Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6531-14.07.2005-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17 հունիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 87-րդ հոդվածի 2-րդ մասին երկրորդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«2) գործին մասնակցող անձանց անունը, ազգանունը, հայրանունը (այսուհետ` անուն), իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, այդ թվում` հայցվոր քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում, հայցվոր իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը եւ պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը»:

Հոդված 2. Օրենսգրքի 132-րդ հոդվածի`

ա) 1-ին մասի երկրորդ պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ` հետեւյալ խմբագրությամբ`

«Վճռի ներածական մասում պետք է նշվի նաեւ կողմերի` քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը եւ պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը: Պատասխանողի վերաբերյալ նշված տեղեկությունները կարող են չնշվել, եթե գործի քննության ընթացքում դատարանը չի կարողացել ստանալ այդ տվյալները»:

բ) 2-րդ մասից հետո լրացնել նոր 2.1-րդ մաս հետեւյալ խմբագրությամբ.

«Գործարքն անվավեր ճանաչելիս դատարանը պարտավոր է վճռի եզրափակիչ մասում նշել գործարքի անվավերության հետեւանքները»:

Հոդված 3. Օրենսգրքի 158-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով` հետեւյալ խմբագրությամբ`

«4. Եթե հարկադիր կատարողի տուգանք նշանակելու որոշումը սահմանված կարգով չի բողոքարկվել, ապա դատարանը տուգանքը բռնագանձելու վերաբերյալ գործերով իրավունք չունի քննարկման առարկա դարձնել տուգանք նշանակելու մասին որոշումը, այլ պետք է վճիռ կայացնի տուգանքի բռնագանձման վերաբերյալ»:

Հոդված 4. Օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 3-րդ կետով` հետեւյալ խմբագրությամբ`

«3) նշում` անվավերության հետեւանքների մասին` ակտն ամբողջովին կամ մասամբ անվավեր ճանաչելու դեպքում»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: