Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 4-րդ կետը լրացնել նոր պարբերություններով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հարկային մարմինները կարող են անցկացնել գրասենյակային (ներքին փաստաթղթային) ստուգումներ:
Գրասենյակային ստուգումը հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության հարկային եւ պարտադիր այլ վճարների օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների, հաշվարկների, հայտարարագրերի, ելակետային տվյալների վերաբերյալ հայտարարությունների, տեղեկությունների (այսուհետ սույն հոդվածում՝ հաշվետվություններ) ինչպես նաեւ հարկային մարմնում տնտեսավարող սուբյեկտի գործունեության վերաբերյալ առկա այլ փաստաթղթերի ճշտությունը պարզելուն ուղղված ընթացակարգ է:
Գրասենյակային ստուգումն իրականացվում է հարկային մարմնում առկա փաստաթղթերի հիման վրա՝ միեւնույն ժամանակաշրջանի համար միեւնույն ցուցանիշներին վերաբերվող համարժեք տվյալների համադրումների, համեմատության, վերլուծությունների միջոցով՝ առանց տնտեսավարող սուբյեկտին այցելության եւ լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու պահանջի:
Գրասենյակային ստուգման նպատակն է պարզել՝
- որեւէ առանձին հաշվետվության ձեւաթղթում արտացոլված ցուցանիշների տողերում եւ վանդակներում հաշվարկված տվյալների արժանահավատությունը եւ թվաբանական հաշվարկների ճշտությունը,
- առանձին հաշվետվություններում արտացոլված՝ համադրելի ցուցանիշների կամ տեղեկությունների միջեւ տրամաբանական կապը եւ համապատասխանությունը,
- հաշվետվություններում արտացոլված ցուցանիշների կամ տեղեկությունների եւ, օրենսդրությամբ սահմանված կարգով այլ պետական մարմիններից ստացված տեղեկությունների միջեւ անհամապատասխանությանը կամ անճշտությանը,
- հարկման բազայի հաշվարկման ճշտությունը,
- ֆինանսական հաշվետվություններում եւ առանձին հարկային եւ պարտադիր այլ վճարների օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններում, արտացոլված ցուցանիշների կամ տեղեկությունների փոխադարձ կապը:
Հարկային մարմինների կողմից գրասենյակային ստուգում կարող է անցկացվել հարկերի եւ պարտադիր այլ վճարների հաշվարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը հարկային մարմին ներկայացման պահից 90 աշխատանքային օրվա ընթացքում:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության մեջ «չձեւակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված ստուգումների» բառակապակցությունից հետո ավելացնել «, ինչպես նաեւ գրասենյակային ստուգումների անցկացման» բառակապակցությունը:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում «հարկային մարմինների կողմից» բառերից հետո ավելացնել «գրասենյակային ստուգումների անցկացման,» բառակապակցությունը:
Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում «20» թիվը փոխարինել «75» թվով, իսկ «45» թիվը փոխարինել «90» թվով:
Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի.
ա) 1-ին մասում.
- առաջին պարբերության «Ստուգման» բառից հետո ավելացնել «(իսկ գասենյակային ստուգման դեպքում՝ գասենյակային ստուգման եզրակացության քննարկման) »
՟- առաջին պարբերությունից հետո ավելացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ՝
«Հարկային մարմնի կողմից իրականացված գասենյակային ստուգման արդյունքներով կազմվում է եզրակացություն՝ որի մեջ ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (պաշտոնատար անձանց) կողմից նշվում են հայտնաբերված անճշտությունների, անհամապատասխանությունների եւ դրանցից բխող պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Ընդ որում, եզրակացությունը կազմվում է այն դեպքերում, երբ առկա են այնպիսի խախտումներ, որոնք ուղղակիորեն հանգեցրել են (կարող են հանգեցնել) հարկման բազաների կամ վճարման ենթակա հարկերի եւ պարտադիր այլ վճարների գումարների նվազեցմանը: Գրասենյակային ստուգման արդյունքով կազմված եզրակացությունը ստուգումն ավարտելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգում իրականացնող հարկային մարմինը փոստով կամ առձեռն տրամադրում է տնտեսավարող սուբյեկտին, որը այն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կարող է ներկայացնել իր առարկությունները եւ ցանկության դեպքում քննարկել դրանք ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց հետ:»:
բ) 2-րդ մասը «աշխատանքային օրը» բառերից հետո լրացնել «, իսկ հաշվետու տարվա արդյունքներով 3.0 մլրդ. դրամ եւ ավելի իրացման շրջանառություն կամ համախառն եկամուտ հայտարարագրած եւ (կամ) 100.0 մլն. դրամ եւ ավելի հարկի գումար հարկային մարմիններին վճարած տնտեսավարող սուբյեկտների կողմից՝ 15 աշխատանքային օրը» բառերով:
Հոդված 6.
Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել նոր կետով` հետեւյալ բովանդակությամբ.
«ժա) ստուգման ցանկացած փուլում` առանձին հարցերի պարզաբանման նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, ստուգմանը ներգրավել փորձագետների եւ թարգմանիչների:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հուլիսի 1-ից: