Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-950-27.04.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային oրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 134-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«4. Հարկային գործակալները մինչեւ յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նախորդ հարկային տարվա ընթացքում  այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված եւ պահված շահութահարկի վերաբերյալ  տեղեկություններ: Սույն մասում սահմանված տեղեկությունները հարկային մարմին են ներկայացվում Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերի կողմ հանդիսացող պետություններում գրանցված կազմակերպությունների մասով՝ տեղեկությունների փոխանակման պահանջ սահմանված լինելու դեպքում: Սույն մասում սահմանված վավերացրած միջազգային պայմանագրերի ցանկը հրապարակում է հարկային մարմինը՝ այն տեղադրելով իր պաշտոնական ինտերնետային կայքում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: Հարկային գործակալները՝ Օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված, 2020 թվականի հաշվետու տարվա համար տեղեկությունները հարկային մարմին են ներկայացնում 2021 թվականի հուլիսի 1-ից մինչեւ հուլիսի 31-ը ներառյալ:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Կարգավորման ենթակա խնդիրը, ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերի համաձայն՝ այդ պայմանագրերով նախատեսված տեղեկությունների փոխանակման պահանջը ապահովելու նպատակով: Նման պահանջ նախատեսված է «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությամբ, ինչպես նաեւ տեղեկությունների փոխանակում նախատեսող այլ համաձայնագրերով, մասնավորապես, ՀՀ եւ այլ պետությունների միջեւ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերը, ՀՀ եւ այլ պետությունների միջեւ տեղեկությունների փոխանակման համաձայնագրերը, ինչպես նաեւ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերը, «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» բազմակողմ կոնվենցիան:

Ներկայումս Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկային գործակալները մինչեւ յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում միայն նախորդ հաշվետու եռամսյակում ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված եւ պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկ:

Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերի համաձայն՝ այդ պայմանագրերով նախատեսված տեղեկությունների փոխանակման պահանջը ապահովելու նպատակով անհրաժեշտ է Օրենսգրքում կատարել լրացում՝ սահմանելով հարկային գործակալների կողմից Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերի կողմ հանդիսացող պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, այդ եկամուտների վճարման ամսաթվի, ինչպես նաեւ եկամուտներից հաշվարկված եւ պահված շահութահարկի վերաբերյալ անհատական տեղեկությունների ներկայացում հարկային մարմին: Ընդ որում,  վավերացրած միջազգային պայմանագրերի ցանկը հրապարակում է հարկային մարմինը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի եւ բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

4. Նպատակը եւ ակնկալվող արդյունքը.

Նախագիծը նպատակ է հետապնդում ապահովել Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերի համաձայն՝ այդ պայմանագրերով նախատեսված տեղեկությունների փոխանակման պահանջը՝  սահմանելով հարկային գործակալների կողմից Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերի կողմ հանդիսացող պետություններում գրանցված կազմակերպությունների վերաբերյալ պահանջվող տեղեկությունների ներկայացում հարկային մարմին:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԾԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն