Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-9101-26.03.2021-ԳԿ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 189.25-րդ հոդվածով.

«Հոդված 189.25. Ամսական ընդհանուր ֆիլմերի ցուցադրման մեջ ազգային ֆիլմերի մասնաբաժնի պահանջը խախտելը

1. Ազգային ֆիլմերի մասնաբաժինն ամսական ընդհանուր ֆիլմերի ցուցադրման մեջ 20 տոկոս կազմելու պահանջը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիլմ ցուցադրողի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ կրկին անգամ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիլմ ցուցադրողի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 189.26-րդ հոդվածով.

«Հոդված 189.26. Ազգային ֆիլմի ցուցադրման ընթացքում տեղադրվող գովազդի վաճառքից եւ ազգային ֆիլմի ցուցադրման տոմսերի վաճառքից ստացվող եկամուտների վերաբերյալ տեղեկություն տրամադրելու պահանջը խախտելը

1. Հեռարձակմամբ ազգային ֆիլմի ցուցադրման ընթացքում տեղադրվող գովազդի վաճառքից եւ կինոթատրոնում ազգային ֆիլմի ցուցադրման տոմսերի վաճառքից ստացված եկամուտների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիլմ ցուցադրողի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

2. Հեռարձակմամբ ազգային ֆիլմի ցուցադրման ընթացքում տեղադրվող գովազդի վաճառքից եւ կինոթատրոնում ազգային ֆիլմի ցուցադրման տոմսերի վաճառքից ստացված եկամուտների վերաբերյալ կեղծ տեղեկություն տրամադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիլմ ցուցադրողի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 189.27-րդ հոդվածով.

«Հոդված 189.27. Առանց վարձույթի վկայականի ֆիլմի վարձույթ իրականացնելը

1. Առանց վարձույթի վկայականի ֆիլմի վարձույթ իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում վարձույթ իրականացնողի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ կրկին անգամ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում վարձույթ իրականացնողի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին կետը «189.9-189.10 հոդվածներով,» բառերից հետո լրացնել «189.25-189.27 հոդվածներով,» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: