Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-913-29.03.2021-ՏԵ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2019 թվականի հոկտեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՏԵՂԵԿԱՆՔ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2019թ. հոկտեմբերի 25-ին, Մոսկվայում:

Համաձայնագրի 33-րդ հոդվածի համաձայն այն ուժի մեջ է մտնում ԵԱՏՄ, ԵԱՏՄ անդամ պետությունների եւ Սերբիայի կողմից սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման վերաբերյալ վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից վաթսուն (60) օր հետո:

01.09.2020թ. դրությամբ Բելառուսի Հանրապետությունը 29.07.2020թ. ավարտել է Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը: Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետություններից Համաձայնագրի վավերացման մասին տեղեկատվություն չի ստացվել:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2019թ. հոկտեմբերի 25-ն՝ Մոսկվայում: Այն նպատակ է հետապնդում ընդլայնել եւ զարգացնել փոխադարձ ազատ առեւտրի եւ տնտեսական հարաբերությունները՝ կողմերի տնտեսական զարգացման արագացման եւ արտադրության եւ ֆինանսական կայունությանը հասնելու նպատակով: Կողմերը չեն կիրառում մաքսատուրքեր եւ մաքսատուրքերին համարժեք նշանակություն ունեցող ցանկացած վճարներ կողմերից մեկի տարածքի ծագում ունեցող ապրանքների ներմուծման համար կամ ներմուծման հետ կապված, եթե սույն համաձայնագրով այլ բան չի սահմանվում: Բացի այդ Համաձայնագրով կողմերը համագործակցում են ստանդարտների, տեխնիկական կանոնակարգերի, չափագիտության, շուկայի վերահսկողության եւ համապատասխանության գնահատման ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման հարցերում՝ իրենց համապատասխան համակարգերի միջեւ ցանկացած տեխնիկական արգելքների առաջացումը կանխելու նպատակով:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից՝ «Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը նպատակահարմար է:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ


ՏԵՂԵԿԱՆՔ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 25-ին Մոսկվայում: Վերոհիշյալ Համաձայնագրի շուրջ բանակցություններն անցկացվել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի մայիսի 31-ի «Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների Սերբիայի Հանրապետության հետ առեւտրային ռեժիմի մոտարկման վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին» N6 որոշման հիման վրա:

Հաշվի առնելով, որ Սերբիայի Հանրապետության հետ ԵԱՏՄ երեք երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության կողմից արդեն իսկ կնքված են երկկողմանի ազատ առեւտրի համաձայնագրեր, «Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սերբիայի Հանրապետության միջեւ՝ մյուս կողմից, ազատ առեւտրի մասին» Համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) կնքման հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության եւ Ղրղզստանի Հանրապետության համար նոր առեւտրային հնարավորությունների ստեղծումը, որոնք մինչ այժմ հիմնականում հանդիսացել են սերբական ապրանքներ ներմուծողներ եւ նրանց արտահանման հնարավորությունները էականորեն սահմանափակ են եղել: Նշված համաձայնագրի կնքման արդյունքում կընդլայնվի համաձայնագրերի կողմ հանդիսացող երկրների շուկաների արտոնյալ պայմաններով հասանելիությունը:

Համաձայնագիրը պարունակում է ժամանակակից կանոնակարգող պարտավորությունների գործիքակազմ, որը ուղղված է առեւտրային գործընթացների իրականացման կայունության, կանխատեսելիության եւ թափանցիկության ապահովմանը:

Համաձայնագրի հիմնական խնդիրներն են՝

ԵԱՏՄ շուկա մուտքի բարելավման նպատակով սերբական կողմին որոշակի զիջումներ տրամադրելու հաշվին ստեղծվել են արտահանման լրացուցիչ հնարավորություններ ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների համար:

Համաձայնագրի շուրջ վարվող բանակցությունների ընթացքում արդիականացվել է ազատ առեւտրի համաձայնագրի կանոնակարգող մասը՝ ապահովելով առեւտրային համաձայնագրերի կնքման ժամանակակից միտումներն ու փորձը, ներառյալ ԵԱՏՄ փորձը առեւտրային ռեժիմի միասնականացման բնագավառում՝ միաժամանակ խուսափելով ԵԱՏՄ անդամ պետությունների համար զգայուն հարցերի նկատմամբ Համաձայնագրի մասով կանոնակարգող պարտավորությունների էական ավելացումից:

Սակագնային պարտավորությունների մասով Սերբիայի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ պետություններին տրամադրում է շուկայի համակցված մուտքի ռեժիմ, հանումների ցանկեր, որոնք անհատական են ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետության համար՝ գործող երկկողմ համաձայնագրերի համեմատ մուտքի պայմանների չվատթարացումը ապահովելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության արտադրողները ստացել են սերբական շուկայի մուտքի որակյալ պայմաններ, ինչպես եւ մյուս ԵԱՏՄ անդամ պետությունները:

Եվրասիական տնտեսական միության կողմից Սերբիային տրամադրվում է շուկայի մուտքի միասնական ռեժիմ:

Ինչ վերաբերում է համաձայնեցված զիջումներին, ապա կաթնամթերքի մասով ԵԱՏՄ անդամ պետությունները Սերբիային տրամադրում են պինդ եւ կիսապինդ պանրի որոշ տեսակների առանց մաքսատուրքի կիրառմամբ 400 տոննայի չափով քվոտա, իսկ այծի եւ ոչխարի կաթից պատրաստված պանրի համար անմաքս մուտքի ապահովում:

Սերբիան ԵԱՏՄ անդամ պետություններին տրամադրում է անմաքս եւ առանց քվոտա որոշ տեսակի պինդ եւ կիսապինդ պանիրների համար մատակարարումներ:

Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ղրղզստանի Հանրապետության համար անմաքս սակագնային քվոտա հալած պանիրների նկատմամբ տարեկան 100 տոննա ծավալով:

Ալկոհոլային արտադրանքի մասով՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից Սերբիային տրամադրվում է 2208 20 290 0 եւ 2208 20 890 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասվող բրենդիի նկատմամբ անմաքս սակագնային քվոտա, տարեկան 35 հազար լիտր մաքուր սպիրտի հաշվարկով:

Սերբիայի կողմից ԵԱՏՄ անդամ պետություններին տրամադրվում է 2208 20 29 եւ 2208 20 89 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասվող բրենդիի նկատմամբ անմաքս սակագնային քվոտա, տարեկան 50 հազար լիտր մաքուր սպիրտի հաշվարկով:

Ծխախոտի արտադրանքի մասով՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից Սերբիային տրամադրվում է ծխախոտի համար անմաքս սակագնային քվոտա տարեկան մինչեւ 2 մլրդ հատ ծավալով:

Սերբիայի կողմից Հայաստանի Հանրապետությունից, Բելառուսի Հանրապետությունից, Ղազախստանի Հանրապետությունից, եւ Ղրղզստանի Հանրապետությունից ծագող թութուն պարունակող ծխախոտի նկատմամբ տրամադրվում է սակագնային քվոտա տարեկան 2 մլրդ հատ ծավալով:

Լրացուցիչ ազատականացման մասով՝ Ապրանքների առեւտրի կանոնների եւ համապատասխան կանոնակարգող պարտավորությունների առումով ազատ առեւտրի նոր համաձայնագիրը շատ հարցերում հիմնվում է երկկողմ համաձայնագրերի վրա, որոնք կնքվել են Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության ու Սերբիայի Հանրապետության միջեւ 2010-2011 թվականներին «եռյակի» մաքսային միության ձեւավորման փուլում:

Համաձայնագիրը ներառում է հետեւյալ հիմնական կանոնակարգող պարտավորությունները.

Հետազոտությունների անցկացման եւ հատուկ պաշտպանիչ, հակագնագցման եւ փոխհատուցման միջոցների կիրառման ոլորտում կողմերի համար սահմանված ԱՀԿ համընդհանուր ստանդարտին հետեւելու պարտավորությունների հետ մեկտեղ Սերբիայի համար Համաձայնագրով նախատեսված են պարտավորություններ հետազոտություններ անցկացնելու եւ առեւտրային պաշտպանության միջոցներ կիրառելու ժամանակ անդամ պետություններին առանձին դիտարկելու ուղղությամբ, ինչը թույլ կտա բացառել նշված միջոցների կիրառման չհիմնավորված տարածումը ամբողջ Եվրասիական տնտեսական միության վրա:

Համաձայնագիրը նախատեսում է նաեւ երկկողմ պաշտպանիչ միջոցների մեխանիզմի կիրառում, որը թույլ է տալիս արագ արձագանքել առեւտրի ազատականացման արդյունքում շուկայում տեղի ունեցող փոփոխություններին:

Համաձայնագիրը ներառում է ապրանքների ծագման որոշման կանոններ՝ արտոնյալ առեւտրային ռեժիմի կիրառման համար, ինչպես նաեւ դրույթներ մաքսային մարմինների համագործակցության եւ առեւտրի վարչարարության բնագավառներում:

Համաձայնագիրը նախատեսում է մաքսային մարմինների հետ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների փոխազդեցության ավելի կանխատեսելի կարգ, ինչպես նաեւ պարունակում է Կողմերի իրավասու մարմինների միջեւ վարչական համագործակցության ընդլայնված գործիքակազմ՝ ուղղված օպերատիվ փոխգործակցությանը վիճահարույց հարցերի քննարկման ժամանակ, ինչպես նաեւ Համաձայնագրի շրջանակներում սակագնային արտոնությունների ստացման համար հնարավոր չարաշահումների կանխարգելմանը:

Համաձայնագիրը նախատեսում է ապրանքների ծագման սերտիֆիկացման էլեկտրոնային համակարգի ներդրման հնարավորություն, որը ենթադրում է ապրանքի մաքսային հայտարարագրման ժամանակ ապրանքի՝ թղթի վրա ծագման վկայագրեր տրամադրելու անհրաժեշտությունից հրաժարումը:

Համաձայնագրով նախատեսված մեխանիզմը հնարավորություն է ստեղծում խորհրդակցությունների միջոցով վեճերի կարգավորման, ինչպես նաեւ վեճերի փոխանցման համար:

Ելնելով վերոգրյալից` Էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է գտնում Համաձայնագրի վավերացումը Հայաստանի Հանրապետության կողմից:

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ



Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթների:


Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ՝ ԷՄԻԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ


ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ


Հարգելի պարոնայք


Ի պատասխան Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության 2020 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 07/12626-2020 գրության եւ ի կատարումն ՀՀ վարչապետի 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 02/06.5/18499-2019 հանձնարարականի՝ հայտնում ենք, որ 2019թ. հոկտեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:


Հարգանքով՝ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ՍԵՐԳՈ ԱԹԱՆԵՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, ազատ առեւտրի մասին» համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող

դրույթների առկայության մասին

«Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, ազատ առեւտրի մասին» համաձայնագրում (այսուհետ՝ Համաձայնագիր) առկա է դրույթ (Հավելված 3, 17-րդ հոդված՝ ապրանքների ծագման հավաստագրման եւ վերիֆիկացիայի էլեկտրոնային համակարգի ներդրման հետ կապված), որը կհանգեցնի, ինչպես նաեւ առկա են դրույթներ (Հավելված 3, 16-րդ հոդված՝ ստուգող անձնակազմի բոլոր ծախսերը, որոնք կապված են Ներմուծող կողմի ներկայացուցիչների արտագնա ստուգման մասնակցության հետ եւ Հավելված 5, 21-րդ հոդված՝ կողմերի միջեւ ծագած վեճերի լուծման հետ կապված (արբիտրաժային) ծախսեր), որոնք, համապատասխան պայմանների ի հայտ գալու դեպքում, կարող են հանգեցնել Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորությունների առաջացմանը, այդ թվում՝ ծախսերի ավելացմանըԴ որի չափը հնարավոր չէ գնահատել համապատասխան տվյալների բացակայության պատճառով:

Միաժամանակ Համաձայնագրի 4-րդ հոդվածով սահմանված է, որ, եթե Համաձայնագրով այլ բան նախատեսված չէ, կողմերը չեն կիրառում մաքսատուրքեր եւ մաքսատուրքերին համարժեք նշանակություն ունեցող ցանկացած վճարներ կողմերից մեկի տարածքի ծագում ունեցող ապրանքների ներմուծման համար կամ ներմուծման հետ կապված, իսկ Համաձայնագրին կից ներկայացված թիվ 2 հավելվածով սահմանված է այն ապրանքների ցանկը, որոնք Սերբիայից ներմուծվում են ԵԱՏՄ մաքսային տարածք սակագնային քվոտաների շրջանակում՝ առանց մաքսատուրքերի վճարման:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Համաձայնագրի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական:

ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ
 


ՀՀ սահմանադրական դատարանի որոշում

ՀՀ կառավարության որոշում

ՀՀ վարչապետի որոշում

Գրություն