«ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմ՝ ավտովարորդ կամ ավտոտրանսպորտային միջոցի երկրորդ ավտովարորդ կամ ավտովարորդի օգնական, որն ուղեկցում է ավտովարորդին՝ որոշակի մանեւրների ժամանակ նրան աջակցելու, հարկ եղած դեպքում նրան փոխարինելու եւ սովորաբար տրանսպորտային գործողություններին արդյունավետ մասնակցելու համար.
ավտովարորդ՝ ավտոտրանսպորտային միջոցը վարող անձ.
թվային տախոգրաֆ՝ ավտոտրանսպորտային միջոցի խցիկում կամ սրահում տեղադրված հատուկ սարք, որն ապահովում է ավտոտրանսպորտային միջոցի արագության ռեժիմի, երթուղու, սահմանված ժամանակահատվածում անցած ճանապարհահատվածի, կարճաժամկետ եւ երկարաժամկետ դադարների ու կանգառների վերաբերյալ տվյալների անդադար անձեռնմխելի արձանագրումը:
վարելու ժամանակահատված՝ հանգստի կամ ընդմիջման ժամերից հետո մինչեւ հաջորդ ընդմիջման կամ հանգստի ժամը ավտովարորդի ավտոտրանսպորտային միջոցը վարելու կուտակված ժամերը.
շաբաթ՝ երկուշաբթի՝ ժամը 00.00-ից մինչեւ կիրակի՝ ժամը 23.59-ն ընկած ժամանակահատվածը.
հանգստի ժամանակահատված՝ ցանկացած չընդհատված ժամանակահատված, որի ընթացքում ավտովարորդը կարող է ազատ տնօրինել իր ժամանակը.
շաբաթական կանոնավոր հանգստի ժամանակահատված՝ առնվազն 45 ժամ տեւողությամբ հանգստի ժամ.
շաբաթական կրճատված հանգստի ժամանակահատված՝ առնվազն 45 ժամ տեւողությամբ հանգստի ժամանակահատված, որը կարող է կրճատվել նվազագույնը 24 հաջորդական ժամով:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետությունում միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսները եւ ավտոբուսները, ինչպես նաեւ թույլատրելի առավելագույն 3,5 տոննա քաշը գերազանցող, ներառյալ՝ կցորդի կամ կիսակցորդի միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն թվային տախոգրաֆով, բացառությամբ՝
1) «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի կողմ չհանդիսացող պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների.
2) միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների, եթե երթուղու երկարությունը չի գերազանցում 50 կմ-ը.
3) 40 կմ/ժ առավելագույն թույլատրելի արագությունը գերազանցելու տեխնիկապես հնարավորություն չունեցող ավտոտրանսպորտային միջոցների.
4) պաշտպանության, արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից կամ նրանց պատկանող տրանսպորտային միջոցների.
5) 10-17 նստատեղ (ներառյալ՝ ավտովարորդի) ունեցող ավտոտրանսպորտային միջոցների, որոնք օգտագործվում են բացառապես ոչ առեւտրային նպատակներով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար.
6) ոչ առեւտրային նպատակներով մարդասիրական օգնության համար օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցների, որոնք օգտագործվում են արտակարգ իրավիճակների դեպքում կամ փրկարարական աշխատանքներ իրականացնելիս.
7) վթարային կամ բժշկական նպատակներով օգտագործվող մասնագիտացված ավտոտրանսպորտային միջոցների.
8) ավտոտրանսպորտային միջոցների, որոնք տեխնիկական զարգացման, վերանորոգման կամ պահպանման նպատակներով ենթարկվում են ավտոճանապարհային փորձարկումների, ինչպես նաեւ նորաստեղծ կամ վերակառուցված ավտոտրանսպորտային միջոցների, որոնք դեռեւս չեն հանձնվել շահագործման.
9) ոչ առեւտրային նպատակներով ապրանքների փոխադրման համար օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցների կամ համակցված ավտոտրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 7,5 տոննան.
10) մշակութային արժեք ներկայացնող ավտոտրանսպորտային միջոցների, որոնք օգտագործվում են ոչ առեւտրային նպատակներով ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների համար.
11) կոյուղու, ջրհեղեղից պաշտպանության, ջրի, գազի եւ էլեկտրականության հետ կապված ծառայությունների, մայրուղիների պահպանման եւ հսկողության, աղբի հավաքման եւ վերացման, հեռագրային եւ հեռախոսային ծառայությունների, փոստային առաքանու փոխադրման, ռադիոյի ու հեռուստատեսության հեռարձակման եւ ռադիոյի ու հեռուստատեսության հաղորդիչների եւ ընդունիչների հայտնաբերման նպատակով օգտագործվող, ինչպես նաեւ կրկեսի եւ զվարճանքի պարագաներ փոխադրող տրանսպորտային միջոցների.
12) տրանսպորտային միջոցների, որոնք օգտագործվում են գյուղատնտեսությամբ կամ այլ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերությունների կողմից իրենց անձնական ձեռնարկատիրական գործունեության նպատակներով բեռնափոխադրումների համար՝ ընկերության հիմնական վայրից մինչեւ 100 կմ շառավղի սահմաններում:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-6-րդ մասերով.
«4. Թվային տախոգրաֆով կահավորված ավտոտրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպությունները եւ ավտովարորդները պետք է ունենան համապատասխանաբար կազմակերպության եւ ավտովարորդի, իսկ ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրված թվային տախոգրաֆների ստուգաչափում իրականացնող արհեստանոցները՝ արհեստանոցի քարտեր, որոնց ձեւերը եւ տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Թվային տախոգրաֆների կառուցվածքին, շահագործմանը, փորձարկմանը, տեղադրմանը եւ զննմանը ներկայացվող պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Թվային տախոգրաֆով կահավորված ավտոտրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը պետք է ապահովեն թվային տախոգրաֆից եւ տախոգրաֆի քարտերից ներբեռնված բոլոր տվյալների պահպանումը գրառումից հետո առնվազն 12 ամիս եւ տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից պահանջի դեպքում տրամադրեն տրանսպորտային միջոցների թվային տախոգրաֆների արձանագրած տվյալների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը:»:
Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ եւ 8-րդ մասերով.
«7. Ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի վարելու եւ հանգստի ժամանակահատվածները՝ ըստ «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջների՝
1) օրական վարելու ժամանակահատվածը չպետք է գերազանցի 9 ժամը: Օրական վարելու ժամերը կարող են տեւել մինչեւ 10 ժամ, բայց ոչ ավելի, քան շաբաթվա ընթացքում երկու անգամ.
2) միջին շաբաթական վարելու ժամանակահատվածը չի կարող գերազանցել 48 ժամը: Շաբաթվա առավելագույն վարելու ժամանակահատվածը կարող է երկարաձգվել մինչեւ 56 ժամ.
3) երկու հաջորդական շաբաթների ընթացքում կուտակված ընդհանուր վարելու ժամերը չպետք է գերազանցեն 90 ժամը.
4) չորսուկես ժամ վարելուց հետո ավտովարորդը պետք է ունենա առնվազն 45 րոպե տեւողությամբ ընդմիջում, եթե նա չի սկսում հանգստի ժամանակահատվածը: Ընդմիջումը կարող է բաժանվել առնվազն 15 րոպե եւ 30 րոպե ժամանակահատվածների, որից 15-րոպեանոց ընդմիջումը կիրառվում է առաջին չորսուկես ժամը վարելու ընթացքում, իսկ 30 րոպեն՝ չորսուկես ժամը վարելուց հետո.
5) յուրաքանչյուր 24 ժամվա ընթացքում ավտովարորդը պետք է ունենա առնվազն 11 անընդմեջ ժամ ամենօրյա հանգիստ, որը կարող է կրճատվել մինչեւ առնվազն 9 անընդմեջ ժամի՝ մեկ շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան երեք անգամ.
6) օրական հանգստի ժամանակահատվածն ընդմիջման հետ միասին կազմում է 12 ժամ, որը կարող է բաժանվել անընդմեջ 3 ժամ եւ 9 ժամ հանգստի ժամանակահատվածների: Նախորդ օրական կամ շաբաթական հանգստի ժամանակահատվածից հետո յուրաքանչյուր 24 ժամվա ընթացքում վարորդն ունի եւս մեկ օր հանգստի ժամանակ.
7) ավտովարորդն ունի շաբաթական կանոնավոր հանգիստ: Երկու հաջորդական շաբաթների ընթացքում վարորդն ունի առնվազն երկշաբաթյա կանոնավոր հանգիստ կամ մեկշաբաթական կանոնավոր հանգիստ՝ առնվազն 24 ժամ տեւողությամբ մեկշաբաթական կրճատված հանգիստ: Կրճատումը պետք է փոխհատուցվի համարժեք հանգստով, որն ամբողջությամբ վերցվում է մինչ տվյալ շաբաթվան հաջորդող երրորդ շաբաթվա ավարտը: Շաբաթական հանգստի ժամանակահատվածն սկսվում է նախորդ շաբաթական ժամանակահատվածից հետո ոչ ուշ, քան վեց 24-ժամյա ժամանակահատվածից հետո.
8) օրական կամ շաբաթական հանգստի ժամանակահատվածից հետո՝ 30 ժամվա ընթացքում, ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի յուրաքանչյուր վարորդ պետք է ունենա նոր՝ առնվազն ինը ժամ տեւողությամբ օրական հանգստի ժամանակահատված.
9) ցանկացած բնույթի հանգիստ, որը վերցվում է որպես շաբաթական հանգստի ժամանակահատվածի կրճատման փոխհատուցում, կցվում է առնվազն ինը ժամ ընդգրկող այլ հանգստի ժամանակահատվածին: Եթե վարորդն ընտրում է այդ տարբերակը, ապա վարորդը մեկնարկի վայրից հետո կարող է վերցնել օրական հանգստի ժամերը շաբաթական կրճատված հանգիստը տրանսպորտային միջոցում, եթե յուրաքանչյուր վարորդի համար տրանսպորտային միջոցում առկա են քնելու համար նախատեսված համապատասխան հարմարություններ, եւ եթե տրանսպորտային միջոցը կանգնած վիճակում է.
10) երկու շաբաթվա համար նախատեսված շաբաթական հանգստի ժամանակահատվածը կարող է հաշվարկվել ցանկացած շաբաթվա համար, բայց ոչ երկու շաբաթվա համար միասին:
8. Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից տրանսպորտային միջոցներում թվային տախոգրաֆի շահագործման պահանջների տեսչական վերահսկողությունն իրականացվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին, տրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված հատուկ գրպանիկներում, սահմանային անցման կետերում եւ ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող կազմակերպություններում:»:
Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո: