Հոդված 1. «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-203-Ն օրենքը լրացնել նոր՝ 3.1 հոդվածով.
«Հոդված 3.1. Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերում աճեցված բուսաբուծական արտադրանքը ենթակա է երաշխավորված գնման պետության կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով՝ երաշխավորված գնման պայմանագրի հիման վրա:
Երաշխավորված գնման ենթակա բուսաբուծական արտադրանքի տեսակները, դրանց որակական չափանիշները, երաշխավորված գնման պայմանագրի օրինակելի ձեւը, ինչպես նաեւ երաշխավորված գնման ենթակա արտադրանքի միավորի գինը, յուրաքանչյուր տարվա համար՝ մինչեւ նախորդ տարվա սեպտեմբերի 1-ը, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրները եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը:
Սահմանամերձ համայնքների բնակիչների համար սոցիալական աջակցության միջոցառումների իրականացումը, նրանց առօրյա խնդիրների կարգավորմանը, սոցիալական դրության բարելավմանը միտված գործողությունների իրականացումը, սահմանամերձ համայնքների հողային ֆոնդի օգտագործման արդյունավետության բարձրացումը, գյուղատնտեսական շրջանառությունից դուրս մնացած եւ տարբեր պատճառներով չմշակվող վարելահողերի եւ մյուս հողատեսքերի՝ արտադրության մեջ ներգրավումը պետության մշտական ուշադրության կենտրոնում պետք է լինեն:
Այս ուղղությամբ իրականացվող քայլերի անհրաժեշտությունը հրատապ է դարձել հատկապես 2020թ. նոյեմբերի 9-ի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի համատեղ հայտարարության (այսուհետ՝ Հայտարարություն) ստորագրումից հետո, երբ դրանում ներառված դրույթների իրագործման արդյունքում Հայաստանի մի շարք համայնքներ ձեռք են բերել սահմանամերձ համայնքների կարգավիճակ: Տեղի բազմաթիվ բնակիչներ հայտնվել են ծանր սոցիալական վիճակում, որի արդյունքում համայնքում նրանց ընտանիքների հետագա աշխատանքի հեռանկարները դարձել են խիստ անորոշ:
«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքով, իհարկե, սահմանվում են աջակցության տարբեր միջոցառումներ: Սակայն հետհեղափոխական շրջանում եւ հատկապես Հայտարարության ստորագրումից հետո սահմանամերձ համայնքների բնակիչների կողմից շատ է բարձրաձայնվում իրենց վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերում աճեցված բուսաբուծական արտադրանքի իրացման խնդիրը:
Գյուղացիները բոլոր հնարավոր միջոցներով աճեցնում են բուսաբուծական արտադրանք, որի հնարավոր իրացումից նախատեսվող եկամտի վրա հույսը դնելով՝ փորձում են գոնե առաջիկա ժամանակահատվածի համար պլանավորել իրենց առօրյա սոցիալական խնդիրների լուծումը: Սակայն բազմաթիվ են դեպքերը, երբ մեր սահմանամերձ համայնքների բնակիչները չեն կարողանում իրացնել արտադրանքը եւ կանգնում են լրջագույն խնդիրների առջեւ:
Նշված իրավիճակում պետության միջամտության եւ սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության նոր հնարավորությունների ընձեռման հարցը դարձել է հրամայական: Պետությունը պետք է 100%-ով երաշխավորի սահմանամերձ համայնքների գյուղատնտեսական արտադրանքի իրացումը: Պետք է խրախուսենք սահմանամերձ մեր համայնքների բնակիչների շահագրգռվածությունը գյուղատնտեսությամբ զբաղվելու համար: Թշնամուն բավականին մոտ գտնվող հողատարածքները պետք է մշակված լինեն: Սահմանամերձ համայնքի բնակիչը պետք է հասկանա, որ պետությունն այս ծանր իրավիճակում իր կողքին է եւ մտածում է իր մասին:
Բացի այդ, օրենքի նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքով ներկայացվող՝ սահմանամերձ տարածաշրջանների հիմնախնդիրներ համարվող՝ սահմանամերձ համայնքների հողային ֆոնդի անարդյունավետ օգտագործման, օգտագործվող ցանքատարածությունների ու բազմամյա տնկարկների կրճատման խնդիրների կարգավորմանը դրական ներգործության կարեւորությամբ:
Առաջարկվող կարգավորումները:
Օրենքի նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերում աճեցված բուսաբուծական արտադրանքի՝ պետության կողմից երաշխավորված գնման դրույթ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով՝ երաշխավորված գնման պայմանագրի հիման վրա:
Նախագծի ընդունման նպատակը եւ ակնկալվող արդյունքը:
Նախագծի ընդունմամբ նպատակ ունենք՝
- Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչներին ընձեռել սոցիալական աջակցության նոր՝ երաշխավորված հնարավորություններ եւ թեթեւացնել գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները,
- բարելավել սահմանամերձ համայնքների տնտեսական եւ ֆինանսական պայմանները, խթանել տեղի բնակիչների զբաղվածությունը,
- նպաստել գյուղատնտեսական շրջանառությունից դուրս մնացած եւ չմշակվող վարելահողերի եւ մյուս հողատեսքերի՝ արտադրության մեջ ներգրավմանը:
Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալում ենք բարձրացնել սահմանամերձ համայնքների հողային ֆոնդի օգտագործման արդյունավետության աստիճանը, մեծացնել թշնամու հարեւանությամբ ապրող մեր հայրենակիցների շահագրգռվածությունը գյուղատնտեսությամբ զբաղվելու համար, գյուղացիների շահագրգռվածության «ռեալիզացման» արդյունքում հասնել նրանց սոցիալական դրության բարելավմանը՝ նպաստելով սահմանամերձ համայնքների զարգացմանը: