Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9031-22.03.2021-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 200-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 200. Սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, ինչպես նաեւ բնակվելու կանոնները խախտելը

1. Սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, ինչպես նաեւ բնակվելու կամ գրանցվելու կանոնները խախտելը՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

«Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս օրենքով կանոնակարգված չէ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի եւ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը: Սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից կատարվող նկարահանումները տեսալուսանկարահանող սարքերի եւ անօդաչու թռչող սարքերի միջոցով, չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, որն իր հերթին վերջիններիս կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայտման տեղիք է տալիս:

Բացի այդ, տեսալուսանկարահանող սարքերի եւ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը կարող է խիստ բացասական անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանմանը, որի կապակցությամբ նպատակահարմար է սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար կիրառել որոշակի սահմանափակումներ:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, ինչպես նաեւ բնակվելու կամ գրանցվելու կանոնները խախտած անձանց նկատմամբ վարչական ներգործության միջոցներ կիրառելու հիմքերը հստակեցնելու անհրաժեշտությամբ:

Մասնավորապես, «Պետական սահմանի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ եւ 221-րդ հոդվածներով սահմանված են սահմանային շերտ մուտք գործելու կարգը, ինչպես նաեւ սահմանային շերտ մուտք գործած անձանց վրա տարածվող սահմանափակումները: Մինչդեռ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 200-րդ հոդվածով նախատեսված է վարչական պատասխանատվություն սահմանամերձ գոտի մուտք գործելու, ինչպես նաեւ այնտեղ բնակվելու կամ գտնվելու կանոնները խախտելու համար: Բացի այդ, Օրենքում կիրառվում է ոչ թե «սահմանամերձ գոտի», այլ՝ «սահմանային գոտի» եւ «սահմանային շերտ» հասկացությունները:

Ելնելով վերոգրյալից եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքով սահմանափակումներ նախատեսված են ոչ թե սահմանային (սահմանամերձ) գոտի, այլ՝ սահմանային շերտ մուտք գործած անձանց նկատմամբ, թեեւ Օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ սահմանային շերտն էլ հանդիսանում է սահմանային գոտու մի մաս, սակայն տարակարծություններից եւ տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար առաջարկվում է խմբագրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 200-րդ հոդվածը եւ հստակեցնել սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, ինչպես նաեւ բնակվելու կամ գրանցվելու կանոնները խախտած անձանց նկատմամբ վարչական ներգործության միջոցներ կիրառելու հիմքերը:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի օգտագործումն արգելելու նպատակով առաջարկվում է «Պետական սահմանի մասին» օրենքի 221-րդ հոդվածի 1-ին մասի «զ» ենթակետում կատարել համապատսխան լրացում եւ արգելել առանց համապատասխան թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները եւ արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծով առաջարկվում է հստակեցնել սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, ինչպես նաեւ բնակվելու կամ գրանցվելու կանոնները խախտած անձանց նկատմամբ վարչական ներգործության միջոցներ կիրառելու հիմքերը:

Օրենքների ընդունումից հետո պետական եկամուտներում եւ ծախսերում փոփոխություններ չեն առաջանա:

Ակնկալվող արդյունքը

«Պետական սահմանի մասին» օրենքում լրացում մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի տեսալուսանկարահանող սարքերի եւ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային շերտում:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կհստակեցվի սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, ինչպես նաեւ բնակվելու կամ գրանցվելու կանոնները խախտած անձանց նկատմամբ վարչական ներգործության միջոցներ կիրառելու հիմքերը:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն