ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն օրենքի նպատակն է ապահովել կինեմատոգրաֆիայի ոլորտի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում, ստեղծել բավարար իրավական երաշխիքներ եւ աջակցել ազգային ֆիլմերի ստեղծմանը, տարածմանը, ցուցադրմանն ու առաջխաղացմանը, ինչպես նաեւ կինոժառանգության եւ կինոտարեգրության պահպանմանն ու հասանելիության ապահովմանը:
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը սահմանում է կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական քաղաքականության սկզբունքները, պետական աջակցության նպատակներն ու ձեւերը, պետական եւ այլ մարմինների լիազորությունները, կարգավորում է կինեմատոգրաֆիական գործունեության իրավական, կազմակերպական եւ ֆինանսական հարաբերությունները:
Հոդված 2. Կինեմատոգրաֆիայի մասին օրենսդրությունը
1. Կինեմատոգրաֆիայի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով (այսուհետ՝ միջազգային պայմանագրեր), սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով (այսուհետ՝ օրենք) եւ սույն օրենքին համապատասխան ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերով:
2. Եթե միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) ազգային կինոռեեստր՝ ազգային ֆիլմերի վիճակագրական հաշվառումը կազմակերպելու նպատակով ստեղծված տվյալների հիմնապահոց.
2) ազգային ֆիլմ` կինոթատրոնում ցուցադրելու համար նախատեսված եւ սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված պայմանները բավարարող ֆիլմ.
3) աջակցություն տրամադրող՝ ֆիլմերի ստեղծման եւ տարածման համար ֆինանսավորում հատկացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, ով չի մասնակցում ֆիլմարտադրության գործընթացին, ձեռք չի բերում ֆիլմի նկատմամբ գույքային իրավունքներ եւ չի կարող ազդել ֆիլմարտադրողի որոշումների կայացման վրա.
4) դասակարգում՝ ֆիլմի տարբերակում` ըստ դիտողների տարիքային սահմանափակման չափորոշիչների.
5) դրամագլուխ՝ ազգային ֆիլմերի աջակցության նպատակով կատարվող հատկացումների հաշվին ձեւավորվող դրամական միջոց.
6) ենթագրում՝ ֆիլմում գործող անձանց արտահայտած խոսքի կամ մեկնաբանություն պարունակող տեքստի արտածում կադրում.
7) լիամետրաժ ֆիլմ՝ 52 րոպե եւ ավելի տեւողություն ունեցող ֆիլմ.
8) կարճամետրաժ ֆիլմ՝ մինչեւ 52 րոպե տեւողություն ունեցող ֆիլմ.
9) կինեմատոգրաֆիա՝ մշակույթի եւ արվեստի ոլորտ, որն իր մեջ ներառում է ֆիլմի ստեղծման, տարածման, ցուցադրման հետ կապված մասնագիտական, ստեղծագործական, արտադրական, տեխնիկական, գիտական եւ կրթական գործունեության ամբողջություն.
10) կինոթատրոն՝ համապատասխան տեխնիկական միջոցներով էկրանի վրա 50 եւ ավելի դիտողների համար ֆիլմի ցուցադրման մեկ կամ ավելի սրահ ունեցող վայր.
11) կինոժառանգություն՝ ժառանգված, պահպանված, հաջորդ սերունդներին փոխանցվող եւ հանրային սեփականություն հանդիսացող ֆիլմի հիմնանյութ, ֆիլմի բնօրինակ կամ դրա պատճեն, ֆիլմի ստեղծման համար անհրաժեշտ պարագաներ (բեմադրական իր, կահույք, հագուստ, սարք, սարքավորում, առարկա, կառույց), շարժական եւ անշարժ գույք.
12) կինոտարեգրություն՝ փաստավավերագրական նյութ, որում ժամանակագրական կարգով արտացոլված է իրողությունների կամ փաստերի հաջորդական պատկերում՝ դրանք հետագայում օգտագործելու նպատակով.
13) կինոփառատոն՝ մեկ եւ ավելի անվանակարգերում ընտրված ֆիլմերի ցուցադրման նպատակով մրցութային կամ ոչ մրցութային ծրագրով եւ հաստատված կանոնակարգով անցկացվող միջոցառում.
14) կրկնօրինակում՝ ֆիլմում գործող անձանց արտահայտած խոսքի վանկավոր արտասանության համաժամանակյա թարգմանության հնչյունագրում.
15) համատեղ արտադրություն՝ օտարերկրյա եւ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած ֆիլմարտադրողների կողմից համատեղ իրականացվող եւ սույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասում նշված պայմանները բավարարող ֆիլմարտադրություն.
16) հավաստագիր՝ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ծառայությունները դրանց նվազագույն շահավետ գնից 20 տոկոս ցածր գնով ձեռք բերելու իրավունքը հաստատող փաստաթուղթ.
17) ձայնային ներկայացում՝ տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար ֆիլմի դրվագների հակիրճ բանավոր նկարագրություն.
18) մատակարար՝ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ծառայություններ մատուցող Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած տնտեսվարող սուբյեկտ.
19) նվազագույն շահավետ գին՝ տնտեսապես հիմնավորված նվազագույն գին, որով պետության գնային կարգավորման բացակայության դեպքում մատակարարի կողմից կմատուցվեր ծառայությունը.
20) շահառու՝ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած տնտեսվարող սուբյեկտ, որին կարող է հատկացվել ֆինանսավորում՝ սույն օրենքի համաձայն.
21) ստեղծագործական խումբ՝ ֆիլմի ստեղծման մեջ ներգրավված աշխատախումբ, այդ թվում` սցենարի հեղինակ, բեմադրող կամ գլխավոր ռեժիսոր, պրոդյուսեր, բեմադրող կամ գլխավոր օպերատոր, բեմադրող կամ գլխավոր նկարիչ, երաժշտության հեղինակ, հնչյունային ռեժիսոր, մոնտաժի ռեժիսոր, մոնտաժող, անիմատոր, զգեստների նկարիչ, նկարիչ, դիմահարդար, առաջին, երկրորդ եւ երրորդ դերի դերասաններ.
22) վարձույթ իրականացնող (դիստրիբյուտոր)՝ ֆիլմի վարձույթը կազմակերպող տնտեսվարող սուբյեկտ.
23) վարձույթի վկայական՝ ֆիլմի վարձույթի իրավունքը հաստատող փաստաթուղթ.
24) տնտեսվարող սուբյեկտ՝ կինեմատոգրաֆիայի ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձ.
25) ֆիլմ՝ ստեղծագործական խմբի համատեղ գործունեության արդյունքում ստեղծագործական մտահղացման հիմքի վրա ստեղծված, կինոժապավենի կամ այլ տեսակի կրիչների վրա ամրագրված եւ համապատասխան տեխնիկական միջոցներով հանրությանը ներկայացնելու համար նախատեսված տեսալսողական ստեղծագործություն.
26) ֆիլմ ցուցադրող՝ ֆիլմի ցուցադրումը կազմակերպող տնտեսվարող սուբյեկտ.
27) ֆիլմարտադրող՝ ստեղծագործական խմբի հետ կնքված պայմանագրերի հիման վրա ֆիլմի նկատմամբ բացառիկ գույքային իրավունքներ ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտ, ով նախաձեռնում է ֆիլմարտադրությունը եւ պատասխանատվությունը կրում դրա համար.
28) ֆիլմարտադրություն՝ ֆիլմ ստեղծելու նպատակով ֆիլմարտադրողների կողմից իրականացվող գործունեություն` ստեղծագործական խմբի ներգրավմամբ, տեխնիկական եւ այլ միջոցների օգտագործմամբ.
29) ֆիլմի բնօրինակ՝ որակական չափանիշներով ֆիլմի հիմնանյութի ձեւաչափին համապատասխանող ֆիլմի վերջնական հաստատված տարբերակի առաջին օրինակ.
30) ֆիլմի հիմնանյութ՝ նեգատիվ, հակատիպ, վերստուգիչ պատճեն, տեսահնչյունագրի, երաժշտության, ձայնային համադրման ու մագնիսային հնչյունագրերի բնօրինակ եւ նյութական կրիչի վրա պահվող ու ֆիլմի պահպանման եւ վերարտադրման համար անհրաժեշտ այլ նյութեր.
31) ֆիլմի նախագիծ՝ ֆիլմի ստեղծման վերաբերյալ փաստաթղթերի ամբողջություն, որի հիման վրա ընդունվում է ֆիլմարտադրության կամ դրա ֆինանսավորման մասին որոշում.
32) ֆիլմի պահպանություն՝ ֆիլմի հիմնանյութերի, ֆիլմի բնօրինակի կամ դրա պատճենի եւ ֆիլմի նախագծի երկարաժամկետ պահպանմանը, պահպանվածության ապահովմանն ու վերականգնմանն ուղղված գործունեություն.
33) ֆիլմի վարձույթ՝ ֆիլմի բնօրինակի, դրա պատճենի կամ օրինակների սահմանափակ ժամանակահատվածով օգտագործման տրամադրում.
34) ֆիլմի ցուցադրում՝ ֆիլմի հրապարակային ցուցադրում կինոթատրոնում, հեռարձակում հաղորդալարով (ներառյալ՝ մալուխային կապը) կամ առանց հաղորդալարի (ներառյալ՝ հեռուստատեսային կամ արբանյակային կապը):
Հոդված 4. Կինեմատոգրաֆիայի պետական քաղաքականության սկզբունքները
1. Կինեմատոգրաֆիայի պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են`
1) ստեղծագործողների ազատության երաշխավորումը.
2) պետական աջակցության պարտադիրությունն ու անընդհատությունը.
3) պետական աջակցության թափանցիկությունը
4) իրավական դաշտի կատարելագործումը եւ շահերի բախման կառավարելիությունը.
5) բարենպաստ հարկային քաղաքականության ապահովումը.
6) կինոարվեստի պահպանումը, տարածումն ու զարգացումը.
7) ազգային ֆիլմերի ստեղծման եւ հանրահռչակման առաջնահերթությունը.
8) կինոտարեգրության ստեղծման եւ ֆինանսավորման պարտադիրությունը.
9) հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների պաշտպանությունը:
Հոդված 5. Կինեմատոգրաֆիայի պետական աջակցության նպատակներն ու ձեւերը
1. Կինեմատոգրաֆիայի պետական աջակցության նպատակներն են`
1) կինեմատոգրաֆիայի ոլորտի զարգացումը.
2) ազգային ֆիլմերի ստեղծումը, տարածումն ու պահպանությունը.
3) կրթական, գիտական եւ տեղեկատվական համակարգերի զարգացումը.
4) համատեղ արտադրության խթանումը.
5) կինոժառանգության եւ կինոտարեգրության պահպանումը.
6) օտարերկրյա ներդրումների ներգրավումը:
2. Կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական աջակցության ձեւերն են`
1) ներդրումների իրականացումը եւ երաշխիքների տրամադրումը.
2) աջակցող ենթակառուցվածքների ստեղծումը եւ զարգացումը.
3) արտադրական եւ տեխնիկական անհրաժեշտ պայմանների ապահովումը.
4) կինոարվեստին հաղորդակցվելու մատչելի պայմանների ստեղծումը.
5) ֆինանսավորման բարենպաստ պայմանների ապահովումը.
6) ֆիլմերի ստեղծման, տարածման եւ պահպանման ֆինանսավորումը.
7) կինոփառատոների եւ կինոարվեստի այլ միջոցառումների կազմակերպումը.
8) կինոարվեստի միջոցառումներին մասնակցության ապահովումը.
9) օրենքով չարգելված այլ աջակցություն:
Հոդված 6. Կինեմատոգրաֆիայի ոլորտում պետական միջամտության բացառումը
1. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է կինեմատոգրաֆիայի ոլորտում պետության կողմից ստեղծագործական գործընթացին միջամտելու բացառումը եւ երաշխավորում է ազատ ստեղծագործելու ու ինքնաարտահայտվելու հնարավորությունը:
2. Կինեմատոգրաֆիայի ոլորտում գրաքննությունն, այդ թվում` պետական աջակցության մեխանիզմների գործադրման միջոցով, արգելվում է:
ԳԼՈՒԽ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 7. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ կառավարություն)`
1) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի (այսուհետ՝ պետական բյուջե) միջոցների հաշվին կինեմատոգրաֆիայի ոլորտին ֆինանսավորում (այսուհետ՝ պետական ֆինանսավորում) տրամադրելու կարգը.
2) հաստատում է ֆիլմի առաձին կատեգորիաների պետական ֆինանսավորման մասնաբաժինները եւ սահմանաչափերը.
3) հաստատում է հավաստագրի եւ վարձույթի վկայականի տրամադրման եւ գործողության դադարեցման կարգը.
4) հաստատում է համատեղ արտադրության կարգավիճակի տրամադրման եւ դադարեցման կարգը.
5) հաստատում է ֆիլմը դասակարգելու եւ դիտողներին տեղեկացնելու նպատակով ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու կարգը.
6) հաստատում է ֆիլմ ցուցադրողների կողմից տեղեկությունների տրամադրման եւ դրամագլխին հատկացումների կատարման կարգը.
7) հաստատում է ազգային կինոռեեստր ստեղծելու եւ վարելու կարգը.
8) իրականացնում է Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
Հոդված 8. Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները
1. Մշակույթի ոլորտում կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազորված պետական մարմին)`
1) մշակում եւ իրականացնում է կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական քաղաքականությունը.
2) մշակում է կինեմատոգրաֆիայի ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերն ու հայեցակարգերը.
3) ապահովում է կինեմատոգրաֆիայի ոլորտի միջազգային համագործակցության զարգացումը.
4) ուսումնասիրում է հավաստագիր տրամադրելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը եւ տրամադրում է հավաստագիր.
5) հաստատում է ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերի կազմն ու նվազագույն շահավետ գների հաշվարկման նորմատիվները.
6) հաստատում է կինեմատոգրաֆիայի ոլորտին ֆինանսավորում հատկացնելու կանոնակարգը.
7) հաստատում է կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի (այսուհետ՝ ազգային մարմին) հոգաբարձուների խորհրդի (այսուհետ` խորհուրդ) անդամների եւ ազգային մարմնի գործադիր տնօրենի (այսուհետ՝ տնօրեն) ընտրության կարգը.
8) հաստատում է կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների (այսուհետ` մասնագետ) գնահատման չափանիշները.
9) իրականացնում է Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
Հոդված 9. Ազգային մարմնի լիազորությունները
1. Ազգային մարմինն`
1) ապահովում է կինոարվեստի ստեղծագործության բոլոր տեսակների զարգացումը.
2) ապահովում է շահերի բախման կառավարելիությունը.
3) ապահովում է ազգային ֆիլմերի վերականգնումն ու թվայնացումը.
4) ապահովում է ազգային կինոռեեստրի ստեղծումը եւ դրա հետագա վարումը.
5) ապահովում է կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորման իրականացումը եւ հատկացված միջոցների նպատակային օգտագործման վերահսկումը.
6) ապահովում է համաշխարհային կինոժառանգության հասանելիությունը.
7) ապահովում է պայմաններ ոլորտի կրթական համակարգի զարգացման համար.
8) ապահովում է պայմաններ կադրերի պատրաստման եւ վերապատրաստման համար.
9) ապահովում է պայմաններ ստեղծագործական ներուժի վերարտադրման, իրացման եւ երիտասարդ ստեղծագործողների լիարժեք ինքնադրսեւորման համար.
10) ապահովում է պայմաններ փոքր եւ միջին ֆիլմարտադրողների կայացման համար.
11) ապահովում է պայմաններ հանրային տարածքներում ֆիլմի նկարահանումներն օրենքով նախատեսված պահանջներին համապատասխան իրականացնելու համար.
12) ապահովում է պայմաններ ֆիլմի դասակարգումը, կրկնօրինակումը, ենթագրումը եւ ձայնային ներկայացումն իրականացնելու համար.
13) ապահովում է պայմաններ ֆիլմերի ցուցադրման ցանցի ստեղծման համար.
14) ապահովում է պայմաններ համատեղ արտադրության զարգացման համար.
15) ապահովում է պայմաններ կինեմատոգրաֆիայի ոլորտի միջազգային կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցության համար.
16) աջակցում է ազգային ֆիլմերի ստեղծմանը, տարածմանը եւ առաջխաղացմանը.
17) Աջակցում է դեբյուտային եւ մանկապատանեկան ֆիլմերի ստեղծմանը.
18) աջակցում է կինոարվեստի միջոցառումներին ազգային ֆիլմերի մասնակցությանը.
19) ուսումնասիրում է հեռարձակմամբ ազգային ֆիլմի ցուցադրման ընթացքում տեղադրվող գովազդի վաճառքից եւ կինոթատրոնում ազգային ֆիլմի ցուցադրման տոմսերի վաճառքից ստացված եկամուտների մասին տեղեկությունները.
20) ուսումնասիրում է համատեղ արտադրության կարգավիճակ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը եւ տրամադրում համատեղ արտադրության կարգավիճակ.
21) ուսումնասիրում է վարձույթի վկայական ստանալու համար ներկայացված փաստաթղթերը եւ տրամադրում վարձույթի վկայական.
22) իրականացնում է օրենքով եւ իր կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
ԳԼՈՒԽ 3
ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ, ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՎ ՏՆՕՐԵՆԸ
Հոդված 10. Ազգային մարմինը
1. Ազգային մարմինը Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված «Հայֆիլմ» ինստիտուտ անվանումով մշակութային հիմնադրամ է, որն ունի բացառիկ լիազորություններ պետական բյուջեի եւ դրամագլխի միջոցների հաշվին կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորումն իրականացնելու նպատակով մրցույթների (այսուհետ՝ մրցույթ) կազմակերպման եւ անցկացման գործում:
2. Ազգային մարմինը հանդիսանում է աջակցություն տրամադրող եւ չի կարող ձեռք բերել գույքային իրավունքներ իր կողմից կամ իր միջոցով ֆինանսավորված ֆիլմերի նկատմամբ:
3. Ազգային մարմինը չի հանդիսանում ֆիլմարտադրող եւ չի կարող իրականացնել ֆիլմարտադրության հետ կապված ձեռնարկատիրական գործունեություն ինքնուրույն կամ այլ տնտեսվարող սուբյեկտի միջոցով, որում ունի բաժնեմասնակցություն կամ հնարավորություն կանխորոշելու վերջինիս կառավարման մարմինների որոշումները կամ էապես ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա:
Հոդված 11. Ազգային մարմնի խորհուրդը
1. Ազգային մարմնի կառավարման բարձրագույն մարմինը յոթ անդամից բաղկացած խորհուրդն է, որում ընդգրկվում են`
1) լիազորված պետական մարմնի ղեկավարը՝ ի պաշտոնե.
2) հանրային ֆինանսների կառավարման ոլորտում կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը՝ ի պաշտոնե.
3) տնտեսության ճյուղերի զարգացման ոլորտում կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը՝ ի պաշտոնե.
4) չորս մասնագետ (այդ թվում՝ օտարերկրյա)՝ երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն խորհրդի կազմում կարող են ընդգրկվել լիազորված պետական մարմնի սահմանած չափանիշների միավորների հանրագումարով առավելագույն բալեր հավաքած այն մասնագետները, որոնք ունեն արվեստի բնագավառում բարձրագույն կրթություն եւ բավարարում են հետեւյալ պայմաններից որեւէ մեկին՝
1) ստացել են միջազգային կարգավիճակ ունեցող կինոփառատոնի մրցանակ.
2) հանդիսանում են միջազգային կարգավիճակ ունեցող կինոփառատոնի համատեղ արտադրության որեւէ ծրագրի մրցանակակիր.
3) ունեն միջազգային կարգավիճակ ունեցող կինոփառատոնի ժյուրիի անդամի աշխատանքի փորձ:
Հոդված 12. Ազգային մարմնի տնօրենը
1. Ազգային մարմնի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը:
2. Տնօրենն ընտրվում է մրցութային կարգով՝ երեք տարի ժամկեով, եւ չի կարող նույն անձն ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել տնօրենի պաշտոնում:
3. Տնօրենի ընտրության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն եւ արվեստի բնագավառում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող Հայաստանի Հանրապետության գործունակ չափահաս քաղաքացիները:
4. Տնօրենի ընտրության մրցույթի արդյունքներով լիազորված պետական մարմնի սահմանած չափանիշների միավորների հանրագումարով առավելագույն բալեր հավաքած երեք թեկնածուներից տնօրեն է ընտրվում այն թեկնածուն, որի՝ կինեմատոգրաֆիայի ոլորտի բարեփոխման ու զարգացման ծրագիրն արժանանում է խորհրդի հավանությանը:
5. Տնօրենը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:
ԳԼՈՒԽ 4
ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԸ, ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՖԻԼՄԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 13. Ազգային ֆիլմը
1. Ֆիլմը համարվում է ազգային ֆիլմ, եթե բավարարում է հետեւյալ պայմաններին.
1) ստեղծագործական խմբի մեծամասնությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի,
2) սցենարի հեղինակը եւ (կամ) բեմադրող ռեժիսորը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի,
3) ֆիլմարտադրությանը մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած ֆիլմարտադրող:
2. Սույն օրենքի ուժով ազգային ֆիլմ են համարվում նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ստեղծված եւ սույն հոդվածի 1-ին մասի պահանջը բավարարող ֆիլմերը (այդ թվում՝ համատեղ արտադրության), ինչպես նաեւ այն ֆիլմերը, որոնց գույքային իրավունքները ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը:
Հոդված 14. Ազգային ֆիլմի վիճակագրական հաշվառումը եւ ֆիլմի պահպանությունը
1. Ազգային ֆիլմի վիճակագրական հաշվառումը կազմակերպելու նպատակով ազգային ֆիլմի, դրա ստեղծագործական խմբի ու ֆիլմարտադրողների մասին տեղեկատվությունը ազգային մարմինը հավաքագրում եւ գրանցում է ազգային կինոռեեստրում՝ կառավարության սահմանած կարգով:
2. Ֆիլմի պահպանությունը, հեղինակային իրավունքի ու հարակից իրավունքների պաշտպանությունը եւ կինոժառանգության հանրային օգտագործումը կազմակերպելու նպատակով ազգային ֆիլմի փաստաթղթերը, այդ թվում՝ ֆիլմի հիմնանյութերն ու ֆիլմի բնօրինակը օրենքով սահմանված կարգով հանձնվում են պետական արխիվ՝ մշտական պահպանության:
ԳԼՈՒԽ 5
ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՖԻԼՄԻ ՎԱՐՁՈՒՅԹԸ ԵՎ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄԸ
Հոդված 15. Ֆիլմարտադրությունը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում առնվազն 100 միլիոն ՀՀ դրամ ներդրմամբ ֆիլմարտադրություն իրականացնելու դեպքում ֆիլմարտադրողը կարող է ստանալ հավաստագիր եւ ֆիլմարտադրության հետ կապված ծառայությունները հավաստագրի հիման վրա ձեռք բերել մատակարարից դրանց նվազագույն շահավետ գնից 20 տոկոս ցածր գնով:
2. Հայաստանի Հանրապետության հանրային տարածքներում ֆիլմարտադրությունն իրականացվում է հասարակական կարգի պահպանման, անվտանգության, անխափան երթեւեկության եւ ազատ տեղաշարժի ապահովման, այլոց առողջության եւ իրավունքների պաշտպանության, ընդհանուր պատասխանատվության եւ դժբախտ պատահարներից ապահովագրության, պետական կամ հանրային գույքի օգտագործման եւ բնության պահպանության հետ կապված օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:
3. Ֆիլմարտադրությունը համարվում է համատեղ արտադրություն, եթե բավարարում է հետեւյալ պայմաններին.
1) ներառում է մասնակցության առավելագույն մասը ներկայացնող ֆիլմարտադրող, որը ստեղծագործական եւ տեխնիկական փաստացի մասնակցություն է ունենում ֆիլմարտադրության գործընթացում եւ բավարարում է իր երկրում համատեղ արտադրության ֆիլմը ազգային ստեղծագործություն ճանաչելու պայմանները,
2) ներառում է մասնակցության նվազագույն մասը ներկայացնող մեկ կամ մի քանի ֆիլմարտադրող,
3) առկա է համատեղ արտադրության պայմանագիր, որն ունի եկամուտների բաշխմանը վերաբերող դրույթներ:
4. Համատեղ արտադրության ֆիլմն օգտվում է սույն օրենքի համաձայն ազգային ֆիլմին վերապահվող առավելություններից:
Հոդված 16. Ֆիլմի վարձույթը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմի վարձույթն իրականացվում է վարձույթի վկայականի հիման վրա:
2. Վարձույթ իրականացնողին վարձույթի վկայական տրամադրվում է, եթե ֆիլմը բավարարում է հետեւյալ պայմաններին.
1) կատարված է ֆիլմի դասակարգումը եւ տարիքային սահմանափակման մասին նշումը՝ կառավարության սահմանած կարգով,
2) կատարված է օտարալեզու ֆիլմի հայերեն կրկնօրինակումը եւ (կամ) տեսանելի ու հստակ ենթագրումը, բացառությամբ՝ ֆիլմում հնչող երաժշտական ստեղծագործությունների, ինչպես նաեւ այն դրվագների, որոնք էական չեն կամ ըստ ստեղծագործական մտահղացման պետք է լինեն օտարալեզու:
3. Սույն հոդվածի 2-ին մասի 2-րդ կետի պահանջը չի տարածվում՝
1) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող գիտական, մշակութային, կրթական, ճանաչողական ու այլ նմանատիպ ծրագրերի եւ օտար լեզուների իմացության բարելավման կամ ուսուցման համար նախատեսված ֆիլմերի վրա.
2) Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների եւ կինոփառատոների ու կինոարվեստի այլ միջոցառումների շրջանակում ցուցադրման համար նախատեսված ֆիլմերի վրա.
3) արբանյակային կամ մալուխային կապի միջոցով հեռարձակվող ֆիլմերի վրա:
Հոդված 17. Ֆիլմի ցուցադրումը
1. Ազգային ֆիլմերի ցուցադրումը մեկ ֆիլմ ցուցադրողի կողմից չի կարող պակաս լինել ամսական ընդհանուր ֆիլմերի ցուցադրման 20 տոկոսից:
2. Հեռարձակմամբ ազգային ֆիլմի ցուցադրման ընթացքում տեղադրվող գովազդի վաճառքից եւ կինոթատրոնում ազգային ֆիլմի ցուցադրման տոմսերի վաճառքից ստացված եկամուտների 10 տոկոսի չափով ֆիլմ ցուցադրողները կատարում են հատկացում դրամագլխին՝ կառավարության սահմանած կարգով:
3. Հեռարձակմամբ ազգային ֆիլմի ցուցադրման ընթացքում տեղադրվող գովազդի վաճառքից եւ կինոթատրոնում ազգային ֆիլմի ցուցադրման տոմսերի վաճառքից ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողները տրամադրում են ազգային մարմնին՝ կառավարության սահմանած կարգով:
ԳԼՈՒԽ 6
ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄՆ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ, ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄՆ ՈՒ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՁՈՒՅԹԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄՆ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 18. Հավաստագրի տրամադրումն ու գործողության դադարեցումը
1. Հավաստագիր ստանալու համար ֆիլմարտադրողը լիազորված պետական մարմին է ներկայացնում.
1) հավաստագիր ստանալու հայտ,
2) հեղինակային իրավունքի վերաբերյալ հայտարարություն,
3) ֆիլմի համառոտ նկարագիրը եւ ֆիլմարտադրության ժամանակացույցը,
4) ֆիլմի ստեղծագործական ??եւ տեխնիկական ներդրումների ցուցակը,
5) ֆիլմի նախահաշիվը եւ ֆինանսավորման պլանը:
2. Հավաստագրի տրամադրման հայտը մերժվում է, եթե՝
1) ներկայացված տեղեկատվությունը արժանահավատ չէ.
2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին.
3) ներկայացված փաստաթղթերը թերի են, եւ տեղեկացնելուց հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում թերությունները չեն վերացվում.
4) ֆիլմարտադրողը նախկինում խախտել է օրենքով սահմանված պահանջները:
3. Հավաստագրի գործողությունը դադարեցվում է, եթե`
1) ներկայացվել է ոչ հավաստի տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր.
2) խախտվել է սույն օրենքի եւ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները.
3) ներկայացվել է հավաստագրի գործողությունը դադարեցնելու դիմում:
4. Հավաստագիրը տրամադրում է լիազորված պետական մարմինը՝ կառավարության սահմանած կարգով:
Հոդված 19. Համատեղ արտադրության կարգավիճակի տրամադրումն ու դադարեցումը
1. Համատեղ արտադրության նախնական կարգավիճակ ստանալու համար մինչեւ ֆիլմի նկարահանումը ֆիլմարտադրողը ազգային մարմին է ներկայացնում.
1) համատեղ արտադրության նախնական կարգավիճակ ստանալու հայտ,
2) հեղինակային իրավունքի վերաբերյալ հայտարարություն,
3) ֆիլմի համառոտ նկարագիրը եւ ֆիլմարտադրության նախնական ժամանակացույցը,
4) ֆիլմի ստեղծագործական ??եւ տեխնիկական ներդրումների նախնական ցուցակը,
5) ֆիլմի նախահաշիվը եւ ֆինանսավորման նախնական պլանը,
6) համատեղ արտադրության պայմանագիրը կամ համագործակցության հուշագիրը:
2. Համատեղ արտադրության վերջնական կարգավիճակ ստանալու համար ֆիլմի նկարահանման ավարտից հետո ֆիլմարտադրողը ազգային մարմին է ներկայացնում.
1) համատեղ արտադրության վերջնական կարգավիճակ ստանալու հայտ,
2) հեղինակային իրավունքի պայմանագրերի ամբողջական փաթեթը,
3) ֆիլմի վերջնական սցենարը եւ համատեղ արտադրության պայմանագիրը,
4) ֆիլմի ստեղծագործական եւ տեխնիկական ներդրումների վերջնական ցուցակը,
5) ֆիլմի ծախսերի հաշվետվությունը եւ ֆինանսավորման վերջնական պլանը:
3. Համատեղ արտադրության կարգավիճակի տրամադրման հայտը մերժվում է, եթե՝
1) ներկայացված տեղեկատվությունը արժանահավատ չէ.
2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին.
3) ներկայացված փաստաթղթերը թերի են, եւ տեղեկացնելուց հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում թերությունները չեն վերացվում:
4. Համատեղ արտադրության կարգավիճակը դադարեցվում է, եթե`
1) ներկայացվել է ոչ հավաստի տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր.
2) խախտվել է սույն օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները.
5. Համատեղ արտադրության կարգավիճակը տրամադրում է ազգային մարմինը՝ կառավարության սահմանած կարգով:
Հոդված 20. Վարձույթի վկայականի տրամադրումն ու գործողության դադարեցումը
1. Վարձույթի վկայական ստանալու համար վարձույթ իրականացնողը ազգային մարմին է ներկայացնում.
1) վարձույթի վկայական ստանալու հայտ,
2) հեղինակային իրավունքի, ֆիլմի դասակարգման, ինչպես նաեւ օտարալեզու ֆիլմի կրկնօրինակման կամ ենթագրման վերաբերյալ հայտարարություն:
2. Վարձույթի վկայականի տրամադրման հայտը մերժվում է, եթե՝
1) ներկայացված տեղեկատվությունը արժանահավատ չէ.
2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին.
3) ներկայացված փաստաթղթերը թերի են, եւ տեղեկացնելուց հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում թերությունները չեն վերացվում:
3. Վարձույթի վկայականի գործողությունը դադարեցվում է, եթե`
1) ներկայացվել է ոչ հավաստի տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր.
2) խախտվել է սույն օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները:
4. Վարձույթի վկայականը տրամադրում է ազգային մարմինը՝ կառավարության սահմանած կարգով:
ԳԼՈՒԽ 7
ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ, ԴՐԱՄԱԳԼԽԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 21. Կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական աջակցությունը
1. Մատակարարների՝ հաշվետու եւ դրան հաջորդող տարիների շահութահարկի գումարը նվազեցվում է հավաստագրի հիման վրա ֆիլմարտադրողներին մատուցված ծառայությունների մասով չստացած եկամտի (նվազագույն շահավետ գնի եւ իրացման գնի տարբերության) 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան այդ ծառայությունների նվազագույն շահավետ գնի 20 տոկոսը:
2. Ֆիլմարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձինք իրավունք ունեն ֆիլմի նախագծով հաստատված ժամկետի ընթացքում առանց մուտքի վիզայի գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում եւ առանց աշխատանքի թույլտվության մասնակցել ֆիլմարտադրության աշխատանքներին՝ կառավարության սահմանած կարգով:
5. Ֆիլմարտադրության եւ կինոարվեստի միջոցառումների շրջանակներում ապրանքների ժամանակավոր ներմուծման ու արտահանման դեպքում գործում է հայտարարագրման պարզեցված կարգ եւ սահմանվում է հայտարարագրի ընդունման պահից չորս ժամվա ընթացքում ապրանքների բաց թողնման ժամկետ՝ առանց մաքսային վճարների վճարման:
3. Աջակցություն տրամադրողների հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում է դրամագլխին կատարվող հատկացումների գումարը:
4. Շահառուների հարկման բազայի որոշման նպատակով եկամուտ չեն համարվում կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորման նպատակով պետական բյուջեից եւ դրամագլխից տրամադրվող գումարները:
6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ֆիլմ ցուցադրողների հարկման բազայի որոշման նպատակով եկամուտ չեն համարվում հեռարձակմամբ ազգային ֆիլմի ցուցադրման ընթացքում տեղադրվող գովազդի վաճառքից եւ կինոթատրոնում ազգային ֆիլմի ցուցադրման տոմսերի վաճառքից ստացվող եկամուտները:
Հոդված 22. Պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորումը
1. Կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական ֆինանսավորումն իրականացվում է լիազորված պետական մարմնի հաստատած ծրագրով՝ տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:
2. Պետական ֆինանսավորումը չի հանդիսանում պետական պատվեր:
3. Պետական ֆինանսավորումն իրականացվում է կառավարության կողմից հաստատված մասնաբաժնի եւ սահմանաչափի համաձայն, որոնք սահմանվում են առանձին՝ ըստ.
1) խաղարկային, վավերագրական եւ անիմացիոն անվանակարգերի,
2) լիամետրաժ ֆիլմ եւ կարճամետրաժ ֆիլմ տեսակների,
3) ֆիլմի զարգացման, արտադրության, հետարտադրության եւ հանրությանը ներկայացման, այդ թվում՝ կինոփառատոներին մասնակցության փուլերի,
4) ազգային ֆիլմ եւ նվազագույն չափով մասնակցությամբ համատեղ արտադրության ֆիլմ կարգավիճակների,
5) դեբյուտային ֆիլմ եւ այլ ծրագրերի,
6) մանկապատանեկան ֆիլմ եւ այլ քվոտաների:
4. Պետական ֆինանսավորման համար նախատեսված միջոցները տվյալ տարվա ընթացքում ամբողջությամբ շահառուներին չտրամադրելը հիմք չէ հաջորդ տարիների պետական ֆինանսավորման նպատակով միջոցներ չնախատեսելու կամ պակաս նախատեսելու համար:
5. Պետական ֆինանսավորման համար նախատեսված եւ տվյալ տարվա ընթացքում շահառուներին չտրամադրված գումարները հատկացվում են դրամագլխին:
6. Կինոտարեգրության ստեղծման, կինոժառանգության պահպանման եւ ազգային մարմնի ընթացիկ գործունեության ապահովման նպատակով ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեից կատարվող այլ հատկացումների հաշվին:
Հոդված 23. Դրամագլխի միջոցների հաշվին ֆինանսավորումը
1. Դրամագլխի միջոցների հաշվին ֆինանսավորումն իրականացվում է սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 22-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հատկացումների, ինչպես նաեւ օրենքով չագելված այլ աղբյուրներից կատարվող հատկացումների հաշվին:
2. Դրամագլխի գումարները պահվում են կենտրոնական գանձապետարանում ազգային մարմնի անվամբ բացված հաշվում եւ բացառապես օգտագործվում են ազգային ֆիլմերի ստեղծման, տարածման, առաջխաղացման եւ մրցունակության բարձրացման նպատակով:
3. Ազգային մարմինը վարում է առանձնացված հաշվառում դրամագլխին հատկացումների եւ դրամագլխի օգտագործման մասով՝ դրանց վերաբերյալ տեղեկություններն արտացոլելով խորհրդին ներկայացվող հաշվետվություններում:
Հոդված 24. Մրցույթ անցկացնելու կարգն ու պայմանները
1. Պետական բյուջեի եւ դրամագլխի միջոցների հաշվին կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորումն իրականացվում է կառավարության սահմանած կարգով անցկացվող մրցույթի արդյունքում:
2. Մրցույթներն անցկացվում են տարեկան առնվազն երկու անգամ՝ ազգային մարմնի սահմանած ժամանակացույցի համաձայն:
3. Լիազորված պետական մարմնի հաստատած կանոնակարգի համաձայն ձեւավորվում են երկու կամ ավելի ֆիլմի կատեգորիաներում առանձին անցկացվող մրցույթների՝ առնվազն հինգ անդամից բաղկացած հանձնախմբեր:
4. Հանձնախմբում ընդգրկվում են լիազորված պետական մարմնի սահմանած չափանիշների միավորների հանրագումարով առավելագույն բալեր հավաքած այն մասնագետները (այդ թվում` օտարերկրյա), որոնք ունեն միջազգային կարգավիճակ ունեցող կինոփառատոնի ժյուրիի անդամի աշխատանքի փորձ եւ արվեստի բնագավառում բարձրագույն կրթություն, կամ ստացել են միջազգային կարգավիճակ ունեցող կինոփառատոնի մրցանակ եւ բավարարում են հետեւյալ պայմաններից որեւէ մեկին՝
1) ունեն համատեղ արտադրություն իրականացնելու փորձ.
2) հանդիսանում են միջազգային կարգավիճակ ունեցող կինոփառատոնի համատեղ արտադրության որեւէ ծրագրի՝ պաշտոնական ընտրությունն անցած մասնակից.
3) ունեն միջազգային կարգավիճակ ունեցող կինոփառատոնի ժյուրիի անդամի աշխատանքի փորձ:
5. Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած ֆիլմարտադրողները:
6. Մրցույթին ներկայացված հայտերը առնվազն պետք է բավարարեն հետեւյալ պայմաններին.
1) սցենարի հիմքի վրա ֆիլմ ստեղծելու իրավունքի առկայություն,
2) ֆիլմարտադրությանը Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած ֆիլմարտադրողի մասնակցություն,
3) ստեղծագործական խմբում Հայաստանի Հանրապետության քաղաքացու առկայություն:
7. Մրցույթին ներկայացված հայտերը գնահատվում են հետեւյալ չափանիշներով`
1) ֆիլմի գեղագիտական-գեղարվեստական արժեքը.
2) ֆիլմի միջազգային ճանաչման հնարավորությունը.
3) ֆիլմի նախագծի իրականացվելիության ներուժը.
4) ֆիլմի նախագծի տնտեսական հիմնավորումը.
5) ֆիլմի առաջխաղացման եւ հանրությանը ներկայացման հեռանկարը:
ԳԼՈՒԽ 8
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 25. Միջազգային համագործակցությունը
1. Կինեմատոգրաֆիայի միջազգային համագործակցությունն իրականացվում է միջազգային պայմանագրերի եւ օրենքի համաձայն, որը նախատեսում է՝
1) համատեղ արտադրության իրականացում.
2) օտարերկրյա պետություններում կազմակերպվող կինոփառատոներին եւ կինոարվեստի այլ միջոցառումներին ազգային ֆիլմերի մասնակցության ապահովում.
3) օտարերկրյա պետություններում ազգային ֆիլմի օրերի, շաբաթների եւ կինոարվեստի այլ միջոցառումների կազմակերպում.
4) Հայաստանի Հանրապետությունում անցկացվող կինոփառատոների եւ կինոարվեստի այլ միջոցառումներին օտարերկրյա ֆիլմարտադրողների եւ միջազգային կազմակերպությունների մասնակցության ապահովում.
5) միջազգային համագործակցության այլ ձեւեր:
ԳԼՈՒԽ 9
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 26. Սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը
1. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 10
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 27. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի 10-24-րդ հոդվածների դրույթները գործելու են դրանք կանոնակարգող կառավարության որոշումներն ու այլ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից:
3. Սույն օրենքով նախատեսված կառավարության որոշումներն ու այլ նորմատիվ իրավական ակտերը պետք է ընդունվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Կինեմատոգրաֆիայի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման
Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է կինեմատոգրաֆայի ոլորտի համապարփակ կարգավորման եւ միասնական իրավական հիմքերի սահմանման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, անհրաժեշտ է կանոնակարգել կինեմատոգրաֆայի ոլորտի պետական ֆինանսավորման, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծան, հեղինակային ու հարակից իրավունքների պաշտպանության, ֆիլմերի վիճակագրական հաշվառման, ֆիլմի պահպանության, դասակարգման, Հայաստանի Հանրապետության կառավարության, մշակույթի ոլորտում կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի, կինեմատոգրաֆիայի ոլորում գործունեություն իրականացնող անձանց հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ օտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանն առնչվող հարցերը:
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Մինչ օրս Հայաստանի Հանրապետությունում բացակայում է կինեմատոգրաֆիայի ոլորտը կարգավորող իրավական ակտ, որի արդյունքում մի շարք կարեւոր հարաբերություններ օրենսդրական կարգավորում չեն ստացել, իսկ առկա կարգավորումները չեն ապահովում եզրույթների օգտագործման միասնականությունը: Կարգավորված չեն ֆիլմարտադրության, ֆիլմերի վարձույթի, ֆիլմի ցուցադրման, ֆիլմի՝ միջազգային կինոփառատոներին մասնակցության պետական ֆինանսավորման եւ պետական աջակցության այլ ձեւերը: Որեւէ կերպ չի խրախուսվում օտարերկրյա ֆիլմերի նկարահանումը Հայաստանի Հանրապետությունում:
Կինոթատրոններում եւ հեռուստատեսությամբ ֆիլմերի հրապարակային ցուցադրումը իրականացվում է առանց տարիքային սահմանափակումների մասին նշում կատարելու, ինչը կարող է բացասաբար ազդել բարոյական նորմերի պահպանման եւ երեխաների իրավունքների պաշտպանության վրա:
Կարգավորված չէ ֆիլմերի վարձույթի իրականացման հետ կապված հարցերը, ըստ որի ֆիլմերի վարձույթը կիրականացվի օրինական դաշտում եւ կպաշտպանվեն հեղինակային ու հարակից իրավունքները:
Միաժամանակ, օրենքով կկանոնակարգվի կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի լիազորությունները, որի համաձայն հիշյալ մարմնի գործունեությունը կկարգավորվի օրենքով: Բացի այդ կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի կողմից կինեմատոգրաֆիայի ոլորտին ֆինանսավորելու համար կընձեռվի հնարավորություն ներգրավելու լրացուցիչ ֆինանսական միջոցներ ազգային ֆիլմերի աջակցության դրամագլխի ձեւավորման արդյունքում:
Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը
Օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է ոլորտում իրավահարաբերությունների կարգավորման եւ ոլորտի զարգացման անհրաժեշտությամբ, որը կապահովի իրավական դաշտում օգտագործվող եզրույթների միասնականությունը եւ հիմք կհանդիսանա այլ իրավական ակտերի մշակման եւ կիրարկման համար:
Օրենքների նախագծերը մշակվել են հիմք ընդունելով մի շարք երկրներում կինեմատոգրաֆիայի ոլորտի օրենսդրական կարգավորման փորձը: Մասնավորապես ուսումնասիրվել են Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Կանադայի, Չեխիայի, Հունգարիայի, Մոլդովայի, Վրաստանի, Բուլղարիայի, Իսլանդիայի, Ֆրանսիայի եւ մի շարք այլ երկրների կինեմատոգրաֆիայի ոլորտը կարգավորող իրավական ակտեր, որտեղ օրենսդրորեն ճանաչվում է կինեմատոգրաֆիայի հատուկ նշանակությունը եւ առանձնահատուկ օրենսդրական կարգավորում է նախատեսվում ոլորտի պետական աջակցության համար:
Միջազգային փորձը հատկապես ուսումնասիրվել է հարկային արտոնությունների, պետական ֆինանսավորման, վարձույթի վկայականի, կինոմատոգրաֆիայի ազգային մարմնի լիազորությունների, միջազգային համագործակցության եւ մի շարք այլ կարեւոր հարցերի մասով:
Օրենքների նախագծերը նպատակ ունեն.
Ակնկալվում է, որ նշված օրենքների նախագծերի ընդունումը նոր խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետությունում կինեմատոգրաֆիայի զարգացման համար, մասնավորապես՝ օրենսդրական փաթեթի ընդունումը կնպաստի.
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգարժան պարոն Միրզոյան,
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են՝
ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Աննա Կոստանյան),
բ) նախագծի ընդունման հիմնավորումը եւ տեղեկանքը:
Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Հարգանքով՝ | |
Մխիթար Հայրապետյան (049) | |
Աննա Կոստանյան (120) | |
Արթուր Մանուկյան (032) | |
Արման Եղոյան (016) |