Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-79515-19.03.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Հատուկ քննչական ծառայության մասին» 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-255-Ն օրենքը:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին»  օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից դադարեցված է համարվում Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության գործունեությունը:

3. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության գործունեության դադարեցումից հետո հատուկ քննչական ծառայության քաղաքացիական ծառայողները վեց ամիս ժամկետով գրանցվում են քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հատուկ քննչական ծառայությունում գտնվող կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով հարուցված քրեական գործերը (նյութերը), ինչպես նաեւ կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով քրեական գործի հարուցման փուլում գտնվող գործերը փոխանցվում են Հակակոռուպցիոն կոմիտեին:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով չնախատեսված՝ հատուկ քննչական ծառայությունում գտնվող քրեական գործերը (նյութերը), ինչպես նաեւ քրեական գործի հարուցման փուլում գտնվող գործերը (նյութերը) փոխանցվում են այլ քննչական մարմիններին՝ ըստ ենթակայության: