Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-870-19.02.2021,12.04.2021-ՏՏԳԲ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» 2006 թվականի փետրվարի 27-ի ՀO-40-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում`

1. 8-րդ պարբերությունում «(ամուսին, հարազատներ, ազգականներ եւ այլն)» բառերը փոխարինել «(մահացածի ընտանիքի անդամները կամ այլ անձինք):» բառերով:

2. 8-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն.

«գերեզման շահագործող՝ այն անձը, ում անվամբ գրանցված է գերեզմանատեղը եւ դրա հիման վրա տրվել է գերեզմանատեղի վկայական.»:

3. 9-րդ պարբերությունում «վրահուղարկավորում`» բառից հետո լրացնել «նոր» բառը, իսկ «իր անունով հաշվառված» բառերը փոխարինել «եւ գերեզման շահագործողի համաձայնությամբ» բառերով:

4. 10-րդ պարբերությունում «ցանկությամբ» բառից հետո լրացնել «եւ գերեզման շահագործողի համաձայնությամբ» բառերը

5. 12-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«մահացածի հարազատներ կամ ընտանիքի անդամներ՝ ծնողները, զավակները, որդեգրողները, որդեգրվածները, հարազատ կամ ոչ հարազատ, համահայր կամ համամայր եղբայրները եւ քույրերը, պապը, տատը, թոռները, ինչպես նաեւ ամուսինը եւ ամուսնու ծնողները, վերջիններիս համար՝ փեսան եւ հարսը»:

6. 15-րդ պարբերությունում «մեկ ընտանիքին հատկացվող գերեզմանատեղ» բառերը փոխարինել «գերեզման շահագործողին իր ընտանիքի անդամներին հուղարկավորելու նպատակով գերեզմանատան օգտագործման սխեմայում հատկացվող հերթական գերեզմանը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 4. Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունները

Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի իրավասություններն են`

1) պետական քաղաքականության մշակումը եւ իրականացումը, ինչպես նաեւ օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմանում վերահսկողության ապահովումը, որը կարող է իրականացվել անմիջականորեն կամ մարզպետների միջոցով.

2) քաղաքաշինության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից ներկայացրած նոր գերեզմանատների եւ գերեզմանների կառուցապատման եւ բարեկարգման տիպային ձեւերի սահմանում (հաստատում).

3) մասնավոր գերեզմանատան շահագործման համար թույլտվություն (այսուհետ՝ թույլտվություն) ստանալու համար անհրաժեշտ պայմանների եւ պահանջների սահմանումը.

4) գերեզմանի տրամադրման եւ սպասարկման պայմանագրի, վերահուղարկավորման եւ վրահուղարկավորման թույլտվության, գերեզմանատեղերի հաշվառման եւ հուղարկավորությունների գրանցման մատյանների տիպային ձեւերի սահմանումը.

5) օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1. Լրացնել նոր 11-րդ կետ. «11) օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ.»:

2. Լրացնել նոր 1.1.-ին կետ. «1.1. համայնքի ղեկավարը կամ նրա լիազորած անձը, կամ կազմակերպությունը հանդիսանում է գերեզմանի շահագործող այն գերեզմանների համար, որոնք չունեն գերեզման շահագործող: Սույն մասով նախատեսված դեպքերում համայնքի ղեկավարը կամ նրա լիազորած անձը, կամ կազմակերպությունն իրավունք ունի թույլատրել հուղարկավորել բացառապես այդ գերեզմանում հուղարկավորված մահացածի ընտանիքի անդամին:»:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1. Լրացնել նոր 1.1-ին մաս. «1.1.Մահացածի հուղարկավորությունն իրականացվում է`

1) մահացածի կենդանության օրոք նրա բնակության վայրի կամ հաշվառման բնակավայրի, կամ ծննդավայրի, կամ ընտանիքի անդամի բնակության վայրի համար նախատեսված՝ բաց գերեզմանատանը, որի համար համայնքը սույն օրենքով նախատեսված կարգով գերեզմանի համար հողատարածք է տրամադրում գերեզման շահագործողին.

2) գերեզման շահագործողի համաձայնությամբ` առկա ընտանեկան գերեզմանում.

3) մասնավոր գերեզմանատանը՝ մահացածի ցանկությամբ կամ նրա հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի ցանկությամբ.

4) օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գերեզմանատանը:»:

2. 3-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Մահացածի կամքի գրավոր արտահայտության՝ հուղարկավորության կազմակերպման վերաբերյալ անհնարինության կամ մահացածի կենդանության օրոք բնակության վայրի կամ նրա հաշվառման բնակավայրի, կամ ծննդավայրի, կամ ընտանիքի անդամի բնակության վայրի բացակայության դեպքում մահացածի մարմինը սահմանված կարգով հուղարկավորվում է նրա հուղարկավորության կազմակերպումը ստանձնողի՝ հուղարկավորության կազմակերպման վերաբերյալ կամքի արտահայտությամբ:»:

3. 3-րդ մասի 2-րդ պարբերությունում «հուղարկավորության կազմակերպումը ստանձնողների» բառերը փոխարինել «գերեզման շահագործողի» բառերով:

4. 3-րդ մասի 3-րդ պարբերությունը ճանաչել ուժը կորցրած:

5. 3-րդ մասի 4-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Մահացածի հուղարկավորությունն իրականացնելու համար սահմանված կարգով տվյալ բնակավայրում գերեզմանատուն չլինելու դեպքում հուղարկավորությունը իրականացվում է բնակավայրին առավել մոտ գտնվող բաց գերեզմանատանը:»:

6. 3-րդ մասի 5-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի՝

1. 1-ին մասում «ներկայացվում է» բառը փոխարինել «անհրաժեշտ է» բառով.

2. 3-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Մահացածի մարմինը (աճյունը) հողին հանձնելու համար համայնքային գերեզմանատներում անվճար հիմունքներով գերեզման շահագործողին մեկ գերեզմանատեղի համար տրամադրվում է 2.5 քառակուսի մետր հողատարածք (2.5x1.0 մետր չափերով), իսկ ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար գերեզման շահագործողին անվճար հիմունքներով տրամադրվում է մինչեւ 12.5 քառակուսի մետր հողատարածք (2.5x5մետր չափերով):»:

3. 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

4. 5-րդ մասում «դեպքում» բառից հետո լրացնել «գերեզման շահագործողի, կամ» բառերը:

Հոդված 7. Լրացնել նոր 13.1-րդ հոդված՝

«Հոդված 13.1. Գերեզման շահագործողը

1. Գերեզման շահագործողին՝ ով հանդիսանում է մահացածի ընտանիքի անդամ, իսկ ընտանիքի անդամ չունենալու դեպքում հուղարկավորությունը կամովին ստանձնած անձ, օրենսդրությամբ սահմանված կարգով իր շահագործմանը հանձնած գերեզմանի համար տրվում է գերեզմանի վկայական:

2. Գերեզման շահագործողն իրավունք ունի՝

1) օրենսդրության պահանջներին համապատասխան կառուցապատել եւ բարեկարգել իր շահագործմանը հանձնած գերեզմանը,

2) հուղարկավորել եւ վերահուղարկավորել իր ընտանիքի անդամներին,

3) փոխանցել իր իրավունքներն ընտանիքի անդամին,

4) ժառանգել իր շահագործման իրավունքը,

5) օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

3. Գերեզմանի նոր շահագործողն իրավունք ունի ստանալ գերեզմանի նոր վկայական:

4. Գերեզման շահագործողը պատասխանատվություն է կրում սույն օրենքի եւ այլ իրավական ակտերով սահմանված կանոններին համապատասխան իրեն հատկացված գերեզմանատեղի կառուցման, բարեկարգման եւ շահագործման համար:»:

Հոդված 8.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ին:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով տրված գերեզմանի վկայականում նշված անձը՝ ով հանդիսանում է ընտանիքի անդամ, համարվում է սույն օրենքով սահմանված գերեզման շահագործող: Մյուս դեպքերում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում հուղարկավորվածի ընտանիքի անդամը, իսկ ընտանիքի անդամ չունենալու դեպքում հուղարկավորությունը կամովին ստանձնած անձը, կարող է ձեռք բերել գերեզմանի նոր վկայական՝ ստանալով գերեզման շահագործողի կարգավիճակ: Սույն մասում նշված ժամկետում գերեզման շահագործողի կարգավիճակ չգրանցվելու դեպքում տվյալ գերեզմանի շահագործման իրավունքն անցնում է համայնքին՝ մինչեւ տվյալ գերեզմանում հուղարկավորված մահացածի ընտանիքի անդամներից որեւէ մեկի, իսկ ընտանիքի անդամ չունենալու դեպքում հուղարկավորությունը կամովին ստանձնած անձի կողմից գերեզման շահագործողի կարգավիճակ ձեռքբերելը:

3. Կառավարությունը պարտավոր է անհրաժեշտ լրացումներ եւ փոփոխություններ կատարել Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1910-Ն որոշման մեջ՝ այն համապատասխանեցնելով սույն օրենքի պահանջներին սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: