքով կամ պայմանագրով:

2. Վարձակալն իրականացնում է անտառօգտագործում անտառային հողի հատակագծի, անտառաշինական նախագծի եւ վարձակալության պայմանագրի հիման վրա:

Հոդված 50. Պետական եւ համայնքային անտառների կամ անտառային հողերի վարձակալության ժամկետը եւ վարձավճարը

Անտառների կամ անտառային հողերի վարձակալության պայմանագիրը կնքվում է մինչեւ 49 տարի ժամկետով: Անտառային հողերի գյուղատնտեսական նպատակների համար նախատեսված հողատեսքերի վարձակալության պայմանագիրը կնքվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված ժամկետներով։

Պետական սեփականություն հանդիսացող անտառների վարձավճարի նվազագույն չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 51. Պետական անտառներում կամ անտառային հողերում անտառային տնտեսության վարումը

1. Մինչեւ մեկ տարի ժամկետով պետական անտառների կամ անտառային հողերի օգտագործման տրամադրման դեպքում անտառային տնտեսության վարումն իրականացնում է սեփականատերը:

Մեկ տարուց ավելի ժամկետով վարձակալության պայմանագրի կնքման դեպքում վարձակալը պարտավոր է վարել անտառային տնտեսությունը եւ կրել այն վարելու ծախսերը:

2. Անտառային տնտեսություն վարող վարձակալն իրավունք ունի կառուցել ժամանակավոր շինություններ, իրականացնել այն անտառօգտագործման տեսակները, որոնք նախատեսված են պայմանագրով:

3. Վարձակալի կողմից ժամանակավոր շինությունների կառուցումը թույլատրվում է վարձակալության պայմանագրով նախատեսված դեպքերում: Վարձակալի կողմից կառուցված ժամանակավոր շինությունները վարձակալության պայմանագրի ավարտից հետո ենթակա են քանդման վարձակալի կողմից՝ սեփական միջոցներով, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Դրանց արժեքը փոխհատուցման ենթակա չէ:
Վարձակալի կողմից ստեղծված շինությունները փոխադարձ համաձայնությամբ կարող են հանձնվել անտառային հողերի սեփականատիրոջը:

Հոդված 52. Վարձակալության պայմանագրի փոփոխումը եւ լուծումը

1. Վարձակալության պայմանագրի պայմանների փոփոխում կողմերի անհամաձայնության դեպքերում կատարվում է դատական կարգով հետեւյալ հիմքերով.

ա) հրդեհների, քամիներից հողմահարման, վնասատուների եւ հիվանդությունների, երաշտի եւ սակավաջրության հետեւանքով եւ այլ պատճառներով անտառային հողերի վիճակի վատթարացման ժամանակ.

բ) անտառօգտագործման կարգի եւ ռեժիմի սահմանված կարգի փոփոխության դեպքում:

2. Պետական սեփականություն հանդիսացող անտառների եւ անտառային հողերի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է, եթե փոփոխվել է անտառի նպատակային նշանակությունը: Դրա հետեւանքով տուժված անձինքվնասի հատուցման իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

3. Վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ XII

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐ

Հոդված 53. Արմատի վրա ծառուտի առուվաճառքի պայմանագիրը

1. Համայնքներն, իրավաբանական անձինք եւ քաղաքացիներն իրավունք ունեն ձեռք բերել արմատի վրա ծառուտ` սույն հոդվածով սահմանված կարգով:

2. Արմատի վրա ծառուտի առուվաճառքի գինը որոշում է սեփականատերը:

3. Առուվաճառքի առարկա հանդիսացող ծառուտը, որը ենթակա է հատման գնորդի կողմից պայմանագրով կամ անտառահատման տոմսով սահմանված ժամկետներում:

4. Պետական անտառներում արմատի վրա ծառուտի վաճառքի չափաքանակների հաշվարկման մեթոդիկան սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:

5. Պետական սեփականություն հանդիսացող անտառային տարածքներում հատման տեղամասերը եւ օբյեկտները որոշվում են պետական կառավարման լիազորված մարմնի կողմից` ելնելով անտառաշինական նախագծերից:

Հոդված 54. Անտառների հավատարմագրային կառավարման պայմանագիրը

1. Անտառների հավատարմագրային կառավարման պայմանագրով սեփականատերը կարող է մինչեւ 10 տարի ժամկետով հավատարմագրային կառավարչին հանձնել անտառը հավատարմագրային կառավարման: Անտառի հավատարմագրային կառավարման պայմանագիրը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Հավատարմագրային կառավարիչն իրավունք ունի իրականացնել միայն հավատարմագրային կառավարման պայմանագրով նախատեսված անտառօգտագործման տեսակները:

3. Պետական անտառների հավատարմագրային կառավարման պայմանագիրը, կնքվում է մրցույթի արդյունքում, որի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 55. Անտառտնտեսական աշխատանքների կատարման պայմանագիրը

1. Անտառտնտեսական աշխատանքների կատարման պայմանագրով կարող է իրականացվել անտառների պահպանություն, անտառաշինական, անտառապատման, անտառվերականգնման, վնասատուների եւ հիվանդությունների կանխարգելման անտառպաշտպանական աշխատանքներ, անտառվերականգնման, միջանկյալ (խնամքի) եւ սանիտարական հատումներ:

2. Պետական անտառներում անտառտնտեսական աշխատանքների կատարման պայմանագրի օրինակելի ձեւը հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը:

3. Պետական անտառներում անտառտնտեսական աշխատանքների կատարման պայմանագիրը կնքվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 

ԳԼՈՒԽ XIII

ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՆԵՐԸ ՈՒ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՊԱՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 56. Անտառօգտագործման դիմաց վճարները

1. Անտառօգտագործումը պետական անտառներում վճարովի է, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

2. Անտառօգտագործման վճարների դրույքաչափերը սահմանվում են սեփականատիրոջ կողմից:

3. Պետական անտառներում անտառօգտագործման վճարների դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 57. Պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման եւ անտառապատման միջոցառումների ֆինանսավորումը

Պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման եւ անտառապատման, անտառային հրդեհների դեմ պայքարի միջոցառումների ֆինանսավորումը նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում` կատարվող աշխատանքների ծախսերի նորմատիվներին համապատասխան` բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով: Պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման եւ անտառապատման, առանձին աշխատանքների կատարման ծախսերի նորմատիվները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԳԼՈՒԽ XIV

ԱՆՏԱՌՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 58. Անտառների կայուն կառավարման նկատմամբ պետական վերահսկողությունը

1. Անտառների վիճակի կայուն կառավարման նկատմամբ պետական վերահսկողության խնդիրն է՝ ապահովել անտառային տնտեսության վարման, անտառօգտագործողների կողմից անտառային հողերի օգտագործման սահմանված կարգի, անտառօգտագործման նորմերի, անտառների պահպանության կանոնների, ինչպես նաեւ անտառային օրենսդրությամբ սահմանված այլ նորմերի պահպանումը:

2. Անտառների վիճակի կայուն կառավարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է տվյալ բնագավառում լիազորված պետական մարմինը` օրենքով սահմանված կարգով:

Հոդված 59. Համայնքային անտառային հսկողությունը

1. Անտառների կայուն կառավարման նկատմամբ համայնքային անտառային հսկողությունը համայնքների վարչական տարածքներում իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից:

2. Անտառների կայուն կառավարման նկատմամբ համայնքային անտառային հսկողությունը համայնքների վարչական տարածքներում իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան եւ տեղական ինքնակառավարման մարմնի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ XV

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 60. Անտառային օրենսդրության խախտման դեպքերը

1. Անտառային օրենսդրության խախտման դեպքերն են`

ա) անտառների սեփականության իրավունքը խախտելը.

բ) անտառային հողերում ծառերն ու թփերը հատելը եւ արմատախիլ անելը.

գ) հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետեւանքով անտառը վնասելը կամ ոչնչացնելը, ինչպես նաեւ անտառներում հրդեհային անվտանգության կանոնների պահանջները խախտելը.

դ) բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելը.

ե) անտառները քիմիական եւ ռադիոակտիվ նյութերով, արտադրական կեղտաջրերով, արդյունաբերական արտանետումներով, կենցաղային մնացուկներով եւ արտադրական թափոններով աղտոտելը.

զ) անտառները ոչնչացնելը կամ վնասելը.

է) անտառային հողերի անտառվերականգնման կարգը եւ ժամկետները խախտելը.

ը) անտառային հողերն առանց թույլտվության օգտագործելը, այդ հողերում ծառերն ու թփերն արմատախիլ անելը, շենքերի եւ շինությունների կառուցումը, բնափայտի մթերումը եւ այլ նպատակներով օգտագործումը, անտառային տարածքներն ինքնակամ զավթելը.

թ) անտառային հողերում ինքնակամ խոտհունձը եւ արածեցումը.

ժ) անտառային հողերի բերրի շերտը վնասելը կամ ոչնչացնելը, անտառներում սանիտարական կանոնները խախտելը.

ժա) անտառօգտագործման, անտառվերականգնման եւ անտառապատման կարգը խախտելը.

ժբ) անտառային հողերում ճահճակալած տարածքները, դրենաժային չորացման առուների համակարգերը, ինչպես նաեւ ճանապարհները վնասելը կամ ոչնչացնելը.

ժգ) ինքնակամ վայրի պտուղներ, ընկույզ, սունկ, հատապտուղ եւ այլն հավաքելն անտառային այն տարածքներում, որտեղ դա արգելվում է.

ժդ) վայրի պտուղներ, ընկույզ, հատապտուղ եւ այլն հավաքելու ժամկետները եւ եղանակները խախտելը.

ժե) անտառի կենդանական աշխարհի օբյեկտներին վնաս հասցնելը.

ժզ) անտառային հողերում սահմանափակող անտառաշինական եւ այլ նշանները ոչնչացնելը կամ վնասելը.

ժէ) առանց անտառի վրա վնասակար ազդեցությունը կանխող կայանքների արտադրական օբյեկտները շահագործման հանձնելը.

ժը) ջրերն աղտոտելու հետեւանքով անտառային տնտեսությանն էական վնաս պատճառելը.

ժթ) քամատապալ, ձյունակոտոր, արմատից հատված ծառերը յուրացնելը եւ այլ խախտումներ:

2. Անտառային օրենսդրության խախտման համար մեղավոր անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: Անտառային օրենսդրության խախտման համար կիրառված պատասխանատվությունը չի ազատում օրենքով սահմանված կարգով խախտումները վերացնելու եւ հասցված վնասը հատուցելու պարտավորությունից:

Հոդված 61. Անտառային օրենսդրության խախտմամբ պատճառված վնասի հատուցումը

1. Անտառային օրենսդրության խախտման, անտառային հողերը վնասելու, ինքնակամ զավթելու արդյունքում քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից պատճառած վնասը ենթակա է հատուցման օրենքով սահմանված կարգով:

2. Անտառային հողերի ինքնակամ զավթած տարածքները վերադարձվում են ըստ պատկանելության, առանց կատարված ծախսերի հատուցման:

ԳԼՈՒԽ XVI

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 62. Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրքը գործողության մեջ դնելու կարգը

1. Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «բ», «գ» եւ «ե» կետերը, 36-րդ հոդվածի 3-րդ եւ 38-րդ հոդվածի 2-րդ մասերի պահանջներն իրավաբանական եւ ֆիզիկական անձանց սեփական անտառների նկատմամբ գործողության մեջ են դրվում անտառի շարք անցնելուց 10 տարի հետո:

3. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրքը (11-ը հոկտեմբերի 1994 թվականի, ՀՕ-122) եւ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի` Հայաստանի «Հանրապետության անտառային օրենսգիրքը կիրարկելու մասին» որոշումը (8-ը հունիսի 1994 թվականի) :

4. Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրքը կիրառվում է այն գործողության մեջ դնելուց հետո ծագած անտառային հարաբերությունների նկատմամբ: