Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-907-23.03.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» 2019 թվականի հունիսի 28-ի  ՀՕ-113-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը «չափանիշները» բառից հետո լրացնել «,մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը» բառերով:

Հոդված 2. Օրենքում «ՊՄԳ ընթացակարգեր» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «ՊՄԳ ընթացակարգ» բառերով:

Հոդված 3. Օրենքում «մրցույթ» բառը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում՝

1. 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) հայտատու` մասնավոր գործընկեր դառնալու եւ հանրային գործընկերոջ հետ պայմանագիր կնքելու նպատակով մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցող իրավաբանական անձ կամ իրավաբանական անձանց կոնսորցիում: Ընդ որում, հայտատու չեն կարող հանդիսանալ Հայաստանի Հանրապետության կամ համայնքի ուղղակի կամ անուղղակի բաժնեմասնակցությամբ ընկերությունները, կամ այն ընկերությունները, որոնցում Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը որեւէ այլ՝ օրենքով չարգելված ձեւով հնարավորություն ունի կանխորոշելու ընկերությունների որոշումները, կամ վերոնշյալ ընկերությունների մասնակցությամբ կոնսորցիումները.».

2. 6-րդ կետում «հաղթող ճանաչված մասնակցի» բառերը փոխարինել «հաղթող հայտատուի» բառերով.

3. 24-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«24) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգ՝ մասնավոր գործընկերոջ ընտրություն կատարելու նպատակով ՊՄԳ մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, իրավունքների եւ պարտականությունների իրագործմանն ուղղված գործողությունների ամբողջություն.».

4. լրացնել նոր 24.1-24.10-րդ կետեր հետեւյալ բովանդակությամբ.

«24.1) որակավորման հրավեր (Request for Qualification, RFQ)՝ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացարգում որակավորվելու նպատակով  հայտատուին առաջարկվող որակավորման չափանիշներ եւ պայմաններ.

24.2) առաջարկ ներկայացնելու հրավեր (Request for Proposal, RFP)` ՊՄԳ պայմանագիր կնքելու նպատակով հայտատուին առաջարկվող պայմաններ.

24.3) որակավորման հայտ՝ որակավորման հրավերի հիման վրա հայտատուի կողմից ներկայացվող առաջարկ.

24.4) հայտ` առաջարկ հրավերի հիման վրա հայտատուի կողմից ներկայացվող առաջարկ, որը կարող է ներառել ֆինանսական առաջարկ եւ (կամ) տեխնիկական առաջարկ.

24.5) հայտի (որակավորման հայտի) ապահովում` առաջարկ ներկայացնելու հրավերի փուլում (որակավորման հրավերի փուլում) հայտով (որակավորման հայտով) ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող միջոց.

24.6) պայմանագրի ապահովում`  ՊՄԳ պայմանագրով ստանձնվող պարտավորությունների կատարումն ապահովող միջոց, որը նախատեսվում է ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, հրավերով եւ ՊՄԳ պայմանագրով.

24.7) որակի եւ արժեքի վրա հիմնված ընտրություն` առաջարկ ներկայացնելու հրավերի փուլում կիրառվող գնահատման եղանակ, որի դեպքում առաջարկ ներկայացնելու հրավերով նախատեսված կշիռներին համապատասխան միաժամանակ գնահատվում են տեխնիկական եւ ֆինանսական առաջարկները.

24.8) արժեքի վրա հիմնված ընտրություն` առաջարկ ներկայացնելու հրավերի փուլում կիրառվող գնահատման եղանակ, որի դեպքում ընտրվում է տեխնիկական չափանիշներին բավարարող լավագույն ֆինանսական առաջարկ ներկայացրած հայտատուն.

24.9) ֆինանսական առաջարկ՝ որակավորված հայտատուի կողմից առաջարկ ներկայացնելու հրավերով սահմանված չափանիշներին համապատասխան՝ ֆինանսական, գնային եւ (կամ) քանակական առաջարկ.

24.10) տեխնիկական առաջարկ՝ որակավորված հայտատուի կողմից առաջարկ ներկայացնելու հրավերով սահմանված տեխնիկական չափանիշներին համապատասխան ներկայացվող առաջարկ.»:

Հոդված 5.  Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) գնահատված եւ ընտրված լինի որպես իրականացման ենթակա ծրագիր Կառավարության կողմից հաստատված՝ հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման եւ առաջնահերթությունների որոշման կարգին համապատասխան.»:

Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) իրականացնում է ՊՄԳ ծրագրերի խթանման եւ տարածման գործառույթներ.»

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-2.5-րդ կետերով.

«2.1) քաղաքականություն մշակող մարմնին է ներկայացնում ՊՄԳ ոլորտը կարգավորող օրենսդրության բարելավման վերաբերյալ առաջարկներ.

2.2) ՊՄԳ ընթացակարգով նախատեսված կարգով կառավարությանը տրամադրում է եզրակացություն ՊՄԳ ծրագրի պատրաստման եւ իրականացման գործընթացների` սույն օրենքին եւ ՊՄԳ ընթացակարգին համապատասխանության վերաբերյալ.

2.3) վարում է ՊՄԳ ծրագրերի տվյալների բազան.

2.4) մասնակցում է հնարավոր ՊՄԳ ծրագրերի առաջմղմանը:»:

Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) կազմակերպում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը.».

2) 4-րդ կետում «հաղթած մասնակցի» բառերը փոխարինել «հաղթող հայտատու» բառերով:

Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 10. ՊՄԳ ծրագրերի վերհանումը եւ պատրաստումը ».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-12-րդ մասեր.

«5. ՊՄԳ ընթացակարգով նախատեսված կարգով իրավաբանական անձը (մասնավոր նախաձեռնող) կարող է իրավասու մարմնին ներկայացնել հնարավոր ծրագրի  (մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագիր) իրականացման առաջարկ՝ այն որպես ՊՄԳ ձեւաչափով իրականացման ենթակա ծրագիր գնահատելու նպատակով: Մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի նկատմամբ սույն օրենքով նախատեսված կարգավորումները կիրառելի են այնքանով, որքանով այլ բան նախատեսված չէ սույն օրենքով:

6. Մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկը ենթակա է իրավասու մարմնի կողմից գնահատման այն դեպքում, եթե՝

1) մասնավոր նախաձեռնողն ունի առաջարկի առարկա հանդիսացող ոլորտում ձեռնարկատիրական գործունեության՝ ՊՄԳ ընթացակարգով սահմանված փորձ.

2) առաջարկը ներառում է մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի  վերաբերյալ տեղեկություններ եւ ուղեկցվում է նախնական տեխնիկատնտեսական հիմնավորմամբ կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրությամբ, որոնց նկատմամբ կիրառելի նվազագույն պահանջները սահմանվում են ՊՄԳ ընթացակարգով.

3) առաջարկվող մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի՝ ՊՄԳ ընթացակարգով նախատեսված ֆինանսական շահութաբերության նվազագույն ներքին դրույքն ապահովվում է առանց պետական եւ (կամ) համայնքային բյուջեների վրա ուղղակի ազդեցության, ինչպես նաեւ առանց պետական եւ (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող գույքի` շուկայականից ցածր արժեքով (իսկ անշարժ գույքի դեպքում՝ կադաստրային արժեքից ցածր արժեքով) օտարման կամ անհատույց տրամադրման.

4) մասնավոր նախաձեռնողը ստանձնել է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու հրապարակային եւ ՊՄԳ ընթացակարգով նախատեսված ձեւով անհետկանչելի պարտավորություն:

7. Մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի  առաջարկի գնահատումը պետք է առնվազն ներառի՝

1) մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորմամբ կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրությամբ ներկայացված տվյալների՝ ՊՄԳ ընթացակարգով նախատեսված կարգով նախնական ստուգում.

2) սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված չափանիշներին առաջարկի համապատասխանության գնահատում: Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված չափանիշին առաջարկի համապատասխանության գնահատումն իրականացվում է նույն հոդվածի 2-րդ, 3-րդ եւ սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 4–րդ հոդվածի 1–ին մասի 5–րդ կետով նախատեսված չափանիշին համապատասխանությունը՝ Կառավարության կողմից հաստատված` հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման եւ առաջնահերթությունների որոշման կարգին համապատասխան:

Ընդ որում, մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկի գնահատման ընթացքում իրավասու մարմինը կամ լիազոր մարմինը կարող է մասնավոր նախաձեռնողից պահանջել վերջինիս եւ մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ, ինչպես նաեւ ծրագրի առաջարկում իր նախաձեռնությամբ կատարել փոփոխություններ եւ լրացումներ:

8. Եթե մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկի՝ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված գնահատման արդյունքում պարզ է դառնում, որ առաջարկը չի համապատասխանում սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված չափանիշներին, ապա այն ենթակա չէ ՊՄԳ ձեւաչափով իրականացման:

9. ՊՄԳ ընթացակարգով կարող է նախատեսվել մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկի գնահատման առնչությամբ իրավասու մարմնի կողմից կատարվող ծախսերի՝ մինչեւ գնահատման իրականացումը հատուցելու կարգ, ինչպես նաեւ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի իրականացման դեպքում մասնավոր նախաձեռնողի կողմից դրան մասնակցելու պարտավորության ապահովման միջոցների կիրառման կարգ:

10. Մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկի գնահատման արդյունքում իրավասու մարմնի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է ընդունել սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որոշում: Նման դեպքում մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկում ներառվող նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը ենթակա է հրապարակման:

11. ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է նախատեսվել մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցության դեպքում՝ մասնավոր նախաձեռնողին տրամադրվելիք հետեւյալ առավելություններից որեւէ մեկը՝

1) մասնավոր նախաձեռնող չհանդիսացող հաղթող հայտատուի կողմից ծրագրի պատրաստման առնչությամբ ՊՄԳ ընթացակարգով նախատեսված կարգով իրավասու մարմնի կողմից գնահատված ծախսերի փոխհատուցում.

2) մասնավոր նախաձեռնող չհանդիսացող հայտատուի ֆինանսական առաջարկին սեփական ֆինանսական առաջարկը համապատասխանեցնելու իրավունք: Ընդ որում, առավելությունը կարող է տրամադրվել հետեւյալ բոլոր հանգամանքների միաժամանակյա առկայության դեպքում.

ա. այդպիսի հանրային ծառայության մատուցումը կամ հանրային ենթակառուցվածքի ապահովումը Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվել կամ նախատեսվող ծրագրի ծավալը գերազանցում է Հայաստանի Հանրապետությունում մատուցվող այդպիսի հանրային ծառայությունների եւ ապահովվող հանրային ենթակառուցվածքների  ընդհանուր ծավալը՝ գումարային արտահայտությամբ: Սույն ենթակետով սահմանված՝ ծրագրի ծավալը, ինչպես նաեւ հանրային ծառայությունների եւ հանրային ենթակառուցվածքի ընդհանուր ծավալը գումարային արտահայտությամբ որոշվում է ՊՄԳ ընթացակարգով սահմանված կարգով.

բ. մասնավոր նախաձեռնողը տվյալ ոլորտում ունի ՊՄԳ ընթացակարգով նախատեսված բարձր վարկանիշ:

12. Եթե մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկն ուղեկցվում է միայն նախնական տեխնիկատնտեսական հիմնավորմամբ, ապա վերջինիս կարող է տրվել միայն սույն հոդվածի 11-րդ մասի 1-ին կետով նախատեսված առավելությունը:

13. ՊՄԳ ընթացակարգով հաստատվում են մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրերի շրջանակներում հանրային եւ մասնավոր գործընկերների միջեւ ռիսկերի բաշխման առանձնահատկությունները, ինչպես նաեւ դրանց իրականացման հնարավոր ոլորտները, որոնցից դուրս ներկայացվող առաջարկները ենթակա չեն գնահատման՝ անկախ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջներից:»:

Հոդված 10. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. ՊՄԳ ծրագրերի, դրանց պատրաստման եւ իրականացման վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է ՊՄԳ ընթացակարգով սահմանված ինտերնետային կայքում: Կառավարությունը կարող է սահմանել նման հրապարակման հետ կապված պահանջները:»:

Հոդված 11. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում «ընթացակարգեր» բառը փոխարինել «ընթացակարգ» բառով:

Հոդված 12. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.1-14.12-րդ հոդվածներով.

«Հոդված 14.1. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի սկզբունքները

1. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը հիմնվում է հետեւյալ հիմնական սկզբունքների վրա.

1) մասնավոր գործընկերոջ ընտրության եւ դրա վրա ազդեցություն ունեցող այլ գործընթացների մրցակցային, թափանցիկ, հրապարակային եւ ոչ խտրական հիմունքներով կազմակերպում.

2)  իրավաբանական անձի համար, անկախ նրա օտարերկրյա կազմակերպություն լինելու հանգամանքից, մասնավոր գործընկերոջ ընտրության գործընթացին մասնակցելու հավասար հնարավորության ապահովում.

3) մասնավոր գործընկերոջ ընտրության ճկուն ընթացակարգերի ստեղծում:

Հոդված 14.2. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունքը եւ որակավորման չափանիշները

1. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեցող անձանց շրջանակը սահմանվում է ՊՄԳ ընթացակարգով կամ դրանցով սահմանված կարգով: Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին որեւէ երկրի ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մասնակցությունը կարող է սահմանափակվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, եթե դա անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության եւ պաշտպանության ապահովման համար: ՊՄԳ ընթացակարգով կարող են նախատեսվել հայտատուների՝ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացարգին մասնակցելու իրավունքը (իրավական որակավորումը) եւ դրա հավաստման համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ կապված պահանջներ:

2. Հայտատուն պետք է համապատասխանի ՊՄԳ պայմանագրի նախագծով նախատեսվող պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ եւ որակավորման հրավերով սահմանված որակավորման հետեւյալ չափանիշներին`

1) մասնագիտական փորձառություն.

2) տեխնիկական կարողություններ եւ փորձառություն.

3) ֆինանսական եւ տնտեսական կարողություններ:

3. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունքի եւ որակավորման հետ կապված չեն կարող սահմանվել այնպիսի չափանիշներ, որոնք`

1) նախատեսված չեն սույն հոդվածով.

2) խտրական են եւ անհիմն կերպով սահմանափակում են մրցակցությունը.

3) ուղղակիորեն չեն բխում ՊՄԳ պայմանագրով նախատեսվող պարտավորությունների կատարման անհրաժեշտությունից:

4. Որակավորման հրավերով սահմանվում են հայտատուի` մասնավոր գործընկերոջ ընտրության տվյալ ընթացակարգի որակավորման համար անհրաժեշտ չափանիշները, կարգը եւ որակավորման համար անհրաժեշտ փաստաթղթերին (տեղեկություններին) ներկայացվող պահանջները:

5. Արգելվում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին փոխկապակցված իրավաբանական անձանց միաժամանակյա մասնակցությունը, բացառությամբ` կոնսորցիումով մասնակցելու դեպքերի: Սույն մասի իմաստով փոխկապակցված են համարվում երկու եւ ավելի անձինք, եթե՝

ա. նրանցից որեւէ մեկն ուղղակիորեն կամ անուղղակիորեն քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի (մյուսների) ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթերի քսան եւ ավելի տոկոսին.

բ. նրանցից որեւէ մեկի տնօրենների խորհրդի անդամների կեսից ավելին, տնօրենը կամ նման իրավասություն ունեցող այլ պաշտոնատար անձը միաժամանակ հանդիսանում է մյուսի (մյուսների) տնօրենների խորհրդի անդամ, տնօրեն կամ նման իրավասություն ունեցող այլ պաշտոնատար անձ.

գ. նրանցից մեկը հսկում է մյուսին, կամ նրանք ընդհանուր հսկողության տակ են գտնվում, կամ նրանցից որեւէ մեկը մյուսի որոշումների վրա էականորեն ազդելու կամ դրանք կանխորոշելու փաստացի կամ պայմանագրով ամրագրված հնարավորություն ունի.

դ. նրանք տվյալ դեպքում գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:

6. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության կարգը սահմանվում է ՊՄԳ ընթացակարգով:

Հոդված 14.3. Հայտատուների հակաօրինական գործողությունների հետեւանքները

1. Եթե հայտնաբերվում է հայտատուի կամ նրա ղեկավար մարմնի ներկայացուցչի՝ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի շրջանակներում առերեւույթ հակաօրինական արարք, ապա դրա ի հայտ գալու օրն իրավասու մարմինն այդ մասին գրավոր տեղեկացնում է իրավապահ մարմիններին:

Հոդված 14.4. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի պաշտոնական լեզուն

1. Որակավորման հրավերը եւ հայտարարությունը, առաջարկ ներկայացնելու հրավերը եւ հայտարարությունը, ինչպես նաեւ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին վերաբերող ՊՄԳ ընթացակարգով նախատեսված այլ փաստաթղթերը կազմվում եւ սույն օրենքով նախատեսված կարգով ՊՄԳ ընթացակարգով սահմանված ինտերնետային կայքում հրապարակվում են հայերեն, անգլերեն եւ ռուսերեն:

2. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի պաշտոնական լեզուն հայերենն է: Հայերենից բացի, մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի հայտարարությամբ եւ (կամ) հրավերով նախատեսված լինելու դեպքում պաշտոնական լեզուն կարող է լինել անգլերենը կամ ռուսերենը:

Հոդված 14.5. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ձեւերը եւ արդյունքների գնահատումը

2) Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի անցկացման ձեւերն են` բաց ընթացակարգը եւ փակ ընթացակարգը:

3) Բաց ընթացակարգի կիրառման դեպքում ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը, մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի հայտարարությունը, որակավորման հրավերը հասանելի են անորոշ թվով անձանց:

4) Բաց ընթացակարգն իրականացվում է որակավորման հրավերի եւ առաջարկ ներկայացնելու հրավերի փուլերով: ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է սահմանվել մեկ փուլով բաց ընթացակարգի իրականացում:

5) Փակ ընթացակարգի կիրառման դեպքում ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը ենթակա չէ հրապարակման, իսկ որակավորման հրավերը տրամադրվում է միայն իրավասու մարմնի կողմից նախապես որոշված անձանց: Փակ ընթացակարգը իրականացվում է ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով, եթե ՊՄԳ ծրագրի նախագիծը ուղղակիորեն առնչվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը եւ պարունակում է պետական գաղտնիք:

6) Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգում հայտի գնահատման եղանակներն են`

1) որակի եւ արժեքի վրա հիմնված ընտրություն կամ

2) արժեքի վրա հիմնված ընտրություն:

7) Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի գնահատման եղանակը, տեխնիկական եւ ֆինանսական առաջարկներին ներկայացվող պահանջները եւ առկայության դեպքում դրանց տրվող կշիռները սահմանվում են ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

8) Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ընթացքի, այդ թվում` գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրման, այն չկայացած համարելու մասին հաշվետվությունների կազմման եւ ներկայացման, արդյունքների գնահատման կարգը, գնահատող հանձնաժողովի կազմավորմանը վերաբերող պահանջները, լիազորությունները եւ գործունեության իրականացման կարգը (այդ թվում՝ անդամների բացարկի հիմքերը եւ կարգը) սահմանվում են ՊՄԳ ընթացակարգով:

Հոդված 14.6. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի հայտարարությունը եւ հրավերը

1. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի հայտարարությանը, որակավորման հրավերին եւ առաջարկ ներկայացնելու հրավերին ներկայացվող պահանջները, ՊՄԳ ընթացակարգով սահմանված ինտերնետային կայքում դրանց հրապարակման, դրանցում փոփոխություններ կատարելու եւ դրանց վերաբերյալ պարզաբանումներ տրամադրելու կարգը սահմանվում են ՊՄԳ ընթացակարգով:

Հոդված 14.7. Որակավորման հրավերի փուլը

1. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը սկսվում է որակավորման հրավերի փուլով, որի մասին հրապարակվում է հայտարարություն եւ որակավորման հրավեր:

2. Որակավորման հրավերով սահմանված կարգով գնահատվում են ներկայացված որակավորման հայտերը, որի արդյունքներով գնահատող հանձնաժողովը կազմում եւ հաստատում է որակավորված հայտատուների ցանկը:

3. Եթե որակավորման հայտ է ներկայացրել մինչեւ երեք հայտատու եւ (կամ) որակավորվել է երկուսից պակաս հայտատու՝ բացառությամբ սույն օրենքի 14.10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերի, ապա գնահատող հանձնաժողովի որոշմամբ կարող է՝

1) որակավորման հրավերի փուլի հայտարարությունը վերահրապարակվել

2) որակավորման հրավերի փուլը չկայացած հայտարարվել:

4. Հայտատուն որակավորման հայտը լրացնում եւ ներկայացնում է որակավորման հրավերով սահմանված կարգով: Հայտատուն չի կարող մասնավոր գործընկերոջ ընտրության միեւնույն ընթացակարգին ներկայացնել մեկից ավելի որակավորման հայտ:

5. Որակավորման հայտում ներառման ենթակա նվազագույն տեղեկությունները, որակավորման հայտերի կազմման, այդ թվում՝ որակավորման չափանիշներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի նկատմամբ պահանջները, դրանց ներկայացման, հաշվառման, հայտատուների ծրարների բացման, որակավորման հայտերի գնահատման եւ առկա անհամապատասխանությունների դեպքում դրանց շտկման, ինչպես նաեւ որակավորման հայտերի գործողության ժամկետները, որակավորման հայտը հետ վերցնելու եւ դրանում փոփոխություն կատարելու, որակավորված հայտատուների ցանկի հրապարակման եւ առաջարկ ներկայացնելու հրավերի տրամադրման կարգը սահմանվում է ՊՄԳ ընթացակարգով:

Հոդված 14.8. Առաջարկ ներկայացնելու հրավերի փուլը

1.  Առաջարկ ներկայացնելու հրավերը ներառում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի գնահատման եղանակը, տեխնիկական եւ ֆինանսական առաջարկներին ներկայացվող պահանջները եւ առկայության դեպքում՝ դրանց տրվող կշիռները, ՊՄԳ պայմանագրի նախագիծը եւ ՊՄԳ ընթացակարգով նախատեսված այլ տեղեկությունները:

2.  Առաջարկ ներկայացնելու հրավեր տրամադրելու համար կարող է գանձվել վճար, որի չափը կամ դրա հաշվարկման կարգը սահմանվում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի վերաբերյալ հայտարարությամբ:

3. Որակի եւ արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում տեխնիկական առաջարկի գնահատման արդյունքում առաջարկ ներկայացնելու հրավերով նախատեսված շեմը հաղթահարած հայտերը գնահատվում են՝ հիմք ընդունելով առաջարկ ներկայացնելու հրավերով նախատեսված կշիռներին համապատասխան հաշվված տեխնիկական եւ ֆինանսական առաջարկները:

4. Արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում տեխնիկական առաջարկի գնահատման արդյունքում առաջարկ ներկայացնելու հրավերով նախատեսված շեմը հաղթահարած հայտերը գնահատվում են՝ հիմք ընդունելով լավագույն ֆինանսական առաջարկը:

5. Նախքան առաջարկ ներկայացնելու հրավերի` որակավորված հայտատուներին տրամադրումը գնահատող հանձնաժողովի որոշմամբ կարող են կազմակերպվել աշխատանքային քննարկումներ որակավորված հայտատուների հետ՝ ՊՄԳ ծրագրի նախագծի առնչությամբ հարցադրումների եւ խնդիրների արձանագրման նպատակով (առկայության դեպքում): Սույն մասով նախատեսված աշխատանքային քննարկումներին գնահատող հանձնաժողովը պետք է ապահովի բոլոր որակավորված հայտատուների միաժամանակյա մասնակցության հավասար հնարավորությունը, ինչպես նաեւ ապահովի այդպիսի քննարկումների արձանագրությունների վարումը՝ դրանք քննարկմանը հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելով բոլոր որակավորված հայտատուներին:

6. Հայտերի գնահատման արդյունքում գնահատող հանձնաժողովի որոշմամբ հայտարարվում է մրցույթում հաղթող հայտատուն: ՊՄԳ ընթացակարգով նախատեսվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետով նախատեսված առավելության կիրառման դեպքում հաղթող հայտատուի որոշման կարգը:

7. Տեխնիկական եւ ֆինանսական առաջարկների կազմման, ներկայացման, հաշվառման, գնահատող հանձնաժողովի կողմից կազմակերպվող աշխատանքային քննարկումների արձանագրությունների վարման, տեխնիկական եւ ֆինանսական առաջարկների ծրարների բացման, հայտերի գնահատման եւ առկա անհամապատասխանությունների դեպքում դրանց շտկման, ինչպես նաեւ հայտերի գործողության ժամկետները, հայտը հետ վերցնելու եւ դրանում փոփոխություն կատարելու, հայտերի գնահատման արդյունքների հրապարակման կարգը հաստատվում է ՊՄԳ ընթացակարգով:

Հոդված 14.9. Բողոքարկման կարգը

1. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի արդյունքներում շահագրգռվածություն ունեցող յուրաքանչյուր անձ իրավունք ունի սույն օրենքի համաձայն դատական կարգով բողոքարկելու իրավասու մարմնի եւ գնահատող հանձնաժողովի գործողությունները (անգործությունը) եւ որոշումները:

2. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի, այդ թվում՝ բողոքի քննարկման հետ կապված հարաբերությունները վարչական հարաբերություններ չեն եւ կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ:

Հոդված. 14.10. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը չկայացած հայտարարելը

1. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը չկայացած է հայտարարվում, եթե`

1)    որակավորման հայտերից կամ հայտերից ոչ մեկը չի համապատասխանում որակավորման հրավերի կամ առաջարկ ներկայացնելու հրավերի պայմաններին կամ չի ներկայացվել որակավորման հայտ կամ հայտ.

2) ՊՄԳ պայմանագիր չի կնքվել:

2. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը չկայացած հայտարարելու կարգը եւ այդ առնչությամբ ՊՄԳ ընթացակարգով սահմանված ինտերնետային կայքում հրապարակման ենթակա տեղեկությունները սահմանվում են ՊՄԳ ընթացակարգով: Փակ ընթացակարգի դեպքում սույն կետով նախատեսված տեղեկությունները ենթակա չեն հրապարակման:

Հոդված 14.11. Հայտի եւ պայմանագրի ապահովումը

1. Առաջարկ ներկայացնելու հրավերի փուլում հայտատուն հրավերով սահմանված չափով եւ կարգով ներկայացնում է հայտի ապահովում:

2. Հաղթող հայտատուն ՊՄԳ պայմանագրով սահմանված չափով եւ կարգով ներկայացնում է պայմանագրի ապահովում: ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է նախատեսվել ՊՄԳ ծրագրի իրականացման յուրաքանչյուր փուլի համար առանձին պայմանագրի ապահովում ներկայացնելու պահանջ:

3. Հայտի եւ պայմանագրի ապահովումը ներկայացվում են միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ բանկային երաշխիքի ձեւով:

4. Հայտատուն վճարում է հայտի ապահովումը, եթե նա`

1) հայտարարվել է հաղթող հայտատու, սակայն հրաժարվում կամ զրկվում է ՊՄԳ պայմանագիր կնքելու իրավունքից.

2)  խախտել է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է ընթացակարգինտվյալ հայտատուի հետագա մասնակցության դադարեցմանը:

5. Հայտի ապահովման եւ պայմանագրի ապահովման նկատմամբ կիրառելի պահանջները, ներկայացման կարգը, մերժման հիմքերը եւ կարգը, ինչպես նաեւ դրանց վճարման կարգը սահմանվում են ՊՄԳ ընթացակարգով:

6. ՊՄԳ ընթացակարգով կարող է նախատեսվել հայտատուի կողմից որակավորման հայտի ապահովման ներկայացման դեպքերը, կարգը եւ որակավորման հայտի ապահովման վճարման հիմքերը:

Հոդված 14.12. Ուղիղ բանակցությունները

1. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանն ուղղակիորեն առնչվող բացառիկ դեպքերում ՊՄԳ պայմանագիրը կարող է կնքվել առանց մրցույթի՝ ուղիղ բանակցությունների հիման վրա:

2. Ուղիղ բանակցությունների նկատմամբ կիրառելի պահանջներն ու դրանց իրականացման կարգը սահմանվում են ՊՄԳ ընթացակարգով:»:

Հոդված 13. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1. 1-ին մասում «հաղթող ճանաչված հայտատուի» բառերը փոխարինել «հաղթող հայտատուի» բառերով.

2. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Եթե ՊՄԳ պայմանագիրը կնքվում է հաղթող հայտատուի հիմնադրած իրավաբանական անձի հետ, ապա այդպիսի իրավաբանական անձը պետք է բավարարի որակավորման հրավերով եւ առաջարկ ներկայացնելու հրավերով սահմանված պահանջներին եւ չափանիշներին:».

3. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Հաղթող հայտատուի հետ ՊՄԳ պայմանագրի կնքման, ինչպես նաեւ նոր հանգամանքների բերումով մինչեւ ՊՄԳ պայմանագրի կնքումն իրավական որակավորման պայմաններին՝ հաղթող հայտատուի չհամապատասխանելու դեպքում՝ հաղթող հայտատուի որոշման կարգը սահմանվում է ՊՄԳ ընթացակարգով:»:

Հոդված 14. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) կողմերի իրավունքները եւ պարտավորությունները, որոնք պետք է ներառեն ՊՄԳ ծրագրի ռիսկերը եւ այդ ռիսկերի՝ հանրային եւ մասնավոր գործընկերների միջեւ բաշխումը:»

1) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը.

2) 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10. պայմանագրի ապահովումը, դրա ներկայացման կարգը եւ մասնավոր գործընկերոջ կողմից դրա վճարման հիմքերը եւ կարգը:»:

Հոդված 15. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ներդրումային ծրագրերով իրականացվող կամ դրանց հիման վրա իրականացվելիք ՊՄԳ ծրագրերի նկատմամբ: Այդ ծրագրերի իրականացման կարգը եւ դրանց նկատմամբ կիրառելի պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

2. ՊՄԳ ընթացակարգի եւ ՊՄԳ պարտավորությունների թույլատրելի սահմանաչափի վերաբերյալ սահմանված կարգավորումներն ընդունվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 180 օրացուցային օրվա ընթացքում:»:

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ներքոհիշյալ խնդիրները կարգավորելու անհրաժեշտությամբ՝

Նախագծում ներառված են այն պայմանները, որոնք ենթակա են օրենքով սահմանման:

2. Խնդիրները եւ նպատակները

-  «Գնումների մասին» ՀՀ օրենքում հստակ չէ ՊՄԳ գործընթացի համար գնման առարկայի սահմանումը:

-  «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն գնման առարկայի համար պետք է բյուջեով նախատեսված կամ սահմանված լինի նախահաշվային արժեքը, ինչը ՊՄԳ ձեւաչափով մրցույթ (մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգ) իրականացնելիս կիրառելի չէ:

-  ՊՄԳ ծրագրերի պատվիրատու կարող են լինել միայն պետական կառավարման մարմինները կամ տեղական ինքնակառավարման մարմինները:

-  Մեծածավալ ներդրումներ ներգրավելու տեսանկյունից ՀՀ կառավարության ծրագրով կարեւորվել է պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում ենթակառուցվածքային ծրագրերում օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունը: Նշված արդյունքին լավագույնս հասնելու համար նպատակահարմար է մշակել պետություն-մասնավոր գործընկերությանն առնչվող իրավական կարգավորող նորմերի միասնական արդյունավետ շրջանակ: Վերջինս նշանակալի դեր կունենա մասնավոր գործընկերների, այդ թվում՝ օտարերկրյա, ներդրումային ծրագրերում ակտիվության բարձրացման, վստահության ամրապնդման եւ փոխադարձ պարտավորությունների եւ ռիսկերի արդյունավետ բաշխման համար:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
 

 Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ ան՟ձինք

 Օրենքի նախագծի փաթեթը մշակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍ՟ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ՟ՊԵՏՈՒ՟ԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում փոփոխու՟թյուն՟ներ եւ լրացումներ կատարելու մասին», «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրա՟պետության պետա՟կան բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն