Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ «Օրենսգիրք») 169.28-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«5. Հայտարարատուի կողմից հայտարարագրում առաջին անգամ անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը
առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված անձի նկատմամբ:»:
2) լրացնել նոր 6-րդ եւ 7-րդ մասեր.
«6. Հայտարարատուի կողմից հայտարարագրում երկրորդ անգամ անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
7. Հայտարարատուի կողմից հայտարարագրում երրորդ եւ ավելի անգամ անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈւՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.28-րդ հոդվածը սահմանում է հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով սահմանված ժամկետներում չներկայացնելու կամ հայտարարագրերի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացնելու կամ հայտարարագրերում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար պատժաչափեր:
Օրենքի 5-րդ մասի վերլուծությունից հետեւում է, որ հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը անմիջապես առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
Մինչդեռ, հայտարարագրեր լրացնում եւ ներկայացնում են նաեւ այնպիսի հանրային ծառայողներ, ում դեպքում գործող օրենքով նախատեսված տուգանքի չափը անհամաչափ է, քանի որ վերջիններս վարձատրվում են շատ ավելի ցածր:
- Նախագծով հնարավորություն է տրվում առաջին անգամ անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար նախատեսել նախազգուշացում:
- Միաժամանակ, առաջարկվող լրացմամբ՝ տուգանքի չափը կիսով չափ նվազեցվել է երկրորդ անգամ իրավախախտումը կատարելու համար:
- Իսկ արդեն երրորդ եւ ավելի անգամ նույն արարքը կատարելու դեպքում՝ առաջարկվում է թողնել նույն պատժաչափը, այն է՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով տուգանքը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Ո Ր Ո Շ Ու Մ
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈւԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈւ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2021 թվականի մարտի 10-ի նիստում
Ո Ր Ո Շ Ե Ց
հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ Ազգային ժողովի քննարկմանն առաջադրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
23 մարտի, 2021թ.
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացնում ենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նախագծին կից ներկայացվում են՝
- խմբակցության որոշումն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մասին.
- նախագծի ընդունման հիմնավորումը.
- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում են օրենսգրքի համապատասխան հոդվածում առաջարկվող փոփոխությունը եւ լրացումները:
Նախագծի հիմնական զեկուցողն է Անի Սամսոնյանը:
Խնդրում ենք ներկայացված նախագիծն օրենքով սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր՝ ____ թերթ:
Հարգանքով՝ | ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ |