Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ օրենք) 67-րդ հոդվածի 6.1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«6.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի, ծնողի, տատի, պապի, քրոջ կամ եղբոր` մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ստանձնած վարկային պարտավորությունների կապակցությամբ հարուցված կատարողական վարույթները պարտքը ներելու հիմքով սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չեն գանձվում»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Առկա իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` պարտավորությունը դադարելու հիմքով կատարողական վարույթը ենթակա է կարճման: Քաղաքացիական օրենսդրության համաձայն պարտավորությունը դադարում է նաեւ պարտքը ներելու հիմքով: Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ պարտատերերը, այդ թվում՝ բանկերը եւ վարկային կազմակերպությունները, համապատասխան հիմքերի առկայության պարագայում կարող են ներել որոշ պարտապանների (օրինակ՝ զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց) պարտավորությունները: Մինչդեռ, հնարավոր են դեպքեր, երբ պարտատերերը ներում են պարտապանների այն պարտավորությունները, որոնց վերաբերյալ արդեն իսկ հարուցվել են կատարողական վարույթներ, որի դեպքում գանձվում են կատարողական գործողությունների կատարման ծախսեր: Մասնավորապես, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 67-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ «Եթե կատարողական վարույթն ավարտվել է պահանջատիրոջ պահանջով կատարողական թերթը վերադարձնելու դեպքում կամ կատարողական վարույթը կարճվել կամ ավարտվել է պահանջատիրոջ դիմումի հիման վրա, ապա փաստացի կատարված կատարողական գործողությունների ծախսերը բռնագանձվում են պահանջատիրոջից: Բռնագանձվող գումարի չափը չի կարող պակաս լինել բռնագանձման ենթակա գումարի մեկ տոկոսից»: Ուստի, առկա կարգավորմամբ պարտատերը, այդ թվում՝ բանկը եւ վարկային կազմակերպությունը, ռազմական դրության իրավական ռեժիմով եւ մարտական գործողություններով պայմանավորված, եթե ներում է պարտապանի պարտավորությունը, ապա ցանկացած դեպքում պարտավոր է վճարել կատարողական ծախսերը:
Հարկ է նշել, որ գործող օրենսդրությամբ ռազմական դրությամբ եւ պատերազմական գործողություններով պայմանավորված պարտատերերի կողմից պարտապանի պարտավորությունները ներելու դեպքում կատարողական ծախսերը չգանձելու իրավական հիմք սահմանված չէ:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում՝ նպատակ ունենալով սահմանել որոշակի խմբի անձանց համար կատարողական վարույթները կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չգանձելու դեպքերը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է կարգավորում առ այն, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի, ծնողի, տատի, պապի, քրոջ կամ եղբոր վերաբերյալ կատարողական վարույթները, որոնք հարուցվել են մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ստանձնած վարկային պարտավորությունների կապակցությամբ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չեն գանձվում:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ հնարավորություն կտրվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը կատարողական ծախսեր չգանձել Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի, ծնողի, տատի, պապի, քրոջ կամ եղբոր վերաբերյալ հարուցված կատարողական վարույթները կարճվելու դեպքում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում