Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի 120-րդ հոդվածի 1-ին մասում՝
1. «անդամները» բառից հետո ավելացնել «պարտադիր կերպով պետք է մոտենան Ազգային ժողովի ամբիոնին եւ բանավոր» բառերը,
2. «պատասխանում են» բառը փոխարինել «պատասխանեն» բառով:
3. «հարցերին» բառից հետո ավելացնել «կամ բանավոր ներկայացնեն հիմնավորում՝ պատգամավորների բանավոր հարցերին բանավոր չպատասխանելու պատճառների մասին» բառերը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 120-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է, որ «Կանոնակարգի 36-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներում գումարվող յուրաքանչյուր հերթական նիստերի չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների բանավոր հարցերին»: Սակայն գործնականում Կառավարության անդամները, գտնվելով ԱԺ նիստերի դահլիճում, երբեմն բանավոր չեն պատասխանում պատգամավորների բանավոր հարցերին՝ փոխարենը նիստը վարողի միջոցով առաջարկելով հարցը ներկայացնել գրավոր: Ընդ որում, Կառավարության անդամները շատ հաճախ նույնիսկ չեն ներկայացնում հիմնավորում՝ պատգամավորների ներկայացրած բանավոր հարցերին բանավոր չպատասխանելու պատճառների վերաբերյալ: Արդյունքում խորհրդարանական վերահսկողության իրականացման արդյունավետության տեսանկյունից խնդիր է առաջանում, քանզի «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված՝ Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու եւ բանավոր պատասխան ստանալու միջոցով են նաեւ պատգամավորները իրականացնում խորհրդարանական վերահսկողություն Կառավարության նկատմամբ: Ավելին, հասարակության շրջանում հետաքրքրություն ունեցող թեմաների վերաբերյալ պատգամավորների հնչեցրած հարցերին ակնկալվում է ստանալ բանավոր պատասխան կամ բանավոր ներկայացված հիմնավորում՝ հարցերին բանավոր չպատասխանելու պատճառների մասին, քանզի Կառավարության անդամներին գրավոր հարցեր ուղղելու հնարավորություն ԱԺ կանոնակարգն արդեն իսկ սահմանում է:
2. Առաջարկվող լուծումները.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 120-րդ հոդվածի 1-ին մասի «անդամները» բառից հետո ավելացնել « պարտադիր կերպով պետք է մոտենան Ազգային ժողովի ամբիոնին եւ բանավոր» բառերը, «պատասխանում են» բառը փոխարինել «պատասխանեն» բառով, «հարցերին» բառից հետո ավելացնել «կամ բանավոր ներկայացնեն հիմնավորում՝ պատգամավորների բանավոր հարցերին բանավոր չպատասխանելու պատճառների մասին» բառերը:
3. Նախագծի ընդունման նպատակը եւ ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ նպատակ ունենք սահմանել պարտադիր պահանջ Կառավարության անդամների համար՝ ԱԺ Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պարտադիր մոտենալ ԱԺ ամբիոնին եւ բանավոր պատասխանել պատգամավորների հարցերին կամ բանավոր ներկայացնել հիմնավորում՝ պատգամավորների հարցերին բանավոր չպատասխանելու պատճառների մասին: Արդյունքում ակնկալվում է մեծացնել խորհրդարանական վերահսկողության իրականացման արդյունավետությունը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Միրզոյան,
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.
1) oրենքի նախագիծը (հիմնական զեկուցող՝ Սոֆիա Հովսեփյան),
2) oրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,
3) գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը:
Խնդրում ենք օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Հարգանքով՝
ԱԺ պատգամավորներ՝ | |
Սոֆիա Հովսեփյան | |
Թագուհի Թովմասյան | |
Գոռ Գեւորգյան |