Նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել Հայաստանի Հանրապետության տնտեսական, սոցիալական, հոգեւոր, մշակութային ոլորտներում զարգացման համար սեփական ավանդը ներդնելու,
առաջնորդվելով մարդասիրության եւ համերաշխության սկզբունքներով՝
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարում է համաներում:
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային եւ 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաեւ հայտարարված վարժական հավաքից եւ (կամ) զորահավաքային զորակոչից խուսափած եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների (այսուհետ՝ անձանց) նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները:
ԳԼՈՒԽ 2
ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ
Հոդված 2. Համաներման կիրառման շրջանակները
1. Համաներում հայտարարելով՝ քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործի վարույթը կարճել, ինչպես նաեւ չիրականացնել քրեական հետապնդում կամ դադարեցնել քրեական հետապնդումն այն անձանց նկատմամբ, որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով:
2. Սույն հոդվածի 1-ին մասը կիրառվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթների պահպանմամբ:
3. Համաներում հայտարարելով՝ պատժից ազատել այն անձանց՝
1) որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված պատժի.
2) որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է.
3) որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի:
4. Համաներում հայտարարելով՝ դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը:
5. Համաներումը չկիրառել՝
1) այն անձանց նկատմամբ, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, բացի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասից, հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով կարող են մեղադրվել, մեղադրվում են կամ դատապարտվել են նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այլ հոդվածով.
2) մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ այն անձանց, որոնք մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է՝ դատարան.
3) այն անձանց նկատմամբ, որոնց դեպքում վերջին տասը տարվա ընթացքում՝
ա. նշանակված պատժաչափը կրճատվել է Հայաստանի Հանրապետության նախագահի՝ ներում շնորհելու մասին հրամանագրի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա, կամ
բ. որոնց պատիժը կրելուց ազատել են Հայաստանի Հանրապետության նախագահի՝ ներում շնորհելու մասին հրամանագրի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա, կամ
գ. որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա:
4) այն անձանց նկատմամբ, որոնք Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարել են մեկ այլ գործով նշանակված՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում սահմանված փորձաշրջանի ընթացքում:
ԳԼՈՒԽ 3
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 3. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հոդված 4. Օրենքի գործողությունը եւ կիրառման ապահովումը
1. Համաներման կիրառման դեպքում դատվածության մարման հարցը լուծվում է օրենքով սահմանված կարգով:
2. Ազատազրկման վայրերում ալկոհոլամոլությունից կամ թմրամոլությունից հարկադիր բուժվող անձանց նկատմամբ համաներումը կիրառվում է բուժման համապատասխան կուրսն անցնելուց հետո:
3. Սույն օրենքի կատարումը վերապահել՝
1) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության եւ վերաքննիչ քրեական դատարաններին՝
ա. այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության կամ վերաքննիչ քրեական դատարանում են, սակայն մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռներն օրինական ուժի մեջ չեն մտել,
բ. այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է: Նշված անձանց նկատմամբ սույն օրենքի կիրառման հարցը լուծում է դատարանը՝ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդության հիման վրա.
2) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանին՝ Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից դատապարտված այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս.
3) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին՝ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերով վճռաբեկ բողոքներն ընդունվել են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարույթ.
4) քրեական հետապնդման մարմիններին՝ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը կամ նյութերը քննում են նշված մարմինները.
5) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերին՝ այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են քրեակատարողական հիմնարկներում.
6) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը՝ այն անձանց նկատմամբ, որոնք՝
ա. դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի,
բ. պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել են, եւ նրանց վարքագծի նկատմամբ իրականացվում է վերահսկողություն.
4. Հետաքննության եւ նախաքննության մարմինների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության՝ համաներում կիրառելու վերաբերյալ ընդունած որոշումների օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված մարմինները համաներման ակտը պետք է կիրառեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերի:
6. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքում համաներման կիրառման համար դատապարտյալի համաձայնությունը չի պահանջվում: