ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Սույն օրենքի գործողության ոլորտը եւ կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում մասնավոր խուզարկուական գործունեություն (այսուհետ՝ խուզարկուական գործունեություն) իրականացնելու հետ կապված հարաբերությունները, սահմանում է խուզարկուական մասնագիտական միավորում (խուզարկուների միություն) ստեղծելու եւ դրա աշխատանքները կազմակերպելու հիմունքները, սահմանում է խուզարկուական գործունեության իրականացման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում խուզարկուական գործունեության իրականացման հետ կապված այլ հարաբերությունները:
Հոդված 2. Խուզարկուական գործունեությունը կարգավորող օրենսդրությունը
1. Խուզարկուական գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական այլ ակտերով:
2. Սույն օրենքով եւ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված կարգն ու պայմանները միասնական են եւ բոլոր խուզարկուների համար ենթակա են պարտադիր կատարման:
3. Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի եւ սույն օրենքի դրույթների միջեւ անհամապատասխանությունների առկայության դեպքում գործում են միջազգային պայմանագրերի դրույթները:
Հոդված 3. Սույն օրենքում գործածվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում գործածվում են հետեւյալ հիմնական հասկացությունները՝ ստորեւ բացահայտված նշանակությամբ.
1) Խուզարկու - Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավոր խուզարկուական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր ունեցող անձ.
2) Խուզարկուական գործունեություն - Խուզարկուին սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական այլ ակտերով վերապահված գործողությունների ամբողջություն.
3) Խուզարկուների միություն - սույն օրենքի եւ Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական այլ ակտերի հիման վրա եւ դրանցով սահմանված կարգով խուզարկուների կողմից ստեղծված մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առեւտրային իրավաբանական անձ, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:
Հոդված 4. Խուզարկուական գործունեության եւ խուզարկուի կարգավիճակը, գործունեության երաշխիքները
1. Խուզարկուական գործունեությունը մասնավոր գործունեության տեսակ է եւ չի մտնում տեղական ինքնակառավարման եւ պետական կառավարման մարմինների համակարգի մեջ:
2. Խուզարկուն մասնավոր անձ է, ով խուզարկուական գործունեություն իրականացնելիս անկախ է, չի ենթարկվում տեղական ինքնակառավարման կամ պետական կառավարման որեւէ մարմնի եւ ղեկավարվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ օրենքներով, խուզարկուական գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական իրավական ակտերով:
Հոդված 5. Սույն օրենքում գործածվող որոշ հասկացությունների կիրառման սահմանափակումները
1. Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած կամ փաստացի գործունեություն իրականացնող բոլոր տեսակի իրավաբանական անձանց արգելվում է իրենց ֆիրմային անվանումներում, սպասարկման նշաններում, ապրանքային նշաններում կամ իրենց բնութագրող ցանկացած այլ կերպով օգտագործել «խուզարկու» բառը եւ այն ներառող բոլոր այլ բառերը, արտահայտություններն ու բառակապակցությունները, դրանց բոլոր հոլովաձեւերը, դրանց օտարալեզու թարգմանությունները կամ դրանց համարժեք միջազգային կամ հանրաճանաչ այլ բառերը՝ բացառությամբ այն իրավաբանական անձանց, որոնք պատկանում են խուզարկուական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր ունեցող ֆիզիկական անձին:
2. Անձինք, ովքեր մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը օրենքով սահմանված գրանցման հիման վրա սույն հոդվածի 1-ին մասով թվարկված որեւէ եղանակով օգտագործել են եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ շարունակում են օգտագործել «խուզարկու» բառը եւ (կամ) այն ներառող այլ բառերը, արտահայտությունները եւ (կամ) բառակապակցությունները, դրանցից որեւէ մեկի հոլովաձեւերը, օտարալեզու թարգմանությունները կամ դրանց համարժեք միջազգային կամ հանրաճանաչ այլ բառերը՝ պահպանում են այդպիսի օգտագործման իրավունքը եւ դրա հետ կապված այլ իրավունքներն այնքան ժամանակ, քանի դեռ այդ իրավունքներն օրենքով սահմանված կարգով չեն դադարել, այդ թվում՝ չի սպառվել այդպիսի իրավունքի տրամադրման ժամկետը:
3. Սույն հոդվածում նշված որեւէ բառ, արտահայտություն կամ բառակապակցություն որեւէ անձի կողմից սույն հոդվածի խախտմամբ օգտագործվելու դեպքում դատարանը Խուզարկուների միության հայցի հիման վրա համապատասխան անձին պարտավորեցնում է անհապաղ դադարեցնել այդպիսի օգտագործումը: Սույն մասով նախատեսված հայցի քննության նկատմամբ դատարանը կիրառում է արագացված դատաքննություն:
Հոդված 6. Խուզարկուի գործունեության նպատակն ու իրականացման հիմքը
1. Խուզարկուական գործունեության շրջանակներում խուզարկուն պետք է հետապնդի սույն օրենքով սահմանված տեղեկությունները հավաքագրելու նպատակ, որը պետք է իրականացվի օրենքով սահմանված կարգով:
2. Խուզարկուի հավաքագրած տեղեկություններն օգտագործելու կարգն ու պայմանները, ներառյալ՝ դրանց ապացուցողական դերն ու նշանակությունը սահմանվում են օրենքով:
3. Խուզարկուն օրենքով իրեն վերապահված գործողություններն իրականացնում է շահագրգիռ անձի կամ սույն օրենքով սահմանված այլ անձի հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա, որի պայմանները, այդ թվում՝ հատուցելիությունն ու հատուցման չափը (առկայության դեպքում) որոշում են պայմանագրի կողմերը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված պայմանագրի ազատության սկզբունքից ելնելով:
4. Խուզարկուների միության խորհուրդը կազմավորումից հետո ընդունում է խուզարկուի կողմից մատուցվող ծառայությունների միջին գնացուցակը հաստատելու մասին իրավական ակտ, որով սահմանված գները ուղենիշային են խուզարկուի ծառայությունների ողջամիտ գինը որոշելիս՝ դատական ծախսերի բաշխման գործընթացում, ինչպես նաեւ կարող են հիմք ընդունվել հարկային մարմնի կողմից՝ խուզարկուի կողմից ծառայությունների անհատույց մատուցման դեպքում այդ ծառայությունների մասով հարկման բազան որոշելիս, եթե հարկային հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ սահմանված է հարկման բազան որոշելու պահանջ:
5. Խուզարկուական գործունեությանը բնորոշ գործողությունների կատարման վերաբերյալ կնքված պայմանագրով որպես կատարող (հանձնակատար եւ այլն) կարող է հանդես գալ բացառապես խուզարկուն կամ ամբողջությամբ խուզարկուին պատկանող իրավաբանական անձը, ում անունից խուզարկուական գործունեությանը բնորոշ գործողությունները կարող է իրականացնել բացառապես խուզարկուն:
Հոդված 7. Խուզարկուի իրավունքներն ու պարտականությունները
1. Խուզարկուական գործունեություն իրականացնելիս խուզարկուն իրավասու է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են օրենքով կամ ակնհայտորեն բխում են օրենքով նախատեսված գործողությունների բնույթից՝ օրենքով սահմանված իրավաչափ նպատակին հասնելու համար պիտանիության, անհրաժեշտության եւ չափավորության սկզբունքների հաշվառմամբ:
2. Խուզարկուական գործունեության շրջանակներում խուզարկուն իրավունք ունի կատարել հետեւյալ գործողությունները՝
1) Տեղեկություններ (փաստեր, ապացույցներ) հավաքագրել Հայաստանի Հանրապետության որեւէ դատարանում քննվող գործով էական նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ՝ գործին մասնակցող անձի հետ կամ նրա գրավոր համաձայնությամբ հօգուտ իրեն այլ անձի հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա.
2) Տեղեկություններ (փաստեր, ապացույցներ) հավաքագրել Հայաստանի Հանրապետությունում գործող արբիտրաժային տրիբունալում քննվող գործով էական նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ՝ գործին մասնակցող անձի հետ կամ կամ նրա գրավոր համաձայնությամբ հօգուտ իրեն այլ անձի հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա.
3) Վարույթն իրականացնող մարմնին այդ մասին տեղյակ պահելու պայմանով եւ այդ պահից սկսած տեղեկություններ (փաստեր, ապացույցներ) հավաքագրել քրեական գործով նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ՝ վարույթին մասնակցող անձի հետ կամ նրա գրավոր համաձայնությամբ հօգուտ իրեն այլ անձի հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա.
4) Հետազոտել ապրանքային շուկան, դրա մասնակիցներին եւ (կամ) ձեռնարկատիրությամբ զբաղվող այլ սուբյեկտներին եւ տեղեկություններ հավաքագրել նրանց վերաբերյալ, այդ թվում՝ տեղեկություններ ձեռք բերել նրանց վճարունակության, որպես գործընկեր վստահելիության եւ այլ հանգամանքների մասին՝ ձեռնարկատիրության ոլորտի սուբյեկտի հետ կամ նրա գրավոր համաձայնութամբ հօգուտ իրեն այլ անձի հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա.
5) Տեղեկություններ հավաքագրել մտավոր սեփականության օբյեկտների եւ (կամ) անհատականացման միջոցների, այդ թվում՝ ֆիրմային անվանումների, ապրանքային նշանների, սպասարկման նշանների ապօրինի օգտագործման դրսեւորումների, ինչպես նաեւ առեւտրային կամ պայմանագրով նախատեսված այլ գաղտնիք հանդիսացող տեղեկությունների բացահայտման վերաբերյալ՝ իրավատիրոջ հետ կամ նրա գրավոր համաձայնութամբ հօգուտ իրեն այլ անձի հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա.
6) Հետազոտել երեխայի շրջապատը, շփման շրջանակը, զբաղմունքի տեսակները, վարքագիծը, նախասիրությունները, ցանկացած այլ գործողությունները եւ հատկանիշները, տեղեկություններ հավաքագրել այդ ամենի վերաբերյալ՝ երեխայի ծնողի (այդ թվում՝ որդեգրողի), խնամակալի կամ հոգաբարձուի հետ կամ նրա գրավոր համաձայնությամբ հօգուտ իրեն այլ անձի հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա.
7) Որոնել այն ֆիզիկական անձանց, ում վերաբերյալ նրանց բնակության վայրում որոնումը սկսելուն նախորդող առնվազն մեկ տարվա ընթացքում տեղեկություններ չեն ստացվել՝ շահագրգիռ անձի հետ կամ նրա գրավոր համաձայնությամբ հօգուտ իրեն այլ անձի հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա.
8) Որոնել անհայտ կորած կենդանիներին՝ սեփականատիրոջ հետ կամ նրա գրավոր համաձայնությամբ հօգուտ իրեն այլ անձի հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա.
9) Որոնել կորած կամ գտնվելու վայրն անհայտ գույքը՝ սեփականատիրոջ հետ կամ նրա գրավոր համաձայնությամբ հօգուտ իրեն այլ անձի հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա.
10) Տեղեկություններ հավաքագրել գույքի ծագման՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով օրինականության վերաբերյալ՝ գույքի հնարավոր ձեռք բերողի կամ նրա գրավոր համաձայնությամբ հօգուտ իրեն այլ անձի հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա.
11) Տեղեկություններ հավաքագրել եւ բացահայտել ֆիզիկական անձանց անձնական հատկանիշները, բնավորության գծերը, կենսագրական տվյալները, շրջապատն ու շփման շրջանակը, նախասիրությունները, վարքագիծը եւ այլ հատկանիշները՝ տվյալ անձի գրավոր համաձայնության առկայության դեպքում եւ շահագրգիռ անձի հետ կամ նրա գրավոր համաձայնությամբ հօգուտ իրեն այլ անձի հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա.
12) Օրենքով իրեն վերապահված գործողությունների իրականացման նպատակով անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար դիմել պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց: Խուզարկուի հարցումն ստացած տեղական ինքնակառավարման կամ պետական մարմինը պարտավոր է տասնօրյա ժամկետում խուզարկուին տրամադրել հայցվող փաստաթղթերը (պատճենները) եւ տեղեկությունները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց տրամադրումը սահմանափակված է օրենքով, կամ հայցվող տեղեկություններն օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում: Սույն կետում նշված տեղեկությունների եւ փաստաթղթերի տրամադրման համար խուզարկուից կարող են գանձվել վճարներ, որոնց չափը չի կարող գերազանցել դրանց պատրաստման ծախսերը, եթե օրենքով վճարի այլ չափ սահմանված չէ:
13) Կատարել օրենքով խուզարկուին վերապահված այլ գործողություններ.
3. Խուզարկուական գործունեության շրջանակներում խուզարկուն պարտավոր է՝
1) Հարգել եւ պահպանել այլ անձանց իրավունքներն ու ազատությունները.
2) Զերծ մնալ օրենքով խուզարկուին վերապահված գործողություններն առանց օրենքով սահմանված պայմանագրի կատարելուց.
3) Պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը.
4) Վճարել խուզարկուական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր ստանալու համար սահմանված վճարը, ինչպես նաեւ Խուզարկուների միությանն անդամակցելու համար սահմանված ամսական անդամավճարը.
4. Օրենքով կարող են սահմանվել խուզարկուական գործունեության շրջանակներում խուզարկուի այլ իրավունքներ եւ պարտականություններ:
ԳԼՈՒԽ 2.
ԽՈՒԶԱՐԿՈՒԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 8. Խուզարկուական գործունեության իրականացման իրավական հիմքը
1. Խուզարկուական գործունեություն իրականացնելու եւ խուզարկու համարվելու համար անձը պետք է ունենա օրենքով սահմանված կարգով տրված՝ խուզարկուական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր, որը հանդիսանում է խուզարկուական գործունեություն իրականացնելու իրավական հիմքը:
2. Խուզարկուական գործունեությամբ զբաղվելու արտոնագիրը մինչեւ Խուզարկուների միության ստեղծումը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով, իսկ Խուզարկուների միության ստեղծումից հետո Կառավարության համապատասխան որոշումը ճանաչվում է ուժը կորցրած, եւ արտոնագիրն այդուհետ տրամադրում է Խուզարկուների միությունը՝ իր խորհրդի ընդունած իրավական ակտերով սահմանված կարգով:
3. Խուզարկուական գործունեությամբ զբաղվելու արտոնագիրը տրամադրվում է անժամկետ: Արտոնագրի գործողությունը դադարեցվում է օրենքով, մինչեւ Խուզարկուների միության ստեղծումը՝ Կառավարության որոշմամբ, իսկ Խուզարկուների միության ստեղծվելուց հետո՝ Խուզարկուների միության խորհրդի իրավական ակտով սահմանված կարգով եւ հիմքերով: Ի թիվս այլնի, խուզարկուական գործունեությամբ զբաղվելու արտոնագրի գործողությունը դադարեցվում է այդպիսի արտոնագիր ստանալու համար սույն օրենքով սահմանված նվազագույն պահանջներից որեւէ մեկին խուզարկուի չհամապատասխանելու, ինչպես նաեւ անհամատեղելի գործունեության պահանջը խուզարկուի խախտելու դեպքում:
Հոդված 9. Խուզարկուական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր ստանալու նվազագույն պահանջները
1. Խուզարկուական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր ստանալու համար կարող է դիմել 22 տարին լրացած այն ֆիզիկական անձը, ով՝
1) հանդիսանանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ազգությամբ հայ լինելու հիմքով Հայաստանի Հանրապետությունում ունի մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ,
2) Հայաստանի Հանրապետությունում ստացել է իրավագիտության բակալավրի կամ մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչված ու համարժեքությունը հաստատված համապատասխան աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում կամ ուսումնառություն է անցել Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրում կամ Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգի որեւէ մարմնում վերջին տասը տարվա ընթացքում ունի հանրագումարով երեք եւ ավելի տարվա աշխատանքային (ծառայողական) փորձ,
3) Տիրապետում է Հայաստանի Հանրապետության պետական լեզվին,
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմաստով չի դատապարտվել դիտավորությամբ կատարված հանցագործության համար, իսկ դատապարտված լինելու դեպքում՝ դատվածությունը հանվել է կամ մարվել,
5) դատական կարգով ճանաչված չէ անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
6) անցել է պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, որոնք ազատվել են նման ծառայությունից օրենքով նախատեսված կարգով ու հիմքով,
2. Հայաստանի Հանրապետության օրենքներով, մինչեւ Խուզարկուների միության ստեղծվելը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, իսկ Խուզարկուների միության ստեղծվելուց հետո՝ Խուզարկուների միության խորհրդի ընդունած իրավական ակտերով կարող են սահմանվել խուզարկուական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր ստանալու համար լրացուցիչ պայմաններ եւ ներկայացման ենթակա փաստաթղթեր ու այլ նյութեր: Սույն մասի հիման վրա սահմանվող պահանջները որեւէ դեպքում չեն կարող հակասել սույն օրենքում սահմանված պայմաններին, ինչպես նաեւ չեն կարող վերացնել կամ որեւէ դեպքում բացառել սույն օրենքով սահմանված որեւէ պայմանի առկայության պահանջը:
Հոդված 10. Անհամատեղելի գործունեություն
1. Խուզարկուին արգելվում է խուզարկուական գործունեություն իրականացնել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում որեւէ (ցանկացած, այդ թվում՝ հասարակական հիմունքներով) պաշտոն զբաղեցնելու հետ միաժամանակ?
2. Խուզարկուն կարող է օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակներում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին մատուցել օրենքով նախատեսված ծառայություններ?
Հոդված 11. Խուզարկուների միության ստեղծումը եւ իրավական կարգավիճակը
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից արտոնագրված խուզարկուները ձայների պարզ մեծամասնությամբ ընդունված որոշմամբ ստեղծում են Խուզարկուների միություն եւ հաստատում են միության կանոնադրությունը: Խուզարկուների միությունը ստեղծված է համարվում եւ իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում Հայաստանի Հանրապետությունում օրենսդրությամբ սահմանված կարգով որպես իրավաբանական անձ պետական գրանցում ստանալու պահից:
2. Խուզարկուների միությունը կարող է ունենալ իր խորհրդանիշները եւ անհատականացման միջոցները, որոնց ցանկը եւ մանրամասները սահմանվում են Խուզարկուների միության խորհրդի իրավական ակտով:
Հոդված 12. Խուզարկուների միության գործառույթները
1. Խուզարկուների միությունը ստեղծման պահից իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում խուզարկուական գործունեության կազմակերպման եւ իրականացման համար անհրաժեշտ բոլոր գործառույթները, այդ թվում՝
1) Սահմանում է խուզարկուական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր ստանալու կարգն ու պայմանները.
2) Կազմակերպում եւ իրականացնում է խուզարկուների արտոնագրման գործընթացը.
3) Կազմակերպում, վերահսկում եւ իրականացնում է խուզարկուների վերապատրաստումը.
4) Վերահսկողություն է իրականացնում խուզարկուների կողմից սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ Խուզարկուների միության ընդունած իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ եւ դրանց խախտման համար խուզարկուին ենթարկում է նույն ակտերով սահմանված պատասխանատվության.
5) Միջոցներ է ձեռնարկում հասարակության մեջ խուզարկուի եւ խուզարկուական գործունեության դերի, էության ու նշանակության գիտակցման բարձրացման, ինչպես նաեւ հեղինակության ամրապնդման ուղղությամբ.
6) Իրականացնում է խուզարկուական գործունեության կազմակերպման եւ անարգել իրականացման համար անհրաժեշտ այլ գործողություններ:
Հոդված 13. Խուզարկուների միության կառուցվածքը եւ մարմինները
1. Խուզարկուների միությունը կազմված պետք է լինի 7 անդամից բաղկացած խորհրդից, 7 անդամից բաղկացած որակավորման հանձնաժողովից, 7 անդամից բաղկացած կարգապահական հարցերի հանձնաժողովից:
2. Խուզարկուների միության մարմինների անդամ կարող է հանդիսանալ բացառապես սույն օրենքի իմաստով Խուզարկու հանդիսացող անձը: Միեւնույն անձը չի կարող միաժամանակ հանդիսանալ խուզարկուների միության մեկից ավելի մարմնի անդամ:
3. Խուզարկուների միությունը ղեկավարում է միության նախագահը, ով ընտրվում է միության անդամների կողմից՝ քվեարկությանը փաստացի մասնակցած անդամների ձայներից առավելագույն ձայները ստացած անձին հաղթող համարելու սկզբունքով:
4. Խուզարկուների միության նախագահ կարող է հանդիսանալ բացառապես սույն օրենքի իմաստով Խուզարկու հանդիսացող անձը:
5. Խուզարկուների միության նախագահն ի պաշտոնե հանդիսանում է միության խորհրդի նախագահը:
6. Խուզարկուների միության նախագահն ընտրվում է 4 տարի ժամկետով: Միեւնույն անձը չի կարող Խուզարկուների միության նախագահ 2 անգամ անընդմեջ ընտրվելուց հետո կրկին առաջադրվել եւ ընտրվել Խուզարկուների միության նախագահ:
7. Խուզարկուների միության աշխատակազմի, այդ թվում՝ Խուզարկուների միության նախագահի տեղակալների կառուցվածքը, թվաքանակը եւ վարձատրության պայմանները սահմանվում են Խուզարկուների միության խորհրդի իրավական ակտով:
8. Խուզարկուների միության մարմիններին անդամակցությունը չի հանդիսանում միաժամանակ խուզարկուական գործունեություն իրականացնելն արգելող հանգամանք:
Հոդված 14. Խուզարկուների միության մարմինների հիմնական գործառույթները
1. Խուզարկուների միության խորհուրդը կոլեգիալ մարմին է, որն ընդունում է խուզարկուական գործունեության եւ/կամ Խուզարկուների միության աշխատանքի կազմակերպմանը եւ/կամ իրամանացմանն ուղղված իրավական ակտեր եւ հետեւում է դրանց կատարմանը:
2. Խուզարկուների միության որակավորման հանձնաժողովը խորհրդի իրավական ակտերի հիման վրա կազմակերպում եւ իրականացնում է խուզարկուների արտոնագրման գործընթացը:
3. Խուզարկուների միության կարգապահական հարցերի հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կամ այլ անձի դիմումի հիման վրա նախաձեռնում եւ քննում է խուզարկուի կողմից սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական այլ ակտերի, ինչպես նաեւ Խուզարկուների միության խորհրդի իրավական ակտերի պահանջների խախտման վերաբերյալ առկա տեղեկությունների ճշտությունը եւ այդպիսի պահանջների խախտման դեպքում խուզարկուի նկատմամբ կիրառում է Խուզարկուների միության խորհրդի իրավական ակտով սահմանված կարգապահական պատասխանատվության միջոցներ:
4. Խուզարկուների միության մարմինների որոշումները, գործողությունները եւ անգործությունը շահագրգիռ անձի կողմից կարող են բողոքարկվել դատական կարգով:
ԳԼՈՒԽ 3.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 15. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է իրականացնել միայն սույն օրենքով նախատեսված խուզարկուական գործունեություն, իսկ սույն օրենքին չհամապատասխանող խուզարկուական գործունեության իրականացումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
Հոդված 16. Անցումային դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ընդունում է Արդարադատության նախարարության կողմից խուզարկուական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր տրամադրվելու կարգը, որը գործելու է ուժի մեջ մտնելու պահից՝ վեցամսյա ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով խուզարկուական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր ստացած անձինք մինչեւ նույն մասով սահմանված վեցամսյա ժամկետի սպառվելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում են Խուզարկուների միությունը, որի ստեղծման պահից հետո եռամսյա ժամկետում բոլոր խուզարկուները պարտավոր են անդամակցել Խուզարկուների միությանը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում Խուզարկուների միությանը չանդամակցած խուզարկուների՝ խուզարկուական գործունեությամբ զբաղվելու արտոնագրի գործողությունն օրենքի ուժով համարվում է դադարեցված, ինչի վերաբերյալ Խուզարկուների միության խորհուրդը կարող է ընդունել համապատասխան իրավական ակտ:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՄԱՍՆԱՎՈՐ ԽՈՒԶԱՐԿՈՒԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետությունում մասնավոր խուզարկուական գործունեություն իրականացնելու կարգը սահմանող, այդպիսի գործունեությունը թույլատրող կամ արգելող, ինչպես նաեւ, թույլատրվելու դեպքում, դրա սահմաններն ու թույլատրելի դրսեւորումները կարգավորող իրավանորմերը բացակայում են, ինչը մի կողմից՝ առանց իրավական կարգավորման է թողնում այդպիսի գործունեությունը եւ հանգեցնում է փաստացի իրականացվող այդպիսի գործունեության բացարձակ ազատությանը՝ այլ անձանց իրավունքների ու ազատությունների խախտման ակնհայտ վտանգ պարունակելով, մյուս կողմից՝ խոչընդոտ է հանդիսանում մասնավոր խուզարկուական կանոնակարգված գործունեության զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում:
Միեւնույն ժամանակ, համապատասխան իրավական կարգավորումների բացակայությունը խոչընդոտ է հանդիսանում խուզարկուների մասնագիտական միավորման ստեղծման եւ դրա միջոցով՝ ոլորտի որոշակի կարգավորման ու համակարգման համար:
Հաշվի առնելով վերոգրյալը, նկատի ունենալով մասնավոր խուզարկուական գործունեությա առնչությունը այլ անձանց իրավունքներին եւ ազատություններին ու դրանով պայմանավորված՝ այդպիսի գործունեության իրավական կարգավորման անհրաժեշտությունը՝ մշակվել է «Մասնավոր խուզարկուական գործունեության մասին» օրենքի նախագիծ, որով նախատեսվում է լուծել Հայաստանի Հանրապետությունում փաստացի իրականացվող մասնավոր խուզարկուական գործունեության իրավական կարգավորման հարցերը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջարկվող կարգավորումներով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգել խուզարկուական գործունեության իրականացումը՝ օրենքի եւ այլ իրավական ակտերի ընդունման միջոցով, ինչի արդյունքում՝
- Հայաստանի Հանրապետությունում օրենքով կթույլատրվի մասնավոր խուզարկուական գործունեություն իրականացնելը՝ միեւնույն ժամանակ սահմանելով այդպիսի գործունեության թույլատրելի սահմաններն ու դրսեւորումները.
- Կներդրվի մասնավոր խուզարկուների արտոնագրման համակարգ՝ բացառելով խուզարկուական գործունեության իրականացումն այնպիսի անձանց կողմից, ովքեր չեն բավարարում օրենքով սահմանված նվազագույն տրամաբանական պահանջներին.
- Կսահմանվեն խուզարկուների իրավունքները եւ պարտականությունները.
- Կստեղծվի խուզարկուների մասնագիտական միավորում, որը նախագահի, միության մարմինների եւ աշխատակազմի գործունեության միջոցով կկազմակերպի եւ կկանոնակարգի խուզարկուական գործունեության իրականացումը Հայաստանի Հանրապետությունում՝ նպաստելով այդ գործունեության զարգացմանը.
- Իրավական կարգավորման կենթարկվեն խուզարկուական գործունեությանը վերաբերող այլ հարցերը:
Օրենքի մշակման շրջանակներում ուսումնասիրվել է նաեւ տվյալ ոլորտում միջազգային իրավական փորձը, այդ թվում՝ ուսումնասիրվել են Ֆրանսիայում, Ռուսաստանի եւ այլ երկներում գործող իրավական ակտերը, որոնց կարգավորումները եւս հիմք են ընդունվել նախագիծը մշակելիս:
3. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է իրավական կարգավորման ենթարկել Հայաստանի Հանրապետությունում խուզարկուական գործունեության իրականացումը, սահմանել դրա թույլատրելի դրսեւորումները եւ սահմանները, օրենսդրական հիմք ստեղծել խուզարկուների արտոնագրման, արտոնագրված խուզարկուների կողմից խուզարկուների մասնագիտական միավորման ստեղծման եւ այդ միավորման միջոցով՝ ոլորտի հետագա կանոնակարգման եւ զարգացման համար՝ այլ անձանց իրավունքները հարգելու եւ պաշտպանելու սկզբունքների գերակայության սահմաններում:
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգարժա՛ն պարոն Միրզոյան.
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասով, ինչպես նաեւ 67-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Մասնավոր խուզարկուական գործունեության մասին» օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.
1. Օրենքի նախագիծը,
2. Օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը:
Նախագծի հիմնական զեկուցողն է պատգամավոր Արթուր Դավթյանը:
Խնդրում եմ ներկայացված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր՝ 15 թերթ:
Հարգանքով՝ Արթուր Դավթյան